Ժակ Պրեվեր | Jacques Prévert

(1900-1977թթ. Ֆրանսիա)
Պրեվեր, 1953թ., լուսանկարիչ՝ Ժիզել Ֆրոյնդ
Բարբարա

Հիշի՛ր, Բարբարա՛,
այդ օրն անվերջ անձրևում էր Բրեստի վրա:
Իսկ դու քայլում էիր ծիծաղկոտ,
անձրևոտ, ծաղկուն, հիացկուն,
անձրևի տակ,
հիշի՛ր, Բարբարա՛,
անձրևում էր անվերջ Բրեստի վրա:

Ես քեզ հանդիպեցի Սիամ փողոցում.
դու ժպտում էիր,
ես էլ էի ժպտում:
Հիշի՛ր, Բարբարա՛,
դու, որին չէի ճանաչում,
դու, որ ինձ չէիր ճանաչում,
բայց և այնպես հիշի՛ր այդ օրը, հիշի՛ր,
մի՛ մոռանա:

Կամարի տակ պատսպարված մի մարդ
կանչեց՝ Բարբարա՛,
և դու վազեցիր անձրևի միջով նրա մոտ՝
անձրևոտ, ծաղկուն, ծիծաղկոտ,
և նետվեցիր գիրկը նրա,
Հիշի՛ր այդ ամենը, Բարբարա՛:
Եվ մի՛ նեղացիր, որ քեզ դու եմ ասում.
ես դու եմ ասում բոլորին, ում շատ եմ սիրում
նույնիսկ եթե միայն մի անգամ եմ տեսել նրանց,
ես դու եմ ասում բոլորին, ովքեր սիրում են միմյանց,
նույնիսկ եթե նրանց չեմ ճանաչում:
Հիշի՛ր, Բարբարա՛,
մի՛ մոռանա
անձրևն այն երջանիկ ու խաղաղ
քո երջանիկ դեմքի վրա,
այն չքնաղ քաղաքի վրա,
անձրևը ծովի վրա,
զինանոցի
և Ուեսանի նավի վրա:
Օ՜, Բարբարա՛,
Ինչ տխմար բան է պատերազմը:
Ու՞ր ես դու հիմա
անձրևի տակ այս երկաթե,
արյունոտ, կրակե, պողպատե,
եվ նա, որ սեղմել էր քեզ իր գրկում՝
սիրահարված,
դեռ ո՞ղջ է, մեռա՞ծ, թե՞ կորած:

Օ՜, Բարբարա՛,
անձրևում էր անվերջ Բրեստի վրա,
ինչպես անձրևում էր մի ժամանակ,
բայց ուրիշ է անձրևն այս, հիմնիվեր փոխվել է ամեն բան.
սա սգո անձրև է, սոսկալի, հուսահատ,
սա փոթորիկ չէ անգամ, կամ որոտ՝
երկաթե, պողպատե, արյունոտ,
սրանք ամպեր են սովորական,
որոնք սատկում են շների նման
և անհետանում ջրի հոսանքով,
գնում են նեխելու հեռվում,
հեռո՜ւ, շա՜տ հեռու Բրեստից,
որից չի մնացել ոչինչ:

ֆրանսերենից թարգմանեց Ա. ԴԱՇՏԵՆՑԸ





Տեսնել  Ժակ Պրեվերից այլ հրապարակումներ
բանաստեղծություններ «Արյուն և փետուր» գրքից

No comments:

Post a Comment