Տերունական աղոթքը՝ ըստ հինգ պոետների

ֆոտոն` Վահե Բուդումյանի
աղբյուրը` Գրեթերթ
ԱՐԱՄ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
(ծնվ. 1991թ.)

pater noster

հայր մեր,
եթե դեռ երկնքում ես
ցույց տուր մարդկանցից գաղտնի
ոտնաթաթերի վրա
փախչող երջանկությունը,
մի ձեռք տուր,
որ տուն քարշ կտա մեզ
փաբերից,
մի քիչ պատճառ
առանց ալկոհոլ
դիմանալու համար
ու հարազատ ուս`
գլխներիս տակ
տխրության ժամին

ու եթե իրականում վիճակված չէ,
թող գոնե սուրճի բաժակից
սպասվող երկար ճանապարհորդություն,

հարսնացուներ
ու փեսացուներ
դուրս գան,
թող մենք գտնենք մեր երկրորդ կեսը...
ինքնասպանը`
իր շարժասանդուղքն ու պարանը,
հարբեցողը`
առավոտվա գլխացավը

հայր մեր,
եթե դեռ չես փոշմանել ու իջել ներքև
ինձ հետ
մի ամբողջ կյանք
մահվանը նախապատրաստվելու
ու վերջում, միևնույնն է,
մեռնելու համար,
մի տուր ինձ հանապազօրյա հաց,
մի փրկիր ինձ չարից,
միայն թե նկատիր
գրպանիս թաց լուցկիները`
ծխելու վերջին կոտրված հույսը
քնելուց առաջ

քանզի հավիտյան քեզ եմ տվել
արքայությունը,
և զորությունը,
և փառքը
պատասխանատվությունից
խուսափելու համար

ամեն

2013թ.


ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ
(ծնվ. 1981թ.)

ՕՐՈՐՈՑԱՅԻՆ ՀՈՐՍ ՀԱՄԱՐ

Հա՛յր իմ, որ երկնքում չես,
իջիր երկնքից...

Գիտակցի՛ր ծաղիկն այս,
որ երբեք քեզ չտրվեց` ի նշան սրտի,
ճանաչի՛ր ափերն այս,
որ ծափերով քեզ կրկին չեն կանչելու Բեմ,
վերհիշի՛ր աչքերն այս` կնոջ,
որ չկլլեցին թարթիչ առ թարթիչ` անունիդ արյունը.
շնչի՛ր թանաքն այս` բարձիդ վրա,
որ ծանրացավ ծոծրակիդ,
մի՛ լսիր, այլ նայի՛ր ձայնիս,
որ երբեք չփշրեց օդում
քարերը` քեզ վրա նետված,
հավաքի՛ր քարերն այդ,
որոնցով սեփական տունդ չսարքեցիր,
բացի՛ր պատուհաններն այդ տան,
կարոտի՛ր հայրենի երկինքդ,
որտեղ չկաս,
իջի՛ր,
կանգնի՛ր գրքին այս, թերթի՛ր էջերը,
որտեղ քեզ չի տրվի
«Ու՞ր է, Աբե՛լ, եղբայր քո» հարցի պատասխանը...
Հեգնի՛ր գրքին խոնարհված ստվերդ սեփական,
որ երբեք քոնը չեղավ,
հեգնի՛ր ստվերդ, հեգնի՛ր,
պատռի՛ր էջն այս, որ չկարդացիր, չէ՞...
Պատռի՛ր այն, պատառոտի'ր
ու վառի՛ր կրակն այն փոքրիկ,
որ երբեք չվառեցի`
տաքացնելու համար սիրտդ գիշերվա ցրտում...
Բայց նախ պետք է մրսել մինչ այդ,
ուստի մրսի՛ր «այժմ և միշտ»ը աստ, հիմա,
քանզի այն քե՛զ է պատկանում,
ու թող քո կամքը լինի
«հավիտենից»-ն (Ամեն) Այնժամ... Այնտեղ...

Հա՛յր իմ, որ երկնքում չես,
իջիր երկնքից...

