դուռ

ֆոտոն՝ Ֆրանչեսկա Վուդման
ահա խաղի վերջը, եղածն ապրեցի,
չեղածի մասին գրեցի երկար,
և ասպետն էլ՝  սպրդած ինչ-որ վեպի միջից
իմ դռանը հասավ ծեր ու կապուտաչյա,
գեղեցկացած փորձով, տարիներով հմուտ,
ու այլ բան չմնաց, քան գլխովին սիրել,
ինչպես երբեք,
կրկին, նորից ու անընդհատ

բաց դռան պես ճամփիս կանգնած իմ սեր,
ահա ես եկել եմ քեզ մոտ
մինչ այդ երկրաշարժեր եղան մարմնիս տարբեր մասերում
ու արյունս զսպող ամբարտակները բոլոր քանդուքարափ եղան
ու հիմա ես գիժ եմ
ու սիրտս զարթնել փոքր մհերի պես
ագռավաքարից ելել ու եկել է քեզ մոտ՝ ամոթխած, փռչոտ ու վայրի
և անսահման սիրով

ես ուր պահեմ հիմա ժպիտս անհեթեթ ու անտեղի
որ չի կապվում ոչ մի թելով թղթերիդ հետ, գրիչներիդ ու սենյակի
և թևում է թեթև ու անորոշ
ծխամորճիդ փափուկ ծուխի նման
և հայացքդ կղզի է, որի մոտ եմ գալիս հևիհև թիելով
և անընդհատ խորտակվում ափերին չհասած,
որովհետև ամաչում եմ սարսափելի,
որովհետև ինչ ունեմ, դու ես,
որովհետև ոչինչ էլ չունեմ

ես ինչ անեմ հիմա
այս ահռելի սիրուց կորաքամակ դարձած,
ես ոնց շտկեմ ուսերս, ինչպես նստեմ ուղիղ ու նայեմ աչքերիդ մեջ՝
ինչ-որ հեռու երկինք և կամ մաշված մի ծով,
որ տեսել է քարեր և ափերն շուրջառող երամ-երամ խութեր

չեղածի մասին շատ երկար եմ գրել,
իմ վերջին մետաֆոր, իմ բանաստեղծական պատկեր,
իմ գտած ածական, որ շարժուն է բայի պես, գոյականի պես ամուր
իմ ամենօրյա կերած մարմնի հաշտ ու խաղաղ ռիթմ,
բոլոր ջրերի դու թարգմանություն,
ես նետում եմ ցանցերս քո մեջ
և հոգնությունից բացի
ավաղ ոչինչ չեմ հանում

բաց դռան պես եղար իմ ճամփին
անպատ
անպատուհան
փլված տանիքով
բայց ես քեզնով մտա ներս
ու ավերակներիդ մեջ այնքան վստահ եմ ինձ զգում
ոնց որ ես ավերած լինեմ տունդ` քեզ կրքոտ սիրելու ընթացքում



Տեսնել հասմիկ սիմոնյանից այլ հղումներ՝

No comments:

Post a Comment