Արտեմ Հարությունյան. Նամակ Նոյին



Արտեմ Հարությունյան
(ծնվ. 1945թ.)

Նամակ Նոյին
(բանաստեղծություններ)

<<Ապոլլոն>> հրատարակչություն
Երևան, 1997թ.

ՆԱՄԱԿ ՆՈՅԻՆ ԿԱՄ ՀՈՒՅՍԻ ԱՀԱԳՆԱՑՈՒՄ

Այսօր ծնվեց տարօրինակ մի պատմություն.
երեկ ինձ այցի եկավ Նոյն ինքը,
լաստանավ արարող նույն դեմքը,
ժամը 4-ն էր, ցույցից հետո ծնվող
մայրամուտը
ամեն ինչ պարուրել էր մառախուղով:
- Նո՛յ, - ասացի, - նիհա՛ր ես, ծարավի՛,
բայց ես հույսով լեցուն, չնայած ջրհեղեղը
նոր էր սկսվում,

և ջրի վրա արդեն տմբտմբում էին
գաղափարներ, քաղաքներ, հավաքույթներ,
անտուն մարդկանց հառաչանքի փղձկուն տոպրակներ,
Հիմալայների պես ցցուն, բյուրոկրատական սեղաններ,
ցեղասպանությամբ կնքված թուրքական յաթաղաններ,
հարգարժան դատավորների կեղծամներ,        
                                  ուր փող կար և գերեզմանի որդ,
ստալինյան գնդակահարություններից լայն բացված
աչքեր,
որոնք ոչինչ չեն տեսնում, բացի մարդասպանի
ճտքավոր կոշիկներից,
ողջ աշխարհը թամբել էր ջրհեղեղը ինչպես ձի
(միակ փրկվելու միջոցը անհուն  մեղքերից հետո)
և շարժվում էր անհայտ Արարատի ուղղությամբ,
բայց ես դեռ նստած եմ Նոյի տապանից
սարքած սեղանի մոտ,
որ Նոյը իսկույն ճանաչեց որպես իրենը
և կոչ արեց շտապ ճանապարհվել:

Ա
Նոյի տապանի գերանից սարքած սեղանի վրա
թղթեր, թանաքով գրված հաստ տողեր,
գրառումներ, որ համարյա ծխի մեջ են,
դառը, ցաքուցրիվ մտածումներ,
Արցախի մասին պատկերացումներ:
Ահա թե ինչ կարող է բարբարոսը անել-
գրում է թերթը և տպում լուսանկար,
ուր մոխրացած մարմինն ու փայտը
իրարից հազիվ կտարբերես:
Դրսում` միևնույն է,
իշխանությունն ունի իր ուղին և ուժը,
արագ սուրացող մեքենաներն ու գույժը,
բողոքները բավարարվում են երգով
և բողոք-ցույցով.
չնայած նախամարդ-քոչվորի և մեծ պետությունների գործարանը
աշխատում է օր ու գիշեր (նապալմն է հարգի)
և փույթը չունի բողոքի,
որ շուտով կցրվի անձրևոտ փողոցով տուն:

Բ
Համարյա կիսարթուն` զգում եմ արևը,
զգում եմ վարագույրների քաղցր,
փոշեհամ բույրը, ուր կարող ես խճճվել,
թե երկար նայես դրսի թոհուբոհին,
և տան զգացումը մոռանաս:
Հիմա փողոցով անցնում է ինչ-որ նվագախումբ,
աներևույթ վերքի վիրակապը
կարծես քանդվում է,
որովհետև վերքը դեռ արնահոսում է,
որովհետև ցեղասպանությունը դեռ  տևում է
և ձգվում-հասնում մեր օրերը,
և վիրավոր կատվի համար լաց լինող թրքուհին
չի ուզում լսել
իր թուրք նախնիների կողմից խոշտանգված
միլիոնավոր հայերի մասին,
և ամեն ինչ բարեհաջող է այս աշխարհում,
և միայն Ջոնն է,
որ անվերջ աղմկում է մեր ներսում`
չունենալով ելք ու մուտք:

Գ
Թանաքով գրված հաստ տողեր,
նրանք ծնվում են, մտնում երկինք,
համարյա ծխի և ավերման մեջ գրառումներ,
զգում եմ հինավուրց արևը,
Չարը և Բարին գոտեմարտում են,
բակում հոգնած մի Աստված
ինչ-որ բան է բաժանում երեխաներին
և ժպտում.
ներս է մտնում ուղերձ բերող մարդը,
և ամեն շարժում նշան է, իմաստ և սպասում,
ինչպես սպիտակ զարկերակը,
որ ձեռքիդ մեջ է, պատմության
և հենց մեր մեջ:
Հիմա` անհուսության միջից տրոփող այս ձայնը,
որ լույս-տրոփյուն է
ամեն պահ իմաստավորող-մահացող...

