Էզրա Փաունդ | Ezra Pound

(1885-1972թթ. ԱՄՆ)
ՀՅՈւ ՍԵԼՎԻՆ ՄՈԲԸՐԼԻ
(Շփումներ և կյանք)

4
Սրանք կռվեցին, համենայն դեպս,
ոմանք` հավատով,
pro domo*, համենայն դեպս,
Ոմանց արյունն է եռում,
ոմանք հանուն արկածի կռվեցին,
ոմանք` թուլության վախից,
ոմանք` մտացածին սիրուց առ սպանդ
հետո սովորեցին...
սարսափով սովորեցին սեր առ սպանդ.

Ոմանք զոհվեցին, pro patria,
ոչ ''dulce'', ոչ ''et decor''...**

Դժոխքում մինչև աչքերը խրված քայլեցին,
Հավատալով ծերերի ստին, հետո հավատազուրկ`
տուն վերադարձան, վերադարձան ստին,
տուն վերադարձան` խաբեությանը,
հին ստերին ու նոր անփառությանը,
դարավոր ու հաստամարմին վաշխառությանը
և ստախոս պաշտոնյաներին:

Խիզախ, ինչպես երբեք, հուսակտուր, ինչպես երբեք:
Երիտասարդ, քաջասիրտ:
Գեղեցիկ այտեր, աննման մարմիններ:
Տոկուն, ինչպես երբեք,
անկեղծ, ինչպես երբեք,
Հիասթափություն, որ նույնիսկ մեր օրերում չկար,
Հիստերիա, խարդավանք` խրամատներում,
ծիծաղ` պատռված որովայններից:

<<Հանուն տան>> (լատ.):
** <<Հանուն հայրենիքի>>, <<Քաղցր>>, <<Եվ պատվով>> (լատ.):

5
Բյուր մարդիկ մեռան,
իսկ նրանց մեջ` լավագույնները,
Հանուն մի քավթառ ու պառաված քածի,
Հանուն կարկատված քաղաքակրթության:
Հմայքի, լիաթոք ծիծաղի,
սրատես աչքերի վրա փակվեց դագաղի կափարիչը...
Հանուն մի քանի հարյուր արձանների,
Հանուն մի քանի հազար ծեծված գրքերի:

SIENA MI FE; DUSFESEI MAREMMA*

Թթու դրած սաղմերի և պահածոյացված ոսկորների մեջ,
Փորձելով կատարելագործել Կատալոգը`
Նստած էր ստրասբուրգյան սենատորների տոհմի
Վերջին շառավիղ մսյո Վերոգը:

Երկու ժամ նա Գալիֆի մասին էր խոսում:
Դաուսոնից անցավ <<Հանգաստեղծների ակումբին>>,
Պատմեց, թե ինչպես մեռավ Ջոնսընը (Լայոնել)`
Գինետան աթոռից ընկնելով հատակին...
Բայց չհայտնաբերվեց ալկոհոլի նշույշ
Հերձման ժամանակ, որը հույժ գաղտնի անցավ.
Հյուսվածքներն առողջ էին... մաքուր միտքը ձգվեց
Դեպի Նյումանը, երբ վիսկին տաքացավ:

Դաուսոնը պոռնիկ էր ճարում` հյուրանոցից էժան,
Հեդլամը` վսեմության կոչում, իսկ ոմն Իմիջ
Գռփում էր Բաքոսին, Թերփսիխորին ու Եկեղեցուն.
Այսպես խոսեց <<Դորիանական ոգու>> արարիչ

Մսյո Վերոգը` տասնամյակից իսպառ կտրված,
Իր ժամանակակիցներից օտարված ու խռով,
Եվ արհամարհված ջահելների կողմից`
Վերոնշյալ ցնորքի պատճառով:

*<<Սիենան ինձ ծնեց, Մարեմման կործանեց>> (Տե'ս Դանտե, ՔԱՎԱՐԱՆ, Երգ 5-րդ, 134) (իտ.):

ՄԻՍԹՐ ՆԻՔՍԸՆ

Իր առագաստանակի կրեմագույն և ոսկեզօծ խցում
Միսթր ՆԻքսընն ինձ բարի խորհուրդ տվեց` երբեք ոչինչ
Չհետաձգել: <<Մեկնաբանի մասին մտածիր,
Հաշվարկիր ամեն ինչ:

Ես էլ քեզ պես աղքատ էի,
Երբ սկսեցի, իհարկե,
Հոնորար էր գալիս, սկզբում` հիսուն, - ասաց միսթր Նիքսընը, -
Հետևիր ինձ, մի սյունակ վերցրու,
Եթե նույնիսկ ստիպված լինես ձրի աշխատել:

Քծնիր մեկնաբաններին: Տասնութ ամսում
Հիսունից մինչև երեք հարյուր հասա.
Ամենադժվար մարդը կյանքումս
Դոկտոր Դանդասն էր:

Մարդուն պիտի նայես էնքանով,
Որքանով կգնի գործերդ:
Թեյափողը լավ է, իսկ գրականությունը
Ոչ փող է բերում, ոչ անաշխատ պաշտոն:

Ոչ ոք մեկեն չի ճանաչի գլուխգործոցը:
Ի՞նչ ես կպել ոտանավորներից, տղա,
Ու՞մ են պետք դրանք:

...

