Վարուժան Վարդանյան
(1948-2010թթ.)
կեղտոտ սենյակ
(բանաստեղծություններ)
<<Արեգ>> հրատարակչատուն
1994թ. Երևան
ԱՌԱՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԿԱՄ ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ
Երկար ժամանակ ես մտածում էի, թե ինչպիսին պետք է լինի այս գրքի առաջաբանը և ով պետք է այն գրի:
Սկզբում վճռել էի այդ նպատակով օգտագործել ինքնակենսագրական բնույթի այն նյութերը, որ բավականաչափ ունեմ, և ինչ կարելի էր տպագրել բանաստեղծությունների հետ համատեղ: Կային նաև հետաքրքիր նոթագրություններ իմ ժամանակակիցների մասին այն մարդկանց, որոնց հետ արվեստում այս կամ այն կերպ շփվել էի և որոնք տպավորվել էին իմ մեջ:
Այդպիսի մտորումների մեջ էի, երբ ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց այդ ամենը չխառնել գրքի գործերին և առիթի դեպքում տպագրել առանձին գրքով:
Հետո սկսեցի խորհել, թե ով, այնուամենայնիվ, պետք է խոսք գրի իմ մինչ այսօր արած գործի մասին: Վստահորեն կարող եմ ասել, որ մեր առաջնային արվեստաբաններից մի երկուսն այդ կանեին և եթե անկեղծ լինեմ, նրանցից մեկն իր առաջարկն էր արել, մյուսն էլ հաճույքով տվել իր համաձայնությունը, բայց նրանցից ոչ մեկն իսկապես չէր սիրում ոչ իմ արվեստը, ոչ էլ իմ անձը, էլ ինչ կարիք կար Հայաստանում կուտակված լիքը կեղծիքին մեկն էլ ավելացնել
(թող այդ անեն ուրիշ` այս միջավայրին ներդաշնակ, հարմարված մարդիկ): Անձամբ ես ոչ միայն դրա կարիքը չեմ զգում, այլև նողկանք եմ ապրում ամեն տեսակ սարքովի բաների հանդեպ: Օտարությունը, որ ես զգում եմ իմ միջավայրի նկատմամբ, ճիչ է դատարկ տարածության մեջ, որը ոչ ոք չի լսում, որովհետև այն չկա, կա միայն նրա գաղափարը:
Հոգնեցուցիչ է ապրել այս հինավուրց, բայց անցյալ, ներկա և ապագա չունեցող երկրում, մեռյալների ստվերների տակ, նրանց անդորրը հսկող բազմաթիվ թիկնապահների հսկողությամբ, որոնք մեռնելու են վաղը, բայց այսօր արդեն մտածում են լոկ այն մասին, թե ինչպես ապահովեն իրենց թաղման շքեղ արարողությունը:
Միթե ստորացուցիչ չէ նեխած գաղափարներ սփռող, արվեստի կծծի ու դժգույն վաճառականների համակրանքը վայելել. թող նրանք համբուրվեն միմյանց հետ, ինչպես շներն աղբանոցներում:
Որքան շատ են համբուրվում, այնքան շատ են նողկում միմյանցից և իրար դավաճանում այնպես թեթև, ինչպես նավահանգստում թափառող պոռնիկը հեռուն մեկնող նավազին: (Իսկ ծով չկա):
Նրանք համբուրվում են միմյանց հետ, համբուրում են օտար ափերից Հայաստան ժամանած իրենց խարդախ եղբայրներից (որոնց քշել են ամեն տեղից), նրանց հետ խրախճում և խմում դիակների հարատևման կենացը:
Պատահական չէ, որ մեծ երկրաշարժի օրերին իմ երկիրն այդքան մեծ ուշադրության արժանացավ. որքան շատ դիակ, այնքան շատ ագռավ: Թող ինձ ներեն անմեղ մեռյալները, բայց ինչու այդ ուրուրներն այսօր չեն մտածում ապրողների մասին. չէ՞ որ մի կենդանի ճանճը թանկ է մեռած փարավոնից:
Առաջներում այդ ամենն ինձ դեռ ցնցում էր (պատճառը, երևի, իմ բնածին հիմարությունն է), մինչև անտարբերության անլվա սավանի կախվելն իմ և նրանց միջև: Այնտեղ` մյուս կողմում, թզուկների թատրոնը դեռ շարունակվում է, բայց այն արդեն ինձ համար չէ (թող այսուհետ նրանք սիրեն, թունավորեն և ոչնչացնեն միմյանց):
Քչերը գիտեն, որ Հայաստանում է գտնվում աշխարհի ամենամեծ թզուկաբուծարաններից մեկը (առաջինն Աֆրիկայում է` պիգմեյների երկրում), որին կից գործում է առայժմ աշխարհում միակ թզուկների պատկերասրահը (կա նաև թատրոն, ջազ ակումբ և ուրի բաներ):
Հայաստանում թզուկներ ամեն տեղ են, արվեստում, փողոցում, տանը (թաքնված դաշնամուրի մեջ), մի խոսքով պետք է ուշադիր լինել, թե չէ կարող եք պատահաբար նրանց մեկին սալաթի հետ կուլ տալ...