Դ
Բայց ի՜նչ անակնկալ այցելություն.
ա՛հ, տառապած իմ Նոյ,
վար իջիր վաղուց ճաք տված գերաններից,
միակ ուղևորն եմ քո տապանի:
Բառերն անկարող են հիմա Փրկիչ արարել,
թող Նոյը առաջանա և կաղնու փայտից նավ սարքի
(կարո՞ղ ես, խոհանոցիս և տեսիլքիս ընկեր)
և ճանապարհ ընկնի,
նա՛յ, նա՛յ, նա՛յ, նա՛յ
(սպասիր, հոգիս, ե՞րգ է սա, թե պար),
ո՛չ, թող Նոյը իմանա, թե ում էր փրկում
և Ստամբուլ մտնի շքեղ առևտրի համար,
բայց նախքան այցը թող տեսնի
հայերի ոսկորների ֆոսֆորը Դեր Զորում
և մյուս ցեղասպան անապատներում,
թող թերթ առնի և կարդա Արցախի մասին,
թող մտնի դեղատուն և սարսափը մեղմող դեղ առնի,
Նո՛յ, խնդրում եմ կծես այս նարինջը,
որ հայը երբեք չի տեսնում,
Նո՛յ,  ո՞նց է աշխատում սիրտը
Երևանից Բոստոն երթուղում,
Նո՛յ,  ինձ մի թող այս աշխարհի խելագնացորում,
քո նոր տապանիդ վրա ես տոմս ունեմ
Արարատից մինչև Գրանդ Քենյոն մեկնելու,
Նո՛յ, կծիր այս ծիրանը, որ քեզ կտա
ուժը մեր հողի,
գնա՛ կաբարե, փրկածդ մարմինների
հրաշքը օրհնելու,
Նո՛յ, հույս չկա ոչ Լեռան, ոչ ջրի,
ոչ էլ գազանների,
իսկ մարդիկ թաքնվել են իրենց
լավ կողպված տներում,
միայն աղոթքս է դանդաղ ծավալվում,
միակ ցանկությունս էէ շարժվել անհայտում:
Նո՛յ, իմ բարի քաղաքական գործիչ,
ես հույս չունեի քո այցի,
թույլ տուր հրաժեշտ տալ հարազատներիս,
Արարատը մոտենում է, իսկ ջուրը բարձրանում,
ջրերից այն կողմ ոչինչ չեմ տեսնում,
բայց ես տրամադիր եմ ապրելու,
ես պետք է հասնեմ Լեռան մյուս կողմը,
որից այն կողմ` էլ ոչ մի լեռ:
Նո՛յ, ես հրում եմ քո Տապանը ղարաբաղյան ամուր
իմ ուսերով դեպի բաց ջրեր,
դեպի Ջրհեղեղը Նոր Սիրո...

