Այ էդ աղջկա նման տաշեցին ձայնդ, Մարիա: Մայրդ քերում էր այն ու թափում զինվորների առաջ, որոնց առաջ կանգնած երգում էիր ու փող վաստակում: Մայրդ աղջիկ էր ծնել ու սպասում էր քո փոխարեն տղայի: Դու էիր չար կատակ, թե մայրդ էր դաժան կին: Չսիրեցիք իրար:
Երբ դեռ նոր էիք տեղափոխվել Նյու-Յորք, հայրդ ջազի ու դասական երաժշտության ձայնապնակներ գնած` ուրախ-ուրախ մտավ տուն, և, օ, սարսափ, կատաղած տիկինը դուրս շպրտեց ջազին վերաբերող ամեն ինչ. նա պաշտում էր միայն ու միայն դասականը: Եվ դու, Մարիա, պարտավոր էիր լսել: Ամբողջը: Որովհետև
մայրդ գտել էր քո ձայնը, իսկ քո ձայնը թանկ արժեր:
Ձայնդ ցուրտ փողոցում կանգնող ծախու աղջիկ էր, ով տաք տուն էր երազում ու սեր: Մայրդ պինդ կավատ էր: Քո մահվանից հետո քո փողերն անգամ մայրդ կստանա` Եվանգելիա Կալոգերոպուլոսը, և առաջին ամուսինդ` Բատիստո Մենեջինին, որից կարծեմ չէիր էլ բաժանվել ըստ օրենքի...
Անսահման բարի մարդ Բատիստոն, ում քնքշանքով ասում էիր Տիտո: Նա գտավ քեզ, փայփայեց, հանուն քեզ հարուստ ու հաջողակ գործարարից վերածվեց Կալլասի սովորական մենեջերի, որովհետև առաջին կինը խլեց ամեն ինչ, իսկ նա տվեց հոժար, նա սիրում էր քեզ, ավելի շուտ քո ձայնը, որ անչափ շքեղ էր:
Չսիրեցիր: Սիրեցիր:Վիժեցիր: Կորցրեցիր երեխայիդ, ձայնդ, Օնասիսին...
Արիստոտել Օնասիս. հույն տղեկ, ով կորցրել էր ամեն ինչ ու սպառնացել աշխարհին թաց աչքերով ու զայրույթից սեղմած բռունցքով, որ դեռ հետ է գալու ու եկել էր:
Գեշ աղջիկ, հաստլիկ աղջիկ, ով միշտ իրեն տգեղ էր համարում, անսահման մենակ ու նյարդային և սարսափելի աշխատասեր: Անգամ փոքրիկ ելույթներից առաջ դու կարող էիր ժամերով պարապել:
Քո ամբողջ կյանքում քեզ հավատարիմ մի կին եղավ` սպասուհիդ: Պաշտում էիր ուտելիքը: Ուտելիքը քեզ հանգստացնում էր և կարող էիր ռեստորանը փակել տալ, որովհետև դու որոշել էիր սնվել տրաքվելու չափ: Շատ չաղլիկն էիր դու, հարյուր կիլոգրամանոց հաստլիկ երգչուհի, ով կնիհարի ուղիղ կիսով չափ և այլևս չի չաղանա` ճարպերի փոխարեն վաստակելով մի կույտ դեպրեսիաներ, մի քանի դեղահաբ և արցունքներ` իր առանձնատան բազմաթիվ սենյակներից միայն մեկում անխղճորեն դես ու դեն թափված...
Շնիկով տիկին, մադամ Կալլաս, որ հարցազրույցներում կխնդրի իրեն դիմել միսիս Օնասիս, որովհետև այն բարեհունչ է այնքան... միսիս Օնասիս... կյանքի վերջին տարիներին քեզ կտեսնեն փողոցում երկու փոքրիկ շնիկի ուղեկցությամբ: Դու ավելի հաճախ կմտածես երեխայիդ մասին, որին չունեցար: Կհավաստիացնես շատ անգամ, որ բազմաթիվ ընկերներ ունես, որոնք քո կարիքն ունեն ավելի, քան դու իրենցը: Չէիր խաբում, նրանցից մեկը ծեր տարիքում կհասկանա հանկարծ, որ դու էիր իր միակ սերը: Օնասիսը, ում ջահել կինը, լսելով ամուսնու մահացու հիվանդության մասին, կգնա տաք օվկիանոսի ափին սիրունիկ հետույքը արևկող տալու ու շաբաթը մեկ հեռախոսով տեղեկանալու ամուսնու որպիսությամբ...