Մեր աշխարհում երևի բոլոր ժամանակներում էլ թզուկները փաստորեն վճռել են ամեն ինչ: Ես չգիտեմ ինչպես քաղաքականության մեջ, որովհետև մեր վերջին արքաները բոլորն էլ բարձրահասակ են, բայց մեր ասպարեզում, վայ նրանց, որոնց հասակը մետր ու կեսից կանցնի. միանգամայն հարմար չափ, բոլոր տեսակի պետական կառուցվածքների բարդ մեխանիզմների մեջ հեշտությամբ խցկվելու համար:
Այստեղ տաղանդի, խելքի, գեղեցկության, նույնիսկ բարձրահասակների մրցույթի հանձնաժողովները կազմված են թզուկներից և, բնականաբար, Հայաստանի ամենաբարձրահասակ մարդու մրցանակը դարձյալ թզուկ է ստանում. այդ է թերևս պատճառը, որ մեր ժողովուրդն ընդհանուր առմամբ կարճահասակ է:
Մեծ հաջողություն ունեն նաև տկարամիտները, խրոնիկ տգետները, քնձռոտները, անատամները, տխմարները, երեսպաշտները, ձևացյալ համեստները, ասելու ոչինչ չունեցող քչախոսները, մի խոսքով բոլոր նրանք, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում:
Չգիտեմ ինչու հիշեցի, որ մի օր մեր ինստիտուտի պրոռեկտորն ինձ կանչեց իր մոտ և չոր հարցրեց.
- Ասում են, դու փիլիսոփայում ես:
Եվ դա ասվեց այնպիսի տոնով, ինչպես միջին դարերում մեծ ինկվիզատորը կդիմեր հերետիկոսության և կախարդանքի մեջ կասկածվող մեկին:
Այո, սեփական մտքերն արտահայտելը վտանգավոր զբաղմունք է, պետք է սովորել թզուկ Մաղձամաղձից, որն այնպիսի զգուշությամբ է խոսում, կարծես մեկ ժամ առաջ մարդ է սպանել և դիակը թաքցրել իր արվեստանոցի ներքնահարկում:
Առաջին անգամ վերոհիշյալ պարոնին հանդիպեցի անձրևի ժամանակ: Անձրևը գնալով ուժեղանում էր: Մաղձամաղձը կասկածամտությամբ նայեց ինձ (իմ հասակը նրա մեջ հավանաբար անվստահության զգացում էր առաջացրել), ապա ոտիկները ծալեց ու պատսպարվեց աղբանոց նետված, անպետք գիշերանոթի տակ և դեռ ինձ էլ թաքնված հեգնանքով ասաց.
