Հարցազրույց. Հասմիկ Սիմոնյան


Ի՞նչ է այժմ կատարվում ժամանակակից պոեզիայում, ի՞նչ տենդենցներ եք Դուք անձամբ նշմարում: 
Պոեզիան ժամանակը սահմանելու ձևերից մեկն է: Իսկ այսօր ժամանակ չկա: Ուշացած լինելու, չհասցնելու զգացողությունը երևի թե ոչ մեկին չի լքում: Ընկերներիցս մեկը նկատում էր, որ այլևս չի կարողանում միայն մեկ գործողություն կատարել, այսինքն եթե ֆուտբոլ է նայում, ապա զուգահեռ թերթում է ֆբ լրահոսը կամ խաղ խաղում, քայլում ենք ականջակալներով, շատ քիչ մարդ կարելի է տեսնել, որ ուղղակի քայլում են՝ զուգահեռ ոչինչ չանելով: Մտածելու, քեզ հետ մնալու ժամանակը ոչնչացված է պարզապես, քաղաքում մենակ մնալու տեղեր չկա, ամենուր բետոն է: Եվ այս անշնչելի միջավայրում հայտնված ամենանորաձև պոեզիային կարճ ասված մի քանի տողն ու բառն են: Այսօր մարդուց մնացել են ֆոտոները, ստվերի փոխարեն մարդու կողքով քայլում են գնալով բարակացող տեխնիկայի միջոցները: Իսկ ինչքան շատ է մարդը, այնքան շատ է պոեզիան և ապրելու քո տարածքը: Մարդը կազմված է բառերից՝ ասված ու չասված, իսկ այսօրվա մարդը կազմված է ստատուսներից: Պեզիան մարդու կողքին այնքան չափով է, որքան իրեն տեղ է հատկացվում:

Լավ, իսկ Ձեզ մոտ ինչպե՞ս ամեն բան սկսվեց: Ինչո՞ւ որոշեցիք գրել: Մանկությա՞ն իմպուլս էր, թե՞...
Չհաշված այն միֆերը, թե ստեղծագործում էի բանավոր մինչև տառաճանաչ դառնալը, ինչքան հիշում եմ ինձ, ես միշտ մենակ էի: Վեց, թե յոթ տարեկան էր, մայրս եղբորս շախմատի, գիմնաստիկայի և չեմ հիշում, թե էլ ինչերի էր տանում, մնում էի տանը մենակ: Հերթական մի օր, երբ նաև տխուր էի, գրեցի, որ ես շուն ունեմ, ու մենք իրար հետ ենք միշտ, գնում ենք դասի, գալիս տուն, բակում խաղում միասին և այլն, հետո տվեցի եղբորս, կարդաց, ասաց՝ բայց մենք շուն չունենք, ինչի՞ ես խաբում: Շատ էի վիրավորվել, որովհետև պարզ էր, որ շուն չկար, առհասարակ պոեզիան այն է, ինչի կարիքն ունես կամ էն ցավոտ կետերին ես անդրադառնում, ինչը շտկել ես ուզում: Դրանից հետո շատ երկար ժամանակ ոչ ոքի ոչինչ ցույց չտվեցի:

Ի՞նչ է Ձեզ համար պոեզիան առհասարակ: Կարո՞ղ եք, օրինակ, մի օր դադարել գրել: Եվ այդ դեպքում կյանքում ինչո՞վ կզբաղվեք:
Ես թույլ եմ տվել պոեզիային լինելու իմ փոխարեն: Եվ մի օր, իհարկե, դադարելու եմ գրել, կլինի այսպես. սենյակի մեջտեղում կլինեմ ես՝ ծաղիկները ձեռքիս, հայրս հավանաբար ծխելու է տագնապոտ, մայրս՝ արցունքներն աչքին, եղբայրներս շուրջս գնալու են ու գան, հետո ինչ-որ անծանոթ մարդիկ կբարձրացնեն ինձ ու կտանեն մի տեղ, ուր, այո, գրելը շատ դժվար կլինի, եթե ոչ անհնար:

Ձեր բանաստեղծություններն ընթերցելով՝ ինձ անընդհատ մի մտքի վրա եմ կանգնեցնում. իրականությունը Ձեզ ցավ է պատճառում: Այդպե՞ս է: Ձեր տողերը ծնվում են կյանքը վայելելու հաճույքի՞ց, թե՞ ամեն դեպքում դրա պատճառած ցավից:
Մի անգամ ուկրաինացի մի լրագրող հարցրեց ինձ, որ եթե ընտրության հնարավորություն ունենամ, ապա ո՞րը կընտրեմ. հրաշալի գիշեր տղայի հետ, թե՞ գիշեր, երբ հրաշալի բանաստեղծություն կգրվի: Ասացի, որ հրաշալի գիշեր կանցկացնեմ տղայի հետ, որ հետո այդ հրաշալիի մասին գրեմ: Չհաշված, որ բաժանվելուց հետո ևս մի հրաշալի բան կարելի է գրել այդ տխուր առիթով: Կարելի է անշուշտ նաև պատկերացնել ու գրել, բայց ինձ դուր է գալիս ունեցած զգացողությունները ձևակերպելու, հասկանալու ու ճանաչելու իմ մեթոդը՝ պոեզիան:

Երազներ տեսնո՞ւմ եք: Ինչպիսինն են դրանք: Ենթագիտակցությունն ազդեցություն ունենո՞ւմ է Ձեր բանաստեղծությունների վրա:
Երկար ժամանակ երազների օրագիր էի պահում, հիմա էլ, եթե չեմ ալարում, երբեմն գրում եմ: Երազները լավագույն հանդիպատեղին են այն մարդկանց հետ, ում ես փորձում եմ ճանաչել, բայց այս իրականության մեջ ընդհանուր խոսքի տարածքը չեմ գտնում: Դա ինձ համար հստակ տարածք է, բանաստեղծության չափ շոշափելի ու ռեալ: Երազներն օգտագործում էին սյուրռեալիստները՝ Էլյուարը, Արագոնը, Դալին գիշերները զարթնում էր, որ մի ոտքը երազի մեջ երազի ազդեցությամբ նկարի, իրենց հավաքները նրանք կոչում էին արթմնի երազներ, որի ընթացքում գրում էին բառեր կամ արտահայտություններ՝ չիմանալով, թե նախորդ մասնակիցը ինչ է գրել, այդպես, օրինակ, մի անգամ ստացվել էր հետևյալը. «Նրբաճաշակ դիակը խմում է ջահել գինի»: Նրանք փորձում էին խզում առաջացնել տրամաբանական կապերի միջև, անջատել գիտակցությունը, գնալ դեպի ենթագիտակցական խորքերը, իսկ Բրետոնն ասում էր, որ փտած իրականությունից կարելի է փախչել երեք տեղ՝ դեպի մանկություն, երևակայություն ու երազներ:

Կցանկանայի՞ք փոխել միջավայրը, միգուցե քաղաքը, որտեղ ապրում եք: Փախչել խեղդող միջավայրից... Եվ այդ դեպքում ինչպիսի վայրում բնակություն կհաստատեիք:
Փարիզում պոետների բիենալեի էի մասնակցում, ոչ երկար ժամանակ կար նաև քաղաքը տեսնելու: Պոետներից մեկի հետ շատ երկար քայլեցինք, հետո որոշեցինք լսել քաղաքը, նախ աչքերը փակում էր մեկս, մյուսը թևանցուկ հուշում էր կանգնել, թե գնալ, հետո՝ հակառակը: Ես սիրում եմ քայլել ու տեսնել-լսել քաղաքը, դա է ամենամեծ պոեզիան, ուր ամեն ինչ կա, դա Քեյջի 4,33-ն է, երբ լռում են գործիքները, որ մարդը՝ իբրև երաժշտություն, շարունակվի, դա Մալևիչի կոնցեպտուալ քառակուսին է՝ կլանող բոլոր մեկնաբանությունները: Քաղաքը ընդունում է ու բաց թողնում: Քաղաքը համատարած սիրտ է, որի վայրի արյունը երբեք չի հանդարտվի:

Կապրեի՞ք անմարդաբնակ կղզում, թե՞ ամեն դեպքում պետք կլիներ ինչ-որ մեկը, ով կհսկեր Ձեր մենությունը:
Մարդիկ հետաքրքիր արարածներ ես, և ես չէի ուզենա զրկել ինձ մեծ հանդիսատեսը լինելու հաճույքից, բացի այդ ես հողը չեմ ճանաչում, չգիտեմ՝ ինչպես վարվել նրա հետ, որ թույլ տա օգտվել իր բարիքներից, բնույթով մենակյաց եմ, բայց ոչ անմարդաբնակ կղզի, ես կուզեի ապրել մի մեծ գրադարանում, որ կհամալրվեր պարբերաբար, շուրջս թարմացվող ծաղիկներ կլիներ, կուզեի անտեսանելի ստվերի պես լինել կարճ պահիկ որոշ ծանոթ սիրելիների կողքին: Ես կուզեի վաղուց մեռած գրող լինել, ում հարցեր չեն տալիս և ով լռելու իրավունքը ունի:

Իսկ ինչպե՞ս կապրեիք Ձեր կյանքի վերջին օրը:
Վերջապես ինքնասպան կլինեի: Չէ՞ որ այնքան հրաշալի է կարողանալ տնօրինել այն, ինչը ենթադրաբար համարում ես քոնը:

Մարդիկ այսօր բնակություն են հաստատել համացանցում: Արդյո՞ք այն կփրկի մեզ ձանձրույթից ու տաղտուկից, թե՞ դա երջանկության վիրտուալ պատրանք է:
Մարդուն ալտերնատիվ տարածքներ են պետք, և միշտ մի բան քիչ է: Զահրատն ասում էր՝ մարդը փնտրող, չգտնող էակ մըն է: Մենք անխնա որոնում ենք բաներ, որոնք մեզ պետք չեն, կարևորը ընթացքն է, որ չի գնահատվում, ինչպես չի գնահատվում ամենակարևոր բանը, որ ունենք, ժամանակը: Բայց դա էլ է սիրուն, շատ սիրուն: Վերջապես կորցնելու ու չգտնելու համար են գրվում բանաստեղծությունները:

Մարդը կարո՞ղ է մի օր մատրիցայից դուրս հայտնվել, թե՞ մի տեսանելիությունը մյուսի հայելային արտացոլումն է:
Մատրիցայի նախնական իմաստը տպագրական ամբողջական էջի կաղապարն է, որից բազմացրել են տպագրելի նյութը: Ինչպես որ ազգերը ճանաչելի են դառնում գրով, այնպես էլ մարդը սկսվում է գրականությունից: Էկոն ու Կարիերը կասեին՝ հույս չունենաք, թե կազատվեք գրքերից: Մարդուն հավասարակշռող մյուս կողմն է գրականությունը, ու մեր հակառակ կողմի գրականությունը որքան մենք ենք, մի քանի այդքան էլ մենք չենք: Ճիշտ այդպես ինչքան լուսանկարիչ կա, այդքան էլ հայացք կա ձեզ տեսնելու, որը երբեք նույնը չի, եթե անգամ լուսանկարեն նույն պահին միաժամանակ: Կարևորը գրի կրկնության, ժամանակի կրկնության խաղի մեջ մտնելն է, անգամ եթե կանոնները չգիտենք, որովհետև ոչ ոք կանոնները չգիտի, ինչպես որ նստում ես բանաստեղծություն գրելու՝ չիմանալով, թե ինչի մասին պիտի գրես, ինչպես պիտի գրես, ինչ բառերով ու ինչի համար, բայց հստակ իմանալով մի բան՝ պիտի գրես: Ուրեմն պետք է խաղալ: Պետք է լինել ճամփորդ և ոչ թե ճանապարհին աճած ծառ՝ տեղաշարժվելու անկարող:

Հարցազրույցը՝ Մարիա Թոքմաջյանի

աղբյուրը՝ Голос Армении
2016թ.


No comments:

Post a Comment