Պազոլինիի Մեդեան կլինես, ֆիլմը հաջողություն չի ունենա, կնայեն շատ ու քչերը: Կնայի և Արիստոտել Օնասիսը: Փոքրիկ կինոդահլիճում, թաքուն, ընկերոջ ուղեկցությամբ: Կեսից դուրս կգա, կծխի նյարդայնացած, հետո կկանգնի երկար անձրևի տակ ու նորից կմտնի դահլիճ: Նույն երեկո կուղարկի մի շքեղ ծաղկեփունջ` բացիկով: Երկու ժամ անց ծաղկեփունջը հետ կստանա, իսկ ծրարը անգամ բացված չի էլ լինի: «Ես կորցրեցի կնոջը, ում առաջ պետք էր աղոթել», - կասի ընկերոջը...
Մի անգամ քեզ հարցրեցին. «Երանելի է, չէ, լինել Մարիա Կալլաս»: «Ոչ,- պատասխանեցիր դու, - սարսափելի է լինել Մարիա Կալլաս, որովհետև դա նշանակում է հասկանալ մի բան, որն իրականում անհնար է երբեք հասկանալ»:
1977թվականին 54տարեկան հասակում Փարիզի քո առանձնատանը սեպտեմբերյան մի տգեղ օր սրտի կաթվածից մահացար: Քեզ թաղեցին Պեր Լաշեզի գերեզմանատանը, և միայն երկու տարի հետո քրքրեցին կտակդ ու քո ցանկության համաձայն` վառեցին քեզ ու մոխիրդ շաղ տվեցին Էգեյան ծովի վրա...
Ես քամու պես անցնում եմ թարթիչներիդ միջով: Ինչ հրաշալի կլիներ անսահման փոքրանալ և պառկել քո փափուկ ձեռքի կնճիռներից մեկի մեջ ու քնել մի քանի դար. քո մարմնի ներսից հավանաբար հրաշալի երաժշտություն է լսվում... Շնիկներդ հաչում են ու վազում առաջ, դու էլ նրանց ետևից... ցտեսություն, Մարիա, իմ լավագույն երազ...
սիրով ու արցունքներով` քո հս
2012
Տե՛ս Մարիա Կալլասից այլ հրապարակումներ
Հասս,Կալասի մասին երկար մտածեցի ու չիմացա՝ ինչ ասել ու չիմացա հատկապես ինչ անել...ինչ անել մեջս թառած Կալասին,որ անտանելի սիրուն ու խելագար կին է...ապրես,Հաս...ուժեղ ու տխուր կանանց մասին էսպես պետք է խոսել....Մանե
ReplyDeleteտարօրինակ քմայքների ու տխուր հմայքով շքեղ կին... երևի որ մտածեի, չգրեի, Ման, Ֆրիդայի մասին էնքան եմ մտածել, միշտ պատառիկներ ա դուրս եկել:
ReplyDeleteԿալլասի կատարմամբ Տրավիատան էի լսում, հետո Կաստա Դիվան, մեկ էլ զգացի, որ գոնե մի ստատուս պիտի գրեմ, թե չէ կքրքրվեմ, հետո զգացի, որ երկարեց ստատուսի համար, շատ երկար, երևի պետք ա առանց գրել ուզենալու գրել, որ ստացվի: Մի օր էլի սենց անպատրաստ նստեմ, էլի բաներ կան, որ կուզեի Կալլասի կյանքից պատմել...
Ման, Մանե Գրիգորյան ջան, Կալլասին նվիրված գործդ սիրուն էր շատ, չգիտեմ ասել եմ, թե չէ...
ReplyDeleteԿալլաս, սիրելիս, սիրտս թպրտացող
ձկան պես անհանգիստ է,
սատկացրու նրան,
վերջացրու անվերջ հիասթափությունների
այս երկինքը,
ձմռան սրտի մեջ արնաքամ արա մարմինս,
ու հավատա,Կալլաս,
ցուրտ ու փշաքաղվող թևերով,
մեծ ու սև աչքերով,
անմազ ու տխուր,
մենակ ու խելագարված
ագռավուհիները ծնեցին իմ ու քո տղամարդուն...
Շնորհակալություն... Որքան հաճելի էր կարդալ Կալլասի մասին, առավել ևս նման հետաքրքրիր մոտեցմամբ...
