Քրիստինե Դադյան

բանասիրական գիտությունների թեկնածու



ՄԵՐ ՕՐԵՐԻ ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ

Արդի հայ պոեզիան զարգացման իր ճանապարհն է անցնում: Եվ եթե փորձենք այսօրվա հայ գրական դաշտում առանձնացնել բանաստեղծների, ապա իրենց ձեռագրերով ինքնատիպ են Հասմիկ Սիմոնյանը, Ռուզաննա Ոսկանյանը և Տաթև Չախչախյանը: Ընտրությունը պայմանավորված  է նրանց` իրարից տարբեր լինելով: Այդ բանաստեղծությունները  տարբեր մտածողություններ են և տարբեր տրամադրությունների  արտահայտումներ:
 Հասմիկ Սիմոնյանը  հրատարակել է երկու ժողովածու` «Լուսնոտ բառեր» (2005), «Թափթփված սենյակներ» (2010) և արժանացել է գրական բազում մրցանակների:
«Նյութի մատուցման» ձևը թերևս Հասմիկ  Սիմոնյանի գեղագիտության ամենակարևոր տարրն է, հենց այն է  «միս ու արյունով» լցնում բանաստեղծուհու դիսկուրսը: Այն բարձրացնում է արդի պոեզիայի սահմանների և էության մասին հարցը, որն այժմեական է արդի գրականության համար ընդհանրապես: Բանաստեղծուհին` ինքն էլ փնտրտուքի մեջ է, ասելիքի ձևն է որոնում.  «տուր ինձի, տեր, ստիխի ճիշտ ֆորման/ ու եթե ոչինչ էլ  չշրջենք, գոնե  հենվելու  տեղ կունենանք »[1]:
Հասմիկ Սիմոնյանի բանաստեղծություններն ընթերցելիս ակամա հիշում ես 20-րդ դարի 60-70-ական թթ. ամերիկուհի բանաստեղծ Էնն Սեքսթընին: Իհարկե, դրանք տարբեր հոգեվիճակներ են. խոսքը պոետական ազդեցության,  ոճական նմանությունների, աշխարհընկալման, բանաստեղծական դրամատիզմի և անհատականության ուժի մասին է: Սեքսթընի պոետական հավատամքը  կարող ենք համարել այս միտքը. «Այս ցեղատեսակի կանայք կարողանում են մեռնել առանց արցունքի:/  Ես այդ տեսակից եմ»[2]:

Հ. Սիմոնյանի բանաստեղծական հերոսուհին էլ հեղափոխական է,  պայքարող և ուժեղ, համարձակ է, նա չհամակերպվող անհատն է. «…եթե ես անձրև լինեի, ջրհեղեղի  պես կլցվեի մեր տուն,/  եթե  ես գետ լինեի, կքշեի կամուրջները…»[3], - գրում է բանաստեղծուհին:
            Նրա բանաստեղծություններում էլ հիշատակվում են  կանայք, որոնք  ուժեղ են,  համարձակ, ճակատագրական. բանաստեղծուհին լսում է Կաաս, սիրում է Ֆրիդային… «Ես գոլորշուց տաքացած/ ապակու այտին/ անվերջ խզբզում էի/ քո դիմանկարը/ և ցածրաձայն երաժշտություն լսում,/ ու ինձ թվում էր՝/ ձյունը իջնում է ինձ նման/ ՊատրիսիաԿաաս լսելով... »[4]:
Այս բանաստեղծության մեջ լարվածությունը, տրամադրության թախիծը փոխանցվում են ընթերցողին: «…փաթիլվող նոտաների պես/ ձյունը շոյում էր/ մարդկանց/ նյարդերի պես պրկված փողոցներին,/ միայնակ շներին,/ կիսաորբ ու ճկվող/ ծառերին,/ ու էլի մյուս բոլոր մարդկանց,/ որ այնքան երկար էին քայլել/ առանց շոյանքի ու սիրո... »[5]:
