Սյուզան Սոնթագ: Կուզենայի, որ Բորխեսը բացատրեր, թե իր համար ինչ նշանակություն ունի այն ազդեցությունը, որն այդքան շատ գրողների վրա է թողել, թեև չգիտեմ` իրականում պատկերացնում է արդյոք այդ ազդեցության չափը: Չէ՞ որ Բորխեսն իր սեփական ստեղծագործությունների շուրջ միշտ շատ համեստ է արտահայտվում…
Խորխե Լուիս Բորխես: Բնավ համեստություն չի, ես պարզապես առողջ եմ դատում: Ինձ զարմացնում է
իմ հայտնիությունը: Երբևէ դրա մասին չեմ մտածել: Հանկարծ նկատեցին ինձ, ու ես դադարեցի լինել այն անտեսանելի մարդը, որ մինչ այդ էի: Հիմա ես հարմարվում եմ հատնիությանը, այն ինձնից մեծ ջանքեր է խլում: Ինձ շատ է զարմացնում համընդհանուր մեծահոգությունը, երբեմն ինձ թվում է` ես անձնավորում եմ ոչնչի մի տարատեսակը այն սնահավատության, որն այժմ բավականին շատ է տարածված: Եվ ամեն պահ կարող է պարզվել, որ ես ինքնակոչ եմ: Բայց ինչ էլ որ լինի, եթե ես ինքնակոչ եմ, ապա անկախ իմ կամքից:
Սոնթագ: Դուք հաճախ հիացմունքով խոսում եք ուրիշ գրողների մասին, հատկապես անցյալի գրողների մասին:
Բորխես: Եվ հատկապես ամերիկյան անցյալի, որին ես այնքան պարտական եմ: Երբ ես մտածում եմ Նոր Անգլիայի մասին և հիշում այն հրաշալի մարդկանց, որ տվել է Նոր Անգլիան աշխարհին (աստղագետները, հավանաբար, ինչ-որ կերպ դա կբացատրեն)` Էմերսոն, Մելվիլ, Տորո, Հենրի Ջեյմս, Էմիլի Դիկինսոն և շատ ուրիշներ… նրանք չլինեին, մենք էլ չէինք լինի. ինչ-որ առումով մենք Նոր Անգլիայի այդ համաստեղության արտացոլանքն ենք:
Սոնթագ: Բայց սկզբում Դուք ավելի շատ անգլիական գրականությամբ էիք հետաքրքրված:
Բորխես: Այո: Առաջին վեպն իմ կյանքում Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆինն» էր, հետո ես կարդացի Պրեսկոտտի «Մեքսիկայի ու Պերուի գրավումը» ու մինչ այժմ շնորհակալ եմ նրանց: Ինձ թվում է` գրողների վրա ազդեցություն է թողնում մարդկության ամբողջ անցյալը և ոչ թե մեկ երկրի մշակույթ կամ մեկ լեզու, անգամ այն հեղինակներն են ազդում, որոնց նա չի կարդացել, և որոնք, սակայն, լեզվի միջոցով գալիս են դեպի նա. լեզուն գեղագիտական փաստ է և հազարավոր մարդկանց ստեղծագործությունն է:
Սոնթագ: Անգլոամերիկյանից բացի էլ որ գրականությունն է Ձեզ հետաքրքրում:
Բորխես: Դե, առաջին հերթին սկանդինավյան. սագաները, իսլանդական հին պատմությունները… Գիտեք, ամբողջ գրականությունն է հիասքանչ: Շատ տխուր կլինի պատկերացնել աշխարհը ասենք` առանց Վեռլենի, առանց Հյուգոյի, այլ կերպ ասած` ինչու քեզ զրկել ինչ-որ բանից: Ինչու դառնալ գրադարանային ասկետ: Գրադարանները տալիս են մեզ մշտական երջանկություն, հասանելի երջանկություն: Եթե ես լինեի Ռոբինզոն Կռուզոն, ինձ հետ կղզի կտանեի Բերտրան Ռասելի «Արևմտյան փիլիսոփայության պատմությունը», հավանաբար այն ինձ կհերիքեր: Չնայած շատ ավելի լավ կլիներ, եթե ինձ թույլ տային վերցնել ինչ-որ հանրագիտարան. ինձ նման հետաքրքրասեր մարդու համար լավագույն ընթերցանյութը հանրագիտարանն է: Թեկուզ հնագույնը` Պլինիան, կամ նորերից` Բրիտանականը կամ Եվրոպականը, բոլորն էլ արժեքավոր են ու թանկ:
Սոնթագ: Գրական որ ժանրով կուզենայիք հիմա զբաղվել:
Բորխես: Այն, ինչի վրա հենց հիմա աշխատում եմ: Ես գրում եմ կարճ բանաստեղծություններ ու պատմվածքներ: Դրանք ոչ միայն ինձ դուր են գալիս, այլ նաև ես հոգեպես կարիք ունեմ նվիրաբերվելու հենց դրանց, այլապես նրանք ինձ անխղճորեն կհետապնդեն: Եվ միայն աշխատանքը վերջացնելուց հետո ես կարող եմ ինձ թույլ տալ անցնել ինչ-որ ուրիշ բանի: Շուտով կհրապարակեմ մի գիրք, վերնագրված է «Երաշխիք», կներառի 30-40 կարճ գործ: Չգիտեմ` լավը կլինեն, թե չէ, արդյոք չեն թվա հավակնոտ…
Սոնթագ: Փոքր չափերը Ձեզ միշտ ավելի են գրավել…
Բորխես: Էդգար Պոն մի անգամ ասել է, որ բնության մեջ երկար ստեղծագործություն ընդհանրապես գոյություն չունի:
Սոնթագ: Բայց կարծեմ երկար պատմության պես մի բան կա, որ մենք վեպ ենք անվանում:
Բորխես: Որպես կանոն, այդ ժանրի հետ մրցամարտում ես միշտ տանուլ էի տալիս… Բացառություն են «Դոն Կիխոտը», Քոնրադն ու Դիկկենսը: Իսկ ընդհանրապես նույնիսկ ամենահայտնիները, ինչպիսիք են, օրինակ` Թեքերեյի կամ Ֆլոբերի վեպերը, տանել չէի կարողանում: Չնայած, ափսոս…
Սոնթագ: Մեր Ժամանակի ամենահետաքրքիր ֆենոմեններից մեկն էլ ճապոնական գրականության հանդեպ համընդհանուր ուշադրությունն է:
Բորխես: Այո, ես ինքս էլ հիմա ճապոներեն եմ փորձում սովորել. շատ բարդ է… Արևմտյան լեզուները հեռու են այդ լեզվից ճիշտ այնքան, որքան իսպաներենը գուարանից: Ճապոներեն լեզուն շատ հարուստ է նրբերանգներով, հենց այդ պատճառով էլ կարող ես միևնույն հոկկուի մի քանի թարգմանություններ կարդալ, որոնք միևնույն ժամանակ շատ տարբեր կլինեն և շատ ճիշտ: Իսկ պատճառն մեկն է. բնօրինակը իմաստուն կերպով միանշանակ չի (ինչպես Հենրի Ջեյմսի արձակը):
Սոնթագ: Կարծում եմ` ճապոնական գրականության մեջ ամենահետաքրքիրը մանրանկարչության ձգտումն է:
Բորխես: Եվ ակնթարթի արժևորումը. հոկկուներում դա միանգամից աչքի է ընկնում: Կարծես միայն մի նպատակ ունեն` կանգնեցնել ակնթարթը: Նաև ուշադրություն եմ դարձրել մետաֆորի բացակայությանը: Տպավորություն է ստեղծվում, որ ճապոնացիների համար ամեն մի երևույթ, առարկա ունիկալ է. ոչ ոքի ու ոչ մի բան չի կարելի համեմատության մեջ դնել: Եվ ահա, խնդրեմ, հակադրությունը:
Սոնթագ: Ուզում եք ասել, որ մետաֆորի ֆունկցիան ակնթարթը երկարացնելն է:
Բորխես: Անշուշտ: Եվ դա էլ, կարծում եմ, հակադարձում է հենց ճապոնական գրականության մեջ ակնթարթը կանգնեցնելու ձգտմանը:
Սոնթագ: Գրողների մեծ մասը մշտապես դժգոհում են, թե որքան դժվարությամբ են գրում...