- Ախր, հեչ հայի նման չես քո չափերով, ա'յ, ես ամեն տեղում ի'նչ հեշտ հարմարվում եմ:
Ես չգիտեի ինչ պատասխանել. չէ որ մարդու տեսքը, չափն ու մյուս ամեն ինչն Աստծո ձեռքին է, ու թեև թրջվում էի պաղ անձրևի տակ, բայց դե իմ շնչած օդն էլ ավելի մաքուր էր, քան նրա ժամանակավոր ապաստարանինը:
Այդ օրվանից նա ինձ ատեց, քանի որ թզուկի մեջ ուրիշ զգացում չկա, ատելությունից բացի, նրա մոտ սերը, բարությունն ու ուրիշ հատկանիշներն արտահայտվում են հենց այդ ձևով: Այդ ատելության համար մի կարևոր պատճառ էլ կար. դա նրա կնոջ` Էլդնայի արտառոց երկար քիթն էր, որն այնքան մեծ էր, որ այդ տիկնոջը գցում էր հավասարակշռությունից, մինչև որ Լոնդոնում այն կտրեցին: Այժմ այդ քիթը բրիտանական թանգարանի զարդերից է, իսկ Էլդինայի մոմե արձանը կարող եք տեսնել այն հանրահայտ տիկնոջ (այս պահին անունը լավ չեմ հիշում, կարծեմ Տյուսո) հռչակավոր մարդկանց թանգարանում: Էլդինան այստեղ կանգնած է վեհաշուք, իսկ քիթն հենված է Ջորջ Հարիսոնի կիթառին: Այս մանրամասները գուցե և պետք չեն, բայց չէ որ նման երևույթները մեր փոքր ժողովրդի զարդն են կազմում, նրա հպարտությունը: Թեկուզ և այն, որ այսօր, երբ մեր բազմաչարչար ազգն անկախություն է ստացել, մենք կարող ենք արդեն ազատորեն մեր թզուկներին արտահանել ուրիշ երկրներ, որտեղ նրանց պակասը խիստ զգացվում է:
Դե, իհարկե, ամեն ինչ այնպես հարթ չի ընթանում, ինչպես կարող է թվալ: Մի անգամ, օրինակ, այնպես եղավ, որ թզուկներն ու տկարամիտները պատերազմեցին: Բանն այն էր, որ Մաղձամաղձը պարծենում էր, թե իր նախնիները սերում եմ կռապաշտների քուրմ Մեծ Մարդուկից, տկարամիտների առաջնորդ Ջինգիզ խանն էլ իր հերթին, թե սերվում է Նադիր շահի մեծ վեզիրի ձիապանից: Բարեբախտաբար, իրենց նախնիների գերազանցության հողի վրա ծագած վեճն ավարտվեց խաղաղությամբ: Նրանց հաշտեցրեց Մաղձամաղձիկի մայրը` թզուկ աստղ, հայտնի դերասանուհին Ալիսիան, որը պարծենում էր նրանով, որ քնել է աշխարհի բոլոր ազգությունների պատկանող նշանավոր թզուկ աստղերի հետ:
Հաշտության խահը բուռն անցավ, Ջիգիզն ու Մաղձիկը շատ էին խմել ու կատաղի համբուրվում էին: Նրանց մորուքների մազերին էլ շփվելիս մի վայնասուն էին գցել, կարծես Լեդ Զեփելինի կիթառահար Ջիմմի Փեյջը նվագեր:
Վերջում նրանք հաշտ ու խաղաղ զրուցեցին, որ իրենց հարբեցողությունն ու պաչիկները մեծ դեր ու նշանակություն կարող են ունենալ մեր ազգի առաջընթացի ու զարգացման համար և վճռեցին, որպես եղբայրության և համագործակցության նշան, իմ նկարները դուրս շպրտել հայ նշանավոր նկարիչների ցուցահանդեսից:
Ես փորձեցւ նրանց հետ ընդհանուր լեզու գտնել, բայց անօգուտ: Ուզում էի համոզել, որ ես ևս թզուկ եմ և տկարամիտ, որ ուղղակի իմ խոշոր երևալը տեսողական խաբկանք է, բայց հասկացա, որ նրանց հայտնի է իմ անձի համար շատ ավելի վտանգավոր բան. Մաղձամաղձիկի լրտես Էլչիկը նրան տեղեկացրել էր, որ ես մի քանի գիրք եմ կարդացել և դեռ այդ գործը շարունակում եմ առավոտները զուգարան գնալիս:
Ես ձախողված էի, Էլչիկը գոհ ու բազմանշանակ ժպտում էր ինձ հանդիպելիս, շոյելով իր ցախավելի նման բեղերը, որոնց մեջ մի քանի հազար դոլլար էր պահում, բոլորն էլ մատնությամբ աշխատած:
Ես նման էի հրեշտակի, որին անկարգության համար դուրս էին շպրտել երկնային արքայությունից, իսկ երկրային դրախտի վրա էլ բնակարան չէին տալիս (չէ որ Հայաստանը որոշ ցնդած բանաստեղծներ երկրային դրախտ են համարել, նույնիսկ այդպիսի մի երգ կա):
Ուր գնում էի, տեղ չունեի, թե որևէ մեկի հետ ընկերություն էի ուզում անել, կամ անում էի, մեկն անմիջապես հայտնվում էր և ամեն ինչ փչացնում: Փորձում էի կռանալ, համարվել, խորամանկել, բայց ինձ չէին վստահու և իրար մեջ քչփչում էին.