Հ. Սիմոնյանի բանաստեղծական լեզուն իր ինքնատիպության հետ մեկտեղ  ունի  յուրատիպ  ռիթմիկաորը նման է ժամանակակից երաժշտության ռիթմին. այն   հաճախ անկանոն, քաոսային, բայց, այնուամենայնիվ, տեղակայման յուրաքանչյուր պահին իր մեջ պահպանում է  «յուրօրինակությունները», որոնցով  տարբերվում է մինչ այդ եղած հանգերից: Պատկերների, կերպարների ամբողջականությունն  է ստեղծում Հ. Սիմոնյանի բանաստեղծական  ռիթմը: Բանաստեղծուհու լավագույն տեքստերում կա գործողության տպավորություն ստեղծող իմաստային ամբողջություն: Եվ դա անգամ այն դեպքում, երբ  այդ տեքստերի բովանդակությունը հաճախ, պարզվում է,  ակնթարթային են, երկրորդական, և պատահական. «նյարդայնացած մաքրում էի մանդարինը/ ու կծում ներքևի շուրթիդ պես/ ոչ մի գիրք չի պատմում քո մասին/ ախր ես որոշել էի չգրել/ հիշում ես թե ինչ կարդացի քեզ համար/ դրանք սուտի բաներ էիր,/ դրա համար կատաղած շպրտեցի գիրքը/ մայրս երազ էր տեսել.  մեծ տղամարդու էի համբուրում,/ կատաղել էր ու ինձ զանգել:/ էհ, սիրելիս, գոնե լինեիր չափահաս»[6]
Ե՛վ գործողությունները, և՛ պատկերները, և՛ նյութի մատուցման ձևը  բանաստեղծուհու  կերպարները դուրս են բերում   առօրեականի շարքերց: Իսկ «բանաստեղծականը» գուցե հոմանիշն է  «ոչ առօրեականի», որը կարիք չունի ռացիոնալ հիմնավորման:
Եվ թեկուզ Հասմիկ Սիմոնյանի պոեզիան անհատականացված է, նրան այդքան էլ հասկանալի չէ  «մենք» դերանունը, այնուամենայնիվ, նա մեր հասարակության այն մասի ձայնն է, որին սովորաբար ավանդական արժեքները սովորեցրել են լռել:
Բանաստեղծուհին թղթի առաջ վերլուծում, տնտղում է ինքն իրեն: Նա նկարագրում է իր կենսագրության  մանրամասները  հոգեվերլուծության չափումների  համաձայն: Այդպիսին է  հետևյալ բանաստեղծությունը. «շոգի   մեջ  ստվերները   հետ-հետ էին քաշվում/  ես աչքերս  փակ  գնում եմ նրանց հետևից ու հասնում մանկությունից ներս/  …կանաչ խոտերի մեջ տատդ աքլոր էր մորթում/ մատաղ/արյունով խաչ էր արել ճակատիս/ դու ժպտում էիր/ հետո քո ընտրած ամենասիրուն աքլորի գլուխը/ խոտերի ու արյան մեջ տեսար/ զգացիր մահը ու փախար հեռու/ …դու շատ փոքր էիր/ չալմայով ծածկված մարդու հետ անցնում   էիր  փողոցով/ երբ  արնաջուրը  սղաց  ոտքերիդ  տակով/ դու վախեցար ու ճչացիր/ պատերազմ էր շուրջբոլորը/ ռմբակոծություններ/ դու պատկերացրեցիր քեզ ու մորդ մորթած/ ու ճչում էիր/ …հետո մի օր հայրդ չվերադարձավ իսկ աստված էլի մեծ էր/ դու էլի շատ փոքր/ շոգ/ գիլյոտինի պես/ արագ/ հատու/ նուրբ ու անաղմուկ կյանքի պես ինջնող շոգ/ ու թունավոր կանաչ խոտերի մեջ նետված կյանք/ ամէն»[7]:
Այստեղ կարևորը  պոետի հետևից գնալով հոգեվերլուծության մեջ ներթափանցելն  է:
 Հ. Ս. բանաստեղծությունների ընդգծված առանձնահատկություններից է հումորը, ինչքան էլ  դրամատիկ հոգեվիճակ է պատկերված, այնուամենայնիվ լալկանություն չկա այնտեղ, օրինակ` «Սեր» բանաստեղծությունը. «Գլուխս մտցրեցի Թումանյանի հեքիաթի գրքի մեջ ու գոռացի`/ արև, դու մեծ ես ու ազնիվ, ասա` ու՞ր գնաց իմ սեր-բանաստեղծությունը:/ Յոթ սարից էն կողմ, - սկսեց պաթետիկ ձայնով ասմունքել արևը:/ «Անդարդ լինեի, հեքիաթդ լսեի», իջա հեքիաթից, մտա մանկապարտեզ,/ որ իմ ընտրատեղամասն էր:/ Գլուխս մտցրեցի քվեատուփի մեջ ու գոռացի` Չակ Նորիս, իմ թեկնածու, յարիս չտեսա՞ր:/ Սրա լեզուն չհասկացա: Երևի քֆուր տվեց:/ Մտա տուն: Մեր տանը սիրո մասին չենք խոսում:/ Բանուգործ չկար անելու: Անկախ ինձնից սկսեցի բանաստեղծություն գրել: Մեկի փոխարեն երկուսը»[8]:
Ընթերցելով Հասմիկ Սիմոնյանի բանաստեղծությունները` ակամա            գալիս ենք այն համոզման, որ նրա պոեզիայում,  հակառակ բոլոր կանոնների, չկանոնարկվածությունը իրեն թույլ է տալիս լինելու շքեղություն:
Դեռևս  20-րդ դարի սկզբին առաջացավ պոետական մի նոր դպրոց, որը կրեց «պատկերային պոեզիա» անվանումը, այսինքն` պոեզիայում տիրապետող դարձավ պատկերը: Արդի գրականության ինքնատիպ բանաստեղծուհիներից է Ռուզաննա Ոսկանյանը, որ «պատկերային պոեզիայի» հետևորդներից է: Ռ.  Ոսկանյանի պոետական աշխարհը ինքնատիպ է ու անկրկնելի:  Նրա բանաստեղծություններում արևը այրող չէ, անձրևը հորդ չէ: Այնտեղ բնությունն է տիրողը. քամին է, մայրամուտն ու արևածագը, ծովը, երկինքը, բացվող օրն ու իջնող երեկոն: Բանաստեղծուհին ոչ միայն նկարագրում է բնության երևույթները որպես այդպիսիք, այլ դրանց միջոցով մեզ է տալիս իր մտքերի աշխարհը, զգացմունքները, շրջապատող իրականության իր տեսությունը: Ինչ վերաբերում է ոճական հնարներին, վառ պատկեր ստեղծելու համար բանաստեղծուհին օգտագործում է փոխաբերություններ, մակդիրներ, համեմատություններ:      
Ռուզաննա Ոսկանյանի բանաստեղծությունները հոգու թռիչք են, զգացմունքների և մտքերի  անզուսպ ժայթքում: Քանդելով բանաստեղծության կառուցվածքի  ավանդական  օրենքները` նա պոետական տեքստի համար ստեղծում է յուրահատուկ անսովոր հյուսվածք` անկրկնելի գեղարվեստական աշխարհ: Առանձնահատուկ է նրա «Իմ անունը քո շուրթերին այնքան օտար թվաց» բանաստեղծությունը: Այս գրվածքը  կարծես  կնոջը    նվիրված   օրհներգ      լինի, մայրերգություն. մայրն է գարունն ու կյանքը ամփոփում իր մեջ: 
«Մայրս քնելիս ափի մեջ մի գարուն է թաքցնում,/ որ երբ երազում զգա, թե մրսում եմ, բացի ձեռքը:/ Իսկ ես բարկացած տրորում եմ աչքերս, որ չարտասվեն,/ որովհետև հեռվում մեր հորինած լռությանը խառնված սարեր կան/ ու ապակու պես ճանապարհին ցրված ժպիտներ,/ որովհետև…/ Մայրս կամացուկ բացում է ափը… մամ, ծառերը կանաչեցին…»[9]:
Բանաստեղծուհին չի սահմանափակվել միայն բանաստեղծության ձևային կողմի նորարարությամբ: Ռ. Ոսկանյանի պոեզիայում դադարները, ճկունությունը, փափկությունը, կտրտվածությունը, բանաստեղծական շրջանակներից դուրս գալը, այս ամենը պարուրվում են երաժշտականությամբ և մտքերով, որոնց միջոցով ընթերցողը լսում է բանաստեղծուհու կենդանի շունչը: Նրա պոեզիան կարծես գրվում է ինքնիրեն, բանաստեղծուհու զգացմունքներն ու մտքերը դառնում են  պատկեր,  իսկ պատկերը հալչում  ու դառնում է տող: Ահա տարբեր բանաստեղծություններից պատկերների մի գեղեցիկ փունջ.
