*
մեծամտության շապիկով իմ բանաստեղծություն
մեզ արհամարհեցին տաքուկ մի սենյակից հեռախոսի կոկորդով
ես ձեռքերս տարածեցի օդում ու զարմացած գոռացի հայր
և քանի որ զարմանքս մի կարգին զարմանք էլ չէր
լռեցի ու իջա բազկաթոռից
որովհետև երկնքին հասնելու համար
պատուհանի ապակին ծամող ձեռքեր են պետք
և ձայն որ կորցրել է զգացողությունը սեռի

ափերով աղոթեցի քեզ, Տեր
քամին քո փոխարեն շրխկացրեց դուռը
ես վախից սկսեցի ծիծաղել

ոտքերիս խճճված ստվերը դանդաղ սիգար ծխեց
ու ես ավելի երկար կրծեցի գրիչիս հետաքրքիր հատվածները
իսկ աչքերս այդպես էլ արցունքով չլցվեցին
թեև նման պահերին արարողակարգը գլխավորում է արցունքը

կուզենայի հիմա խոսել գրաբարով ինչպես չեմ հիշում երբ
որ հասկանալի լիներ միայն երկուսիս
Տեր, բացակայություններս շատ են ու անհարգելի
քո գրաբարը փակ հեռախոսահամար է
լռող ձայն չգիտես թե ումից
շրխկացրու դուռը ինչպես երեկ
վախը կաղոթի իմ մեջ
ու սենյակի պատերը կմաշվեն իմ ծիծաղից
տկլոր բանաստեղծությունս հրեշտակի նման պատից պատ կթռչի
ես կհագնեմ ջինսե մեծամտությունս ու կմաշեմ կոշիկներիս կպած ձանձրույթը
կգուշակեմ փակ հեռախոսահամարը ու հետ կզանգեմ
կլինեմ ավելի մոտ քան դու քեզ
Տեր, արհամարհիր ինձ տաքուկ մի սենյակից հեռախոսի կոկորդով
ես քեզ սիրում եմ

No comments:

Post a Comment