(ծնվ. 1954թ. Սլովենիա)
Հիչքոք հյուրանոցը
Նեղ ուղեգորգ սև շերտերով
և արյան հետքերով, բաց դռներ անբռնակ,
պլաստմասսե ծաղիկներ, ընդհանուր
լոգասենյակ և զուգարան, գարշահոտ վախի:
Հասակ առնելով այս տառապանքից`
ես գիտեմ դրանք թեթև տանելու ձևերը`
ներս է մտնում առաջին կինը, հետո երկրորդը`
դուստրեր, սիրուհիներ, քարտուղարուհիներ միգուցե:
Գիտես հեքիաթն իմ սիրելի:
Այն մեկը, որտեղ Ձայնն ասում է` Սպանիր Նրան:
Կին` Ոչ:
Ձայն` Ուրեմն սպանիր ինքդ քեզ:
Կին` Ինչպես:
Բաց թող նրան:
Վայրը, ուր կախաղան հանվեց
առաջին նախագահը
Շնորհակալ եմ, տեր, տխրության համար, որ պարգևեցիր ինձ,
երբ ուղեկցեցիր մինչև դուռս և նույնիսկ
թույլ տվեցիր ներս մտնել խուցն այն, ուր նրանք
կախեցին մեր նախագահին,
և ուր նրանք այժմ վանդակված շներ են պահում:
Ես լսում եմ նրանց հաչոցը, իսկ հետո նրանց ոռնոցը
մարում է մինչև լռություն, որի մեջ
բարձրացվեց գավը արծաթե,
մատուցվեց պատարագը վերջին` երկաթե դռան ետևում,
փշրվեց վերջին հացակտորը:
Շնորհակալ եմ, Տեր, ամոթի համար, որ պարգևեցիր ինձ,
երբ շնաբույծը առավոտյան տասին իր նախաճաշը
շինելի գրպանը խցկելով մեզ ցույց տվեց
կրաքարի շաղախափոսը`
հրաշալի վայր արևածագը դիտելու համար:
Անգլերենից թարգմանեց ՎԱՀԵ ԱՐՍԵՆԸ
No comments:
Post a Comment