Գիյոմ Ապոլիներ. Բլուրներ




Գիյոմ Ապոլիներ 
(1880-1918թ. Ֆրանսիա)

Բլուրներ
(բանաստեղծություններ)

«Հայաստան» հրատարակչություն
Երևան, 1970թ.





Ա ԼԿՈՀՈԼՆԵՐ
1913
ԶՈՆԱ

Ի վերջո դու հոգնած ես հին աշխարհից:

Օ՜, հովվուհի, Էյֆել, հոտն է կամուրջների այս առավոտ մայում նորից:

Բավակա՛ն է ապրես հույն ու հռոմեական խոր անցյալում:

Ինքնաշարժերն անգամ այստեղ հին են թվում,
Լոկ կրոնն է մնացել նոր բոլորովին,
Կրոնն է, որ օդանավի կայանի պես մնացել է պարզ ու մեկին:

Օ՜, դավանանք քրիստոնեական, Եվրոպայի մեջ դո՛ւ միայն նոր ես անչափ,
Եվ ամենից արդիական եվրոպացին դո՛ւք եք, Պիոս տասներորդ պապ:
Իսկ դու, ում որ լուսամուտներն են լրտեսում, դու քո սրտում ահա զգում ես մի ամոթ,
Որ չի թողնում քեզ մտնել մի եկեղեցի, խոստովանել այս առավոտ:
Դու կարդում ես բազմաղաղակ ազդ ու ցուցակ ճամփիդ վրա.
Այս առավոտ ահա ա՛յս է ողջ պոեզիան, իսկ արձակը գտնվում է լրագրերի մեջ առօրյա:
Եվ քսանհինգ սանտիմանոց գրքույկներ կան՝
Լեցուն պես-պես խորագրերով, հայտնի մարդկանց նկարներով և դեպքերով զարմանազան:

Այս առավոտ մի գեղեցիկ փողոց տեսա,
Որի անունը մոռացել եմ ես հիմա:
Նոր ու մաքուր՝ նա կարծես արևի փայլուն շեփոր լիներ:
Վարիչ, բանվոր, մեքենագրող ու սղագրող աղջնակներ,
Երկուշաբթի առավոտից մինչև շաբաթ իրիկուն,
Օրական չորս անգամ այդ նույն փողոցով են երթևեկում:
Առավոտյան այնտեղ շչակն է կոծկոխում երեք անգամ,
Կեսօրվա դեմ ոռնում է զանգը մոլեկան:
Ցուցանակի և որմերի գրություններ, ազգ ու տախտակ
Գոռգոռում են ամենուրեք, ինչպես թութակ:
Փարիզի մեջ Օմոն-Թիևիլ փողոցի և Թեռն ծառուղու միջև մի տեղ
Այս փողոցի արդյունագործ շնորհն եմ ես սիրում սաստիկ:

Ահա փողոցը մանկական, և դու մատղաշ տղեկ ես դեռ:
Քո մայրը քեզ հագցնում է միայն ճերմակ, կապույտ շորեր:
Դու չափազանց բարեպաշտ ես, և վաղեմի քո ընկերոջ՝ Դալիզի հետ
Դուք պաշտում եք եկեղեցու ծեսերը ճոխ ու փառահեղ:
ժամը ինն է: Լույսն է աղոտ: Կապույտ հագած՝ ննջարանից դուք ելնում եք գաղտագողի
Եվ ողջ գիշեր աղոթում եք մատուռի մեջ վարժարանի,
Մինչ պաշտելի խորությունը հավերժական ու անբասիր
Պտտում է բոցեղ փառքը Քրիստոսի:
Նա գեղեցիկ այն շուշանն է, որ մենք բոլորս ենք խնամում,
Նա շիկահեր ջահն է, որ չի հանգում քամուց:
Նա կարմրերես ու թույլ որդին է վշտահար Աստվածամոր,
Նա այն ծառն է, որ ամենայն աղոթքներով է բեռնավոր,
Նա կշիռն է հավերժության, չափը պատվի,
Նա վեցթևյան աստղն է ոսկի,
Նա աստվածն է, որ ուրբաթ օր մահանալով, հանկարծ հառնում է կիրակի,
Նա Հիսուսն է, որ ավելի լավ է ճախրում, քան օդաչուն
Եվ աշխարհի մեջ բարձրության մրցանակներ է նվաճում:

Աչք, բիբ, Հիսուս...
Քսաներորդ բի՜բ դարերի:
Եվ մեր դարը, թռչուն դարձած, Հիսուսի պես համբառնում է դեպի եթեր,
Եվ նայելու համար նրան անդունդներից իրենց գլուխն են բարձացնում սատանաներ:

<<Նա կապկում է Մոգ Սիմոնի՜ն, - նրանք գոռում են միաձայն, -
Եթե թռչել գիտե, ապա թող թռցնող կոչեն նրան>>:
Հրեշտակներ են պտտվում շուրջը զվարթ թևավորի:
Իկար, Ենովք, Եղիա և դեռ Ապողոնիոս Թիանացի
Ծփծփում են սավառնակի շուրջ առաջին
Եվ մեկ կողմ են քաշվում հաճախ, որ ճամփա տան սուրբ հայրերին,
Որոնք հավերժ բարձրանում են, վեր բռնելով սկիհը հին:

Վերջ ի վերջո, առանց թևերը ծալելու սավառնակն է իջնում գետին,
Եվ երկինքը լցվում է ծիծառներով:
Սրաթռիչ բազե, ագռավ և բուեր են գալիս փութով:
Աֆրիկայից ժամանում են եգիպտահավ, կարմրաթևիկ և մարաբու,
Ռոկ թռչունը, որին երգել են բանաստեղծ ու հագներգու,
Սավառնում է, մագիլներով բռնած գլուխը առաջին՝ գանգն Ադամի:
Հորիզոնից, կռնչելով, մի արծիվ է հալվում, ինչպես թեթև քամի:
Եվ Միացյալ Նահանգներից կոլիբրիներ են շտապում,
Մինչ եկել են Չինաստանից պիհիսներն ձիգ ու ճապուկ,
Որոնք մեկ թև ունեն միայն և թռչկոտում են զույգ առ զույգ:
Աղավնին է հասնում հետո՝ անբիծ ոգին, որին ահա
Ուղեկցում են խայտաճամուկ սիրամարգ ու քնարահավ:
Փյունիկ-խարույկը, որ ծնում է ինքնիրեն,
Մի ակնթարթ շրջապատն է ծածկում մոխրով իր հրեղեն:
Ծովահարսեր լքախ իրենց նեղուցները վտանգավոր,
Երեքը մեկ շտապում են, տարածելով երգ ու օրոր:
Եվ բոլորը՝ արծիվ, փյունիկ և պիհիսները չինական,
Իրենց եղբայրն են հռչակում նոր ու թռչող այս մեքենան:

Ամբոխի մեջ դու մեն-մենակ հիմա քայլում ես Փարիզում,
Ավտոբուսի խոլ նախիրներ քո կողքով են միշտ վազվզում:
Ահա սիրո անձկությունն է կոկորդը քո սեղմում այնպես,
որ էլ կարծես ոչ ոք չի սիրի քեզ:
Եթե հին-հին դարերի մեջ ապրեիր դու, կմտնեիր մի մենարան:
Երբ ակամա ձեր շրթունքներն են աղոթում, ամաչում եք հիմա միայն:
Ծաղրում ես քեզ, և գեհենի կրակի պես ճարճատում է քրքիջդ բիրտ:
Քո ծիծաղի սուր կայծերն են ոսկեզօծում խորքը կյանքիդ,
Որ նկար է՝ դրված մթին մի թանգարան,
Ուր երբեմն մտնում ես դու, որ մոտիկից նայես նրան:

Այսօր քայլում ես Փարիզում: Արնաներկ են բոլոր կանայք:
Ա՛հ, կուզեի չվերհիշել գեղեցկությունն էր մահանում այն ժամանակ:

Սուրբ բոցերով շրջապատված Աստածամոր Տաճարը ինձ նայեց Շարտրում,
իսկ Մոնմարտրում Սակրե-Կյորից ինձ ոռոգեց կուց-կուց արյուն:
Ես հիվանդ եմ, երբ լսում եմ երջանկագույն խոսք ու բառեր.
Սերը, որով տառապում եմ, մի վարակ է ամոթաբեր:
Եվ քեզ լլկող այն պատկերը, որ ապրեցնում ես քո վշտի ու հսկման մեջ,
Միշտ քեզ հետ է, թեև խույս է տալիս անվերջ:

Հիմա ապրում ես դու կապույտ Միջերկրական ծովի ափին,
Ուր կան ծացրիկ լիմոններ, որ ծաղկում են ամբողջ տարին:
Ընկերներով դու նավարկում ես հիացիկ.
Նիցցայից է մեկը, մյուսը՝ Մենտոնայից, իսկ երկուսը՝ Տուրբիացի:
Երկյուղով ենք նայում ջրի խորքում ապրող ութոտնուկին.
Եվ փրկիչի կերպարանքով ձկներ լողում են լոռերի մեջ ահագին:

Մի պանդոկի պարտեզում ես՝ Պրագայի մերձակայքում:
Երջանիկ ես. քո սեղանի վրա մի վարդ բույր է խնկում:
Քո պատմվածքը կիսատ թողած՝ դու զննում ես
Վարդի սրտի մեջ քուն մտած մի նուրբ բզեզ:
Սուրբ Վիտոսի վանքում ես դու: Սարսափահար՝ տեսնում ես քեզ նրա որմին գծագրված:
Դու մահվան չափ տխուր էիր, երբ քեզ այնտեղ գտար հանկարծ:
Կարծես լույսից խելագարված Ղազարոսն ես դու դեղնավուն:
Հրեական թաղի հսկա ժամացույցի սլաքներն են ետ պտտվում:
Դու էլ ահա կյանքիդ մեջ ես քաշվում կամաց:
Գրադչանի գինետան մեջ երեկոյան
Դու լսում ես մեղեդիները չեխական:

Ահավասիկ Մարսելում ես՝ ձմերուկներ ոսկելորձունք:
Ահավասիկ Կոբլենցում ես՝ <<Ժեան>> կոչվող հյուրանոցում:
Ահավասիկ Հռոմում ես՝ նստած շուքին ճապոնական զկեռենու:

Ահավասիկ Ամստերդամ քաղաքում ես մի աղջկա հետ, որին դու
Գեղեցիկ ես կարծում, թեև տգեղ է նա.
Մի լեյդենցի ուսանողի հետ նա շուտով կամուսնանա:
Բազում վարձու սենյակներ կան: Ահա մեկն է քեզ հմայում:
Հիշում եմ ես՝ երեք օր եմ ապրել այնտեղ և երեք օր էլ՝ Գուդայում:

Փարիզում ես՝ մի քննիչի մոտ դատական:
Քեզ կալանքի տակ են առնում ոճիր գործած մարդու նման:

Դու, տակավին ճանաչած կյանք ու կեղծիք,
Ճամփորդել ես մերթ կսկծոտ, մերթ երջանիկ:
Տառապել ես սիրո ցավից, երբ քսան էր տարիքը քո և երեսուն:
Ես ապրեցի խենթի նման, ժամանակս տալով քամուն:
Էլ դու սիրտ չես անում նայել քո ձեռքերին: Լալ եմ ուզում ես ամեն օր
Քեզ, քո սիրած այն աղջկա և վախերիդ վրա բոլոր:

Արտասվալից աչքերով ես նայում այս խեղճ պանդուխտ մարդկանց,
որ աղոթում են երկյուղած: Կանայք ծիծ են տալիս մանկանց:
Նրանց հոտն է բռնել սրահը Սեն-Լազար կայարանի:
Մոգերի պես բիբլիական, ամեն մեկն իր աստղի հանդեպ հավատք ունի:
Հուսով են, որ փող կշահեն, եթե գնան Արգենտինա,
Եվ իրենցից յուրաքանչյուրն, հարստացած, տուն կդառնա:
Մի ընտանիք փետրով լցված իր ներքնակն է տեղափոխում,
Ինչպես տանում եք դուք ձեր սիրտը բաբախուն:
Նո՛ւյնքան անգո են մեր երազն ու այդ ներքնակը կաս-կարմիր:
Ոմանք այս խեղճ պանդուխտներից չեն մեկնում ո՛չ մի այլ երկիր
Եվ ապրում են խուլ խուղերում քաղաքամերձ:
Մերթ տեսել եմ նրանց, երբ որ երեկոյան օդ են առնում փողոցի մեջ
Եվ հազվադեպ իրենց տեղն են փոխում, ինչպես ֆիգուրները շախմատային:
Հրեաներ կան նամանավանդ: Նրանք կանայք կեղծամ ունեին իրենց գլխին
Եվ նստում են խանութների խորքում անշարժ ու նվաղկոտ:

Դու կանգնած ես ահա մի զեխ խորտկարանի սեղանի մոտ
Եվ երկու սու արժեցող մի սուրճ ես վերցնում,
Դու գիշերն ես մի փառահեղ սրճարանում:

Թեև հոգսեր ունեն բազում, բայց այս կանայք չար չեն ինքնին:
Յուրաքանչյուրը նրանցից, տեղագույնն անգամ, անշուշտ, տանջել է իր սիրեկանին:

Նա աղջիկն է Ջերսի կղզու ոստիկանի:
Նրա ձեռքերը, որ ես չեմ տեսել, կոշտ են ու ճաքճքած:
Օ՜, ինչպե՜ս եմ կարեկցում ես որովյանի սպիներին այդ աղջկա:

Ես բերան եմ ծռում հիմա մի աղքատիկ աղջնակի,
Որ ահավոր ծիծաղ ունի:

Մենակ ես դու: Օրը շուտով կլուսանա:
Կաթնավաճառն իր դույլերը կզնգացնի մայթի վրա:

Հեռանում է գիշերն, ինչպես մի խառնածին չքնաղ աղջիկ,
Որ Լեան է հեզաբարո կամ ֆերդինան է խաբուսիկ:

Եվ քո կյանքի պես կիզանուտ այս խմիչքը ըմպում ես դու:
Ըմպած կյանքդ ինչքան նման է բարկ օղու:

Դու քայլում ես դեպի Օտյոյ: Դու ուզում ես ոտքով գնալ այս գիշեր տուն:
Գվինեի և Օվկիանյան քո կուռքերի մեջ մտնել քուն:
Հիսուսներ են՝ այդ կուռքերը, թեև, իրոք, այլ տեսք ունեն և դավանանք:
Մութ հույսերին զիջող մեկ-մեկ հիսուսներ են բոլոր նրանք:
Մնաս բարով: Մնաս բարով:
Արև՝  կտրած պարանոցով:

ՄԻՐԱԲՈՅԻ ԿԱՄՈՒՐՋԸ

Միրաբոյի հին կամուրջի տակով հոսում է Սենան
Եվ սերերը մեր:
Արդյոք պե՞տք է, որ հիշեմ անպայման՝
Միշտ տառապանքից հետո էր ժպտում պահը խնդության:

Թող գա գիշեր: Հնչի ժամ:
Օրերն անցնեն: Ես դեռ կա՛մ:

Ձեռքեր ձեռքերում մնանք դեմ դիմաց,
Մինչ մեր թևերի
Կամուրջի տակով թող հոսի կամաց
Հավիտենական նայվածքների լուռ ալիքը հոգնած:

Թող գա գիշեր: Հնչի ժամ:
Օրերն անցնեն: Ես դեռ կա՛մ:

Սերն է հոսում, ինչպես այս ջուրը անկանգ,
Սերն է հոսում:
Ինչքա՜ն դանդաղ են օր ու կյանք,
Եվ հույսն ինչքա՜ն է մոլեկան:

Թող գա գիշեր: Հնչի ժամ:
Օրերն անցնեն: Ես դեռ կա՛մ:

Անցնում են օրեր, շաբաթներ այնքան,
Սակայն ո՛չ նրանք,
Ո՛չ էլ սերերը վերստին կգան...
Միրաբոյի հին կամուրջի տակով հոսում է Սենան:

Թող գա գիշեր: Հնչի ժամ:
Օրերն անցնեն: Ես դեռ կա՛մ:

ԱՇՆԱՆԱԾԱՂԻԿՆԵՐ

Թեև թունոտ, բայց չքնաղ է մարգը աշնան,
Ուր կովերն են, արածելով,
Թունավորվում ամեն վայրկյան:
Եղրևանու գույնով աշնան ծաղիկն է հեզ
Փթթում այնտեղ: Քո աչքերը այդ ծաղկի պես
Եվ այս աշնան լուրթ են ու կապտավուն,
Եվ աչքերիդ համար կյանքս է ամեն վայրկյան թունավորվում:

Մանուկները, շրթհարմոն նվագելով,
Դպրոցից են վերադառնում մեծ աղմուկով
Եվ պոկոտում են ծաղիկը մարգագետնի:
Նա կիսաբաց քո կոպերի գույնը ունի,
Որոնք դողում, սրսփում են, ինչպես ծաղիկն հողմերի մեջ:

Նախրապանը ահավասիկ երգում է մեղմ,
Մինչ ծանրաքայլ ու մի երկա՜ր բառաչյունով
Կովերն ընդմիշտ լքում են այդ մարգը թունոտ:

ԱՆՆԻ

Ծովեզերքին Տեխասի՝
Գալվեստոնի և Մոբիլի միջև կա
Մի վարդալից մեծ պարտեզ,
Ուր մի հովոց է հառնում
Հսկայական վարդի պես:

ԱՅդ պարտեզում տևաբար
Մի մենակ կին է շրջում:
Եվ երբ բարձր թմբիների ծառուղով
Ես անցնում եմ անրջուն՝
Մենք լուռ նայում ենք իրար:

Եվ քանի որ մենոնիտ է այդ պարտեզի տիրուհին,
Անկոճակ են վարդի թփերն ու հագուստները նրա:
Երկու հատ էլ ի՛մ բաճկոնից պոկվել ընկել է ահա...
Այդ կինն ու ես հետևում ենք գրեթե նույն աղանդին:

ԹԱՓՈՐ
ԼԵՈՆ ԲԵԼԲԻԻՆ
Հանգի՛ստ թռչուն, օ՜, դու, ետ-ետ թևող թռչուն,
Որ քո բույնն ես հյուսում օդում՝
Այնտեղ, ուր մեր երկրագունդն է փայլում արդեն,
Իջեցրու քո երկրորդ կոպը՝ շլացնում է երկիրը քեզ,
Երբ քո գլուխն ես բարձրացնում:

Թեպետև մոտ, սակայն ես էլ մութ եմ, աղոտ՝
Մառախուղը լապտերներն է մարում մեկեն.
Հանկարծ մի ձեռք է հայտնվում աչքերիս դեմ
Կամ մի կամար՝ իմ և ամե՛ն լույսի միջև,
Ու հեռանում եմ ես ահա շուքերի մեջ,
Լուսավորված ճաճանչներով իմ սեփական
Եվ շարք առ շարք փայլող բազում ինձ սիրելի աչքերի վառ աստղալույսով:

Հանգի՛ստ թռչուն, օ՜, դու, ետ-ետ թևող թռչուն,
Որ քո բույնն ես հյուսում օդում՝
Այնտեղ, ուր իմ հիշողությունն է պսպղում,
Իջեցրու քո երկրորդ կոպը՝
Ո՛չ արևը, ո՛չ երկիրն է շլացնում քեզ,
Այլ այն հուրը զարմանալի, որ սաստկանում է հարաժամ
Եվ որ մի օր կվերածվի միակ լույսի:

Մի օր,
Մի օր, սպասելով ես ինձ, մի օր
Ասում էի. Գիյո՛մ, ժամն է, պետք է դու գաս,
Որ, վերջապես, ես հասկանամ, թե ով ես դու,
դու, որ գիտես ուրիշներին:

Գիտե՜մ նրանց. հինգ, թերևս և ավելի զգայարան պատմել են ինձ նրանց մասին:
Բավական է, որ ոտքերը տեսնեմ նրանց, և ամբոխներ ես կարարեմ,
Տեսնեմ նրանց մեկ հատիկ մազն ու քայլերը խուճապահար,
Տեսնեմ լեզուն, եթե բժիշկ ձևանալ է սիրտս ուզում,
Մանուկներին, եթե ուզեմ մարգարեի փոխվել հանկարծ,
Տեսնեմ նրանց լաստն ու նավը և գրիչը իմ գրչեղբոր,
Կույրերի փողն ու համրերի ափերը բաց
Կամ (բառերի գործածության և ո՛չ նրանց գեղագիտության համար անշուշտ):

Մի հատ նամակ, գրված ձեռքով նրանց, որոնք
Քսանամյա չեն այլևս:
Բավական է շնչեմ միայն բույրը նրանց տաճարների,
Հոտը նրանց քաղաքներով հոսող գետի
Եվ բուրմունքը ծաղիկների, որ փթթում են այգիների մեջ հանրային:
Օ՜, Կոռնելի Ագրիպա, ինձ բավական էր հոտը փոքրիկ մի շնիկի,
Որ ճշգրիտ պատկերեի ես քո Քյոլնի փողոցներով անցնող ամեն քաղաքացու:
Եվ մոգերին, և ուրսուլյան կույսերի շարքն երկարաձիգ,
Որոնցով դու ստապատիր կարծիք էիր կազմում բոլոր կանանց մասին:
Բավական է առնեմ միայն համը դափնու,
Որ ես սիրեմ կամ այպանեմ,
բավական է թեթև հպվեմ հագուստներին
Եվ կորոշեմ, թե ինչքան է մսկոտ ու թույլ տերը նրանց:
Օ՜ մարդիկ, որ ծանոթ են ինձ...
բավական է ոտնաձայնը լսեմ նրանց
եվ ցույց կտամ ուղղությունը նրանց ճամփի,
Բավական է տեսնեմ ոմանց
Եվ ես արդեն կհանդգնեմ հարություն տալ ուրիշներին:

Մի օր, ես ինձ սպասելով,
Ասում էի. Գիյո՛մ, ժամն է, պետք է դու գաս:

Եվ նրանք, ում սիրում եմ ես, առաջանում էին երթով քնարական,
Բայց նրանց մեջ ես չկայի՜...
Սիզապատված հսկաները մտնում էին քաղաքն իրենց ստորջրյա,
Ուր, կղզու պես, աշտարակներ ծփում էին ծովի վրա:
Եվ այդ ծովը, իր ընդերքի պայծառությամբ երակներիս մեջ հոսելով:
Բաբախեցնում էր իր սիրտը արյունով:
Հետո երկրում հազարավոր ճերմակ ցեղեր հայտնվեցին,
Ուր ամեն մարդ մատղաշ մի վարդ ուներ ձեռքին,
Եվ այն լեզուն, որ ստեղծում էին նրանք ճամփի վրա,
Սովորեցի ես նրանցից և խոսում եմ մինչև հիմա:

