Անդրե Ժիդ. Հովվերգական Սիմֆոնիա. Օսկար Ուայլդ. Վերադարձ ԽՍՀՄ-ից


Անդրե Ժիդ
(1869-1951թթ. Ֆրանսիա)

Հովվերգական Սիմֆոնիա
ֆրանսերենից թարգմ. Աննա Հակոբյանը

Օսկար Ուայլդ
ֆրանսերենից թարգմ. Շուշանիկ Թամրազյանը

Վերադարձ ԽՍՀՄ-ից
ֆրանսերենից թարգմ. Նազիկ Համբարյանը

«Աննա և Միքայել» հրատարակչություն 
Երևան, 1997թ.


·
...որքան կենդանին կապված է հողին, այնքան նա ավելի ծանրաշարժ է, ավելի թախծոտ: 
·
...մարդը երբեմն ապականում է երկիրը...
Հովվերգական Սիմֆոնիա.
·
«Կյանքում ամեն մի ձեռքբերման դիմաց արվեստի մեջ ինչ-որ բան կորցնում ենք», - սովորություն ուներ ասել Ուայլդը:
Արվեստը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է նմանակումը:
Կյանքն այն քայքայիչ ուժն է, որ կործանում է արվեստը, այն թշնամին, որն իր տունն է քանդում:
Կյանքը շատ ավելի հաճախ է դիմում արվեստի ընդօրինակմանը, քան արվեստը` կյանքի:
·
Արվեստագետի երկու տեսակ կա, - ասում էր նա,- առաջինները պատասխաններ են տալիս, մյուսները` հարցեր: Պիտի իմանաս` հարցնողների, թե պատասխանողների թվին ես պատկանում: Որովհետև հարց տվողը երբեք պատասխան չի տա: Կան գործեր, որոնք ճանաչման են սպասում` շատ երկար մնալով չհասկացված. պատճառն այն է, որ այդ երկերը չառաջադրված հարցերի պատասխաններ են պարունակում: Քանզի հարցը հաճախ պատասխանից հետո մեծ ուշացումով է տեղ հասնում:
·
- Նրանց թվում է, - ասաց Ուայլդը, - թե մտքերը մերկ են ծնվում: Նրանք չեն հասկանում, որ ես կարող եմ միայն հեքիաթներով մտածել: Քանդակագործը ոչ թե փորձում է իր մտքերն արտահայտել մարմարի միջոցով, այլ ուղղակի մարմարյա են նրա մտքերը: 
·
Երբ Քրիստոսը ցանկացավ Նազարեթ վերադառնալ, - պատմում էր նա, - Նազարեթն այնքան էր փոխվել, որ Քրիստոսը չճանաչեց իր քաղաքը: Այն Նազարեթը, որտեղ նա ապրել էր, լի էր եղել ողբ ու կոծով, մինչդեռ այժմ քաղաքը երգ ու ծիծաղով էր հեղեղված: Ու քաղաք մտնելով` Քրիստոսը տեսավ ստրուկների, որոնք, ծաղիկներով բեռնված, շտապում էին դեպի մարմարյա տան ճերմակ մարմարյա սանդուղքը: Նա տուն մտավ և հասպիսե սրահի խորքում ալ ծածկոցին մեկնված տեսավ մի մարդու, որի խռիվ մազերը միախառնվել էին ալ վարդերին, իսկ շրթունքերը կարմիր էին գինուց: Քրիստոսը մոտեցավ նրան ու ձեռքերը նրա ուսին դնելով` ասաց.
- Ինչո՞ւ ես նման կյանքով ապրում:
Մարդը շրջվեց ու, նրան ճանաչելով, ասաց.
- Ես բորոտ էի, դու ինձ բուժեցիր: Ուրիշ ինչ կյանք պիտի վարեի:
Քրիստոսը դուրս եկավ տանից: Եվ ահա փողոցում նա հանդիպեց մի կնոջ` պճնված դեմքով, զարդարուն հագուստներով ու մարգարտածածկ ոտքերով: Նրան մի մարդ էր հետևում` երկգույն հագուստով ու տարփանքից մշուշված հայացքով: Եվ Քրիստոսը մոտեցավ մարդուն ու ասաց` ձեռքը նրա ուսին դնելով.
- Ինչու ես հետևում այս կնոջն ու նայում նրան այդ հայացքով:
Մարդը շրջվեց և, ճանաչելով նրան, պատասխանեց.
- Ես կույր էի, դու ինձ բժշկեցիր: Ուրիշ ի՞նչ անեմ իմ տեսողությամբ:
Եվ Քրիստոսը մոտեցավ կնոջը.
- Դու մեղքի ճանապարհով ես քայլում, - ասաց նա:- Ինչ իմաստ ունի շարունակել:
Կինը ճանաչեց նրան ու պատասխանեց` ծիծաղելով.
- Ուղին այս հաճելի է, իսկ դու թողություն ես տվել իմ բոլոր մեղքերին:

Այդժամ Քրիստոսը զգաց, որ տխրությամբ է համակվում իր հոգին: Ցանկացավ թողնել այդ քաղաքը: Բայց հեռանալիս քաղաքի մատույցների մոտ տեսավ արտասվող մի երիտասարդի: Քրիստոսը մոտեցավ նրան և ասաց` մեղմ հպվելով նրա գանգուրներին.
- Ինչու ես լալիս, բարեկամս:
Երիտասարդը հայացքը բարձրացրեց ու ճանաչելով նրան` պատասխանեց.
- Ես մեռած էի, և դու ինձ հարություն տվեցիր: Ուրիշ ի՞նչ անեմ այս կյանքում:
·
- Ուզում եք ձեզ մի գաղտնիք ասեմ, - ասաց Ուայլդը մեկ ուրիշ անգամ Հերեդիայի մոտ: Նա ինձ տարել էր մարդաշատ սրահի անկյուններից մեկը:
- Այո, գաղտնիք, բայց խոստացեք չ մեկին չասել... Գիտեք ինչու Քրիստոսն իր մորը չէր սիրում, - վերջին խոսքերն ասաց ականջիս, կիսաձայն, ասես ամոթով: Նա կարճ դադար տվեց, ձեռքս բռնեց, հետո մի քանի քայլ ընկրկելով` հանկարծ բռնվեց անզուսպ քրքիջով.
- Որովհետև նա կույս էր...
·
- Ինձ դուր չեն գալիս ձեր շրթունքները, դրանք ուղիղ են, ինչպես երբեք սուտ չասած մարդու շրթունքները: Ես ուզում եմ ձեզ ստել սովորեցնել, որպեսզի ձեր շրթունքները անտիկ դիմակների շուրթերի նման գեղեցիկ ու փքուն դառնան:
·
Գիտեք` ինչ ասել է արվեստի գործ և ինչ ասել է բնության գործ, և ինչումն է նրանց տարբերությունը, որովհետև, վերջին հաշվով, նարգիզ ծաղիկը նույնքան հիասքանչ է, որքան արվեստի գործը: Գեղեցկությամբ չէ, որ դրանք տարբերվում են իրարից: Գիտեք` որն է տարբերությունը. արվեստի գործն անկրկնելի է: Բնությունը, որ տևական ոչինչ չի ստեղծում, կրկնվում է հար, որպեսզի իր արարչագործությունից ոչինչ չկորի: Բյուր նարգիզներ կան, ահա թե ինչու յուրաքանչյուրը մեկ օրից ավելի չի կարող ապրել: Եվ ամեն անգամ,  մի նոր ձև հղանալով, բնությունն անմիջապես ստեղծում է նրա կրկնակին: Ցանկացած ծովահրեշ գիտի, որ մեկ այլ ծովում կա իր նմանակը` մի ուրիշ ծովահրեշ: Եվ երբ բնությունը պատմության քառուղիներում արարում է Ներոն, Բորգիա կամ Նապոլեոն, կողքին դնում է նրա կրկնակին: Նրան չեն ճանաչում, հոգ չէ: Էականն այն է, որ նրանցից մեկնումեկը հաջողության հասնի, քանզի Աստված արարում է մարդուն, իսկ մարդը` արվեստի գործը:
·
Տառապանքը թերևս տանելի է, գուցեև անհրաժեշտ, բայց կարիքը, չքավորությունը` ահա թե ինչն է զարհուրելի: Այս ամենը եղծում է մարդկային սիրտը:
·
Արվեստում առաջին դեմք գոյություն չունի:
·
Հոգին Մարմնում արդեն ծերացած է ծնվում: Ծերանում է հանուն վերջինիս երիտասարդության: Պլատոնը Սոկրատի երիտասարդությունն է...  
·
Մի անգամ, երբ երկուսով մենակ էինք մնացել, նա հարցրեց.
- Ի՞նչ եք արել երեկվանից ի վեր:
Ու քանի որ այն ժամանակ կյանքս ընթանում էր անարգել, նրա պատմությունն իրենից ոչ մի հետաքրքրություն չէր ներկայացնում: Ես հնազանդորեն վերարտադրեցի ամենաաննշան իրադարձությունները` միաժամանակ նկատելով, որ խոսքերիս զուգընթաց Ուայլդի ճակատը մթագնում էր.
- Դուք իսկապես արել եք այս ամենը:
- Այո, - պատասխանեցի ես:
- Այսպիսով, ինձ ճշմարտությունն եք պատմել:
- Դե, իհարկե:
- Բայց ինչ իմաստ ունի վերապատմել այդ ամենը: Ինքներդ էլ տեսնում եք, որ ամենևին հետաքրքիր չէ: Հասկացեք, կա երկու աշխարհ` այն, որ գոյություն ունի առանց մեր խոսքերի և որը կոչվում է իրական աշխարհ, որովհետև այն տեսնելու համար խոսելու կարիք չկա: Մյուսը արվեստի աշխարհն է, որի մասին անհրաժեշտ է խոսել, այլապես այն գոյություն ունենալ չի կարող:



No comments:

Post a Comment