Ռայներ Մարիա Ռիլկե | Rainer Maria Rilke

(1875-1926թթ.,Ավստրիա)
Մարինա Ցվետաևա, 1914թ.:
Ռիլկեն Մյոդոնում, երբ Ռոդենի քարտուղարն էր:
Լուսանկարը՝ Բերնարդ Շոուի, 1906թ.:


























ԷԼԵԳԻԱ

          Մարինա Ցվետաևա-Էֆրոնին

Օ, Կորուստներն են տիեզերքի, Մարինա, աստղերը վայր ընկնող:
Մենք չենք ավելացնի ոչինչ, ուր էլ որ ընկնենք, որպես աստղ մի նոր:
Ամբողջի մեջ արդեն ամեն ինչ հաշվված է ի սկզբանե:
Այդպես էլ ով ընկնում է, չի պակասեցնում քանակը սրբազան:
Յուրաքանչյուրն իր անկման հրաժարմամբ գահավիժում է սկզբի մեջ և փրկվում:
Ուրեմն խա՞ղ է ամեն ինչ, նույնափոխում և վերադա՞րձ հավերժական,
անհանգրվան մի անվանո՞ւմ և ինչ-որ տեղ շահո՞ւմ հանգրվանի:

Մենք, Մարինա, ծովն ենք ալիքների:
Մենք, Մարինա, երկինքն ենք տարածությունների:
Հողը, Մարինա, հողն ենք մենք, գարուններն ենք հազարավոր, արտույտն ենք մենք,
Որը Անտեսանելիի մեջ իր բռնկվող երգն է նետում:

Մենք այն սկսում ենք որպես փառաբանում, բայց այն գերազանցում է մեզ լիուլի,
մեր ծանրությունն հանկարծակի երգը շրջում է ողբին՝ դեպի ցած:
Բայց ո՞ղբ է դա: Այն ներքևում՝ այստեղ, դեռահաս փառաբանումը չէ՞ արդյոք:

Նաև ներքևում են աստվածներն ուզում փառաբանված լինել, Մարինա:
Այնպես անմեղ են աստվածները, նրանք, ինչպես երեխաներ, սպասում են մեր գովեստին:
Գովաբանենք, սիրելիս, թող շռայլենք մեզ գովեստներով:

Միայն ոչինչն է մեզ պատկանում:
Մենք իջեցնում ենք մեր ձեռքերը մի պահ
պարանոցներին փխրուն ծաղիկների: Ես տեսել եմ դա Կոմ Օմբոյում՝ Նեղոսի մոտ:
Այդպես, Մարինա, արքաներն են, հրաժարյալ, զոհ մատուցում:
Ինչպես հրեշտակներն են իջնում և ցուցանում դռները փրկվածների,
այդպես էլ մենք ենք հպվում այս կամ այն իրին - քնքշությամբ անիրական:
Ախ, ինչպես արդեն բաժան-բաժան, ախ, ցիրուցան, Մարինա, նույնիսկ հոգու գաղտնի շարժումներում:
Ցուցանողներ ենք մենք, ուրիշ ոչինչ:
Այդ արարմունքը խաղաղ,
երբ այն մեկը մերային այլևս չի կարող տանել և դիմում է գործողության,
վրեժ է լուծում՝ սպանելով: Քանզի մահացու է զորությունը նրա.
մենք ծանոթ ենք նրա քնքշությանն ու զսպումներին,
ուժին արտասովոր, որը մեզ ապրողներից դարձնում է անմահ:

Չգոյություն: Դու գիտես՝
քանի անգամ կույր մի կամեցում մեզ տարավ սառցե նախասրահների միջով
նոր ծնունդների... Տարավ - Մե՞զ: Տարավ մարմնավորված աչքեր
բազում կոպերի տակ հրաժարման: Տարավ մեր մեջ ներքև նետված սիրտը մի ողջ ցեղի:
Չվող թռչուններին ինչպես նպատակը անհայտ
խումբ-խումբ տարավ նա պատկերը մեր ճախրող այլակերպումների:

Սիրահարները, Մարինա, պետք չէ, որ այսքան շատ իմանան անկումների մասին:
Թող նրանք միշտ երեխաներ մնան:
Թող ծերանան միայն գերեզմանները նրանց,
թող միայն գերեզմանները նրանց հիշեն, մռայլվելով ծառերի տակ հեկեկացող, հիշեն անցածը թող:
Միայն նրանց գերեզմանները կփշրվեն: Իսկ իրենք ճկուն են, ինչպես ծաղկաշիվեր.
նրանց չափից ավելի ճկել -  նշանակում է հյուսել պսակը տիրական:
Ինչպես են տրվում նրանք քամուն գարնանային:

Միշտի կենտրոնից, որտեղ շնչում ես դու և կանխազգում,
նրանք Ակնթարթն են պոկում:

(Օ, ինչպես եմ քեզ զգում, կնոջական ծաղկում նույն թփի վրա անանցողիկ:
Ինչպես եմ ես ինձ սփռում գիշերային քամու մեջ սաստկացող,
որը սլանում է դեպի քեզ): Վաղուց ուսուցանել են աստվածները՝
կեսին վարժվել: Մենք շրջապտույտի մեջ սակայն
ամբողջացանք, ինչպես եղջյուր կիսալուսնի:

Եվ օրերում նվազումի, և ժամերում դարձի
ոչ ոք մեզ չի կարող օգնել նորից ամբողջանալ, - միայն նա,
միայնակ ընթացքը սեփական, անքուն այս եզերքի՝ երկրի վրա:

1926թ.

գերմաներենից թարգմանեց ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍԸ

ավստրիական բանակի զինվոր Ռայներ Մարիա Ռիլկեն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ


No comments:

Post a Comment