աղավնու թևեր տեսանք ճանապարհին...

ֆոտոն` Լիլյա Քորնելի
*
աղավնու թևեր տեսանք ճանապարհին
սիրելիս
աղավնու պոկված թևեր
մեծ շենքեր ու մեծ մեքենաներ տեսանք սիրելիս
մեծ մեքենաները մեզ տարան լաբիրինթոսների միջով
ու մենք մեծ քաղաքներ տեսանք սիրելիս

և չեմ մոռանա սիրելիս
ցեխոտ ու տրորված աղավնու փոքրիկ թևերը
մեծ քաղաքի աղմկոտ ու բանսարկու ճանապարհի փոշում
և դու էլ պատահաբար տրորեցիր ու անցար
չեմ մոռանա սիրելիս
և թե ինչպես գրկեցի քեզ
համբուրեցի այտդ
և դու գոռացիր բիս բրավո
և կրկնություն պահանջեցիր
չեմ մոռանա սիրելիս

ես գլուխս հենել էի քո ուսին
դու ոտքերդ դրեցիր քարի վրա ու ես բարկացա
մարմինդ մեծ դագաղի էր նման սիրելիս ու կանչում էր ինձ
ու ես շատ բարկացա

սառը քամի կար
պիտի որ չմրսեինք
բայց մենք մրսեցինք

հետո մենք անվերջ լքում էինք հին քաղաքը
և ինչ լավն էր հին քաղաքը սիրելիս ամպամած այդ եղանակին
միայնակ մարդու մենության պես հարազատ ու ռոմանտիկ
և կապված մի շուն էլ հավես չուներ հաչալու
և ոնց գլխի ընկավ այդ շունը սիրելիս որ մենք օտարներ չենք բնավ

ես բարձրաձայնում էի անունդ անընդհատ
և ինչ լավ է հնչում անունդ
հեթանոս հեթանոս հեթանոս իմ աստված
և ինչ կրքոտ էր ու թարմ
և ինչ խաղաղ ես դու իսկը քրիստոնյա
և ինչքան եմ քեզ սիրում երբ դու ես ինձ սիրում
և ինչ քամի էր
մեծ ու բարձր քամի
ու ես վավզում էի
ու քամին ինձ կքշեր եթե ձեռքս չբռնեիր սիրելիս
ես անչափ թեթև էի ու բաց գարնանային
ու մարմինս հայրենիքն էր մահվան սիրելիս

ինչ հաճելի է քեզ ասել սիրելիս
և էլի սիրելիս ու անվերջ սիրելիս
դու երջանիկ ես
վարդան հակոբյանի ասած` բարձրախոսեցիր դու
ես երջանիկ էի
ես հետևում էի թե դու ոնց ես իջնում աստիճաններով
ոնց մոտեցար տաքսուն
ոնց նայեցիր պատուհանից ու ես ոնց ժպտացի մերկ ու անկեղծ սիրով
և երկար թափահարեցի ձեռքս
օդում ուր ագռավներ կային քամի կար
բարձրություններից քո վախը կար
և իմ ցանկությունը անընդհատ ուզում էի գոռալ ու ամաչում էի
երջանիկ ես գոռալու կարիք չունես ասացիր

պոկված թևեր տեսանք ճանապարհին սիրելիս
կարևոր չի ով էր մոռացել այդտեղ
պոկված թևեր էին սիրելիս ու դու պատահաբար տրորեցիր
և ինչ բարձր քամի էր սիրելիս բայց դու ձեռքս բռնեցիր որ քամին ինձ չքշեր


2010թ.

տեսնել հսագիր բաժնի մյուս հրապարակումները

No comments:

Post a Comment