Անվերջ անցնող թափորի մեջ ես իմ մարմինն էի փնտրում:
նա, ով հանկարծ աշխարհ գալով, իր մեջ ամբողջ ինձ չէր կրում՝
Անտարակույս իմ էությա մի մասնիկն էր տանում իր հետ:
Քիչ-քիչ նրանք ինձ կանգնեցրին աշտարակի պես հոյակերտ:
Խմբվում էին ժողովուրդներ. ահա ե՛ս էլ հայտնվեցի,
Թրծված բոլոր մարմիններից ու մարդկային բան ու գործից:

Օ՜, արդարև, մեռած դարե՛ր: Աստվածնե՛ր, որ ինձ կերտեցիք,
Ապրում եմ ես և ձեզ նման անկայուն եմ ու վաղանցիկ:
Եվ շուռ տալով իմ աչքերը ապագայից դատարկ ու խեղճ.
Ողջ անցյալի վեհությունն եմ տեսնում ի՛մ իսկ էության մեջ:

Մեռած է այն, ինչ որ դեռ չի ծնված կյանքում:
Ճառագայթուն անցյալի դեմ վաղվա օրը շատ է դժգույն:
Վաղն անձև է նաև այն վեհ ուժի դիմաց,
Որ ամբողջն է, ճիգն է, արդյունքն է փառապանծ:

ՃԱՄՓՈՐԴԸ
Ֆեռնան Ֆլյորեին
Բացե՛ք իմ դեմ այս դուռն, որ բախում եմ լալով:
Հեղհեղուկ է կյանքը Եվրիպեի նման:
Դիտում էիր հսկա ամպերը և որբ մի նավ,
Որոնք իջնում էին դեպի տենդեր գալիք:
Այդ մորմոքները քո, զղջումները բոլոր
Հիշու՞մ ես դու:
Տարտամ ու կոր ձկներ` ստորջրյա ծաղիկ:
Գիշերը ծով էր, ուր
Գետերն էին թափվում:
Ես հիշում եմ, հիշո՜ւմ եմ դեռ:
Մի երեկո տխուր մի հյուրանոց իջա
Լյուքսեմբուրգին մոտիկ:
Մի Հիսուս էր հառնում լայն սրահի խորքում:
Մի մարդ` ոզնու տեսքով,
Մյուսը` ժանտաքիսի,
Լուռ թուղթ էին խաղում,
Եվ մոռացար դու ինձ:
Հիշու՞մ ես դու արդյոք կայարաններ չափած մեր որբությունը երկար:
Մենք քաղաքներ անցանք, որոնք ցերեկն ամբողջ պտտելուց հետո,
Օրվա արևն էին գիշերվա մեջ փսխում:
Օ՜, նավազնե՛ր, օ՜, իմ ուղեկիցնե՛ր և դուք, մռայլադե՛մ կանայք,
Վերհիշու՞մ եք արդյոք:
Երկու նավազ, որոնք չէին լքել իրար,
Երկու նավազ, որոնք չէին խոսել բնավ:
Փոքրը մահվան ժամին կողքի վրա ընկավ:
Ուղեկիցնե՛ր իմ թանկ`
Կայարաններ լցնող էլեկտրական զանգեր, քաղվոր կանանց երգեր,
Կամուրջների հեծյալ զորագնդեր անթիվ, փողոցների ջոկատ,
Մսագործի մի կառք և գիշերներ գունատ` խմիչքների միգում…
Խենթերի պես էին ապրում իմ այդ տեսած քաղաքները բոլոր:
Հիշու՞մ ես մատույցներ ու նախիրի նման տեսարաններ լալկան:
Լուսնի լույսի վրա նոճիների շուքեր:
Լսում էի ես այդ գիշերում ուշ ամռան
Մի լայն գետի խոխոջյունը անմեռ
Եվ գրգռված հավքի կիսնվաղ մի ձայն:
Բայց երբ ամեն մեռնող սևեռում էր ծոցին
Իր աչքերը, դրանք ջղաձգորեն բացած`
Ափերն էին ամա, խոտավետ ու լռին,
Իսկ դիմացի ափին լեռը շա՛տ էր պայծառ:
Այնժամ, երբ թվում էր, թե չկա ձայն ու ձև,
Իրենց տարտամ դեմքը կիսով շուռ տալով
Եվ նիզակի ստվերը բռնած իրենց առջև`
Աշխույժ շուքեր անցան պայծառ լեռան կողքով:
Եվ լանջերի վրա ուղղահայաց լեռան
Այդ շուքերը մորվեղ, սայթաքելով հուշիկ,
Մերթ բարձրանում էին և մերթ իջնում անձայն
Եվ արտասվում էին հանկարծ, ինչպես մարդիկ…
Ու՞մ ես ծանոթ այս հին նկարների վրա:
Հիշու՞մ ես, մի մեղու կրակի մեջ ընկավ:
Օրն այդ հիշու՞մ ես դու` ամռան վերջն էր արդեն:
Երկու նավազ, որոնք չէին լքել իրար:
Երեցը մի երկաթ շղթա ուներ վզին,
Իսկ կրտսերը խարտյաշ իր մազերն էր հյուսում:
Բացե՛ք իմ դեմ դուռն այս, որ բախում եմ լալով:
Հեղհեղուկ է կյանքը Եվրիպեի նման:

ՀՐԱԺԵՇՏ

Ես պոկեցի ցախի մի շիվ:
Հիշի՛ր, մեռավ աշունն իսպառ:
Երկրում էլ չենք տեսնի իրար:
Հուշերի բույրը, ցախի մի շիվ,
Եվ սպասում եմ քեզ, հիշի՜ր...

ԳՆՉՈւՀԻՆ

Գնչուհին գիտեր, գիտե՛ր նախապես
Մեր կյանքը՝ պատված գիշերվա մութով:
Նրան հրաժեշտ տվինք և հետո
Նոր արահետով եկավ հույսը մեզ:

Ու ծանր սերը, մեր կամքին հլու՝
Արջի պես պարեց թաթերին կանգնած.
Կապույտ թռչունը անփետուր մնաց,
Եվ մուրացիկներ չեկան օրհնելու:

Գիտենք, թե մենք մեզ մատնում ենք մահին:
Բայց երբ ձեռք ձեռքի քայլում ենք քեզ հետ,
Սիրո հույսը մեզ հիշեցնում է մերթ
Այն, ինչ գուշակեց ներհուն գնչուհին:

ԱՇՈւՆ

Մշուշում քայլում են մի ծուռթաթ շինական
Եվ միեզ, համրորեն, մշուշի մեջ աշնան,
Որ խեղճ ու ամոթխած գյուղակներն է ծածկում:

Քայլելով, շինականը սիրո ու դրժման
Մի երգ է մրմնջում, և այդ երգը բեկուն
Մի սրտի, մատանու պատմություն է ոգում:

Ա՜խ, աշո՛ւն իմ, աշո՛ւն, բերիր մահը գարնան:
Մշուշում քայլում են երկու գորշ ուրվական:
ԼԵՆԴՈՐ-ՌՈՈւԴԻ ՊԱՆԴՈւԽՏԸ
ԱՆԴՐԵ ԲԻՅԻԻՆ
Նա՝ իր գլխարկը ձեռքին, նախ աջ ոտքը դրեց ներս,
Մի արքունի ու շքեզ դերձակի մոտ մտնելով:
գործատերը պճնագեղ մանեկենի գլուխներ
Հարդարում էր այդ պահին վարժ ու ճարտար ձևերով:

Ամբոխն ամեն ուղղությամբ շարժվում էր հարաճուն,
գետնի վրա քաշքշվող անսեր շուքեր խառնելով,
Եվ հավքերի պես ճերմակ, ձեռքեր էին մերթ թռչում
Ու հասնում լուրթ երկինք, լեցուն լույսի լճերով:

Ամերիկա կմեկնի վաղն իմ նավը: Եվ արդեն
Երբեք չեմ գա, որ կրկին
Քնարական մարգերում շահված փողով քաշկռտեմ
Կույր ստվերս հարազատ փողոցների սալարկին:

Չէ՞ որ միայն զինվորը երազում է վերադարձ...
Սակարաններ իմ խուխը վերածեցին զուտ ոսկու:
Ուզում եմ լուտ հավքերով, կապիկներով միշտ լցված
Ծառերի տակ, վերջապես, նոր հագուստով մտնել քուն:

Մանեկեններ կերկացան և խնամքով թափ տալով,
Նրա վրա չափեցին բոլոր շորերը իրենց:
Զեղչով գնված մի զգեստ, որ հագել էր հին մի լորդ,
Մեկ վայրկյանի մեջ նրան միլիոնատեր դարձրեց:

իսկ տարիները դրսում,
Ցուցափեղկը դիտելով,
Անցնում էին ու անցնում
Շղթայակապ ու խռով:

Տարվա օրերը այրի կանանց նման հեռացան:
Թաղումների արնաներկ ու դանդաղկոտ ուրբաթներ
Խռնվեցին շիրմատան դարպասների հանդիպման,
Երբ որ երկինքը ամպոտ անձրևում էր անտարբեր:

Հետո գալով նավակայք, ուր տերևները դեղին
Ձեռքերի հետ ամբոխի թռչում էին հողմածեծ՝
Նա իր ճամպրուկը դրեց կամրջակի մի եզրին
Ու նստեց:

Սպառնալիք շնչելով, օվկիանի հողմը խոնավ
Երկար ու թաց համբույր էր տեղում նրա մազերում.
Պանդուխտների խոնջ ձեռքեր ձգվում էին դեպի նավ,
Մինչ այլ մարդիկ, ծնրադիր, լալիս էին անդադրում:

Երկարորեն նայեց նա ափերին լուռ ու անշունչ.
Հորիզոնին լոկ մանրիկ նավեր էին սրսփում:
Ալիքներին հանձնված մի աննշան ծաղկեփունջ
Հանկարծ օվկիանը ծածկեց ծաղկումներով ծփծփուն:

Պիտի ուզեր, որ փոքրիկ ծաղկեփունջն այդ՝ որպես փառք,
Ծփար ուրիշ ծովերում, դելփինների հետ տրտում,

Եվ նրանով մի անծայր
Կարպետ հյուսվեր իր մտքում,
Որ ամբողջ կյանքն իր դառնար:
Բայց որպեսզի ազատվի

Ջուլհակուհի կանանցից, ոջլոտ, հարցի սիրահար՝
Նա պսակվեց դոժի պես բյուր ձայների հետ ծովի,
Երբ որ ճչում էր մի կույս, արդիական ծովահարս:

Օ՜, ծով, հորդի՛ր մութի դեմ: Գիշերն ի բուն անկշտում
Շնաձկանց աչքերը հեռուներին նայեցին
Ալիքների և վերջին երդումներից շառաչում
Բյուր աստղերից հոշոտված օրերի գարշ դիերին:

ԶԱՆԳԵՐԸ

Իմ լավ գնչու, իմ տարփածո՜ւ,
լսիր ղողանջը զանգերի:
Սիրում էինք ու մտածում,
Թե մեզ ոչ ոք չի նշմարի:

Բայց մենք լավ չենք պահվել, անգի՛ն...
Բոլոր զանգերը շրջակա
Տեսել են մեզ և ամենքին
Այդ մասին են պատմում հիմա:

Վաղը Կատրինն ու Ուրսուլան,
Կիպրիանը, Անրին, Մարին,
Հացթուխն ու կինն էլ կիմանան
Եվ Գերտրուդը՝ իմ զարմուհին:

Ես կմնամ անապավեն:
Կքրքջան իմ ետևից:
Դու չես լինի: Ես կարտասվեմ:
Մեռնեմ երևի:

ՆՇԱՆԱԴՐՈւԹՅՈւՆ
(հատվածներ)
Պիկասոյին
*
Խիզախեցի ետև նայել:
Դիակները իմ օրերի
Նշում են անցած ուղին,
Եվ ես ահա հեկեկում եմ նրանց վրա:
Ոմանք նեխում են վանքերում իտալական
Եվ կամ փոքրիկ պուրակների մեջ լիմոնի,
Որ ծաղկում են, պտղաբերում միահամուռ
Եվ տարվա չորս եղանակին:
Իսկ ուրիշներ մահանալուց առաջ արդեն
Արտասվել են սեղանների շուրջ գինետան,
Ուր պտտվում էին փնջեր հրակարմիր
Երգեր հյուսող մի խառնածին կնոջ բոցեղ աչքերի մեջ...
Եվ բացվում են էլեկտրական վարդերը դեռ
Պարտեզի մեջ իմ հուշերի:

*
Ներեցեք, որ անգետ եմ ես,
Ներեցեք, որ էլ չգիտեմ հնուց խաղը քերթողական,
Արդենն ոչինչ ես չգիտեմ և սիրում եմ, սիրո՜ւմ միայն:
Ծաղիկները բոցերի են փոխվում աչքիս,
Ես խոկում եմ աստվածորեն
Եվ ժպտում եմ էակներին,
Որոնց անհուն արարիչը ես չեմ երբեք:
Բայց եթե գար ժամանակը, երբ, ի վերջո, շուքը ստվար
Ուռճանալով կերպավորեր պեսպիսությունը ձևային՝
Կզմայլեի՜ ես գործով:

ՀԻՎԱՆԴ ԱՇՈՒՆ

Աշո՛ւն հիվանդ ու պաշտելի,
Դու կմեռնես, երբ որ դալար վարդենիքում հողմը սուլի,
Երբ որ ձյունը սարսռա
Մրգաստանի վրա:

Իմ խե՛ղճ աշուն,
Մեռիր հասուն պտուղների և ձյուների
Ճերմակության ու փառքի մեջ:
Երկնքի մութ խորքում
Ճուռակներ են ճախրում ահա թևատարած,
Հառած իրենց աչքերը վար,
Ուր կան թզուկ, կանաչահեր, ջրահարսեր,
Որ երբեք չեն սիրած:

Պուրակի մեջ հեռու
Գոչեց մի եղջերու:

Օ, ինչքա՜ն եմ, աշուն, սրում ձայներդ հին,
Իրենք իրենց ընկնող մրգերը քո խոշոր,
Թավուտներն ու քամին, որ թերթ առ թերթ հողին
Արտասվում են իրենց արցունքները բոլոր:

Տերևներն են
Տրորում:
Մի գնացք է
Սուրում:
Կյանքն է
Հոսում:

ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՓՈՂԵՐ

Եղերական է պատմությունը մեր,
Ինչպես դիմակը մի բռնակալի:
Ո՛չ առօրյական չնչին մանրուքներ,
Ո՛չ դեպքեր մոգիչ կամ վտանգելի
Կտան եր սիրույն սրտառուչ պատկեր:

Թոմաս դը Քվինսին ի՛նքն էլ, խմելով
Ափիոնի թույնը նուրբ ու դուրեկան,
Խեղճ Աննայի մոտ գնում էր գինով...
Ա՛հ, անցնենք, անցնե՜նք: Չէ՞ որ ամեն բան
Անցնում է... Ես դեռ հաճախ պիտի գամ:

Մի որսորդական փող է ամեն հուշ.
Մեռնում է հովում նրա ձայնն անուշ:

VITAM IMPENDERE AMORI
*
Սերը մեռավ թևերիդ մեջ...
Ձեր հանդիպումն հիշո՞ւմ ես դու,
Ինչպես ինքն է հիշում անվերջ:
Սերը մեռա՜վ: Հարություն տուր:

Մի գարուն էլ եղավ անցյալ...
Թողե՞ց նա քեզ քնքշանքի հուշ:
- Մնաս բարով, գարո՛ւն: Դարձյալ
Կգաս դու մեզ նույնքա՜ն քնքուշ:

*
Դու իմ գաղտնիքը չբացիր բնավ:
Արդեն թափորն է հասնում հարաժամ:
Բայց մեզ մնում են ափսոսանք ու ցավ,
Թե մենք ապրում ենք իրարից բաժան:

Վարդը ջուրն ի վար ծփում է հուշիկ:
Խումբ-խումբ սուրացին դիմակներն հեռու:
Դողում է իմ մեջ, ինչպես բոժոժիկ,
Ծանր գաղտնիքն այն, որ հայցում ես դու:

ՎԵՐՋԱԼՈւՅՍԻ ՄԵՋ

Վերջալույսի մեջ թառամած,
Ուր սերերն են մեղմ երերում,
Քո շղթայված հուշն է հիմա՝
Մեր նահանջող շուքից հեռու:

Օ՜, հուշերի՛ն գերի ձեռքեր,
Տաք ու կիզիչ, ինչպես խարույկ,
Որտեղ վերջին փյունիկը ծեր՝
Սև վախճանն է հանգիստ թառում:

Օղակ-օղակ հյուծվող շղթա...
Հեգնանքիդ հուշը ոխերիմ
Չքանում է, և ես ահա
Լուռ ընկնում եմ քո ծնկներին:

Օ՜, ԻՄ ԼՔՎԱԾ ՋԱՀԵԼՈւԹՅՈւՆ

Օ՜, իմ լքվա՛ծ ջահելություն,
Որպես թոշնած մի դրասանգ,
Արդեն մոտ են ձմեռ ու ձյուն,
Ուր կա կասկած և քամահրանք:

Պաստառներն են բնանկար.
Մի սուտ գետ է հոսում արյան
Եվ ծառերի տակ աստղավառ
Մի հտպիտ է քայլում միայն:

Ցուրտ ու փոշոտ շողն է ծորում
Սենյակի մեջ, քո այտն ի վար:
Կրակոց, ճիչ, և քո ստվերում
Ժպտաց մի հին դիմանկար:

Եվ փշրվեց մի տեսարան:
Տատանվում է մի մեղեդի
Ընդմեջ ձայնի ու մտածման,
Հիշատակի ու գալիքի...

Օ՜, իմ լքվա՛ծ ջահելություն,

Որպես թոշնած մի դրասանգ,
Արդեն մոտ են ձմեռ ու ձյուն,
Ուր կա խոկում և ափսոսանք:

ԿԱԼԻԳՐԱՄՆԵՐ
1918
ԲԼՈւՐՆԵՐ
(հատված)

Ջահելությունս որտե՞ղ է ընկած...
Տեսնո՞ւմ ես, գալիքն է բոցավառվում:
Իմացիր, որ ես խոսում եմ այսօր
Հայտնելու համար արար աշխարհին,
Թե գուշակելու արվեստն է ծնված:

Կան որոշ մարդիկ, որ բլրի նման
Բարձրանում են վեր մյուս մարդկանց միջև
Եվ տեսնում հեռվում ամբողջ ապագան
Ավելի պայծառ, քան իրենց ներկան,
Ավելի հստակ, քան անցյալն իրենց:

Ժամանակների և ուղիների
Պաճուճանքն անցնում, տևում է հավետ:
Թողնենք, թողնենք, որ օձերը շչան,
Ի զո՜ւր հարավի քամուց մահացան
Օձաձկները, ալիքը ծովի:

Ժամանակների օրենքն է, - Եթե
Մեքենաները խորհեն վերջապես,
Անգին քարերի լողափի վրա
Ոսկի կոհակները պիտիի փշրվեն,
Եվ փրփուրները պիտի մայր դառնան:

Մարդն արծիվներից բարձր է սուրում.
Նա՛ է ծովերի խինդը, քանի որ
Ոլորտների մեջ փարատում է նա
Ստվերն ու ամբողջ ձանձրախտը ցնոր,
Որտեղ ոգին է ձուլվում երազին:

Կախարդանքների ժամանակն ահա
Վերադառնում է այնտեղից, տեսե՛ք
Եվ ունի բազում սքանչելիքներ,
Որ մի առակ իսկ չեն երկնել կյանքում,
Քանի որ ո՛չ ոք չի պատկերացրել:

Օ՜, գիտակցութան ընդերքնե՛ր խորունկ,
Վաղն հետազոտեն պիտի ձեզ մարդիկ:
Ո՞վ գիտե՝ քանի՜ կենդանի էակ,
Կատարելագույն քանի՜ տիեզերք
Պիտի դուրս բերվեն այդ անդունդներից:

Մարգարեներ են բարձրանում ահա,
Ինչքան կապուտակ բլուրներ հեռվում
Եվ ինքնավստահ գիտունների պես
Նրանք կունենան տեսիլներ հստակ
Եվ կառաջնորդեն մեզ ամենուրեք:

Մեծ զորությունը ցանկությունն է լոկ:
Արի՜, ճակատիդ դրոշմեմ համբույր,
Օ՜, դո՛ւ, որ թեթև ես բոցի նման
Եվ ունես բոցի տառապանքի հետ
Բոցի շլացքը, ջերմությունն ամբողջ:

«ՔԱՐԱՅՐ» ԽՐԱՄԱՏՈւՄ

Ես նետվում եմ քեզ ընդառաջ և, թվում է, դու էլ նետվում ես իմ դեմ:
Բարկ հրի պես մի ուժ մեզնից մեկնելով, ձուլում է մեզ իրար հետ,
Բայց հետո, ի՜նչ հակասություն, անկարող ենք անգամ տեսնեմ մենք իրար:
Կավե որմերն են իմ դիմաց թափթփվում:
Կան ելուստներ,
Կան բահերի երկար հետքեր, հետքեր ողորկ, որ թվում է, բնաճարպում են բացված:
Իսկ անկյուններն ելուստների պոկոտված են իմ ջոկատի տղաների շփումից...

Այս երեկո այնքան խորունկ մի անդունդ կա իմ հոգում,
Որ կարծես թե այնտեղ ինչ-որ էակներ են ընկնում, ընկնում շարունակ
Առանց նրա մութ հատակը գտնելու:
Եվ կառչելիք ոչինչ չկա այդ վիհում:
Նրանք, ովքեր գահավիժում են, որ չգիտեմ, թե որտեղից հասնելով,
Ցավեցնում են իմ հոգին:
Ինձ թվում է, թե հասնում են նրանք կյանքից, գալիքի մեջ, բիրտ գալիքի մեջ պարուրված մի այնպիսի կյանքից, որ դեռ չի հղկված, չի խնամված կամ չի դարձած մարդկային:
Իմ հոգու այս անտակ վիհում մի կարոտ կա՝ կարոտ շողի, արևի...
Սակայն միայն այսօր եմ  ես այսպես զգում, այսօ՛ր, լոկ ա՛յս երեկո:
Ի՜նչ բախտ, ի՜նչ, որ միայն ա՛յս երեկո:
Ուրիշ օրեր կառչում եմ քեզ,
Ուրիշ օրեր վանում եմ ես մենակության ու սոսկումի հաճախանքները բոլոր,
Իմ մտքի մեջ կանչելով քո գեղեցկությունը ամբողջ,
Որպեսզի վեր, խռովահույզ աշխարհից վեր բռնեմ այն:
Սակայն հետո այս բոլորը թվում է զուր ու անմիտ...
Իմ մեջ ո՛չ մի զգայարան գեղեցկությանդ խորհուրդը չգիտե,
Բառերով իսկ չեմ ըմբռնել երբեք այն:
Գեղեցկության իմ ձգտումն էլ ապարդյուն է արդարև:
Սե՛ր իմ, կա՞ս դու, կա՞ս կյանքում,
Թե՞ ե՛ս եմ քո գոյությունը մարմին տվել ակամա,
Որպեսզի իմ մենակությունը լցնեմ:
Դիցուհի չե՞ս դու արդյոք,
Նման նրանց, ում հույները ստեղծեցին, որ գեթե նվաղ ձանձրանան:
Բայց ես պաշտում եմ քեզ, չքնա՜ղ դիցուհիս,
եթե նույնիսկ դու իմ ցնորքն ես իրոք:

ԿԱ

Կա մի նավ, որ իմ սիրած աղջկան տարավ հեռուներ,
կան երկնքի մեջ վեց երկարավուն օդապարիներ, որ պիտի թրթուր թվան գիշերում ու ծնեն աստղեր,
Կա մի թշնամի սուզանավ, որ իմ սիրո դեպ խորունկ ոխով է լցված,
Կան իմ շուրջ փոքրիկ, բյուր եղևնիներ, որոնք արկերի պայթյուններից են ջարդոտվել ամբողջ,
Կա մի հետևակ, որ կուրացել է հեղձուցիչ գազից,
Կան ոչնչացած խրամատները Քյոլնի, Նիցշեի, անգամ Գյոթեի,
Կա տառապագին իմ անձկությունը, երբ մի նամակ է ուշանում սակավ,
Կան իմ սիրածից բազում նկարներ ծոցատետրիս մեջ,
Կան մռայլադեմ ռազմագերիներ, որ քայլում են լուռ,
Կա մի մարտկոց, որի անձնակազմն իրար է անցել հրանոթի շուրջ,
Կա զինվորական նամակաբերը, որ քառասմբակ վարգում է ճամփին,
Կա, ըստ լսածիս, հորիզոնի պես անտեսանելի դարձած մի լրտես, որ թափառում է մեր այս կողմերում, անարժաբար, միաձուլվելով հորիզոնի հետ,
Կա շուշանի պես բարձր ու ցցուն կուրծքը իմ սիրո,
Կա մի կապիտան, որ անձկությամբ է սպասում հիմա, թե Ատլանտյանից ռադիոհեռագիրն ի՞նչ կհաղորդի,
Կա դագաղների համար մութի մեջ տախտակ սղոցող մի քանի զինվոր,
Կան Մեքսիկայում արնոտ Հիսուսից եգիպտացորեն պաղատող կանայք,
Կա Գոլֆստրիմը, որ այնքա՜ն տաք է, այնքա՜ն արգավանդ,
Կա հինգ կիլոմետր այստեղից հեռու մի գերեզմանոց, որ խաչերով է ծայրեծայր լեցուն,
Կան ամենուրեք խաչեր ու խաչեր,
Կան մրգեր՝ վայրի կակտենիների վրա Ալժիրի:
Կան երկար ու նուրբ ձեռքերն իմ սիրո,
Կա մի կաղամար, որ պարկուճից եմ պատրաստել, սակայն չթույլատրեցին, որ տուն ուղարկեմ,
կա իմ թամբը, որ պիտի թրջվի անձրևների տակ,
Կան գետեր, որոնք իրենց հունն ի վեր չեն հոսում կրկին,
Կա սերը, որ ինձ քնքշորեն գերում ու կանչում է տուն,
Կար մի գերի բոշ, որ գնդացիր էր կրում կռնակին,
Կան տղամարդիկ աշխարհի վրա, որ պատերազմում երբեք չեն եղել,
Կան Եվրոպայի գյուղերն ապշությամբ դիտող հնդիկներ,
Որոնք տխրորեն խորհում են բոլոր այն մարդկանց մասին, ում գուցե կյանքում չես տեսնի կրկին,
Քանզի այս վերջին պատերազմի հետ անտես դառնալու արվեստը սաստիկ առաջադիմեց:

ՎԵՐԱԳՏՆՎԱԾ ՎԱՐՍԱՓՈւՆՋԸ

Շագանակագույն վարսափունջը այն
Նա իր հուշերում գտնում է կրկին:
- Հիշո՞ւմ ես, չէիր հավատում այնժամ
Մեր տարօրինակ, անսովո՜ր բախտին:

- Հիշո՜ւմ եմ, - հեծծեց վարսափունջը այն 
Մոնմարտրը չքնաղ, Շապել ծառուղին
Եվ օրը, երբ որ առաջին անգամ
Ես հայտնվեցի քո դռան շեմքին:

- Եվ այնտեղ ընկավ թոշնած աշնան պես
Իմ հիշատակի վարսափունջը այն
Իսկ մեր բախտը, որ զարմացնում է քեզ,
ձուլվում է արդեն մահացող օրվան: 

ԳԵՂԵՑԻԿ ՇԻԿԱՀԵՐԸ

Ես եմ ահա բոլորիդ դեմ, ե՛ս եմ՝ մի մարդ, լեցուն առողջ դատողությամբ,
Որ ճանաչում է այս կյանքը, մահվան մասին գիտե այնքան, ինչքան կարող է իմանալ ապրող-շնչող մի արարած,
Որ ճաշակել է վշտերը և խինդերը սիրո,
Պարտադրել է հաճախ մարդկանց գաղափարներն իր սեփական,
Որ լեզուներ գիտե բազում
Եվ ճամփորդել է բավական
Որ տեսել է պատերազմը որպես հրետանավոր և հետևակ,
Որ գլխից վիրավորվել, շաղափվել է զգայազուրկ
Եվ թեժ մարտում կորցրել է ընկերներին իր լավագույն: 
Ես հնի և նորի մասին գիտեմ այնքան, ինչքան մի մարդ ի զորու է իմանալու:
Եվ ես այսօր, առանց երբեք խորհելու այս պատերազմի մասին անհաշտ,
Որը մղվում է մեր միջև ու մեզ համար, բարեկամնե՛ր,
Ահա դատում եմ Օրենքի, ավանդության, հնարանքի և Դիպվածի պայքարների մասին երկար:

Դո՛ւք, ում շրթներն են արարված ի պատկերի շրթունքների աստվածային,
Շրթներ, որոնք ինքնին օրենքն են անհեղելի՝
Ներողամիտ եղեք, երբ մեզ համեմատեք այն մարդկանց հետ,
Որոնք օրենքն էին, օրե՜նքը կատարյալ,
Մեզ, որ դիպվածն ենք որոնում ամենուրեք:
Ոսոխներ չեն մենք ձեզ համար:
Մենք ուզում ենք ցույց տալ ձեզ լայն ու անսովոր հորիզոններ,
Ուր ծաղկավոր խորհուրդն է միշտ տրվում նրան, ով քաղելու ձեռքեր ունի,
Ուր երբևէ չտեսնված նոր գույներ կան ու կրակներ,
Բյուր միրաժներ կան խուսափուկ,
Որոնց պետք է ձև ու մարմին տալ տակավին:
Մենք ուզում ենք հետախուզել անհուն աշխարհը բարության, ուր ամեն ինչ լռում է դեռ,
Հետախուզել ժամանակը, վտարել այն կամ ետ բերել:
Գթությո՜ւն մեզ, որ մարտնչում ենք գալիքի
Եվ անեզրի սահմանների վրա անդուլ,
Գթությո՜ւն մեր սխալներին և գթությո՜ւն մեր մեղքերին:

Ահա ամառն է մոտենում՝ եղանակը խիստ ու դաժան:
Մեռավ արդեն երտասարդ իմ հասակը գարնան նման:
Օ՜, արեգակ, ժամանակն է հիմա կիզիչ դատողության:

Եվ սպասում եմ ես նրան,
Որ հետևեմ իր ձևերին ազնվական:
Թող վերջապես նա հասկանա, թե սիրում եմ միայն իրեն:
Գալիս է նա ու ձգում է ինձ մագնիսորեն:
Նա ունի վե կերպարանք,
Մի պաշտելի ու շիկահեր կնոջ նման:

Նրա վարսերը ոսկի
Փայլակներ են, որոնք կարծես չեն հանգի
Կամ սիգաճեմ բոց ու շող
Թեյավարդի թփերի մեջ թառամող:

Սակայն, մարդի՛կ երկրագնդի, մանավանդ դո՛ւք, ազգակիցնե՛ր,
Ծիծաղեցե՛ք, ծիծաղեցե՛ք ինձ վրա,
Որովհետև այնքան բան կա, որ ձեզ ասել սիրտ չեմ անում,
Այնքա՜ն բան կա, որ դո՛ւք իսկ թույլ չեք տա, որ ձեզ ասեմ:
Օ՜, գթացե՛ք ինձ վրա:  
ՀԵՏՄԱՀՈՒ ԳՐՔԵՐԻՑ
ՊՈԵՄ

Նա ներս է մտել:
Նստել է նա:
Նա չի նայում կարմրահեր բոցին:
Վառվում է լուցկին:
Մեկնել է նա:

15 ԱՊՐԻԼԻ, 1915
Գրում եմ մեն-մենակ` մի խարույկի դողդոջ
Ցոլքերի տակ:
Մերթ մի արկի հեծքն է ճեղքում գիշերն ամբողջ,
Իսկ մերթ հստակ
Լսվում է, թե ինչպես մի հեծյալ է վարգում
Ճանապարհին:
Եվ մերթ էլ մի անծեղ ճչում է չարագույժ:
Հազիվ ձեռքն իմ
Այս տողերն է գրում: Ցտեսությու՜ն, իմ սե՞ր:
Թղթին դեռ կան
Խորհրդավո՜ր գծեր, որ նշաններն են մեր
Երջանկության:
Խորհրդավոր իմ սեր, օ, Լյո՛ւ, կյանքը պիտի
Ընծայի մեզ
Այնքան պահեր անհագ հեշտանքի ու խինդի.
Դեռ դու և ես
Կզգանք սերը միակ: Ցտեսությո՜ւն իմ սի՛րտ:
Հիմա ես այդ
Խորհրդավոր աստղն եմ տեսնում, որ աչքերիդ
Ա՛հ, երկիմաստ
Գույնը ունի: Ահա քո նայվածքն է իմ դեմ:
Եվ սուր մի փուշ
Խոցում է ինձ կրկին: Ցտեսությո՜ւն, արդեն
Գիշեր է ուշ:
ՍԵՐԸ, ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔՆ ՈՒ ՀՈՒՅՍԸ

Քեզ սեղմեցի կրծքիս մի աղավնու նման, որին մի աղջնակ անզգուշորեն շնչահեղձ է անում:
Քեզ սեղմեցի կրծքիս քո ողջ գեղեցկությամբ, որն ավելի է հարուստ, քան երբեմնի ոսկեբեր հողաշերտերը Կալիֆորնային:
Ես իմ զգացական անհագությունը լցրի քո ժպիտով, նայվածքներով ու սարսուռներով:
Ենթարկեցի կամքիս հպարտությունդ անգամ:
Երբ քեզ պահում էի այդպես հեզ ու խոնարհ, և երբ զգում էի, թե քեզ համար իշխան եմ ու տիրակալ,
Թվում էր, թե ի՛մն է այդ ամենը: Սական իզո՜ւր:

Եվ ես Զևսի պատժած Իքսիոն արքան եմ հիմա, որ ամպերի ուրվականը
Հերայի կամ անհաղթ Յունոնի կերպարանքին նմանեցնելով, գրկեց նրան:
Ով ո՞վ, ո՞վ կարող է բռնել ամպերը: Ո՞վ կարող է դնել իր ձեռքը միրաժների վրա: Օ՜, պատրանք նրա, ում թվում է, թե կլցնի իր թևերը կապույտ երկնային:
Կարծեցի, թե տերն եմ ես ամբողջ գեղեցկության, բայց ունեցա ես միայն մարմինը քո,
իսկ մարմինը, ավա՜ղ, հավերժություն չունի՞
Մարմինը կարող է վայելք զգալ միայն. նա սեր չունի:
Եվ հիմա զո՜ւր դմ փորձում գրկել հոգիդ.
Նա փախչում է, խույս է տալիս ինձնից այնպես, ինչպես լորտուների քակվող ու լպրծուն կծիկ,
Եվ չքնաղ թևերդ, հեռո՜ւ հորիզոնին, արշալույսի գույնով օձեր են, որ բարձրանում են հրաժեշտի շարժուձևերով:
Ես մնում եմ շվար: Ես մնում եմ մոլոր: հոգնել եմ այս սիրուց, որ քամահրում ես դու:
Ես ամաչում եմ այս սիրուց, որ այնքա՜ն ես արհամարհում:
Կույր է մարմինն առանց հոգու:
Ինչպե՞ս հուսամ հիմա, թե երբեմնի մարմնիդ կմիանամ մի օր, եթե հոգիդ այդքան հեռու էր ինձանից:
Օ՜, թող մարմինը միանա հոգուն,
Ինչպես միանում են շնչող ու կենդանի մարմինները բոլոր...
Օ՜, դո՛ւ, որին ես ունեցա միայն մեռա՜ծ:

*
Բայց հակառակ այս բոլորին, ես նայում եմ հաճախ հեռուն՝ զինվորական փոստատարի ճանապարհին:
Հեշտանքի պես եմ սպասում քո առօրյա նամակին: Սիրտս կայտռում է վիթի պես, երբ նամակաբերն է երևում:
Եվ ես ահա երազում եմ, թե երկուսով և կամ գուցե երեք հոգով մենք մեն-մենակ կնավարկենք, և աշխարհում ո՛չ ոք երբեք չի իմանա, թե մենք նավարկում ենք եթե ոչ դեպի ոչինչը, գոնե դեպի այլուրն ու հավերժը,
Թե նավարկում ենք այն ծովի վրա, որ շատ ավելի կապույտ է, քան ամբողջ կապույտն աշխարհի,
Այն ծովի վրա, ուր երբեք չեն գոռում՝ «Ցամա՜ք»:
Քո ուշադիր գեղեցկության հանդեպ իմ երգերը պիտի բարձրանան ավելի մաքուր, քան բոլոր խոսքերը և ավելի ազատ, քան ալիքները բոլոր:
Սի՛րտ իմ, մի՞թե ուշ է արդեն այս խորհրդավոր ճամփորդության համար:
Նավակը, որ մեր երևակայությունն է, մեզ է սպասում:
Եվ իրականությունը պիտի մի օր մեզ գտնի, եթե հոգիները միանան
Չափազանց գեղեցիկ ուխտագնացության ի խնդիր:

*
Սի՛րտ իմ մարդկային, տես, լամպն է հանգում:
Լցրու նրա մեջ արյունը քո:
Կյա՛նք իմ, շտապիր ու սնիր, սնիր այս լամպը սիրո:
Դեհ, թնդանոթնե՜ր, բաց արեք ճամփան՝
Թող գա վերջապես ժամը հաղթության, ցանկալի պահը վերադարձի:

*
Ես տալիս եմ հույսիս իմ աչքերը՝ թանկագին քարեր:
Ես տալիս եմ հույսիս իմ ձեռքերը՝ դափնեվարդի ճյուղեր:
Ես տալիս եմ հույսիս իմ ոտքերը՝ հաղթանակի կառքեր:
Ես տալիս եմ հույսիս իմ բերանը՝ համբո՜ւյր հրակեզ:
Ես տալիս եմ հույսիս իմ ռունգերը, որոնք միջմայիսյան ծաղիկների բույրով են թրթռում:
Ես տալիս եմ հույսիս իմ սիրտը, որպես նվեր ուխտի:
Ես տալիս եմ հույսիս ամբողջ ապագան, որ փոքրիկ լույսի նման առկայծում է հեռվում անտառի մեջ:

Ֆրանսերենից թարգմանեց
 ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻՔՅԱՆԸ




No comments:

Post a Comment