ReplyDeleteկարդալու ընդացքում մարմնովս սարսուռ անցավ, դողում էի.., ապրես հրաշալի գործ էր...
ReplyDeleteշնորհակալ եմ շատ արձագանքելու համար
ReplyDeleteԱպրես,Հասմիկ ջան,կարդացվեց մի շնչով՝կենդանի,իրական:Տեսա ոչ միայն իմ սիրելի Կալլասին,այլ նաեւ քեզ՝ որպես քամի նրան փարված...Два в одном...Իսկապես ապրես...)
ReplyDeleteամեն ինչ շատ իրական էր, զգացի ամեն մի բառը, կյանք կար, զգացմունքների հեղեղ էր, տոռնադո,, նման գործեր, նման մտքեր անսպասելի, միանգամից են ծնվում, կեցցես
ReplyDeleteՀաս,հետաքրքիր ա, նման Մարիա(մ)ները Օնասիսների են միշտ սիրում և ոչ Հովսեփների:
ReplyDeleteՀա, իսկ անվան պահով գիտեմ երկու լ-ով ա, բայց դե մի տեսակ Կալասն իմ մեջ մի լ-ով ա մնում...չնայած տենց սկզբունքային հարց չի,բանաաստեղծություն գրելիս մի քանի անգամ գրեցի-ջնջեցի, վերջը մի լ-ով ավելի սիրեցի...իսկական էգ առյուծ ա...հախճապակյա սրտով
գիտես, կարծում եմ` հաճելի ա շատ, երբ մեր (մարիաների) նազուտուզերը տանում են ու հանդուրժում, Մարիայի ամուսինը հոր տարիքին էր, խնամակալի պես, ու մեկ էլ Օնասիս` դեռահաս տղեկի պես անվերջ սիրահարվող, խենթությունների առաջատար, էն էլ ազգակից օտարության մեջ, չսիրել հնարավոր չէր: Օնասիսը միակ ազատությունն էր, որ իրեն թույլ տվեց Կալլասը (լ-ն հեչ, կարևորը գրածդ էր լավը), որին, ի դեպ, ես չէի ուզենա շատ դիտարկել իբրև էգ առյուծ-դես, դեն, ես մարդու իր անհաղթահարելի տխրությունն եմ սիրում, բարդույթները, կորուստներն ու չունեցածը, մնացածը մանրուքներ են, որ հիմնականում փուչիկի պես ուռցրել են ու դեռ կուռցնեն:
Deleteսիրելի արձագանքողներ ջան, ուրախ եմ, որ իմ աչքը կարողացա ձեզ տալ, հունական դիցաբանությունից ճակատագրի մոյրաներին հիշեցի` երեք քույր, ովքեր ընդամենը մի աչք ունեին ու փայփայում էին ամենայն զգուշությամբ ու ահուդողով փոխանցում իրար սիրելի աչքը` մարդկանց ճակատագրին հետևելու համար ու ժամանակ առ ժամանակ մկրատով կյանքի թելը խրթացնելու... բլոգը աչքս ա, իմ աչքը` ձեզ:)
ReplyDeleteդե հա ճիշտ ես...բայց անսպասելի այդ կինը մի տեսակ տեսակով առյուծ է, ով ամեն վայրկյան պատրաստ է ,,հարձակվելու,,: Ցավի,կորցնելու վախի, քո ասած բարդույթների ,,հարձակման,, մասին է խոսքս...արտաքուստ չպարտվող կնոջ է նման, ով ներսում հազար անգամ պարտվել է...իսկ Օնասիսը էն օդն էր, որը մինչ այդ երբեք չէր շնչել Կալասը...
ReplyDeleteառյուծն առյուծ է, կապ չունի էգ, թե արու, ես մարդ տեսակն եմ սիրում, սեռակռիվները փոքրացնում են ամեն ինչ, Կալլասը մարդ է, ընդամենը մարդ:
Deleteբան չասեցի..մարդ է, ես էլ եմ իրեն էդպես ընկալում)
ReplyDelete...քո մարմնի ներսից հավանաբար հրաշալի երաժշտություն է լսվում........ Մարիա, իմ լավագույն երազ..
ReplyDelete--------------
անխոս միանում եմ Ձեր խոսքին
)
ReplyDeleteշնորհակալ եմ...
Հրաշալի է: Մարմնովս դող անցավ: Շնորհակալ եմ:
ReplyDelete