«Ճանապարհին իրար պատահաբար գտած երկու ոտնաձայներ հոգնած հորանջում են…/, սիրտս կամացուկ թաքնվում է ձեռքերիդ մեջ…/, դռան փոքրիկ անցքերից ներս է սողում կծկված մայրամուտը…/, ծակ տանիքից թաքուն կաթում է կծկված երկինքը…/, նույնիսկ պատուհանից կախված շոկոլադոտ մատները քամին չլիզեց …/ գիտե՞ս, դու իմն ես ժամացույցի կանգնած շնչառության նման…»[10]:
 «Թափանցիկ անձրևներ» ժողովածուում հերոսուհին ապրում է իր ստեղծած աշխարհում և այնտեղ  իրեն երջանիկ է զգում: Նա վախենում է կարծես իրականությունից, վախենում է ցավից ու պատսպարվում է իր կառուցած աշխարհում. «Ուսերիս առավոտվա նման տաք վերնաշապիկդ եմ գցել/ ու ինձ շեմին ծալապատիկ նստած աստված եմ զգում:/ Ինչ լավն է չէ՞ իմ ստեղծած աշխարհը…/ Ջրերի վրայով քայլում է քնաթաթախ լուսաբացը,/ ու քամին սրինգ է նվագում սարերի հետևում,/ ծառերի կանաչ երազում կրկին անձրև է գալիս,/ ու նրանք փորձում են ժպտալ/ (միակ բանը, որ չեմ կարողանում անել), / ու այնքան լուռ է, ու այնքան տաք է վերնաշապիկդ առավոտվա նման…/ Ուսերիս առավոտվա պես տաք ձեռքերդ են փարվել/ ու ինձ ամպերից մի փոքր ներքև նստած/ ու ժպտացող աչքերը երկնքին հառած աստված եմ զգում»[11]:
Բանաստեղծուհին իր բյուրեղյա հայերենով գրված բանաստեղծություններում հայտնվում  է մե՛կ որպես  «գանգուր»  արև,  որ   ժպտում  է    կյանքին  ու   աշխարհին,  մե՛կ  որպես հասուն ու սիրող կին. «Ծնկաչոք  եկա քեզ մոտ,/ թվաց` աշխարհներ եմ կտրել-անցել…»[12]:
Ռուզաննա  Ոսկանյանի պոետական պատկերները առանձնանում են ոճի դասական պարզությամբ, հարստությամբ ու գեղեցկությամբ: Բանաստեղծուհու պոեզիան զգացմունքային է,  տողերի արանքում ապրում են բազմագույն  ու նրբահյուս ապրումներ, այդ պոեզիան մարդկային է, բարի, շոյող:
«Ես առավոտյան հողաթափերով եմ միայն թավալվում փողոցի կանաչ ասֆալտի վրա,/ որ չտրորեմ ինչ-որ մեկի երկինքը, որ մոռացել է այնտեղ,/ ես առավոտյան շապիկիս գզգզված մազերով ծածկում եմ քրքջացող ուսերս/ ու անխղճորեն ժպտում` հայելու ետևում թաքնված ինչ-որ մեկի երկնքին…/ Ես սովորել եմ արդեն փիսիկի նման կամացուկ ճանկռոտել երկնքը,/ դժվար  չէ, գիտե՞ս…»[13]:
Երկրորդ ժողովածուում, որ վերնագրված է «Հետո և ավելի հետո», պատկերները տեղի են տվել, ավելի շատ ապրումներ են:  Այս ժողովածուում արդեն բանաստեղծուհին իրական աշխարհում է. հեքիաթը բախվելով իրականությանը` վերածվում է պղպջակի. ահա «Կարմիր գլխարկ» բանաստեղծությունը.  «…արջը ասաց` ես եմ քո փեսացուն,/ որջս տաքուկ է,/ վերքերդ կշոյեմ` կլավանան/ (թևերիս տեղերը մրմռալ սկսեցին),/ արջը ասաց` քեզ կգրկեմ, գետը կանցնենք:/ Գլխարկը աչքերիս քաշած` անմեղ, անմեղ,/ շշնջացի` այո,/ մտածեցի` կհամբուրեմ, մարդ կդառնա:/ Գետը լցվեց արցունքներով,/ հասավ որջին./ «Փրկիր, տատի.../ Կարմիր Գլխարկ»[14]:
Ռուզաննա Ոսկանյանի պոեզիան  գեղարվեստական մտածողությամբ է կերտվում: Նրա բառերի աշխարհը գեղեցիկ է: Նա գիտի գեղեցիկ բառերից հյուսված պատկերներով խորը ապրումներ արտահայտելու գաղտնիքը: Նա  սովորական, առօրեական  բառերն  իրար կապում է այնպես, որ տողերի արանքում ապրում  է փիլիսոփայական խոհը. «...Կրկնվող առավոտներից ու գիշերներից/ հոգնած կին,/ արի մեր տուն:/ Տաք թեյի շուրջ/ մի քանի դար կլռենք,/ ու ոչ ոքի մտքով չի էլ անցնի/  մի կողմ գլորել քարը/ ու մտնել ներս»[15]:
Առանձնահատուկ է նաև Տաթև Չախչախյանի պոեզիան: Նա կարծես աշխարհում կատարվող իրադարձությունների արձանագրողը լինի: Հարցազրույցներից մեկում Տ. Չախչախյանը նշում է. «Բանաստեղծության պարագայում օբյեկտն է կանչում ու ասում` գրի իմ մասին: Լրագրողի պես օբյեկտի հետևից վազելով դժվար թե ստացվի»[16]
 Իր «Ուրիշ բաների ժամանակը» բանաստեղծության մեջ Տ. Չախչախյանը կարծես մատնանշում է իր որդեգրած ուղղությունը.
«Տատս ասաց./ -Հայրենիքի մասին մի բան կարդա:/ Ասացի./ -Չունեմ:/ -Սիրո մասին գործդ կարդա:/ -Տատ... չկա.../ -Աշնան մասին... Տերյանի պես.../ -Դե... Չեմ գրել.../ -Բա ի՞նչ ես գրել:/ -Ո՞նց ասեմ, տատ,/ հիմա լինել-չլինել չկա,/ աստված-չաստված չկա,/ աշխարհում լիքը ուրի'շ մարդ կա,/ գլոբալիզացիա,/ հազար ու մի ֆեդերացիա,/ Մինսկի խումբ կա,/ վրաց-օսական պատերազմ/ ու բալկանյան խժբժոց կա,/ Տիբեթի ինքնորոշում կա,/ ջհուդամասոնական դավադրություն,/ ու հոմոֆոբիայի դեմ պայքար կա:/ Ամերիկայում սև նախագահ կա…»[17]:
Բայց Տաթև Չախչախյանը զուտ արձանագրող չէ: Նրա պոետական լեզուն կենդանի է, ամենօրյա, կյանքով լի: Այնտեղ կան և՛ փայլուն հումոր, և՛ զգացմունքի ուժ, բանաստեղծությունները  հոսում են ազատ հոսքով: Բանաստեղծուհու լավագույն գործը թերևս  կարելի է համարել  «շաբաթ գիշեր, լույս կիրակի …» բանաստեղծությունը: Այստեղ  ինչքան էլ լսելի են անձնական նոտաները, բայց և այնպես այն յուրատիպ խաղաղության կոչ է, աշխարհին սթափեցնելու ձայն, որը մատուցման նոր ձև, չափ ու հանգ ունի:
«հարգելի Քրիստոս/ հետաձգիր գալուստդ մեկ օրով/ որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ/ …պարոն քաղաքապետ/ դադարեցրու շինարարությունը/ արգելիր երթևեկությունն/ ու հայտարարիր լռության րոպե/ իմ հիշատակին/ թող Համասը չնետի ռումբեր/ ու Ալիևը չկրակի Արցախի վրա/ գոնե վաղը/ ու հարգելի Ալ-Քաիդա/ վերջացրու հակամարտությունն/ արաբաիսրայելական/ եվ մեծ ու փոքր հսկաներ/ զինադադար կնքեք էս գիշեր/ որովհետև վաղը կիրակի է ու ես պիտի քնեմ/ …վերջապես/ սև թուղթ ուղարկեք տնեցիներիս/ չհիշվող երազի պես սև/ ու բացակա դրեք ինձ մոլորակից/ որովհետև շաբաթ է/ կեսգիշեր/ կանգնած եմ օրվա եզրին/ ու գցվում եմ ներքև/ բարի գիշեր»[18]:
Հասմիկ Սիմոնյանի և Տաթև Չախչախյանի պոեզիային հատուկ է առանց կետադրության և փոքրատառերով գրելը: Դա  այն է, ինչ բանաստեղծ Հովհ. Գրիգորյանն իր` «Թե ինչպես անհետացավ բանաստեղծությունը»  հոդվածում հիշատակել է. «1912 թվականի վերջերին Գիյոմ Ապոլիները հրաժարվում է բանաստեղծություններում կետադրական նշաններ օգտագործելուց` դա բացատրելով այսպես. «Կետադրության նշաններն անօգուտ են, որովհետև բանաստեղծություններում իսկական կետադրությունը ռիթմն ու պաուզաներն են»: Այդպիսով նա ցանկացավ անխզելիորեն իրար կապել բանաստեղծության ռիթմն ու բովանդակությունը»[19]:
Բանաստեղծության դերի և ազդեցության մասին ուշագրավ է մեր օրերի անգլիացի ականավոր գրող Ջասպեր Ֆորդերի հետևյալ միտքը. «…պոեզիան շրջանցում է բանականությունը և գնում ուղիղ լինֆո համակարգ… այն գրական աշխարհի կոկաինն է»[20]
 Եթե ընթերցողին կարդացած բանաստեղծությունը «կոկաինի» ազդեցություն  չտա, ապա նա  կփորձի կարդալ մեկ այլ պոետի:

 Գրեթերթ 2014
  




[1] hetq.am/arm/news/21516/
[2] www.gumer.info/bibliotek_Buks/History/spankeren/39.php
[3] hetq.am/arm/news/21516/
[4] www.gisher.ru ›
[5] www.gisher.ru ›
[6] hetq.am/arm/news/21516/
[7] mamikonyanaram.blogspot.com/2012/10/hasmik-simonyan_22.html
[8] hetq.am/arm/news/21516/
[9] Ոսկանյան Ռ., Թափանցիկ անձրևներ, Եր., 2007թ., էջ 61:
[10] www.akumb.am/showthread.php/50480-
[11] Ոսկանյան Ռ., Թափանցիկ անձրևներ, Եր., 2007թ., էջ 34:
[12] Ոսկանյան Ռ., Հետո և ավելի հետո, Եր., 2013թ., 45 էջ:
[13] Ոսկանյան Ռ., Թափանցիկ անձրևներ, Եր., 2007թ., էջ 40:
[14] Ոսկանյան Ռ., Հետո և ավելի հետո, Ե., 2013թ., էջ16:
[15] Նույն տեղում, էջ 66:
[16] Առավոտ, Սեպտեմբեր 12,  2013թ.: 
[17] tatev-livingsthone.blogspot.com/
[19] «Գրական թերթ», 1970թ., 6 նոյեմբերի:

No comments:

Post a Comment