Հակոբ Մովսես. Բանաստեղծություններ


Հակոբ Մովսես
(ծնվ. 1952թ. Հայաստան)

Բանաստեղծություններ

<<Նաիրի>> հրատարակչություն
Երևան, 2005թ.

ՖԼՈՐԱ

Գիշերվա քամի՞ն շշնջաց դարձյալ:
Ջրերին իջած ա՞ստղ էր հուրհրան...
Ի՞նչ անուններ են գիշերով բուրում
մեր շրթունքները: -
Ով մերը չեղավ` կանչում ենք նրան: -
Ում կորցրեցինք` նա մնաց մերը:

Ում կորցրեցինք... Ինչպես վարդը այն
անցած մայիսի վարդը բուրավետ,
որի չորացած թերթերը սակայն
մենք մի սիրելի գրքի էջերում,
չգիտես ինչու, պահում ենք հավետ:

Իմ հիշողության պարտեզների մեջ
քեզ ինչպե՞ս կանչեմ,
ինչպե՞ս կրկնեմ անունը քո թանկ:
- Բայց անուններ կան, որ պիտի չասենք,
այլ գիշերվա մեջ, հանկարծ զարթնելով,
պիտի հեկեկանք:

ՕԳՈՍՏՈՍ
Դ.

Ես սիրո համար եղա սիրելիս:-

Մինչև լուսաբաց... Մինչև լուսաբաց...
Խնձորենու տակ քո երակների,

քո սրտի վրա, բույրերի խորքում
կրծքերիդ բացված մանուշակների:

Մեզ ի՞նչ կմնա այս գիշերվանից:
Ի՞նչ կմնա մեր շուրթերի վրա:

Մինչև լուսաբաց, երբ արևելքում կհնչեն կրկին
պկու և սրինգ, և քո քույրերը, զարթնելով քնից,

կգան-կկանգնեն դռնակի դիմաց քո ցանկապատի:

Ու՞ր է, ասա մեզ, որտե՞ղ է հիմա, կհարցնեն քեզ,
ցույց տուր մեզ տեսնենք`

որտե՞ղ ես թաքցնում քո սիրեցյալին:

Դու լաց մի եղիր, դու մի հեկեկա:

Դու նրանց ասա` իմ սրտի մեջ էր, իմ կրծքի վրա,
իմ շշուկների հովիտներում էր նա ամբողջ գիշեր:

Դու նրանց ասա, որ առավոտյան,
երբ բաժանումի աստղը ցոլցլաց ջրերի վրա,

երբ երեք անգամ հավը խոսեց, և
հանկարծ բացվեցին դռները լույսի,

նա վերջին անգամ
շուրթերս ծածկեց իր համբույրներով
և իր ոսկեսայր նետ-աղեղն առած`

ամռան վառվռուն սարերը ելավ այծյամի որսի...

ԴՈՒՔ, ՏՂԱՆԵՐ ՀՈՒԼԻՍԻ

Դուք, տղաներ հուլիսի,
մատնեմատերդ խրած լույսի կոկորդը ոսկյա և երկնքի մայր դռան վերնասեմի ճեղքերից
ահասարսուռ բզզացող մեղվաբները մահվան -
Ո՞վ ձեզ մղեց ամառվա առափնյաները կիզիչ,
ուր անպաշտպան եք, ինչպես խեցգետինները ափ նետված` կեսգիշերվա լուսնի տակ:
Բռնկվում են երազի նրբաթևերը ցանցկեն, և ժամանակը այնտեղ, ջրերի մեջ մոլեգնած,
ձեր հույսերի անխարիսխ տորմիղներն է քշում դեպի անհայտ մայրցամաք,
ուր հայտնի չէ` վախճանի ինչ բնիկներ են ապրում խարույկների շուրջը վառ: -
Սեպանիգերը խրած ճեղքերի մեջ սպասման, հեշտանքներից համրացած և շուրթերով պինդ կառչած ծծակների կործանման`
դուք ձեր փայտե դռներին ուրուներին եք մեխում հսկայական լռության
և, ափերին խռնված, անցախոսն եք կրկնում, որ ցերեկվա ելքի մոտ մի անծանոթ շշնջաց
և այլևս հավիտյան խավար գիշերը մտավ: -

Դուք, տղաներ հուլիսի,
որ անպաշտպան եք, ինչպես խնձորները` սրաշեղբ դանակի կողքը դրված: -
Ո՞վ ձեզ կասի գաղտնիքը այս ամառվա և արյան, որ փռվում է իբրև աղ, կսկծացնելով քրքրված նախադաստակը վախի և թիկունքը սպասման:

Դուք, տղաներ հուլիսի,
ձերն է աշխարհը համայն` արևելքում հրճվանքի և զենիթում գոհության: Ձերն է օրը անսահման,
ուր թփերից հասմիկի, իր եղջյուրները ցցած,
մենությունն է լրտեսում ձեր ընթացքները անհոգ և ժամերը ցնծության:
Ուր անպաշտպան եք, ինչպես նետը` արդեն արձակված:
Ինչպես մեկից տասներկուս,
որոնց կրծքին ամեհի զույգ սլաքներն են ուղղված:

ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐԻ

Գարնանացանն արի, վիկն ու ցորյանը
ցանեցի, գարին,
և քո հերկերում, ցավ,
առավոտ վաղ ես գցեցի
լիաբուռը
իմ բառերի -

նշաններ կան, որ ասում եմ, ո՞նց մոռանանք,
քամին, լուսաբացը, արտի եզրին կքած
փոքրիկ մի ճիչ
և կամ աստղն այն Արուսյակ,
որը` աշնանը գիշերներին
թող իմ Հեռվի
ընծան լինի
ձեր Կապուտլուս սարին`
Աստված ասաց -

ես իմ պատմությունն եմ անում,
եկեք, և դու, իմ մթնշաղ, կապույտ իմ եզն,
լիալուսնի իմ նշանը` ամեն կողքից մեղրի մի փարչ,
կանաչ-կարմիր ապրշումը լույսի,
որ, ա՜յ,
և դու, կարոտ, տոտիկ-տոտիկ
իմ հետևից, ասես
կենտ մնացած կաքավ,
ուր որ հիշողության ջրերին կախ
ոսկյա ճյուղը պահեցի քո,
Հայրենիք,
ախ -

ես իմ պատմությունն եմ անում,
երբ որ երկար պանդխտումից վերադարձա
և բերեցի մաշիկ, գոտի, մի ծոց լի տաղ`
եկեք տարեք` ո՞նց մոռանանք -

Այսպես եկավ նա մեզ` այսպես տեսանք`
նա նստած էր երեկոյան, ըստ հինավուրց
ձեր պատգամի, դուք, աջափնյա յոթ գյուղորայք,
թիկնած էր նա, դողդողացող աջը
կրծքին դրած, ջրերի մոտ հավիտենից
սուրբ հացի էր նստած
մեր երգեցիկ ծերերի հետ,
և աջ ուսին դու էիր,
կաքավ,
և ձախ ուսին,
Հայրենիք,
ախ -

ՄՈՐՍ

Եվ քամիներն ահա
ճանապարհներ դարձան, -
ես գնում եմ հեռու,
ես գնում եմ հեռու:

Եվ թափուր են մնում
օրորոցներն անձայն,
և մանուկներն այնտեղ
էլ չեն տեղավորվում:

Եվ մեզ ի՞նչ է մնում
կորցնելուց բացի, -
և մեր դուռն են թակում սկիզբ ու վերջ, -
և ասում ես դու ինձ`
տե՛ս, երկինքը հեռվում,
և աստղերը` անծայր երկնքի մեջ:

Ես ելնում եմ հիմա
և գնում եմ ահա,
գիտեմ` ինձ հետ դու չես գալու, -
դու մնում ես հեռվում -
դու մնում ես հեռվում`
մանկությունս այնտեղ
պահպանելու:

5 comments:

  1. Anonymous5.4.12

    Հակոբ Մովսեսի պոեզիան արդի գրաբանական դաշտի ամենահետաքրքիր երևույթներից է՝խորը և հուզիչ...

    ReplyDelete
  2. Կարդացի մի քանի անգամ այս բանաստեղծությունները։ Ոչ մի բան չհասկացա։ Սա պոեզիա է՞, թե՞ կլաուզիա։

    ReplyDelete
  3. իսկ քո համար ո՞րն է պոեզիա, կամ դու ընդհանրապես կարդում ե՞ս:

    ReplyDelete
  4. Սամվել12.2.13

    ՖԼՈՐԱ-ից է մենակ բանաստեղծության հոտ գալիս, մնացածները կարող են կոչվել ինչ ուզես, միայն ոչ բանաստեղծություն:

    ReplyDelete
  5. տարին տարվա վրա, կամաց-կամաց հասկանում ես, մի կես տարի հետո մյուսներն էլ կըմբռնես, ոչինչ:

    ReplyDelete