նոր ձայներ Եվրոպայից և անդին. Six Armenian Poets



հետ գրություն: 
Նստեցի, որ ֆբ-ում ստատուս գրեմ, թե տեսեք, տեսեք ես Անգլիայում տպվել եմ, ու թարգմանությունը արտակարգ ա, ջիջիլ, բայց Ռեմբո տղայի ասած՝ սիրտս լցված տխրությամբ՝ նավախելին թքեց, բարեկամներ, նավախելին թքեց...


համառոտ բովանդակություն
Հաճելի է, երբ հայ ես ու բանաստեղծ ու Հայաստանը ներկայացնող հենց այս վեցնյակի մեջ ես:

սկիզբ

Մի քանի օր առաջ Ռազմիկ Դավոյանը զանգեց ու ասեց, որ Անգլիայում լույս է տեսել 6 հայ բանաստեղծների թարգմանական երկլեզու ժողովածուն Արմինե Թամրազյանի հրաշալի թարգմանությամբ ու որ ամսի 12-ին ժամը 12-ին ազգային ժողովում տեղին կունենա սա գրքի շնորհանդեսը:

Ճանապարհին մտածում էի, որ ավելի հակագրքի տեղ, քան Ազգային ժողովն է, դժվար կլիներ մտածել: Մի տեսակ մռայլ գնացի: Հետո Arc հրատարակչատունը ներկայացնող անգլիացի ժպտերեսիկ երկուքը, որ անունս իմանալուց վռազեցին ասել, որ հավանում են շատ ինձ, որ ինչ ջահել եմ ու լավը (օ՜յ :) ), մի տեսակ նայեցի շուրջս. ծառերը սիրուն էին ծաղկել էդ բակում, գրողը տանի: Մեզ ոչ ոք չեկավ դիմավորելու, ինքներս գտանք ճամփան դեպի 3րդ հարկ, եսիմ որ սրահ: Գնացինք, գնացինք, ես էի, Ռազմիկ Դավոյանն էր, թարգմանչուհի Արմինե Թամրազյանը, ում անմիջապես սիրեցի, անգլիացի մեր բարեկամները (իսկ ես ապուշի պես մոռացա իրենց անունները, այցեքարտն էլ եսիմ ուր դրեցի), հարցուփորձ անելով, ասել-խոսելով տեղ հասանք:

Ընթացքում ինձ հարցրեցին՝ Ազգային ժողովում էլի եղել ես սրանից առաջ, հիշեցի, որ առաջին գիրքս դեռ չէր տպագրվել, 2004ն էր երևի, ու ես թեև ոչ մեկն էի, բայց նշում էին, որ խոստումնալից գծերով շնորհալի աղջիկ եմ, գնացինք Ազգային ժողով չեմ հիշում ինչ հանդիպման, չեմ հիշում ինչ խոսվեց: Հովհաննես Գրիգորյանի հետ էի, ընթացքում Արքոն էլ եկավ, ու Հովհաննես Գրիգորյանը ինչպես միշտ շուտ գնաց, մեջս մի տեսակ նեղացա, որ ինձ մենակ ու անտեր թողեց, բայց դե չկորա, իսկ կարևորը բնավ դա չէր, այլ էն, որ Արքոն նիհար-միհար աղջկա հետ ծանոթացրեց, ասեց՝ Նարինե Ավետյանն ա, ընտիր պոետ, կարդա, հաստատ կսիրես, հետո Նարինեին ասեց՝ գրքիցդ չունես, Հասին նվիրի: Նարինեի ձեռքին մաշված սպիտակ տոպրակ էր, մեջը՝ հազար թուղթ: Ես հիշում եմ՝ ոնց պեղեց իր գիրքը, ոնց մակագրեց ինձ, ու ես հետո ոնց էի կարդում էդ գիրքը սոված գազանի նման ու ոնց էի սիրում Նարինեին ու իր փնթի տողերը ամենուր, ամեն օր, ամեն ժամ ու հետո երկար տարիներ մինչև էսօր ու վստահ եմ, որ միշտ, որ միշտ... իմ գրապահարանում ամենաքրքրված, կազմի կապույտը մաշած, մատիտով լիքը գծած, անգիր հիշվող, տող առ տող սիրված, տարբեր քաղաքներում բարձրաձայն արտասանված, տարբեր սիրածների ականջին շշնջվող, դուռ շրմփացնելու պես ձեռքը սրտին ցավեցնելու պես խփող, փնթի տողերի կցկտուրը հագիս, ախ, ես ինչքան ուժեղ եմ, երբ դու կաս, այ գիրք, երբ դու կաս իմ գրապահարանում: Ու երբ ինձ հարցրեցին՝ սրանից առաջ էստեղ եղե՞լ ես: Ու Արմինեն շտապեց նշել, որ էստեղ շատ հանդիսություններ են լինուն: Ես ասեցի՝ էդ հանդիսություններից ոչ մեկին մասնակցած չկամ, բայց տարիներ առաջ էստեղ մի պոետի եմ հանդիպել, ով հիմա Հայաստանում չի ապրում, գնացել է Շվեյցարիա ու կարծեմ էլ չի գրում, բայց իմ ամենասիրած գրողն է, անունը՝ Նարինե Ավետյան:

Հետո չգիտեմ ինչ խոսեցինք, մեզ ոչ ոք չեկավ դիմավորելու, մենք ինքներս գտանք ճամփան, գրողները միշտ են իրենց ճամփան գտնում, Վիոլետը քնած էր մնացել, անձնագիրն էլ՝ աշխատավայրում, բայց հասցրեց ու եկավ, և Հրաչիկ Սարուխանի անփոփոխ գլխարկը, ում միշտ նմանեցրել եմ Թումանյանի թարգմանած հեքիաթի Բարձր Փետրավորին, և Խաչիկ Մանուկյանը, (բարձունքը մերն է, տղերք, տղերքը մնացին բարձունքում, Արքոն կրկնում էր անընդհատ, հիմա նորից Խեչոյանի սև գիրք, ծանր բզեզն եմ կարդում ու Մհերի դիակի փոխանակման ժամանակ անընդհատ Խաչիկի տողերն էի կրկնում՝ բարձունքը մերն է, տղերք, տղերքը մնացին բարձունքում):

Երկար միջանցքով անցնելիս պատգամավորների սենյակների երկարուկ դռների անուն ազգանունները ինձ ու գրականությանը ոչինչ չտվեցին:
Պծիչկայի համար արված Հովիկ Աբրահամյանի և էլի ոմանց ճառերը ինձ ու գրականությանը ոչինչ չտվեցին:
Շուշան Պետրոսյանը ասաց քեզ գիտեմ, կարդում եմ, ժպտացի, կամաց ասացի՝ մերսի, հետո մի անգամ էլ մոտեցավ, ասաց՝ քեզ իսկապես կարդում եմ, ես էլի ասացի՝ մերսի ու տխրեցի: Որ մեզ՝ ջահելներին, իրոք ինքը կարդում էր, ես առանց իր ասելու էլ գիտեի: Տխուր էր, որովհետև էդ տարածքը իրեն ու իր երգին էլ ոչինչ չի տալիս, բայց խլում է անամոթաբար:

Հետո Ազնիվն ու ես իջնում էինք, տեսանք սպիտակ երկար մեքենայի դուռը բաց, դռնից մինչև վերև կարմիր գորգ են փռել, որ եսիմում կոշիկի ներբանները ասֆալտին չմաշվեն, Ազնիվն ասեց՝ մեր համար են փռել ու կարմիր գորգով էր իջնում, ես կողքով իջա, կարմիր գորգեր ինձ համար դժվար փռեին, ուրիշի կարմիր գորգի վրայով անցնելն էլ ուրիշի կիսատ շամպայնը խմելու պես է:
Պուլպուլակի մոտով անցնելիս Ազնիվը հարցրեց՝ քանի տարեկան ես (դրանից առաջ արդեն ճշտել էինք՝ ով քանի գիրք ունի և այլն), ասեցի՝ 26, ասեց՝ օ՜, հրաշալի տարիք, բա ես ինչքան կլինեմ, ասեցի՝ դե մի 30-35, (կանանց տարիքը գուշակելու փորձեր անելուց ես միշտ մի 5 տարի պակաս եմ տալիս), ժպտալով գլուխն օրորեց՝ հըը: Արդեն վստահ ասեցի՝ 35, ասեց՝ 54, նույնիսկ թոռնիկներ ունեմ: Ապշած կանգնեցի ու խնդրեցի, որ թույլ տար հմայիչ կնոջ ձեռքը սեղմել: Թույլ տվեց: Իսկ էդ բակում, գրողը տանի, ծառերը սիրուն էին ծաղկել...

Վերջ


Խմբագիր՝ Ռազմիկ Դավոյան
հրատարակիչ՝ Alexandra Büchler

բանաստեղծներ՝ Վիոլետ Գրիգորյան
Անատոլի Հովհաննիսյան
Խաչիկ Մանուկյան
Ազնիվ Սահակյան
Հրաչյա Սարուխան
Հասմիկ Սիմոնյան

և կրկին հետ գրություն: Գուգլեցի Six Armenian Poets ու գտա որոշ բաներ, որոնք կկիսվեմ ստորև, իսկ այս նոթը, որ ստատուս էր ի սկզբանե, չէր գրի, եթե Լուսինե Թալալյանը լինքած չլիներ: Իսկ ընդհանրապես ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Լիլիթ Գալստյանին: նաև Արմինե Թամրազյանին: նաև Ռազմիկ Դավոյանին:

Իսկապես վերջ


կիսվելիք լինքեր
կարդալ գիրքն ամբողջությամբ այստեղ 
գնել գիրքն այստեղից (www.inpressbooks.co.uk), այստեղից (www.amazon.com)
լուրիկներ՝ www.arcpublications.co.ukparliament.amarmenpress.amwww.yerkir.amlurer.comshamshyan.comwww.mamul.amwww.panarmenian.nethetq.am



No comments:

Post a Comment