«Լեթարգիական Արթնություն» (2012թ.) գրքից


Ֆոտոն` Անահիտ Հայրապետյանի
աղբյուրը` Գրեթերթ
ԱՐՓԻ ՈՍԿԱՆՅԱՆ
(ծնվ. 1978թ.)

ՀԱՅՐ ՄԵՐ


   Մենք որբ էինք: Մենք թրջված էինք, կծկված, քաղցած, բոկոտն: Մենք կույր էինք, սարսափած ու պատռված...
   Մենք սեղմում էինք միմյանց ձեռքերը քրտնած ափերով: Քրտնած ափերով ծածկում էինք մեր կարմիր աչքերը: Անձրևը լցվում էր մեր ռունգերի մեջ: Մեր ձեռքերն ու ոտքերը պոկվում-ընկնում էին: Մենք գալարվում էինք ու կարմիր աչքերով որոնում նրան:
   Արի՛, անսփոփ գիշերում մեզ քույր եղիր: Արի՛, մայրություն արա մեզ: Բացիր մեզ քո մարմնի խոռոչներն ու քո մեջ առ մեր անհագ, անսպառ, հավիտենական կարոտը:
   Արի՛, տե՛ս ոնց են ձիերը մեզ սմբակների տակ գցել... Արի՛, տե՛ս ոնց են դևերը կղկղել մեզ վրա... Արի՛, տե՛'ս շունը քնած է... Շո~ւնչ բեր...
Հիշի՛ր մեզ, արի՛ ու վե՛րջ տուր այս կիսատ աշխարհին:

   Մենք փնտրում էինք նրան ամենուր, թեպետ հստակ գիտեինք` որտեղ է: Թակում էինք դուռ ու պատուհան, շրջում էինք եկեղեցիներով, արվեստանոցներով, համերգասրահներով, սրճարաններով, հասարակաց պետքարաններով...
    Հետո մենք իբր պատահաբար մտանք մթերային խանութ ու տեսանք նրան երրորդ, թե չորրորդ դարակի վրա` ինչ-որ տեղ բարձրում... Ամենաբարձրում...
   Մենք նկատեցինք նրան միանգամից, թեպետ... Թեպետ քեզ թաքցրել էին մեզնից ինչ-որ գույնզգույն զիբիլների հետևում և ինչ-որ զիզի-բիզի պիտակ կպցրել վրադ: Բայց մենք իսկույն ճանաչեցինք քեզ: Քո վճիտ, անկաշառ թափանցիկությամբ դու ուրիշ էիր` տարբեր, բարձր... Եվ կայիր, և չկայիր...
   Մենք հմայված, ապուշ կտրած, նայում էինք քեզ երկար-երկար: Հետո դողացող ձեռքերով շրջեցինք մեր ծակ գրպանները ու գնեցինք քեզ:
   Դու քրոջ պես քերեցիր մեր մարմիններից դևերի կղկղանքը, լողացրիր մեզ մոր պես, կարկատեցիր մեր վերքերը, կպցրեցիր պոկված ոտքերն ու ձեռքերը, սոսնձեցիր փշրված մատները, հագցրեցիր մեզ, ջերմացրեցիր, ուղղեցիր մեր սապատները, լույս տվեցիր մեր բիբերին, շունչ փչեցիր մեր ռունգերի մեջ և լցրեցիր մեր սմբակածեծ խոռոչները հավիտենական մոռացումով:
   Հա՛յր մեր, որ շշում ես...

