Էնն Սեքսթըն | Anne Sexton

(1928-1974թթ. ԱՄՆ)
Պոեզիան իմ կյանքն է, իմ փոստային հասցեն, իմ ձեռքերը, խոհանոցս, դեմքս:   Էնն Սեքսթըն
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՆ ԿԵՆԱԿԻՑ

Ես հոգնել էի կին լինելուց,
Հոգնել էի գդալներից, ամաններից,
Հոգնել էի իմ բերանից, իմ կրծքերից,
Հոգնել էի շպարից ու մետաքսից:
Բայց և այնպես տղամարդիկ նստում էին իմ սեղանի շուրջ,
հավաքվում էին սեղանին դրած գավաթիս մոտ:
Գավաթը մանուշակագույն խաղողով էր լցված,
Ու ճանճերը հոտն առնելով մոտ էին թռնում,
Նույնիսկ հայրս էր գալիս իր սպիտակ ոսկորով,
Բայց ես հոգնել էի գենդերային բաներից:

Անցած գիշեր երազ տեսա`
Ու ասացի երազիս…
«Դու ես պատասխանը:
Դու կդիմանաս իմ ամուսնուն ու իմ հորը»:
Երազումս մի քաղաք էր՝ շղթաներից սարքած,
Որտեղ Ժաննան տղամարդու շորերով մահապատժի էր սպասում,
Ու անհասկանալի էր հրեշտակների բնույթը,
Նրանցից ոչ մեկը նույն տեսակի չէր,
Մեկը՝ քիթ, մյուսն՝ ականջ իր ձեռքում,
Մեկը աստղ էր ծամում և ուղեծիրը դրա գրանցում,
Ամեն մեկը կարծես թե ինքն իրեն ենթարկվող բանաստեղծություն լիներ,
Աստծո ֆունկցիաները կատարող-
Մի առանձնացած ժողովուրդ:

«Դու ես պատասխանը»,
Ես ասացի ու մտա,
Պառկեցի քաղաքի դարպասներին:
Հետո շղթաները ամբողջ մարմնիս կապեցին,
Ու ես կորցրեցի իմ ընդհանուր գենդերը ու իմ վերջին կերպարանքը:
Ադամը՝ ձախ կողմից,
Ու Եվան՝ աջ,
Երկուսն էլ ամբողջովին հակասում էին ողջամիտ աշխարհին:
Հյուսեցինք մեր ձեռքերը ու գնացինք դեպի արև:
Ես կին չէի այլևս,
Ոչ սա, ոչ էլ նա:

Օ՜ Երուսաղեմի դուստրեր,
Թագավորն ինձ բերել է իր ննջասենյակ:
Ես սև եմ ու սիրուն,
Ինձ բացահայտել են ու հանել իմ շորերը,
Ես չունեմ ոչ ձեռքեր, ոչ ոտքեր,
Ես ամբողջովին մաշկով եմ պատված, ձկան պես:
Ես այնքանով կին եմ,
Որքանով Քրիստոսը՝ տղամարդ:


անգլերենից թարգմանեց ՄԻԼԵՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ


տեսնել այլ հրապարակումներ Էնն Սեքսթընից



No comments:

Post a Comment