Նմանապես Բլաուգրեմի մտերիմներից մեկն ինձ խորհուրդ տվեց.
<<Մի թքիր քամու հակառակ ուղղությամբ.
Խորհուրդ ընդունիր: <<Իննսունականները>> փորձեցին քո խաղը
Ու մեռան. ու՞մ են պետք դրանք>>:
Ջեյմս Ջոյս, Էզրա Փաունդ, Ֆորդ Մադոքս Ֆորդ, Ջոն Քուին

12
<<Կեղևապատ զիստերով Դափնեն
Սաղարթախիտ ձեռքերն է ինձ պարզում>>`
Սուբյեկտիվորեն: Կերպասե սենյակում հեղձուցիչ
Ես լեդի Վալենթայնի հրամանին եմ սպասում,

Գիտենալով, որ իմ վերարկուն
Նորաոճ ու հարմար չէ այնքան,
Որ կարողանա նրա մեջ
Ծնել կրքեր տևական:

Կասկածում եմ հաճախ թավշապատ
Գրական ճիգերի վավերացումին,
Բայց երբեք լեդի Վալենթայնի
Մասնագիտական մարմնացումին.

Պոեզիան նրա գաղափարների սահմանն է,
Որպես միջոց մի հավերժ`
Խառնվելու ուրիշ շերտերին,
Ուր բարձրերն ու ցածրերն ունեն վերջ:

Մի խայծ` լեդի Ջեյնի համար.
Ջ. Ջոյս, Է. Փաունդ, Ջոն Քուին,  Ֆորդ Մադոքս Ֆորդ:
Փարիզ, 1923թ. 
Թատրոնից կխոսի նա մի քիչ,
Իսկ թե հեղափոխություն լինի`
Հնարավոր մտերիմ-ամոքիչ:

...

Մյուս կողմից, ուղեկցիր հոգուն,
<<Որին բարձր մշակույթներ են սնել>>,
Դեպի Ֆլիթ Սթրիթ, որտեղ դոկտոր Ջոնսընն
Իր բեղուն մտքերն է ծնել:

Փողոցում, որտեղ նեղ վարտիքների
Վաճառքը մի օր
Իսպառ դուրս մղեց պիոներական
Վարդերը բոլոր:

ENVOR

Գնա, խուլ ծնված գիրք,
Եվ ասա նրան, որ մի ժամանակ Լոսի երգը երգեց.
Թե ձայնի նման դու ունենայիր
Ճանաչելու ձիրք,
Ապա մի պատճառ կգտնեիր հար
Թողություն տալու մեղքերիս համար,
Որ հոգուս վրա ծանրացած են դեռ-
Կանմահանայիր դու փառքով անմեռ:

Ասա նրան, որ իր գանձը անվերջ
Թափում է այսպես իր երգերի մեջ,
Ցանկանում միայն
Կյանք տալ վայրկյանին:
Թող ապրեն նրա շնորհներն անեղծ,
Ինչպես վարդերը` սաթի մեջ դրված,
Ալ, նարնջագույն, հանց մի նյութ ու գույն`
Ժամանակից զերծ:

Ասա նրան, որ շրջվում է անվերջ`
Երգը շուրթերին,
Բայց չի գեղգեղում երգը իսկական
Եվ չի ճանաչում իր հեղինակին.
Որ է՛ ուրիշ ձայն, -
Գուցե նրա պես գեղեցիկ ու խոր, -
Որ նրա համար երկրպագուներ պիտի բերի նոր,
Երբ մեր երկուսի աճյուններն հանգչեն Ուոլլեսի կողքին,
Հանց մոռացության փոշու երկու շերտ,
Մինչև փոփոխումն հավետ կործանի
Հողագունդը այս` Պերճանքից բացի:

Էզրա Փաունդ, Օլգա Ռուդջ
ԵՐԳ ՎԵՐԺԻՆԱԼԻ ՀԱՄԱՐ

Ոչ, ոչ, հեռացեք, արդեն լքել եմ նրան,
Ու չեմ պղծի ասպարս բծերով նոր ու սև,
Օդը հիմա այնպես ջինջ է ու թեթև:
Փոքր էին ձեռքերը, բայց և զորեղ այնքան,
Որ ինձ բանտեցին եթերային քողով:
Մի փշեպսակ էր մաքրությունը դալար, -
Բայց այդ կնոջ մեջ կախարդանք էլ կար,
Որ պատյանի մեջ պահեց ինձ դողով:
Ոչ, ոչ, հեռացեք, մեղմ զեփյուռի հետ
Ես նորից զգում եմ բույրը անտառի.
Ձմռան վերքերը ապրիլը պոկում`
Եվ ամեն ինչ է իր ձեռքով ամոքում:
Իսկ այս կնոջ կյանքը ճերմակ է հավետ,
Ճերմակ է, ինչպես կեղևը ծառի:
(1912)