- Մի սրա~ն տես, մեզ վերևից է նայում...
Այդ ամենն է պատճառը, որ ես վճռեցի ինքս գրել իմ գրքի առաջաբանը, նզովելով ինձ, իմ համարի անգլիական կոշիկները և այն բոլոր գրքերը, որ սխալմամբ, սատանայի թելադրանքով, կարդացել էի:
ԸՆԹԵՐՑՈՂԻՑ
ներողություն եմ խնդրում այս գուցե մի քիչ արտառող թվացող առաջաբանի համար. չէ որ այս ամենը, վատ կամ լավ, ես ստեղծել եմ Հայաստանում, իսկ այդպիսի մի տեղ որևէ բան անելը նման է մազութի լճի լող տալուն, որտեղ դրությունը հսկող նավթաթզուկները կառչում են ոտքերիցդ և քաշում ներքև: Գուցե ուրիշ մի տեղ, մի այլ միջավայրում ես էլ ուրիշը լինեի, իմ ստեղծած նկարչությունն էլ, բայց մարդու մասին դատում են լոկ նրանով, ինչ նա արել է, և ոչ թե նրանով, ինչ կարող էր անլ: Ինչ արած, չէ որ մինչև վերջերս հայ ազգային նկարչության մեջ իշխում էր բանջարաբոստանային կուլտուրաների և էկզոտիկ կենդանիների թեմատիկան, հատկապես մեծ տեղ էր գրավում ավանակի կերպան իր այլազան դրսևորումներով: Բարեբախտաբար, էշանկարոչությամբ զբաղվող մեր վարպետները մեկ օրվա մեջ դարձան մոդեռնիստ, նորելուկ արվեստագետների գործն էլ հեշտացավ, չէ որ նրանք նույնիսկ ավետարանակն կենդանուն չէին կարողանում պատկերել, այնքան անգրագետ էին նկարելու արհեստի մեջ:
Ինչևէ. թզուկ աստղերի, թզուկ ծառերի այս երկրում, որտեղ կյաքնի թզուկ գետը լիքն է պիրեն ձկներով, վեր է խոյանում մի ահռելի զանգված, դա Արարատ լեռն է: Ամեն առավոտ ես ապրում եմ նրա անըմբռնելի, անմատչելի հմայքի սրբազան զգացողությունը:
Ամեն առավոտ ես գնում եմ աշխատանքի, իմ արվեստանոց, և այսօր միայն մտքովս անցավ, որ ես այդպես էլ մնացի միջնակարգ դպրոցի պարտաճանաչ աշակերտ, իր սովորությունների հլու հնազանդ ստրուկը, և իմ դժբախտությունների մեծ մասը երևի գալիս է դպրոցը գերազանցով ավարտելուց: Դա ինձ երբեմն տխրեցնում է, երբեմն հուսահատության մեջ նետում և ես այդ պահերին նորից նայում եմ Արարատին, ես վստահում եմ նրան...
ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
No comments:
Post a Comment