Ե
Նո՛յ, խնդիրը ջուրն է, նրա շատությունը
և իմ մեկնակը դեպի վերջին հավերժություն,
բայց դու երկար ճանապարհ ունես անցնելու,
ինքս կանգնած եմ քո լաստաշեմին :
Ֆեդըրլ Բիլդինգի հսկա դահլիճում,
ուր եկել էր, որ բյուրոկրատ դարձած
հրեշտակների ձեռքից
ստանամ իմ անխոնջ Սոշըլ Սիքյուրիթին,
հենց նոր անցավ երեխաների մի խումբ`
թեթևակի իրար կապված ձեռքերով.
նրանց ուղեկցող կնոջ հետ միասին,
որ ժպտուն էր, հանց Մարիամ Աստվածածին,
բայց կապկպել էր նրանց, որ չփախչեն,
մենք միայն նրանց կվերցնենք մեզ հետ, Նո՛յ,
լաստի վրա ճամփորդելու
(պարանով գերան կկապենք, բայց ոչ` ձեռքեր)
Նո՛յ, սնունդ և փափուկ բարձեր մեզ պետք չեն,
չնայած երկուսիս ուղին  լի է վտանգներով,
կսնվենք միայն երեխա-գազանների հայացքով,
որ շուտ են զգում մարդու բարի-չար լինելը,
և թռչուն կդառնան` եթե նեղացնենք:
Նո՛յ, իմ ձեռնարկումը նույնքան իրական է,
որքան քո արարումը ազգերի,
մեր լաստը կդառնա նոր մայրցամաք,
ուր ամեն ոք կունենա
երջանկության դրամատնային հաշիվ
և անմահության կանխավճար,
մենք երգեր կգրենք, ծովի, արևի
և տապանված-կորած-մոլորած մարդու մասին,
մենք իրական կլինենք ինչպես ոչ ոք,
երեկոյան օդը ոչ մի ակնարկ չի ունենա
կորստի մասին,
մահակալած աղավնին կբերի <<Հերըլդ Թրիբյուն>>,
նաև հանդեսն իմ սիրելի, միշտ իրական իմ <<Գարուն>>-ը`
վերջին լուրերի հետ դիմացկուն իմ հողի,
իսկ աշխարհը փորձում է երես թեքել
հինավուրց ազգից,
որովհետև չունենք նավթի ոչ մի բիծ,
իսկ դա հիմնաքարն է չինական ռեստորանում ճաշող
նավթի ընկերակցության մեծափոր ջոջերի
(նրանք ճաշարան են մտնում և իսկույն հարցնում`
ի՞նչ նոր ճաշատեսակ ունենք մեզ համար):
Նո՛յ, ես կվերադառնամ հաղթահարելով հոգուս
մամռոտ գայթակղության ժայռերն ու օվկիանները,
կմտնեմ ամուր քայլերով ամեն ինչ սրբագործող
ջրհեղեղից հետո հսկա քաղաքների
գաղջ հյուրասենյակը
և մեռնող քավարանատիպ արվարձանները
(ուր խոհանոցը ռազմատենչ լուրերը
ընտանի դարձնելու միակ վայրն է):
Նո՛յ, մեր բիբլիական թռիչքը կճեղքի-կանցնի
ռադարների ճպռոտ աչքը
և բարձր անկումը մարդու Նիագար ջրվեժի:
Կանցնենք ամերիկյան դինամիկ
մարմինների միջով,
որ ոտի վրա կանգնած խառնածին պիցցա են
ուտում հապշտապ,
չնայած նստելու տեղ` ինչքան ուզես,
երբեմն կլսենք լվացք անող ջրահարսների ձայները,
որ երգում են բաժանության երգեր`
խառնելով իրենց ձայնը աղի ջրի ձայնին,
երբեմն Մեծարենցի հրեշտակները
մեզ կայցելեն, քսաներորդ դարի վերջում,
գարեջրից գիրացած, ինչպես օպերային երգիչներ,
և բիբլիական լեռան քաղցրությունը
մեզ կտանջի անվերջ,
չի թողնի քնենք գիշեր-ցերեկ,
և իրենց ծաղկունքը ետ պահած
Արցախի լեռնային ծաղիկները կսպասեն,
որ վտանգը գնա-անցնի,
ավա՜ղ, ուշ կլինի հետո:
Չափից շատ հիմա փաթթոցավոր ոտիկանական
շներ կան փողոցում,
երազիս նրանք պատառոտում էին
քրիստոնյա մի անօգ կնոջ, իսկ օրվա ընթացքում
հեռուստացույցի վերջին լուրերը ցույց տվին պահը
որպես իրողություն:
Նո՛յ, լաստի տակ ջրհեղեղը հանկարծ արտացոլեց
արյունոտ-կարմիր մի տարածք,
զգու՛յշ գնա,
հայկական վեց վիլայեթներն են սրանք
ցեղասպանության արյունով ներկված,
Նո՛յ, եթե կարող ես`
լաստովդ կանգնեցրու ժամանակը,
ես հրեշի ատամները պետք է հաշվեմ,
բայց սպասիր, Նո՛յ,
թունավոր մշուշը գնալով խտանում է,
իսկ փրկության Արարատը չեմ տեսնում,
գուցե սխալ տոմս են տվել Լևոն Թրավլում,
Նո՜յ, խնդրում եմ ծանոթ գտնես կյանքի
Ատլանտյան օվկիանոսում,
Նո՛յ,  այս ամենին պետք է
վերջ տրվի ակնթարթում,
մեր լաստը հակառակ ուղղությամբ է գնում:
Տեսնում եմ հեռվում զինված ազգերի դոփապարը
փոքր ազգերի ոսկորներից սարքած պարահանդեսում,,
անկատար ժամանակն է փթթում այսօր
միակ ժամացույցիս փշրված թվացույցին:

Նո՛յ, մենք սխալ գործեցինք,
մետրոն ավելի հարմար էր նոր սար
գտնելու գործում,
Նո՛յ, եթե այսպես գնա, ես կլինեմ մենակ,
անկին, աներեխա,
սոսկ լաստի վրա` սովյալ գերեզմաններ,
որ կպահանջեն իրենց ափ հանել,
հակառակ դեպքում կլինենք նրանց գերին,
բայց Տապանը բախվում է հինավուրց Սարին
և ցրիվ գալիս հանց ճենապակին: 

Զ
Ես արթնանում եմ ինչ-որ խուլ տան մեջ
(որտեղ` շուն, կատու և գժեր անվերջ):
Նրանք ձյուն են ուտում կերակրի փոխարեն,
համտեսում նաև սկյուռ-ծառ շարժում:
Սկյուռները շարժվում են կտրուկ, ճեպընթաց
(սրանք փրկվողներն են ջրհեղեղից` անկասկած)
և զսպելով իրենց շարժումը առաջ,
գաճաճ հերոսներ են դառնում սաղարթում:
Իսկ ծառը մեծ է, հազար ճյուղանի,
նա պատուհանիս մեջ դառնում է աղավնի,
մյուս մասը կաղնու (խեղճ մասը երևի)
սրբի պես կքվել է, որ լուռ աղոթի,
ավելի վեր կապույտ երկինքն է, ուր ապակին կարծես
պահում է կապույտը` թաշկինակներ անտես,
Շուտով արևի
խավարում կլինի,
և ողջ պատկերը
հօդս կցնդի:

Հետգրություն.-
Նո՛յ, եթե կարող ես Արցախը նույնպես
վերցրու լաստիդ վրա:
Նո՛յ, ես ղարաբաղցի եմ և հուսով եմ`
խնդրանքս չես մերժի,
որպես ապուպապերիս պապերից մեկը,
ես նկարդ տեսել եմ պապիս հին տան պատին,
կանաչ դրախտում` Շուշիում,
որ հիմա ազատության Տապանն է տիեզերքում,
չնայած ջրհեղեղը վաղուց է չքվել:
Նո՛յ, հիմա չափից շատ
պողպատի պսպղուն աթոռներ կան շուրջս,
որոնք կցում են էլեկտրական հոսանք
(փոխանակ հոսաանքը ուղարկեն Հայաստան),
և նստող մարդը դառնում է սոսկանք:
Նո՛յ, ինձ <<գրին քարտ>> պետք չէ,
ես ի վիճակի եմ և առանց դրա
քարքարոտ-մարդատյաց հասարակությանը
կանաչապատել զվարթ թթենու շուքով:
Նո՛յ, ես քեզ զգուշացնում եմ,
ջրհեղեղից հետո ջուրը մտադիր են
փոքրիկ շշերով վաճառել Բրոդվեյի վրա,
որպես նոր թատերգակ
և ավետարանական հեքիաթի մասունք,
իսկ փրկածդ գազանների խրտվիլակը
աճուրդի կհանեն Սոթբիում:
Նո՛յ, հիմա աշխարհում հազար անգամ ավելի
մարդ կա, քան թե անցաթուղթ
(նոր ջրհեղեղ է սպասվում),
ավելի շատ բանտ, քան բնակելի շենքմ
ավելի շատ փուշ, քան վարդ,
ավելի շատ սելջուկատիպ արյունոտ յաթաղան,
քան եկեղեցի և խաչ,
ավելի շատ կարկատած ծակ գրպան, քան թե փող:
Նո՛յ, ես պետք է պահեմ ներաշխարհս անձեռնմխելի,
իսկ պայքարս Ցավի ծովերի հետ պիտի լինի
նույնքան իրական և բարի,
որքան այս ջրահետքը` լաստի պոչից կախված:

Է
Բայց հիմա Քլիվլընդի իմ նոր գրասենյակում շրջապատված եմ
բարձրաճակատ ամերիկացի պրոֆեսորներով,
որոնց համար անգլիական հին գրականությունից զատ
ուրիշ բան աշխարհում գոյություն չունի,
շրջապատված եմ անգլիացի սրբերի մասին
գրքերով և լատինագիր աղոթք-խնդրանքներով,
որոնք շատ կրավորական են գործում առ այսօր:
Շրջապատված եմ վաղ առավոտներով
և ձյան ֆոնի վրա ավելի սևացած
սևամորթ ծեր կանանց տանջված -
խորշոմած, բայց հպարտ դեմքերով:

Նո՛յ, մենք պետք է դիմանանք ազգի փորձությանը,
մեր սրտերում քանի՜-քանի՜ Տապաններ կան լողացող;
չնայած` հոգնած ծովերը նույն երազն են տեսնում-
փրկված մարդկությունը Արարատի գագաթին:

Ը
Նո՛յ, այս լաստը մերը չէ, բոլորինն է,
լաստի այս ձևը սիրո նշան է, զուսպ է և ամուր,
և սիրո ատլասը մեզ տանում է դժվար մի աշխարհ,
ուր քամին ու ժամանակը միասին են թափառում,
ձեռք-ձեռքի տված, ցնցելով
հողմացույցը դժբախտության:
Մերթ արագ ընթացք, մերթ` դադար,
Սարսելով հեռավոր քաղաքների
տանիքն ու պատուհանը,
ուր ամեն օր մեկը մյուսին բանտ է տանում,
գիշերը աղավնում պես ղունղունում են
ոստիկանական մեքենաները,
առավոտյան մառախուղը դաժան ժպիտի պես
տարածվում է բարձրահարկ շենքերի
գոտկատեղից ներքև:
Նո՛յ, լաստը կապողների մեջ ես տեսա
իմ հայ ընկերներին,
հիմա նրանք կռվում են Արցախում,
ինձ թվում է` լաստը հենց մենք ենք, որ կանք,
Նո՛յ, արագացրու լաստի ընթացքը,
հեռվում ռազմանավեր եմ տեսնում,
մեծ տերության երես առած զավակներն են սրանք
և ընդունակ  են ամեն ինչի,
շրջիր ցռուկը օստ-էնդ և սպասիր,
մենք կարիք ունենք փրկության,
մեր լաստը ապահովագրել են միայն թռչուններն
ու բարձր ամպերը,
ուրիշ ոչ ոք չուզեց մեզ ճանաչել,
և Արարատը, որ միշտ մեր կողքին էր,
շարժվում էր մեզ հետ կամ էլ հայտնվում
հեռու-հեռուներում որպես միրաժ,
հանկարծ չէվեց-անհետացավ:
Փոխարենը հայտնվում է հիմա երազիս մեջ,
արյունոտ գագաթով, հյուծված-նիհարած կողերով,
մաքուր ճակատը ցեղասպանության
պատռվածքներով լեցուն,
պատռելով թաղանթը ոսկրացած կենսափորձի,
նա շարժվում է Փոքր Մհերի պես
Ագռավաքարից դուրս,
ես պառկում եմ լաստի վրա, ծովերի մեջտեղում
և երազում ծովից ծով Հայաստան:
Նո՛յ,  եկ մեր լաստը դարձնենք նոր Մայրցամաք
(ես գիտեմ, ամեն տողս հետո կարձագանքվի
երկնային կաբարեում, կամ կպախարակվի
ստորերկրյա, մարմարե Ակադեմիաների
անկիրք և փոքրահետույք նստաշրջանում):
Նո՛յ,  ժամանակ հնարողը ինքն է դարձել նրա գերին,
և լաստիդ վրա ամեն ինչ գնում է
Անհայտություն:

Թ
Նո՛յ,  գրիր ինձ մի քանի տող
և վերցրու ինձ Քսանմեկերորդ Դարի
անձնակազմի համար,
հիշեցրո՛ւ, որ ես դեռ կամ Մասիսի սառած
փեշերի մոտ,
հիշեցրո՛ւ, որ դեռ կարող եմ քեզ հետ ճամփա ընկնել
ատոմային ջրհեղեղից հետո,
Հասցես, -
Ջրհեղեղի փրկիչ - կենտրոն` Արարատ,
Քլիվլընդում մի պահ հայտնված,
անանձնագիր-անգրինքարտ
(որի համար երեք ամիս աշտարակ-բանտ)
Արտեմ Հարությունյան,
Ց՛պահա՛նջ...

No comments:

Post a Comment