ԱԼԲԱ

Սառը, ինչպես գունատ ու թաց տերևները հովտաշուշանի,
Նա պառկեց իմ կողքին` լուսաբացի մեջ:
(1913)
ԱՂՋԻԿ

Ծառը մտել է ձեռքերիս մեջ,
Բուսահյութը բարձրանում է իմ բազուկներով,
Ծառը կրծքիս մեջ է աճել
Դեպի ներքև,
Բազուկների պես`
Ճյուղերը դուրս են աճում ինձնից:
Ծառ ես դու,
Մամուռ եմ ես,
Մանուշակներ ես հողմերի ներքո:
Երեխա ես դու - բարձր այնքան,
Եվ այս ամենը անմտություն է աշխարհի համար:
(1912)
ՈՂՋՈւՅՆ

Սերունդ լիապես ինքնագոհների
Եվ լիապես անճարակ սերունդ:
Ես տեսել եմ
Ձկնորսների խնջույքն արևի տակ,
Տեսել եմ նրանց` անփույթ ընտանիքներով,
Տեսել եմ նրանց ժպիտները` ատամներով լի,
Լսել եմ նրանց ծիծաղն անշնորհք,
Եվ ես երջանիկ եմ առավել, քան դուք,
Իսկ նրանք ինձնից երջանիկ են,
Մինչ ձկները լողում են լճում ամբողջովին մերկ:
(1913)
ՄՆԱՑՅԱԼՆԵՐԸ

Օ, անօգնական փոքրամասնություն,
Օ, դու`ստրկացած փշուրք իմ երկրի:
Արվեստագետներ` գլուխ բարձրացրած,
Մոլորյալ, կորած` հեռավոր գյուղերում,
Արհամարհված, ընդդիմացած:

Էզրա Փաունդ, Օլգա Ռուդջ
Գեղեցկության սիրահարներ,
Սովահար, անհաշտ` համակարգերի դեմ,
Տկար ու անզուսպ:

Դուք, որ չգիտեք ինքներդ ձեզ մաշել`
Հաջողությանը անվերջ փակչելով,
Դուք, որ գիտեք սոսկ պոռոտախոսել
Եվ չեք էլ կարող լինել անողոք:
Գերզգայո՜ւն մարդիկ,
Կոտրված` շինծու գիտելիքների դեմ,
Դո՛ւք, որ ամեն ինչ անգիր գիտեք,
Ատելի, փակված, արհամարհված:
Գիտցեք,
Ես փոթորիկն եմ կտրել ու անցել,
Ես կրել եմ տանջանքն աքսորի:
(1913)
ԴԱՇԻՆՔ

Ես դաշինք եմ կնքում քեզ հետ, Ուոլթ Ուիթմեն,
Երկար ժամանակ քամահրեցի քեզ,
Հիմա գալիս եմ որպես հասուն մի երեխա,
Որը բթամիտ հայր է ունեցել:
Ես հասուն եմ` քեզ հետ ընկերանալու համար:
Դու առաջինը փայտը կտրեցիր:
Փորագրելու ժամանակն է հասել հիմա:
Մենք նույն հյութն ու նույն արմատը ունենք,
Մեր միջև թող շփում լինի:

ՏԵՆՍՈՆ

Կընդունե՞ն մարդիկ սրանք
(այսինքն` երգերս)
ինչպես երկյուղած աղջիկ` կենտավրոսից
(կամ հարյուրապետից)
Ահա արդեն ահաբեկված աղաղակով
երես են թեքում:

Կազդվե՞ն նրանք այս հնարքներից
(անշուք է նրանց անբիծ բթությունը)
Աղաչում եմ, սիրելի քննադատներ,
Մի հոգացեք ինձ համար լսարան գտնել:

Ես ազատների հետ եմ հավասարվել ժայռի վրա,
ամեն հեռաստան
լսել է իմ կրունկների արձագանքը
սառը լույսի մեջ,
մթին խավարում:

Անգլերենից թարգմանեց ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԸ

ՁԵՂՆԱՀԱՐԿ

Էզրա Փաունդ, Օլգա Ռուդջ
Եկ խղճանք մեզանից ավելի հարուստներին,
եկ, իմ սեր, քանի որ նրանք ունեն ծառաներ, և ո՛չ ընկերներ, իսկ մենք`
ընկերներ, և ո՛չ ծառաներ:
Եկ խղճանք բոլոր ամուսնացածներին և չամուսնացածներին:

Այգը ներս է սահում թեթև քայլերով,
ինչպես ոսկեզօծ Պավլովան,
և ես արդեն մոտ եմ իմ ցանկությանը:
Կյանքն ուրիշ ինչ ունի`
քան այս պահերը մաքուր սառնարյուն, պահը միասին արթնացումի:

թարգմանեց ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԸ

No comments:

Post a Comment