ճապոնական պոեզիա


VII - XVIII դարեր


Ճապոնական պոեզիա
ռուսերենից թարգմ. և կազմեց Այդին Մորիկյանը


<<Նաիրի>> հրատարակչություն
Երևան, 1993թ.  


ԲԱՍՅՈ

*
Մերկացած ճյուղին`
Միայնակ ագռավ:
Աշնան երեկո:
*
Թեքվել է ուռին և նիրհում է լուռ:
Ու թվում է ինձ, թե սոխակը այն`
Հոգին է նրա...

*
Հեռացող գարուն:
Թռչունների ողբ: Ձկների աչքեր`
Արցունքներով լի...

*
Օ, որքան շատ են նրանք դաշտերում`
Սակայն նրանցից և ամեն մեկը իր բույրը ունի:
Եվ դրանում է ծաղկի սխրանքը:

Հրաժեշտ տալով ընկերոջս

Հրաժեշտի խոսքեր ուզեցի գրել
Նրա հովհարին:
Ձեռքումս հանկարծ լուռ կոտրվեց այն:

*
Դու մի մտածիր քամահրանքով,
Թե որքան փոքր են բույսի սերմերը:
Չէ՞ որ այդ բույսը կարմիր պղպեղն է:

Գարնանը թեյ են հավաքում

Բոլոր թերթիկներն արդեն քաղվել են,
Ու ինչ իմանան հավաքողները,
Որ թփի համար նրանք նման են աշնան ցուրտ քամու:

ՌՅՈՔԱՆ

Կտակ

Ինձանից հետո 
Ինչ եմ թողնելու աշխարհի վրա:
Գարնանը` ծաղիկներ:
Ամառվա համար` երգը կկուի:
Աշնանը` կարմիր այս թխկիները:

ԻՍԻԿԱՎԱ ԹԱՔՈՒԲՈՔՈՒ

*
Հսկայական ծովի հանդեպ
Միայնակ եմ ես:
Ահա արդեն որերորդ անգամ,
Երբ արցունքներն են սեղմում կոկորդս,
Հեռանում եմ տնից:

*
Այնտեղ, ուր արցունք է ընկել,
Ավազահատիկներից
Մի խոնավ կույտ է գոյանում:
Որքան ես ծանրանում, դո'ւ,
Արցո'ւնք:

*
Զայրույթի պահին ես ուզում էի
Ծաղկամանը փշրել:
Ախ, փշրել միանգամից -
Իննսունինն էլ -
Ու մահանալ:

*
Չգիտեմ ինչու
Երազում էի
Ես գնացք նստել:
Բայց ահա` իջա
Եվ գնալու տեղ չունեմ այլևս:

*
Դատարկ մի տուն
Մտա
Եվ ծխեցի մի քիչ...
Այնպե՜ս էի ուզում
Մենակ մնալ:

*
Շոյվա՞ծ եմ գովքից.
Ո'չ, զայրացած եմ:
Որքան տխուր է,
Երբ քեզ դու գիտես
Առավել քան լավ:

*
Ես նոր սիրտ էի փնտրում ինձ համար:
Եվ ահա այսօր
Մեն ու  միայնակ թափառում էի
Խուլ փողոցներով...
Նրանց անուններն անգամ չգիտեմ

*
Ես ընկերոջս`
Որպես թշնամու, սասատիկ ատեցի,
Բայց երկար, երկար
Ձեռքն էի սեղմում
Բաժանման պահին:

*
Տարին վազում է տարվա ետևից:
Քեզանից հեռու,
Ամեն տարվա հետ
Ավելի ուժգին 
Ես սիրում եմ քեզ:

*
Կարող է այդպես տխուր եմ հիմա,
Քանի որ շուրջս
Վառ գույներ չկան:
Մեկին խնդրեցի,
Որպեսզի կարմիր ծաղիկներ գնի: 

*
Կատակով 
Մորս ուսերիս դրի:
Սակայն նա, ավաղ, թեթև էր այնքան,
Որ երեք քայլ էլ չկարողացա
Անարցունք անցնել:

ՄԱՍԱՈԿԱ ՍԻԿԻ

*
Օ, մեծն Բուդդա -
Նրա մի ուսի ձյունը հալվել էր
Այսօր առավոտ:

ՄԱՑՈՒՄՈՏՈ ԿՅՈՍՈ

*
Աչքն իր անկենդան
Դեպ ինձ է հառել ավազին ընկած
Սպանված ճայը:

ՆԱԿԱՄՈՒՐԱ ԹԻՅՈՁՅՈ

*
Հոգնած դուրս եկավ նավակի միջից:
Արևամուտ էր: Կնոջ ոտքերը, թվաց ինձ մի պահ,
Արևածագը կրկին ետ բերին:

*
Մարդիկ,
Ճնշվելով ջրվեժի ձայնից,
Հանդարտ լռում են:

ԻՍՍԱ

*
Այլևս մեր միջև օտարներ չկան:
Մենք եղբայրներ ենք մեկմեկու համար
Ծաղկած բալենու հովանու ներքո:

ՕՆԻՑՈՒՐԱ

*
Ու՞ր թափեմ հիմա
Այս թասի ջուրը...
Ամենուր ծղրիդներ են երգում...


Տեսնել Ճապոնական պոեզիայից այլ հղումներ

3 comments:

  1. Այս գիրքը գնել եմ երեկ Նաիրի գրատնից (Կորյուն 8 հասցեում, եթե չեմ սխալվում) 50 դրամով, 50 և ոչ 500

    ReplyDelete
  2. Anonymous15.11.15

    Կուզենայի կարդալ ԻՍԻԿԱՎԱ ԹԱՔՈՒԲՈՔՈՒ հայերեն թարգմանություն ճապոներենից: Երբևիցե կատարվել է՞

    ReplyDelete
  3. Anonymous15.11.15

    Ձյան սպիտակ, փափուկ շեղջի մեջ
    այրվող այտերով խրվել ու մնալ,
    մնան սիրով եմ տենչում ես
    սիրել...
    Իսիկավա Թաքուբոքու

    ReplyDelete