   Երբ արթնացանք, նա համբարձվել էր` թողնելով մեզ սեղանի վրա ճոճվող իր ապակե դին:
    Եվ մենք որբ էինք ու պատռված... Սառը, օտար, լպրծուն անձրևը լցվում էր մեր ռունգերի մեջ: Մենք սողում էինք ծանր հողի տակով ու արյուն թքում: Քրտնած ափերով փակում էինք մեր կարմիր աչքերը: Մեր ձեռքերն ու ոտքերը պոկվում-ընկնում էին, ու մենք ձեռուոտ ընկած, որոնում էինք նրան...
   Հետո մեր լեզվից վերջին բառերն էինք պոկում` անճոռնի վաճառողուհուն սիրաշահելու, համոզելու, հաճոյախոսելու, սեր խոստոանելու, շողոքորթելու համար: Սպառեցինք երդման բոլոր հայտնի ձևերը, նորերը հորինեցինք, խոստացանք փրկագինդ մարել մեկ շաբաթից, երկու օրից, վաղը, մի ժամից: Հետո սպանեցինք ու նրան ու փրկեցինք քեզ:
   Փրկեցինք այս զիզի-բիզի, գույնզգույն, քաղքենի աշխարհից: Փրկեցինք, որ սիրենք, համբուրենք, գուրգուրենք քեզ, կենակցենք հետդ, հղիանանք... Փրկեցինք, որ դնենք քեզ մեր գլխի վրա, ծնկենք քո առջև, երկրպագենք քեզ ու փրկություն աղերսենք...
   Եղի՛ր քրոջ պես ու մոր պես: Քերի՛ր մեր  փլվող մարմիններից դևերի կղկղանքը: Կարկատի՛ր մեր քրքրված վերքերը: Շո՛ւնչ փչիր մեր նեխահոտ արձակող մարմինների մեջ: Մեր սառը, օտար, լպրծուն խոռոչները լցրո՛ւ հավիտենական թափանցիկով...
   Հա՛յր մեր, որ շշում ես... Արարի՛ր ինձ նորից:

2000թ.
«Ծիկ» (2001թ.) գրքից


ֆոտոն` Անահիտ Հայրապետյանի
ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
(ծնվ. 1960թ.)

Հայր մեր


հայր մեր, ասեցի...
բայց չթողեց շարունակեմ
տարօրինակ ա
ես երբեք չեմ ասում` հայր մեր

երևի երազ էր
կամ էլ շփոթվել էի որ փաստորեն կար

հայր մեր, ասեցի...
բայց հարցս ոնց որ գիտեր

take it easy

ասեց ու գնաց

2004թ.
«Հայաստանի ծովափին» (2006թ.) գրքից


ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
(ծնվ. 1952թ.)

Աղոթք

Հայր մեր, որ չգիտեմ որտեղ ես
Եվ ի՞նչ ես անում հիմա,
Ի սեր քո սիրո
Եվ վասն
ինքդ քո արժանապատվության
Մի քիչ մարդկային
Ու մարդավայել կյանք պարգևիր մեզ,
Թող մի քիչ ապրենք,
Իսկ երբ որ մեռնենք,
Դու մեր հեգ մարմնի
Ու լույս հոգու հետ
Ինչ ուզես արա...

Արտաքսման օրից
Ոչինչ չփոխվեց,
Ոչինչ չփոխվեց
Եվ խաչելությամբ քո խոնարհ որդու:
Ախր հերիք է,
Բավ է փորձարկես
Ու փորձանքների դուռը մեզ մղես.
Այսքան ժամանակ միասին եղել
Ու միշտ միասին կլինենք էլի,
Էլ ի՞նչ ես ուզում...
Եթե կարող ես
Պարգևիր դու մեզ
Խաղաղ ապրելու, խաղաղ մեռնելու
Մի ինչ-որ միջոց,

Ու թե կարող ես
Զլույս հանապազորդ տուր մեզ այսօր և միշտ,
Զհաց հանապազորդ տուր մեզ այսօր և միշտ,
Զջուր հանապազորդ տուր մեզ այսօր և միշտ
Իսկ մնացյալը....
Իսկ մնացյալը
Կճարենք մի կերպ:

Գիտենք, օ՜ գիտենք
Քոնն է երկիրն. ամէն,
Քոնն է երկինքն. ամէն,
Քոնն է արքայությունն. ամէն,
Քոնն է զորությունն. ամէն,
Քոնն է փառքն. ամէն,
Քոնն է ամենն, ամենն, ամենն,
Հավիտյանս հավիտենից. ամէն:

«Անառակ որդի» (Լոս Անջելես, 1996թ.) գրքից

No comments:

Post a Comment