Բորխես: Ես կասեի հակառակը` անտանելի կլիներ չգրելը, իմ դեպքում` նույնիսկ անհնարին:
Սոնթագ: Անկասկած: Բորխեսը բացառություն է: Հաճախ մտածում եմ` գրող լինելը եզակի և շատ տարօրինակ կոչում է: Գրեթե բոլոր գրողները, որոնց ես ինչ-որ չափով գիտեմ (ներառյալ նաև ինձ), դեռ վաղ տարիքից գիտեին` ինչ են ուզում դառնալ:
Բորխես: Համենայն դեպս Քոնրադն ու Դե Քուինսին գիտեին, ես էլ միշտ գիտեի (համեմատության կարգով չեմ ասում), որ իմ ճակատագիրը գրականությունն է: Ես գիտեի, որ կապված եմ լինելու գրականության հետ. կամ որպես գրող, կամ որպես ընթերցող:
Սոնթագ: Իսկ երբևէ մտածել եք հրատարակելիք գրքերի մասին:
Բորխես: Երբեք չեմ մտածել: Մտածել եմ ընթերցելու վայելքի և գրելու վայելքի մասին, բայց հրատարակելու… չէ, երբեք:
Սոնթագ: Իսկ մտածում եք, որ կարող էիք դառնալ ասենք` Էմիլի Դիկինսոնի պես, գրող, ով կյանքի ընթացքում ոչ մի բան չհրատարակեց:
Բորխես: Այո, բայց անխոհեմ քայլն արվել էր: Մի անգամ Ալֆոնսո Ռեյեսին հարցրեցի ` ինչի ենք մենք տպագրվում, ասաց` մենք տպագրում ենք մեր ստեղծագործությունները, որ մեր ամբողջ կյանքը անվերջ չվատնենք սևագրերի վրա: Կարծում եմ` շատ ճիշտ ասաց: Ամեն անգամ, երբ լույս է տեսնում իմ գիրքը, ես չեմ փորձում իմանալ` ինչ է նրա հետ լինում, բացարձակապես ոչինչ չեմ կարդում այն ամենից, ինչ նրա մասին գրվում է, չեմ իմանում պահանջարկ ունի, թե ոչ: Ես փորձում եմ ուղղակի երազել մի ուրիշ բանի մասին և նոր գիրք գրել, լրիվ ուրիշ գիրք: Բայց, որպես կանոն, ամեն հաջորդ գիրք նախորդին շատ նման է ստացվում:
Սոնթագ: Մի անգամ Վալերիին հարցրեցին, թե ոնց է իմանում, որ ստեղծագործությունն ավարտված է, ու նա պատասխանեց` երբ գալիս է հրատարակիչն ու այն տանում:
Բորխես: Ինձ միշտ զարմացնում է, երբ խոսք է գնում վերջնական խմբագրման մասին: Միթե կարելի է ենթադրել, որ հեղինակը երբևէ անտեղի չի համարի ինչ-որ կետ կամ մակդիր: Ուղղակի անհեթեթություն է:
Սոնթագ: Ես էլ եմ զգում, որ կուզենայի նորից գրել այն, ինչ արդեն գրել եմ:
Բորխես: Իսկ ես կուզենայի ոչնչացնել այն ամենը, ինչ գրել եմ: Ավելի շուտ, ես հաճույքով կփրկեի միայն մի գիրք` «Ավազի գիրքը», գուցե նաև «Գաղտնագիրը»: Մնացածը կարող է և պետք է մոռացվի:
Սոնթագ: Պոեզիայի ու արձակի տարբերության մասին Բորխեսն ինչ է մտածում:
Բորխես: Մտածում եմ, որ հիմնական տարբերությունը գալիս է ընթերցողից, ոչ թե տեքստից: Արձակի էջերից ընթերցողն ակնկալում է նորություններ, ինֆորմացիա, դատողություններ, բանաստեղծություն կարդացողն իր հերթին գիտի, որ այն ազդեցություն է թողնելու իր զգացմունքների վրա: Հենց տեքստի մեջ ոչ մի տարբերություն չկա, դրանք ընթեցողի մեջ են, ընթերցողական տարբեր կարգավորումներ կան: Կարծում եմ` դասականը հատուկ գրված գիրք չի, այլ գիրք է` ընթերցված հատուկ ձևով:
Սոնթագ: Այսինքն` Դուք իրոք հավատում եք, որ ընթերցողների տարբեր տեսակներ կան:
Բորխես: Որքան ընթերցող աշխարհում, այնքան էլ ընթերցողի տեսակ: Ճիշտ այդպես ես հավատում եմ, որ պոեզիայի կամ արձակի ամեն էջ անկրկնելի է:
Սոնթագ: Դե այդ դեպքում եկեք աջակցենք ընթերցող հանրության մեծացմանը:
Բորխես: Մանավանդ, որ այդ կարգի մարդկանց սպառնում է անհետացումը: Հիմա գրողները շատ են, ընթերցող չկա: Եկեք ընթերցողների աղանդ ստեղծենք կամ Ընթերցողների գաղտնի հասարակություն…
թարգմ. ռուսերենից հասմիկ սիմոնյանը
2010թ.
թարգմ. ռուսերենից հասմիկ սիմոնյանը
2010թ.
No comments:
Post a Comment