«ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ ՇԱՏ ԶԻԼ ԲԱՆ Է ԹՎՈՒՄ, ՀԱՃՈՒՅՔՈՎ ԿՄԱՍՆԱԿՑԵԻ»

«Ես իրականում տանել չեմ կարողանում այն մարդկանց, ովքեր խոսում են, ես սիրում եմ կարդացող մարդկանց, որովհետև ինքս ձանձրալի զրուցակից եմ…»,- ասում է երիտասարդ բանաստեղծ ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԸ: «hs-poetry» բլոգի հիմնադիրն է: Հեղինակ է բանաստեղծական երկու ժողովածուի («Լուսնոտ բառեր», «Թափթփված սենյակներ»): Արժանացել է գրական մի շարք պարգևների ու մրցանակների («Փոքրիկ իշխան» մրցանակի, Հրանտ Մաթևոսյանի անվան կրթաթոշակի, գրականության բնագավառում հանրապետության նախագահի Երիտասարդական մրցանակի և այլն): ՀԳՄ անդամ է դարձել 20 տարեկանում (2007 թ.):

-«Եթե քեզ թվում է, թե դու մենակ ես աշխարհում, միայն քեզ համար է անձեռնտու պոեզիայով զբաղվելը. փող չի բերում, դու սոված ես ու գրելու ժամանակ չի մնում, աշխատանքից դուրս ես գալիս, որ գրականությամբ զբաղվես, ապա պարզվում է, որ աշխարհի ևս 60 երկրների երիտասարդ գրողներ նույն խնդիրներն ունեն»: Միջազգային գրական խորհրդաժողովից վերադարձել էիր այս մտորումներով: Հասմիկ, խնդիրը կարծես ոչ միայն «ամենուրի» մասին է, այլև բոլոր ժամանակների…

-Ես չգիտեմ, եթե դպրոցից տուն շտապող 18-ամյա Ֆրիդան սեպտեմբերյան էդ օրը 382 համարի ավտոբուսում չլիներ ու կարողանար երեխաներ ունենալ, արդյո՞ք իր ցավն այդքան ազնվորեն հմայիչ կլիներ, կդառնա՞ր հեղափոխական-կոմունիստ, կփորե՞ր իր ներսը այդքան մոլեգնորեն ու կրքոտ` գտնելու համար մարդուն և ծնելու սերը ամեն անգամ նույն տղամարդու տեսքով ուրիշներից հետո… Պերեդելկինոյում, երբ Կոլյան, ամեն ինչ մոռացած, Բրոդսկի ու Ցվետաևա էր անգիր ասում, աչքս ընկավ իր ծակ կոշիկներին և հնամաշ շալվարին, երբ ես ոտքով իջնում էի քաղաք ու բարձրանում տուն, ուզում էի թռչել… Մի բանաստեղծություն ունեմ էսպես է սկսվում.
«Ամենուր նույն մարդիկ են ապրում
միայն շներն են տարբեր ձև մրսում տարբեր քաղաքներում…

դե իսկ պոետների ու շների ազգակցական կապը ինձնից առաջ էնքան մարդիկ են հաստատել, կրկնելու կարիք չկա»:

-Քո պոեզիայի մեջ ակնհայտ է ժամանակը… «Արամ Պաչյանը», «քոմենթներն ու քլիք-ը», «ընթերցող չունենալու միզանտրոպությունը», «զանգի սպասող աղջիկը», որ «երկիր մոլորակի ամենասովորական եկեղեցիներից մեկում Աստծուն ներկայանում է ամենատխուր աղոթքով և նոր սանրվածքով»… Բայց, մյուս կողմից, ամեն ինչ նույնն է` սերը, քաղաքը, մենակությունը: Ի՞նչն է փոխվել, եթե ինչ-որ բան, իհարկե, փոխվել է այս «տեխնո» դարում:

-Մեզ միշտ թվում է, թե այս ժամանակը, որի ստեղնին կանգնում ենք` ծլնգացնելու մեր մարմնի պատմությունը, անկրկնելի է, այնինչ հազար անգամ կրկնված երաժշտություն է. ժամանակն ընդամենը նրբերանգ է ավելացնում:

-Քանի որ մեր դարից խոսեցինք, կա մտավախություն, թե մի օր գուցե մեր ստեղծած ռոբոտները ղեկավարեն մեր կյանքը… Մտածե՞լ ես աշխարհի վերջի մասին:

-Երբ Ոդիսևսն ու իր ընկերները երկար նավարկումից հոգնած` մի կղզի են տեսնում, իջնում են, խարույկ են անում, որ տաքանան ու ընթրեն, հանկարծ կղզին դղրդում է սարսափաձայն. պարզվում է` իրենց գտած կղզին քնած կետաձուկ էր: Սարսափահար փախչում են, որ կեր չդառնան: Ինձ թվում է` արվեստի տնեցիները միշտ նման «կղզիների» վրա են ծնվում ու ամեն օր ապրում են իրենց վերջին օրը: Բացի այդ, էս օրերին այնքան շատ են էդ թեման ծամում` է՛լ նկարելով, է՛լ գրելով, ուղղակի ասել-խոսելով, որ ուղղակի անհետաքրքիր է: Իսկ ինքնին աշխարհի վերջը շատ զիլ բան է թվում, հաճույքով կմասնակցեի:

-Մինչ հին ու նոր սերունդները կռիվ են տալիս, Հասմիկ Սիմոնյանը նկատում է` «պտուղը ծառից հեռու չի ընկնում»: Ամեն դեպքում: Քննադատներդ (կամ հակառակորդներդ) ո՞ր բանակից են ավելի շատ:

-Եթե արվեստի մեջ դիմացինը հակառակորդ է, կապ չունի տարիքը, պարտության հոտ է գալիս, տխրելու առիթ է, իսկ քննադատելու համար ոչ միայն ավելի ջանք ու եռանդ է պետք, այլև ստիպված են կարդալու, թե ինչ ես գրում: Այսօր քննադատությունը կերպափոխվել է բամբասանքի, իսկ բամբասանքը տարիք չի ճանաչում:

-Մրցակից ունե՞ս: Ասում են` աղքատ է պոեզիայի դաշտը:

-Մրցակիցներ չունեմ, կան ստեղծագործողներ, որոնց հետ ոչ թե կուզեի մրցակցել, այլ բանավիճել, խոսել, գրել: Եթե մի քանի տարի առաջ ասում էինք` սերունդ չկա, հիմա արդեն այն կա, բայց դեռ լռում է: Երևի բնականոն է: Նրանք, ովքեր էդպիսի տխմար արտահայտություն են իրենց թույլ տալիս, թե աղքատ է պոեզիայի դաշտը, ընդամենը սեփական անտեղյակությունն են մատնանշում: Համոզվելու համար կարող են իմ բլոգի` hs-poetry.blogspot.com «արդի հայ գրակ» բաժինը մտնել ու գոնե անուն առ անուն հաշվել:

-Թարգմանվե՞լ են գործերդ, այսօրվա մեր գրականությունն ասելիք ունի՞ աշխարհին:

-Թարգմանվել եմ ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն: Թող բնավ մեծամիտ չհնչի ասածս. մենք ունենք մրցունակ գրականություն, այս տարի մի քանի երկրներում եղա և, ամեն անգամ շփվելով ամենատարբեր տարիքի գրողների հետ, կրկին համոզվում էի, որ մենք ընդամենը թարգմանական դպրոցի պակաս ունենք: Ի դեպ, սա շատ տարածված խնդիր է ԱՊՀ երկրներում, իրականում մեր գրականության վիճակն այդքան էլ վատ չէ։ Երբ ես պատմում էի, որ, օրինակ, ունենք «Գրեթերթ» երիտասարդական թերթը, «Գրանիշ» ամսագիրը, մանկապատանեկան «Ցոլքեր» խմբակը` համանուն ամսագրով, ու թե տարվա կտրվածքով ինչ միջոցառումներ ենք արել, մեզ իրոք նախանձում էին, շատ շատերը մեզնից 5-6 տարով հետ են: Գրողները հիմնականում լրագրությամբ են հաց վաստակում, գրքերը վատ են տպվում, չեն թարգմանվում: Սա ԱՊՀ-ում, մեզ հույս տալու համար, իսկ, օրինակ, Ֆրանսիայում, բնականաբար, ուրիշ էր։ Այլ հարց է` մենք կշարունակե՞նք ողբալ, որ շատ վատն ենք, բայց ձգտենք լավին, թե՞ բավարարվենք նրանով, որ ամենավատը չենք։ Էս դեպքում աշխարհի վերջին ավելի եմ հավատում:

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ


Իրավունք de facto

No comments:

Post a Comment