Ֆրանց Կաֆկա. Սիրենների լռությունը



Ֆրանց Կաֆկա
1883-1924թթԱվստրիա

Սիրենների լռությունը (պատմվածքներ)
գերմաներենից թարգմ. Արա Առաքելյանը

<<Նաիրի>> հրատարակչություն 
Երևան, 1994թ.

·
Պրոմեթևսի մասին գոյություն ունի չորս ավանդություն: Առաջին ավանդության համաձայն` նա մատնել էր աստվածներին, այդ պատճառով էլ մեխվեց Կովկասի ժայռերին, և աստվածների ուղարկած արծիվներն, անվերջ կտցելով, ուտում էին նրա` անընդհատ մեծացող լյարդը:
  Երկրորդի համաձայն` իրեն քրքրող կտուցներից տանջահար` Պրոմեթևսը այնքան խոր մտավ ժայռի մեջ, որ ի վերջո անէացավ այնտեղ:

Երրորդի համաձայն` անցան հազարամյակներ, և նրա մատնությունը մոռացվեց: Մոռացան աստվածները, մոռացան արծիվները, մոռացավ և ինքը` Պրոմեթևսը:
Չորրորդի համաձայն` բոլորն էլ այս ամենից հոգնեցին: Հոգնեցին աստվածնեըը, հոգնեցին արծիվները, հոգնած փակվեց վերքը:
Մնացին խորհրդավոր ժայռերը: Ավանդությունը փորձում է բացատրել անբացատրելին: Թեև նա գալիս է ճշմարտությունից, բայց կրկին վերադառնում է խորհրդավորին:
Պրոմեթևս. 
·
Սանչո Պանսան, որ երեկոյան ու գիշերային ժամերին ավազակների ու ասպետների մասին զանազան վեպեր կարդալով զբաղեցնում էր իր Սատանային, որին հետագայում անվանեց Դոն Կիխոտ, թեև դրանով այնքան էլ չէր հպարտանում, բայց տարիների ընթացքում նրան այնքան հեռացրեց իր էությունից, որ սա սկսեց մեկը մյուսի հետևից խելացնոր արարքներ կատարել, որոնք սակայն ոչ մեկին վնաս չէին պատճառում` նախասահմանված առարկայի բացակայության շնորհիվ, որ հենց ինքը` Սանչո Պանսան պետք է լիներ:
  Սանչո Պանսան, որ ազատ մարդ էր, սառնասրտորեն և, հավանաբար, պատասխանատվության ինչո-ր զգացումից ելնելով, հետևում էր Դոն Կիխոտին նրա արշավանքների ժամանակ` այդ ամենից օգտակար ու մեծ հաճույքներ քաղելով մինչև իր օրերի վերջը:
Ճշմարտություն Սանչո Պանսայի մասին. 
·
- Ախ, - ասաց մուկը, - աշխարհն ամեն օր նեղանում է: Սկզբում այնքան լայն էր, որ ես վախեցա ու փախա և երջանիկ էի, որ վերջապես հեռվում, աջ ու ձախ կողմից, տեսա պատերը: Բայց այդ երկայն պատերը այնքան արագ մոտեցան իրար, որ ես ահա արդեն վերջին սենյակում եմ, և այնտեղ` անկյունում, դրված է թակարդը, դեպի ուր ես վազում եմ:
- Դու միայն պետք է փոխես վազքիդ ուղղությունը, - ասաց կատուն և կերավ մկանը:
Փոքր առակ. 
·
...երեխաները, միևնույն է, իրենց հորը չէին հասկանում, որովհետև դեռևս վատ գիտեին կյանքը, իսկ դպրոցում  երբեք չէին բացատրում, թե ինչ բան է քաղցը: Այնուամենայնիվ, նրանց իմաստուն աչքերից մաեստրոն զգում էր գալիք լավ ժամանակների ոգին:
Քաղց պահող մարդը. 
·
Բայց սիրեններն ունեն մի ավելի սարսափելի զենք, քան երգը: Դա նրանց լռությունն է:
Սիրենների լռությունը. 
·
Պապս մեկ-մեկ ասում էր.
- Ինչ զարմանալի կարճ է կյանքը: Երբ հիշում եմ անցածը, չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես էր երիտասարդ մարդը համարձակվում ձիով գնալ հարևան գյուղը, առանց վախենալու, որ սովորական, երջանիկ անցկացրած մի ամբողջ կյանքն իսկ չի բավականացնի նման ուղևորության համար, էլ չեմ խոսում դժբախտ պատահարների մասին:
Հարևան գյուղը. 
·
- Ես չգիտեմ, - ասացի ես անձայն, - չէ որ ես չգիտեմ: Եթե ոչ ոք չի գալիս, ուրեմն ոչ ոք չի գալիս: Ես ոչ մեկի հանդեպ չարիք չեմ գործել, ոչ ոք իմ հանդեպ չարիք չի գործել, բայց ոչ ոք ինձ օգնել չի ուզում: Ոչ ոք, ոչ մեկը: Ինչ արած: Բայց ոչ ոք չի ուզում ինձ օգնել, թե չէ այդ Ոչ մեկը կարող էր շատ դուրեկան լինել: Ես մեծ հաճույքով զբոսանքի կգնայի նրա հետ: Իհարկե, դեպի լեռներն, ուրիշ էլ ուր: Եվ ինչքան շատ են նրանք` այդ Ոչ մեկերը, և ինչպես են սեղմվում նրանք միմյանց, որքան շատ են ձեռքերը, և բոլորն էլ միահյուսված իրար, ինչ անթիվ ոտքերը, և բոլորն էլ միալար ու համաչափ դոփում են գետնին: Եվ պատկերացրեք, բոլորն էլ ֆրակով են: Ու այդպես մենք գնում ենք: Մեր կողքից սուրում է քամին` գտնելով մեր մարմինների միջև եղած բացվածքները: Եվ ինչ ազատ է լեռներում շնչելը: Զարմանալի է միայն, որ մենք չենք երգում:
Զբոսանք դեպի լեռները. 

No comments:

Post a Comment