Մարտի 8. Ի փառաբանումն իմ արգանդի

1930թ. Ռոզա Լյուքսեմբուրգը 59 տարեկան կլիներ, Սիմոնա դե Բովուարը՝ 22, Էմմա
Գոլդմանը՝ 61, իսկ ուշադիր նայելուց հետո զգացի, որ դեմքով էլ նման չեն, ինչևէ,
այս  նկարի կանայք, ովքեր էլ որ լինեն, ինձ դուր են գալիս ու մի տեսակ հիշեցնում
դեռևս Հին Հռոմում  այս օրը նշվող ազատ ծնված կանանց տոնը:

Ի ՓԱՌԱԲԱՆՈւՄՆ ԻՄ ԱՐԳԱՆԴԻ

Ամեն ոք իմ մեջ թռչուն է:
Թափահարում եմ բոլոր թևերս:
Ուզում էին քեզ կտրել-հանել.
բայց չեն անի:
Ասացին` դու չափազանց դատարկ ես,
բայց դու դատարկ չես:
Ասացին` դու մահացու հիվանդ ես,
բայց սխալվեցին:
Դու երգում ես աշակերտուհու պես:
Քեզ չեն պատառոտել:

Հաճելի ծանրություն,
ի փառաբանումն կնոջ, որ ե՛մ
և կնոջ ոգու, որ ե՛մ
և գլխավոր էակի, և նրա հմայքի,
որ երգում եմ քեզ համար: Համարձակվում եմ ապրել:

Բարև՛, հոգի՛: Բարև՛, բաժակ:
Փակվիր, պատյան: Պարփակիչ պատյան:
Բարևս դաշտերի հողին:
Արմատներ, բարև՛:
Յուրաքանչյուր բջիջ իր կյանքն ունի:
Այստեղ այնքան կա, որ մի ազգի
կբավականացնի:
Ժողովուրդը բավական երկար տիրացավ սրանց:
Ամեն ոք, ամեն պետություն կասի սրա մասին.
«Ինչ լավ է, որ այս տարի նորից կարող ենք
տնկել ու սպասել բերքին:
Բույսերի հիվանդությունը եղավ ու անցավ»:
Շատ կանայք միասին երգում են սրա
մասին,
մեկը կոշիկի գործարանում հայհոյում է հաստոցը,
մեկն ավազանում փոկ է խնամում,
մեկը ձանձրանում է իր «Ֆորդի» ղեկի մոտ,
մեկը տուրք է գանձում, 
մեկն Արիզոնայում հորթի թոկն է փորձում,
մեկը Ռուսաստանում թավջութակ է հեծնում,
մեկըԵգիպտոսում վառարանում կճուճներ է փոխում,
մեկն իր ննջասենյակի պատերը լուսնի գույնով է ներկում,
մեկը մեռնելիս նախաճաշի մասին է հիշում,
մեկը Թաիլանդում իր խսիրի վրա է մեկնվում,
մեկն իր երեխայի տուտուզն է լվանում,
մեկը դուրս է նայում գնացքի լուսամուտից,
Վայոմինգում, մեկն էլ ինչ-որ տեղ է, ոմանք`
ամենուր, և բոլորն ասես երգում են, չնայած
ոմանք  բոլորովին լսողություն չունեն:

Հաճելի ծանրություն,
ի փառաբանումն կնոջ, որ ե՛մ:
ես կկրեմ տասը ոտնաչափ երկարության վզնոց,
թմբուկ կզարկեմ տասնինը տարեկանների համար
(եթե դա է իմ դերը):
Ես կուսումնասիրեմ սրտանոթային հյուսվածքը,
օդերևույթների անկյունային
հեռավորությունները,
կծծեմ ծաղիկները ցողունները
(եթե դա է իմ դերը):
Տոհմային ֆիգուրներ կպատրաստեմ
(եթե դա է իմ դերը):
Ես կերգեմ այն, ինչ մարմինն է
ուզում,
ընթրիքի համար,
համբույրի համար
և անսխալ
«այո»-ի համար:

Էնն Սեքսթըն







No comments:

Post a Comment