ՄԱՍԻՆ ԱԶԱՏ ԺԱՄԱՆՑԻ ԿԱՄ ՊՈԵԶԻԱՅԻ

Տիգրան Կիրակոսյան - Ես հիմար ու տգետ մարդ եմ: Կբացատրես ինձ` ինչ է պոեզիան:
Հասմիկ Սիմոնյան - Թխի, թող գա, Տիկ, ես էլ: Մի անգամ Հովհ. Գրիգորյանը էս հարցին պատասխանել էր էսպես` պոեզիա է այն, ինչ գրում եմ ես և ինչ դեռ գրելու եմ: Ես էլ ասում եմ` պոեզիան ես եմ` հիմար, տգետ, թերություններով, խակ, կիսահաս, աճելու ճամփին, արդեն աճած, քար ունես, գցիր վրաս: Երեկ մալականների այգուց գալուց մի ծառ տեսա, վրան թուղթ էր կպցրած` ծարավ եմ, ջրեք ինձ: Ես ասում եմ` քար ունես, շպրտիր վրաս, հանգստացիր: Ի դեպ, քար ունե՞ս:
Տ.Կ. - Եթե գցելու լինեի, քար չէի գցի, այլ բառ: Բառը քարից պինդ է, եթե ճիշտ է օգտագործված: Հարմսն էր ասում` բառն այնքան ամուր պիտի լինի, որ երբ շպրտես պատուհանի վրա, այն ջարդվի: Իսկ եթե պատկերացնենք, որ պոեզիայի մեջ ամեն բառն է էդպիսին, ուրեմն բանաստեղծությունը, լավ բանաստեղծությունը, ստացվում է մի ամբողջ զինանոց, թնդանոթային համակարգ: Բայց ու՞մ դեմ ուղղված… Հիմա ովքե՞ր են համաձայն թիրախ լինելու և ինչո՞վ է պայմանավորված ինչ-որ մի խելառի ինքնակամ համաձայնությունը` կրելու իր վրա պոեզիայի հարվածները: Նա չի՞ կարողանում նորմալ կյանքով ապրել, թե± նրա ապրելու բարձրագույն ու միակ հնարավոր ձևն է դա: Ի վերջո պոեզիան վարա՞կ է, թե՞ դեղ, միգուցե թո՞ւյն է…Հապա ինչու՞ ես դու կենդանի…Կամ միգուցե կենդանի չես…Մեռա՞ծ ես…
Հ.Ս. - Պոեզիան, արվեստը միշտ էլ եղել և մնում են պայթյունավտանգ: Ուղղված են ոչ թե դեմ, այլ կասեի` համար: Մարդկանց դեմ մարդկանց համար:
Ջոնաթան Լիվինգսթոն ճային հիշո՞ւմ ես: Երբ մայրն ասում է` այնպես թռչիր, որ կեր գտնես, որդիս, ամբողջովին փետուր ու ոսկոր ես դարձել, իսկ նա թռչում էր, որովհետև ուզում էր հասնել գեղեցիկ թռիչքի: Նա ուրիշ ճայ էր:
Մեռած եմ այնքանով, որքանով որ կամ: Մարմինը ընդամենը ներկայանալու միջոց է, պոեզիան` տեղ հասցնելու փոխադրամիջոց:
Տ.Կ. - Ուղղակի հայտնի կամ անհայտ հնարքներով պոեզիան միշտ այնտեղ է հասցնում, ուր դու կամ չես եղել կամ եղել ես նախորդ կամ հաջորդ կյանքերում…Եթե մի օր վերևից երկնաքար ընկնի, ի՞նչ է լինելու արվեստի վիճակը, ի՞նչ են մնալու պոեզիայի լավագույն նմուշներից…Միթե բոլոր այդ անքուն գիշերները կարող են ի չիք դառնալ մի քանի կիլոմետրանոց քարի ու պոեզիա ստեղծած մեր հողագնդի` բավականին ոչ պոետիկ համբույրից: Չնայած, գիտես, մեկ-մեկ ինձ թվում է, որ այդ երկնաքարն արդեն ընկել է մոլորակի վրա, բայց ոչ թե երկնքից, այլ աշխարհի ներսից, հասարակության կենցաղից, մարդկանց ժամանակակից կյանքից առաջացած երկնաքարը… Մի քանի ընտրյալ ասեմ, ինչ ասեմ, դեռ շարունակում են գրքեր թերթել ու ապուշի պես կանգնել Գրեկոյի, Վան Գոգի նկարների առաջ, շարունակում են մեն-մենակ տանը գոռալով Բրոդսկի ու Օդեն կարդալ` ազդելով հարևանի նյարդերի վրա, նույնիսկ փորձում են ինչ-որ բան ստեղծել` միամտորեն հավատալով, որ դա ինչ-որ բան արժի մեր ժամանակակից աշխարհում, մինդեռ այդ աշխարհը, ինչպես ինձ է թվում, հիմա ընթանում է էնպիսի ճանապարհով, որի վրա մի զույգ գուլպան ավելի ծանր կշիռ ունի, քան բանաստեղծական տողը, ինչու չէ նաև ժողովածուն…Այսքանից հետո մելամաղձոտ ժպիտով ես հիշում Ակուտագավայի խոսքերը, թե Բոդլերի մի տողը մարդկային մի ամբողջ կյանք արժի…Ես չեմ ուզում որոշել, թե մեր օրերում օբյեկտիվորեն ինչ արժի Բոդլերի, Ֆրոսթի կամ Ցվետաևայի մի տողը, դա յուրաքանչյուրն ինքն է որոշում, միայն կարող եմ ասել, երբ դուրս եմ գալիս քաղաք ու նայում մարդկանց, ուզում եմ պատասխանել Ակուտագավային` այո, դու ճիշտ ես: Եվ դրա մեջ ոչ այնքան չարություն կա, որքան ցանկություն, որ ես առիթ չունենայի դա ասելու: Ի վերջո պոեզիան նրա համար չի, որ նվաստացնի այն ամենը, ինչ պոեզիա չի, այլ նրա համար, որ վեհացնի, բարձրացնի, գոնե տարվա մեջ մի անգամ…Հիմա պոեզիան, եթե կուզես` մի ճայ է, որ թռչում է հեռվում ու չի ցանկանում ներքև իջնել. հիմիկվա սրտերը նրան չափազանց նեղ են թվում ապաստան գտնելու համար:
Հ.Ս. – Երբ բուդդան իր աշակերտներին նկարագրում էր, թե ինչ է մեդիտացիան, բացատրում էր, որ մարմինը մնում է նույն տեղում, հոգին է առաջ շարժվում: Պոեզիան տանում է ոչմիտեղ, պոեզիան բերում է քեզ քո մոտ: Վատ կլինի, եթե մի օր երկնաքար ընկնի, ավելի վատ կլինի, եթե դա մոտ օրերս լինի, բայց շատ ավելի վատ կլինի, եթե երկնաքարից կիկոսի պատմությունը սարքենք, ու երկնաքար-չծնված երեխան դառնա մեր գերեզմանաքարը: Չնայած ամեն մեկս էլ երկնաքար է, ես երկնաքար եմ, որովհետև չեմ արդարացնում ծնողներիս հույսերը, հարևանս երկնաքար է, որովհետև ամեն իրիկուն արևածաղիկ չրթելու ժամանակ ունի, գիրք կարդալու` ոչ, և այլն, և այլն: Զահրատի տողերը հիշեցի`
երկիրը դժբախտներու պէտք ունի
որպէսզի երջանիկներ յոխորտան անոնց վրայ
իսկ երջանիկները, որպես կանոն, միշտ կուշտ են, Տիկ, իսկ նրանք, ովքեր ստեղծում են, դեռ Վինսենթն է ասել` կիսով չափ մեռած են: Ու եթե փորձի համար մրգի թանկության էս օրերին իրար կողքի դնես, դեղձ վաճառես ու նույն գնով պոեզիա, հաստատ միրգ ծախողը օրվա վերջում կշահի: Պոեզիան մեռավ: Կեցցե պոեզիան:
Տ.Կ. – Հետաքրքիր է` պոեզիայի հետ ինչն է մեռնում` մարդը, թե՞ նրա միջի աստվածը: Հին Հունաստանում պոետին եթե չէին էլ նույնացնում աստծու հետ, ապա համարում էին մյուսներից բարձր կանգնած մարդ, աստծու խոսքը բերող, հոգիներ լուսավորող անձ… Աշխարհն առաջադիմել է, մարդիկ ավելի երկար են ապրում, կարճ ժամանակում մոլորակի մի ծայրից հասնում են մյուսին, ըստ վիճակագրության էլ` տղամարդկանց առնանդամները այժմ ավելի մեծ են, քան առաջ…իսկ պոեզիան, դե բառեր, բառեր, բառեր…Ում են դրանք պետք: Հիմիկվա վայրենի արագությամբ շարժվող աշխարհում բառերն ավելի, քան երբևէ չափազանց մեծ ուշադրություն են պահանջում հասկացված լինելու համար: Հնարավոր չի վազելով ճիշտ կրակել, հնարավոր չի վազելով կարդալ: Վազելով հնարավոր է միայն վազել, ուտել ու սեքս անել: Մենք զարգացած աշխարհ ենք, և այն, որ պոեզիան մեր վազքով թողել ենք հետևում, կարծես թե մեզ պատիվ է բերում: Մենք ամեն ինչի համար փոխարինող գտնում ենք, բնությունը` կաղնեծածկ սաունաներով, սերը` պոռնոկայքերով, երևակայությունը` միանգամյա ֆիլմերով, դե իսկ պոեզիան…պոեզիան կարծես փոխարինման կարիք էլ չունի: Բայց նա մեռած չի, թուլ տուր նկատել, նա ուղղակի փակ է: Նրա համար պետք է պատրաստված լինել: Անատամ հոգին չի կարող պոեզիայով սնվել: Ի±նչ ունենք մենք այսօր. լավագույն դեպքում միագիծ անկեղծություն, իսկ հիմնականում` սարքովի վիճակներ: Ես կուզենայի մեկընդմիշտ պարզել` պոեզիան արտահայտվելու համար չի, պոեզիան ճիշտ ու լավ արտահայտվելու համար է, նաև մտածելու ու հաղթահարելու: Այսօրվա պոետը հուսալու ոչինչ չունի, եթե անկեղծ է: Նրան մնում է փակվել ու իր թիկունքում կանգնած դևերի հրահրումներով շարունակել գրել: Նրան չեն լսում, չեն վստահում…նրա կարիքը չունեն: Հաճախ նա ինքն էլ իր կարիքը չունի: Բայց նա շարունակում է ապրել, որովհետև որոշ տողեր ծնվելու կարիք ունեն: Մարդիկ ծնվում են, որ մեռնեն, տողերը ծնվում են, որ հաղթեն մահը: Նա, ով պոեզիայի կարիք ունի, գիտի, որ մի օր մեռնելու է և այնքան շատ է սիրում կյանքը, որ ուզում է մեռնել: Առանց մարդկանց պոեզիայից մնում են տողեր, առանց պոեզիայի մարդուց մնում են ստամոքս, կոկորդ և սեռական օրգաններ, որ ինքնին վատ բան չի, բայց դե…
Հ.Ս. - դե նաև ասում են` աստված հումոր արեց ու ստեղծեց մարդուն… Վերջերս աշխատանքափնտրտուքի ոլորաններում մի հայտարարություն գտա ու գնացի: Հաճելի կին էր, հարցազրույցն էլ նրբիկ էր ու թրթռուն, մի դրվագ հիշեցի, հարցրեց` մարդուն ինչ է պետք, ասացի` առողջություն, ասաց` էսօրվա մարդուն, ասացի` ինտելեկտ, ասաց` դե չէ, ապրելու համար: Մի խոսքով փող էր պետք, չասացի: Պոեզիան իրոք փակ է, ամուր փակված ռուսական հեքիաթի Կաշչեյ Անմահի պես, յոթ սարի ետևում, քառսուն գազ խոր մի տեղ, բայց դե ողբալը հեշտ է և կուրծք ծեծելն էլ անիմաստ: Պոեզիան բաց է ընտրյալների համար, ում պետք է, կգա պոեզիայի ետևից ու չի ասի` թող պոեզիան գա իմ դուռը, ծնկաչոք խնդրի` կարդա ինձ էլի, գոնե մի երկու տող, տես ինչ լավն եմ ու իսկը քեզ համար: Եթե մարդուց վերցնես մշակույթը, տակը շատ բան կմնա, բայց մարդ չի մնա, լավ ասացիր` անատամ հոգի, նաև պրոթեզներով մարմին, հանովի-դնովի սիրտ: Ռոզոնովի ասած` քաղաքակրթությունը փողոցներում չէ, քաղաքակրթությունը սրտում է: Իսկ մեր սրտերը լցված են ճիշտ բարձրահարկ շենքերի ուշ մաքրվող աղբատարի նման, մի առակ հիշեցի. մի պրոֆեսոր գալիս է ճապոնական ուսուցչի մոտ` ձեն ուսմունքն ուսումնասիրելու: Ուսուցիչը թեյ է պատրաստում և լցնում հյուրի բաժակի մեջ: Բաժակը լցվում է, սակայն ուսուցիչը շարունակում է լցնել: Պրոֆեսորը մի որոշ ժամանակ նայում է, թե ինչպես է թեյը թափվում, հետո, այլևս չդիմանալով, բացականչում է, որ ախր բաժակը լցվել է, նրա մեջ էլ ոչինչ չի լցվի: Ուսուցիչն ասում է` ինչպես այս բաժակը, Դուք ևս լցված եք Ձեր սեփական պատկերացումներով ու տեսությամբ, ես ինչպես կարող եմ Ձեզ ցույց տալ, թե ինչ է ձենը, քանի դեռ չեք դատարկել Ձեր բաժակը:
Հիմա մեր կողքի ապրող մարդիկ են, նրանց մեջ 21-րդ դարն է խցկվել բջջայիններով, նոր տեսակի սարքավորումներով և պոեզիային, արվեստին մնում է <<ազատ ժամանց>> բնորոշումը, իսկ մարդիկ, ինչպես արդեն նշեցի, շատ զբաղված են, շատ-շատ զբաղված: Տան կահավորումն այսօր ավելի կարևոր է, քան հոգու կահավորումը: Իսկ վերադառնալով մեր ոչխարներին, այսինքն` պոեզիային, համաձայնվեմ, որ էսօրվա չարաշահվող անկեղծությունից նեխահոտ է գալիս, նաև ասելիքի բացակայության փոխարինման ճարպիկ ձև, խաբկանք, իմիտացիա: Պատկերը լավ բան է, եթե ինքնանպատակ չի, ունի ասելիք: Բայց ինչ ասելիքի մասին է խոսքը, երբ էսօր դպրոցականի նման իրարից <<արտագրելու>>, մեկի պատկերը վերցնելով, մի բառ ավելի-պակաս դարձնելով, հանգին չտիրապետած, հանգն ու ռիթմը չմարսած, նույնաբառ, բառամթերքի կրիզիսով տառապող վերլիբր, հա վերլիբր: Անուն-ազգանունը հանես, չես իմանա` որն ում գրածն է: Բայց ավելի հետաքրքիր էր այն, որ համացանցում պարզվեց մարդիկ կան, ովքեր փնտրում են ու չեն գտնում, ովքեր գտնելու դեպքում ուրախանում են (չմոռանանք, որ մենք հայ ենք, իսկ հայերը հյուրասեր են, բարի ու նախանձ): Լավ է նաև այն, որ կան ուրախացողներ, որոնք սիրում են նաև հեղինակներին ուրախացնել, մասնակցել բացօթյա կազմակերպած քննարկումներին, համացանցային քննարկումներին, որտեղ իհարկե գովք առ հեղինակն ավելի շատ է, քան այն, ինչ կարելի էր ավելի դիպուկ ասել, բայց դե սա սկիզբն է, իսկ սկիզբը միշտ բարի է` անկախ երկրի տարածքից ու ապրող մարդկանցից:
Տ.Կ. - Մենք կամ հավեսով գովում ենք իրար կամ հավեսով ցեխոտում: Մենք չենք հասկանում իրար: Դրա համար պետք է դուրս գալ սեփական մանր-մունր ամբիցիաների տարածքից ու հայացքը ավելի հեռուներից ձգել, որոնց մասին գաղափար չունենք: Ես չգիտեմ` ինչ է կատարվում այլ երկրներում, ինչքանով են նրանք մշակութային, քաղաքակիրթ, բայց իմ նյարդերի վրա ազդում են նրանք, ովքեր սփոփվում են` ասելով` դե ամբողջ աշխարհում է էսպես, ասես իրենք եղել են բոլոր երկրներում և մանրազնին ուսումնասիրել այնտեղի կյանքն ու կեցությունը: Կամ եթե նույնիսկ ամբողջ աշխարհում է էսպես, եթե ամբողջ աշխարհն է աղբի մեջ, միթե դա պիտի մեզ հանգստացնի, որ մենք էլ անմասնակից չենք այդ ամենից… Ի՞նչ պատկերացում ունենք մենք աշխարհից ու դրսի մշակույթից. մի քանի տխմար ֆիլմ, սերիալ, կլիպ ու վերջ: Համարում ենք, որ յուրացրել ենք համաշխարհային մշակույթը: Իսկ մեր հյուրերին կոնյակից, Գառնու տաճարից ու բազմագույն հրավառություններից բացի ցույց տալու ուրիշ ոչինչ չունենք…կամ, որպեսզի շատ միագիծ չհնչի, կարծում ենք, թե չունենք: Մենք ուղղակի չգիտենք մեր դերն ու նշանակությունը համաշխարհային մշակույթի մեջ: Աշխարհում մշակութային ինչ-որ տեղ ունենալու համար պիտի նախ ծանոթ լինել նրա մշակույթին: Մեր լավագույն դասականները գրեթե բոլորը կրթվել են դրսում, և դրսի հողի վրա  ստեղծել մերը: Հիմա կատարվում է ճիշտ հակառակը. մենք մեր հողի վրա ստեղծում ենք դրսինը, այն էլ վատագույն` կապկած տարբերակով:
Հ.Ս. – Հայերիս լավ բնորոշող մի ասացվածք կա` հարևանի հարսը ավելի սիրուն է: <<Գարուն>> ամսագրի վաղուցվա մի համարում Գրիգոր Հակոբյանն ու Վարուժան Այվազյանը խոսում էին գրականության խնդիրներից, Գ.Հ.-ն դիպուկ ասաց, որ մենք սիրում ենք օտար անուններ բերել մեր խոսքը հաստատելու համար: Արդյոք դա մեր տեղյակությունն է, թե՞ անվստահությունը սեփական կարծիքի շուրջ: մի բնորոշում էլ հիշեցի` գնա մեռի, արի սիրեմ: Գնահատել խուսափում ենք ժամանակակցին, խուսափելուց զատ նաև քամահրանքով վերաբերում արածին` գնահատանքի բեռը գցելով ժամանակի ուսերին: Արդյո՞ք էդ անտարբերության պատճառով չի նկարիչ Տիգրան Կիրակոսյանը այսօր գրում պատմվածքներ, բանաստեղծությունների մեկ հրաշալի գիրք տպած Նարինե Ավետյանը զբաղվում լրագրությամբ, կոմպոզիտոր Հովհաննես Մանուկյանը նվագում ռեստորանում, կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը նկարում գովազդներ և այլն: Քթից էն կողմ չտեսնելն էլ նման է քո կամքով քեզ ճահիճ կամ փտած ջրափոս դարձնելուն: Ընդսմին չմոռանալով բողոքել, թե մատնված է անուշադրության. կկուն հոտած է, գիտի, թե բույնն է հոտած:
Տ.Կ.- Դա առաջ էր` գնա մեռի, արի սիրեմ, հիմա այլ է` գնա մեռի ու էլ մի արի: Այո, հենց միջավայրի անտարբերությունն է պատճառը, որ արվեստագետները իրենց հասունացման ճանապարհին կամ թողնում են իրենց կոչումն ու զբաղվում ավելի շահութաբեր գործով կամ միջոց չունենալով` փնտրում ինքնարտահայտման այլ ուղիներ, որոնցից ամենաէժանը գրելն է` թուղթ ու գրիչ: Բայց կոնկրետ ինձ համար գրելն այլընտրանք կամ հոբբի չի: Եթե մի բան ես անում, պիտի փորձես անել լավագույնս, պրոֆեսիոնալ մակարդակով` անկախ նրանից դրա համար քո թուշը կպաչեն, թե կգնդակահարեն: Ստեղծագործել նշանակում է լինել մշտապես եզրին կանգնած: Նրանք, ովքեր դրա համարձակությունը կամ ինչպես ավելի ընդունված է ասել` «անխելքությունն» ունեն, շարունակում են ստեղծագործել, իսկ նրանք, ում մոտ ավելի զարգացած է գործնական ջիղը, հնարամտորեն մտնում են արվեստագետի կեղծ կաղապարի մեջ և առանց լուրջ արժեքներ ստեղծելու վայելում այն ամենը, ինչը միգուցե նրանց քիմքի համար չի:
Մենք հիմա էնպիսի դժվարին վիճակում ենք, որ չես իմանում` որն է ավելի նպատակային` որևէ խնդրին մասնակիորեն անդրադառնալը, թե՞ ընդհանրացումներով: Երկու դեպքում էլ թվում է` անօգուտ են ասածներդ: Ի վերջո մենք չենք կարող ոչ ախտորոշում տալ, ոչ էլ բուժում նշանակել: Մենք ուղղակի խոսում ենք մեր վերաբերմունքից, որը մեզ հետ քչերը կկիսեն: Եվ բնավ ոչ այն պատճառով, որ մյուսները համաձայն չեն լինի, այլ որ նրանց հետաքրքիր էլ չի: Կյանքն հիմա այնքան է արագացել, որ «մտածելու ժամանակ չկա»: Մարդիկ արագ ծնվում են, արագ ապրում և արագ մահանում… Ամեն ինչ արագացել է նաև այսօրվա արվեստում` բջջայինով բանաստեղծություններ են գրում ու անմիջապես հրապարակում, նկարները նկարում են արդեն պատրաստի շտամպներով, ֆիլմերը ստեղծում են նույն կերպ… Խնդիրների և լուծումների բացակայությունը դրանց բոլորի մեջ. ահա թե ինչումն է պրոբլեմը: Մենք դադարել ենք փնտրելուց ու համարում ենք դա անիմաստ աշխատանք, մինչդեռ դրանից ավելի հետաքրքիր բան չկա, չնայած նման ճոխություն ինքդ քեզ թույլ տալու համար նախ և առաջ պիտի պարապ-սարապ մարդ լինես: Բայց ինչը ամենացավալին է, մենք դադարել ենք սովորել մեծերից ու պատնեշել ենք մեզանից ամեն տեսակի րիմեյքներով ու փոխարինողներով: Անգրագետ նկարված մի ֆիլմը ընդունակ է մարդկանց հայացքը շեղել Հոմերոսի էպոսից դեպի այսօրվա ինչ-որ մի սցենարիստի, ռեժիսորի կամ նույնիսկ պրոդյուսերի աշխարհընկալումը: Միլիոնավոր մարդիկ մտածում են ինչ-որ մեկի ուղեղով և առաջնորդվում նրա երևակայությամբ: Նրանք, ովքեր հասցրեցին Մոնտե Քրիստո կարդալ մինչև համանուն սերիալների ու ֆիլմերի դուրս գալը, որոնց դեմ ոչինչ չունեմ, որպես ընթերցող, ունեցան իրենց սեփական ու անկրկնելի Մոնտե Քրիստոյին, իսկ նրանք ովքեր «չհասցրեցին» կարդալ Դյումա, նրանց Մոնտե Քրիստոն նման է միլիոնավոր Մոնտե Քրիստոներին, ասել կուզի` այժմ ամեն ինչ ընդհանուր է բոլորի համար և, ցավոք, ոչ լավ իմաստով: Ինչ վերաբերում է պոեզիային` երևակայության այդ հզոր խթանիչին, ապա այն այսօր նույնքան պետք է մարդկանց, որքան հենց ինքը` երևակայությունը: Թվում է` ամեն կողմից իբր թե ճանաչված այս աշխարհում և կյանքում մարդ էլ ուրիշ զբաղմունք չի կարող ունենալ, բացի գոյություն ունենալուց ու առարկաներ կուտակելուց կամ կուտակել երազելուց (ըստ երևույթին` դրա համար էլ է երևակայություն պետք): Ահա թե ինչու այս ամենի ֆոնին հենց առաջին զրույցի ժամանակ մի քիչ դժվար է անդրադառնալ բուն պոեզիայի խնդիրներին և քննել, թե այս մետաֆորն ինչքանով է ծեծված, իսկ այն մետաֆորի բացակայությունը ինչքանով է հետաքրքիր ու պոետիկ…
Հ.Ս. – Ուիթմենը մի տող ունի` դեռ երբեք հասարակ մարդը չի եղել աստվածներին այսքան հավասար, որքան հիմա: Օ, ժամանակներ, օ, բարքեր: Ասածներն անօգուտ են այնքանով, որ մի ծաղկով գարուն չի գալիս, բայց, կարծում եմ, եկել է անպետքություններով լցված բաժակները դատարկելու ժամանակը` կլինի պոեզիա-երկնաքարով, թե էնքան ասելով, որ տեղ հասնի: Չէ՞ որ մենք խելացի ազգ ենք, հիսունչորսերորդ անգամից իսկույն կռահում ենք` խոսքն ինչի մասին է:
Տ.Կ.- …և ուրեմն դեռ կհանդիպենք:
Հ.Ս. – Փաստորեն:

Եղիցի Լույս.  2010թ.

No comments:

Post a Comment