Ֆորուղ Ֆարոխզադ فروغ فرخزاد

(1935-1967թթ., Իրան)

Լուսամուտ 

Մի լուսամուտ տեսնելու համար,
Մի լուսամուտ լսելու համար,
Մի լուսամուտ օղակի պես ջրհորի,
Որի տուտը հողին սրտին է հասնում,
Եվ բացվում է դեպի այս կրկնվող քնքշության
Կապտավուն տարածությունը:
Մի լուսամուտ, որ մենության փոքրիկ ձեռքերը
ափեափ լցնում է
Ողորմած աստղերի,
Գիշերային բուրմունքի նվիրումներով,
Եվ այնտեղից կարելի է
Արևին հյուրընկալել խորդենու օտարությանը:
Մի լուսամուտ բավական է ինձ:

Ես գալիս եմ տիկնիկների աշխարհից,
Նկարազարդ մի գրքի այգու
Թղթյա ծառերի ստվերների տակից:
Չոր եղանակների ամուլ փորձություններից:
Ընկերության և սիրո հողոտ փողոցների անմեղությունից:
Այբուբենի խամրած տառերի աճման տարիներից:
Թոքախտավոր դպրոցի սեղանների ետևից,
Այն պահից, երբ երեխաները կարողացան
Գրատախտակին «քար» բառը գրել,
Եվ սարյակները հնամյա ծառից թռան վախվորած:
Ես գալիս եմ մսակեր բույսերի արմատների միջից,
Եվ իմ հիշողությունը դեռ զեղուն է
Այն թիթեռնիկի սարսափահար ձայնից,
Որին խաչել էին մի տետրակի մեջ:

Երբ իմ վստահությունը կախված էր
Արդարության թույլ հավատքից,
Եվ ամբողջ քաղաքում պատառոտում էին
Իմ սրտի ճրագները,
Երբ իմ մանկական սիրո աչքերը
Կապում էին օրենքի գորշ թաշկինակով,
Եվ տագնապահար երազներիս քունքերից
Դուրս էին ժայթքում արյան շատրվաններ,
Երբ իմ կյանքը 
Պատի ժամացույցի տըկ-տըկոցից բացի
Ուրիշ ոչինչ չէր,
Ոչինչ,
Հասկացա, որ պետք է... Պետք է
Խենթորեն սիրենք,
Որ պետք է... Պետք է
Խենթորեն սիրենք:

Մի լուսամուտ բավական է ինձ...
Մի լուսամուտ. գիտակցության պահի, հայացքի և լռության:
Այժմ ընկույզի տունկը
Այնքան է բարձրացել, որ կարող է
Պատի գոյությունը մեկնաբանել
Իր ջահել տերևների համար:
Հայելուց հարցրու
Անունը փրկչի:
Արդյոք երկիրը, որը ցնցվում է քո ոտքերի տակ,
Ավելի միայնակ չէ, քան՝ դու:
Մարգարեները ավերածության առաքելությունը
Իրենց հետ մեր դարը բերեցին:
Արդյոք այս կրկնվող պայթյունները
Եվ թունավոր ամպերը,
Այն սուրբ պատգամների արձագանքը չե՞ն:
Ո՜վ ընկեր,
Ո՜վ եղբայր,
Ո՜վ արյունակից:
Երբ լուսին հասնես,
Ծաղկանց սպանդի տարեթիվը գրանցիր:

Երազները շարունակ
Իրենց միամտության բարձունքից
Նետվում են ներքև ու մահանում են:
Ես հոտոտում եմ
Հնացած իմացությունների գերեզմանին աճած
Քառատերև առվույտը:
Արդյոք այն կինը, որը թաղվեց պարկեշտության
Ու սպասումի պատանքի մեջ,
Իմ ջահելությունը չէր:
Արդյոք ես նորից կբարձրանամ
Իմ հետաքրքրությունների սանդուղքից`
Տանիքին քայլող լավ Աստծուն ողջունելու համար:

Զգում եմ, որ ժամանակն անցել է,
Զգում եմ, որ «Պահի» իմ բաժինը
Պատմության էջերից պիտի ստանամ:
Զգում եմ, որ սեղանը կեղծ տարածություն է` իմ վարսերի
Եվ այս տխուր օտարականի ձեռքերի միջև:
Մի խոսք ասա ինձ,
Արդյոք նա, որ կենդանի մարմնի
Քնքշությունը նվիրում է քեզ,
Կենդանի լինելու զգացման ըմբռնումից,
Ուրիշ ի՞նչ կարող է պահանջել քեզնից:
Մի խոսք ասա ինձ...
Ես լուսամուտի հովանու տակ եմ:
Ես հաղորդակցվել եմ արևի հետ:

Քեզանից հետո

Ո՜վ յոթ տարեկան,
Ո՜վ հիացումների հեքիաթային պահ,
Քեզանից հետո ինչ որ անցավ,
Անցավ-գնաց
Անգիտության խենթ ժխորում:

Քեզանից հետո
Լուսամուտը,
Որը խիստ կենդանի
Ու պայծառ կապ էր
Մեր եւ թռչունի,
Մեր եւ զեփյուռի միջեւ`
Փշրվեց,
              Փշրվեց,
                        Փշրվեց...
Քեզանից հետո
Կավե տիկնիկն այն,
Որը «ջուր» բառից բացի
Չէր ասում ոչինչ,
Խեղդվեց ջրի մեջ:

Քեզանից հետո
Մենք սպանեցինք ձայնը ծղրիդների
Եվ զմայլվեցինք`
Այբուբենի տառերից բարձրացող հնչյունի
Եվ զինագործարանների սուլոցի ձայնով:

Քեզանից հետո
Մեր խաղատեղը
Սեղանների տակից`
Սեղանների ետևը,
Եվ սեղանների ետևից
Սեղանների վրա տեղափոխվեց:
Եվ մենք խաղացինք սեղանների վրա
Եվ կորցրեցինք
Եվ կորցրեցինք քո գույնը,
Ո՜վ յոթ տարեկան:

Քեզանից հետո,
Մենք դավաճանեցինք մեկս մյուսին:
Քեզանից հետո,
Մենք արճճի կտորտանքներով,
Եվ ռմբակոծված արյան կաթիլներով,
Փողոցի գաջածածկ պատերի քունքերից
Մաքրեցինք բոլոր հիշատակները:

Քեզանից հետո,
Մենք հրապարակներում
Բղավեցինք.
«Կեցցե...
Կորչի...»:

Եվ հրապարակների խառնաժխորում
Փոքրիկ, երգող դրամների համար,
Որոնք ճարպկորեն 
Եկել էին քաղաքը տեսնելու,
Ծափահարեցինք:

Քեզանից հետո,
Մենք, մեկս մյուսի արյան ծարավ,
Դատողություններ արեցինք սիրո մասին:
Եվ այդ նույն պահին,
Երբ մեր սրտերը
Անհանգիստ էին մեր գրպաններում,
Մենք սիրո բաժինքի համար
Դատողություններ արեցինք:

Քեզանից հետո,
Մենք դիմեցինք գերեզմաններին:
Եվ մահը շնչում էր տատիկի չադրայի տակ:
Եվ մահն այն հսկա ծառն էր,
Որի հոգնած ճյուղերին
Այս կողմի «Սկզբի» շնչավորները
Սրբերին ապավինելով լաթեր էին կապում,
իսկ մյուս կողմի «Վախճանի» մեռյալները
Ճանկռոտում էին նրա ֆոսֆորե արմատները:
Եվ մահը նստել էր սրբի գերեզմանին,
Որի չորս անկյուններից
Հանկարծ բոցավառվեց չորս կապույտ կակաչ:

Քամու ձայն է գալիս,
Քամու ձայն է գալիս, ո՜վ յոթ տարեկան:

Վեր կացա ու ջուր խմեցի
Եվ հանկարծ հիշեցի,
Թե ինչպես
Քո ջահել արտերը
Սարսափեցին
մորեխների հարձակումից:

Որքա՞ն պետք է վճարել,
Որքա՞ն պետք է
Այս աճող բետոնե խորանարդի համար վճարել:
Մենք այն, ինչ պետք էր
Ձեռքից տալ,
Ձեռքից տվեցինք:
Մենք ճամփա ընկանք
Առանց լապտերի.
Եվ լուսինը, լուսինը`
Այդ քնքուշ հեղուկը, շարունակ այնտեղ էր`
Կավապատ տանիքի մանկական հուշերում,
Եվ մորեխների հարձակումից սարսափող
Ջահել արտերի գլխավերեւում:

Որքա՞ն պետք է վճարել...

Հավատք ընծայենք սառը եղանակի նախասկզբին

Ահա և ես,
Միայնակ մի կին`
Սառը եղանակի նախաշեմին,
Երկրի ապականված էության ըմբռնման,
Եվ երկնքի տրտում ու պարզ հուսախաբության,
Եվ բետոնե այս ձեռքերի անզորության
Նախասկզբին:

Ժամանակն անցավ,
Ժամանակն անցավ և ժամացույցը չորս անգամ ձայնեց,
Չորս անգամ ձայնեց:
Այսօր 1-ն է Դեյ ամսի:
Ես գիտեմ եղանակների գաղտնիքը,
Ես հասկանում եմ պահերի խոսքը:
Փրկարարը քնել է գերեզմանի մեջ,
Եվ հողը, հողը ընդունող
Ակնարկում է հանգստություն:

Ժամանակն անցավ
Եվ ժամացույցը  չորս անգամ ձայնեց:

Փողոցով քամին է գալիս:
Փողոցով քամին է գալիս,
եվ ես խորհում եմ ծաղիկների զուգավորման,
Սակավարյուն, նիհար ցողուններով բողբոջների
Եվ այս հոգնած, թոքախտավոր ժամանակի  մասին:

Մի մարդ անցնում է թաց ծառերի  կողքով.
մի մարդ, որի պարանոցից
մեռած օձերի պես
Վեր է սողացել երակների կապտավուն հյուսքը
եվ տագնապահար քունքերում
Կրկնում է այս բառը արյունոտ.
- Ողջո՜ւյն:
- Ողջո՜ւյն:
Եվ ես խորհում եմ ծաղիկների զուգավորման մասին:
Սառը եղանակի նախաշեմին
Հայելիների  ողբահանդեսում
Եվ գունաթափ փորձությունների սգաթափորում,
Եվ լռության ուսմունքով բերրի այս մայրամուտին,
Նրան, ով գնում է այսպես`
Համբերատար,
Ծանր ու մոլոր,
Ինչպե՞ս կարելի 
Կանգնելու հրաման տալ:
Ինչպե՞ս կարելի է տղամարդուն ասել,
Որ նա կենդանի չէ:
Նա երբեք կենդանի չի եղել:

Փողոցով քամին է գալիս:
միայնության կենտ ագռավները
Պտտվում են հոգնածության ծեր այգիներում:
Եվ ինչ նվաստ է
Բարձրությունը ելարանի:

Նրանք մի սրտի ողջ միամտությունը
Իրենց հետ հեքիաթների պալատը տարան,
Եվ այժմ
Ինչպե՞ս, ինչպե՞ս կարող է մեկը պարի ելնելով,
Մանկության հյուսքերը
Հոսող ջրերում թափել,
Եվ խնձորը, որ վերջապես քաղել ու հոտոտել է,
Ոտքի տակ ճզմել:

Ո՜վ սեր, ո՜վ միակ իմ սեր,
Ի՜նչ գորշ ամպեր են
Արևի հյուրընկալության
Օրվան սպասում:

Ասես երևակայական թռիչքի ուղեգծում էր,
Որ մի օր նկատվեց այն թռչունը:
Ասես պատրանքների
Կանաչ գծերից էին
Այն թարմ տերևները,
Որոնք շնչում էին զեփյուռի տարփանքում:
Ասես
Լուսամուտների մաքուր հիշողության մեջ այրվող
Այն մանուշակավուն բոցը
Լապտերի անմեղ պատրանքից բացի
Ուրիշ ոչինչ չէր:
Փողոցով քամին է գալիս:
Սա սկիզբն է ավերածության:
Այն օրը նույնպես
Քամին էր գալիս, երբ ավերվեցին քո ձեռքերը:
Սիրելի աստղեր,
Ստվարաթղթե սիրելի աստղեր,
Երբ երկնքով մեկ սուտն է սուրում,
Այլևս ինչպե՞ս ապավինել
Գլխահակ մարգարեների պատգամներին:
Մենք հազար տարվա մեռյալների պես
Կհասնենք իրար,
Իսկ հետո
Արևը
Մեր քայքայվող դիակների վրա
Դատողություններ կանի:
Ես մրսում եմ,
Ես մրսում եմ,
Ասես երբեք չեմ տաքանալու:
Ո՜վ սեր, ո՜վ միակ իմ սեր. 
«Քանի՞ տարեկան էր այն գինին»
Նայիր, թե այստեղ
Ժամանակը ինչ կշիռ ունի,
Եվ ձկները ինչպես են ծամում իմ մսերը:
Ինչո՞ւ ես ինձ շարունակ պահում ծովի հատակում:
Ես մրսում եմ,
Ես ատում եմ խեցե ականջօղերը:
Ես մրսում եմ և գիտեմ`
Վայրի կակաչի ողջ պատրանքներից կարմիր,
Մի քանի արյան կաթիլից բացի
Ուրիշ ոչինչ չի մնա տեղում:

Կթողնեմ գծերը,
Ինչպես նաև թվեր հաշվելը,
Եվ սահմանափակ ձևերից երկրաչափական
Կապավինեմ զգայական ոլորտների տարածությանը:
Ես մերկ եմ, մերկ եմ, մերկ եմ,
Ինչպես մերկ լռությունը` քնքուշ բառերի միջև:
Եվ իմ բոլոր վերքերը սիրուց են,
Սիրուց, սիրուց, սիրուց:
Եվ այս մոլոր, թափառող կղզուն`
Օվկիանի ընդվզումից
Եվ լեռան հրաբխից անց եմ կացրել:
Եվ մասնատվելը
Գաղտնիքն էր այն մարմնի միության,
Որի փոքրագույն մասնիկներից
Ծնվեց արևը:
Ողջույն, ո՜վ անմեղ գիշեր,
Ողջույն, ո՜վ գիշեր, որ անապատի գայլերի աչքերը
Վերածում ես հավատքի ու վստահության
Ոսկրոտ փոսորակների:
Եվ քո առվակների մոտ
Ուռենիների ուրվականները
Հոտոտում են կացինների քնքուշ ուրվականներին:
Ես գալիս եմ անտարբեր մտքերի,
Ձայների և խոսքերի աշխարհից:
Եվ այս աշխարհը նման է օձերի բներին:
Եվ այս աշխարհը լիքն է
Այն մարդկանց ոտնաձայներով,
Որոնք միաժամանակ, համբուրելով քեզ,
Իրենց մտքում քեզ կախաղան հանելու
Պարանն են հյուսում:
Ողջո՜ւյն, ո՜վ անմեղ գիշեր:

Լուսամուտի և տեսնելու միջև
Միշտ անջրպետ կա:
Ինչո՞ւ չնայեցի
Այն ժամանակվա պես,
Երբ թաց ծառերի կողքով ինչ-որ մարդ էր անցնում...
Ինչու՞ չնայեցի...
Այն գիշեր մայրս լացել էր կարծես:
Այն գիշեր, երբ ես ցավին հասա,
Եվ սաղմը ձևավորվեց:
Այն գիշեր ես ակացիայի ողկույզների հարսնացուն դարձա:
Այն գիշեր, երբ Իսֆահանը լցված էր
Կապույտ հախճասալերի արձագանքներով,
Եվ նա, ով կեսն էր իմ,
Վերադարձել էր իմ սաղմի մեջ,
Եվ ես հայելու մեջ տեսնում էի նրան,
Որ հայելու պես մաքուր ու պայծառ էր...
Եվ հանկարծ նա ձայն տվեց ինձ,
եվ ես ակացիայի ողկույզների հարսնացուն դարձա...

Այն գիշեր մայրս լացել էր կարծես:
Ինչ ապարդյուն լույս էր,
Որ բոցավառվեց այս փակ լուսամուտի մեջ:
Ինչո՞ւ չնայեցի:
Երջանկության բոլոր պահերը գիտեին,
Որ կավերվեն քո ձեռքերը,
Եվ ես չնայեցի մինչ այն պահը,
Երբ բացվեց ժամացույցի լուսամուտը,
Եվ այն տխուր սոխակը չորս անգամ ձայնեց:
Չորս անգամ ձայնեց,
Եվ ես հանդիպեցի այն փոքրիկ կնոջը,
Որի աչքերը նման էին
Սիմորղների դատարկ բներին:
Եվ իր զիստերի թրթիռներում,
Ասես իմ երազների շքեղ կուսությունը
Իր հետ տանում էր դեպի
Անկողինը գիշերվա:

Արդյո՞ք ես նորից
Իմ վարսերը կսանրեմ քամու մեջ:
Արդյո՞ք ես նորից
Պարտեզում մանուշակներ կցանեմ:
Եվ փիփեթները կշարե՞մ
Լուսամուտի երկնքից այն կողմ:
Արդյոք կպարե՞մ նորից
Գավաթների վրա:
Արդյոք նորից դռան զանգը
Ինձ կտանի՞ ձայնի սպասման:
Մայրիկին ասացի. «Վերջ, այլեւս»:
Ասացի. «Նախքան մտածելը պատահում է պատահարը,
Պետք է թերթին ցավակցական խոսք ուղարկել»:
Փուչ մարդ,
Հավատքով լեցուն փուչ մարդ:
Նայիր, թե ինչպես են ատամները երգում
Ուտելու պահին:
Եվ աչքերը պատռվում՝
Հառելու պահին:
Եվ նա ինչպես է անցնում
Թաց ծառերի կողքով`
Համբերատար,
Ծանր ու մոլոր:

Ժամը չորսին,
Այն պահին, երբ երակների կապույտ հյուսքը
Մեռած օձերի պես
Պարանոցից վեր է սողացել
Եվ տագնապահար քունքերում
Կրկնում է այս բառն արյունոտ.
- Ողջո՜ւյն:
- Ողջո՜ւյն:
Արդյոք դու 
Երբևէ հոտոտել ես
Այն չորս կապույտ կակաչները:

Ժամանակն անցավ,
Ժամանակն անցավ, և գիշերն ընկավ
Ակացիայի մերկ ճյուղերի վրա:
Գիշերը սահում էր լուսամուտի ապակիների ետևում,
Եվ սառը լեզվով կլլում էր
Անցած օրվա մնացուկները:
Ես որտեղի՞ց եմ գալիս,
Ես որտեղի՞ց եմ գալիս,
Որ այսպես թաթախված եմ գիշերային
Բուրմունքով:
Դեռ թարմ է հողը աճյունի.
Այն զույգ, մատղաշ,
Կանաչ ձեռքերի աճյունն եմ ասում:

Ինչ քնքուշ էիր, ո՜վ սեր,
Ո՜վ միակ իմ սեր:
Ինչ քնքուշ էիր, երբ ատում էիր:
Ինչ քնքուշ էիր, երբ փակում էիր
Հայելիների բաց կոպերը,
Երբ ջահերը պոկում էիր
Էլեկտրալարե ցողուններից,
Եվ մթության մեջ դաժան
Ինձ տանում էիր
Դեպի արոտավայրերը սիրո.
Մինչ այն մտացիր գոլորշին,
Որ արդյունք էր հրդեհվող ծարավի,
Նստում էր քնի կանաչ խոտերին:

Եվ ստվարաթղթե այն աստղերը
Պտտվում էին շուրջը քաոսի:
Ինչո՞ւ բառը ձայնով ասացին:
Ինչո՞ւ հայացքը
Տեսնելու` տանը հրավիրեցին:
Ինչո՞ւ շոյանքը
Տարան վարսերի ամոթխած կուսությանը:
Նայիր, թե այստեղ
Մարմինը նրա, ով բառերով խոսեց
Եվ հայացքով երգեց
Եվ շոյանքով սանձահարվեց,
Ինչպես խաչվեց պատրանքների սյունին:
Եվ քո հինգ ճյուղ մատերի հետքը,
Որոնք նման էին հինգ արդար խոսքի,
Ինչպես մնաց նրա այտին:
Ի՞նչ է լռությունը, ի՞նչ, ի՞նչ, ո՜վ միակ իմ սեր:
Ի՞նչ է լռությունը:
Չասված խոսքերից բացի:
Ես դադարում եմ խոսելուց,
Սակայն ճնճղուկների լեզուն
Հոսող նախադասությունների կյանքի լեզուն է`
Բնության տոնի:
Ճնճղուկների լեզուն, այսինքն
Գարուն, արև, գարուն:
Ճնճղուկների  լեզուն, այսինքն
Զեփյուռ, բույր, զեփյուռ:
Ճնճղուկների լեզուն
Մեռնում է գործարաններում:

Սա ո՞վ է,
Սա, որ հավերժական ճանապարհին
Գնում է դեպի միաստվածության պահը,
Եվ իր մշտնջենական ժամացույցը լարում է
Մաթեմատիկական հանումների ու
Հիմարությունների տրամաբանությամբ:
Սա ո՞վ է,
Սա, որ աքաղաղների կանչը
Օրվա սրտի սկիզբը չի համարում,
Համարում է նախաճաշի բույրի սկիզբը:
Սա ո՞վ է,
Սա, որ սիրո թագը կրում է գլխին
Եվ փտել է հարսանեկան զգեստների մեջ:

Ուրեմն, վերջապես
Միևնույն ժամանակում
Արևը չծագեց
Անհուսության զույգ բևեռներում:
Դու դատարկվել ես
Կապույտ հախճասալերի արձագանքներից:
Եվ ես լիքն եմ այնքան,
Որ ձայնիս վրա աղոթք են կարդում:

Երջանիկ դիեր,
Հոգնած դիեր,
Լուռ ու խոհուն դիեր,
Բարեհամբույր, բարետես, ախորժագրգիռ դիեր`
Ժամերի որոշակի կանգառներում,
Վարանոտ, վաղանցիկ լույսերի ֆոնին`
Անպետքության նեխած պտուղները գնելու
Անհագուրդ կրքով...
Ահ,
Որքան մարդիկ խաչմերուկներում,
Անհանգիստ են վթարներով:
Եվ այս արգելակների ճիչը
Այն պահին, երբ ուր որ է ահա, 
Մարդը պիտի, պիտի ճզմվեր ժամանակի անիվի տակ`
Մարդ, որը անցնում էր թաց ծառերի կողքով...

Ես որտեղի՞ց եմ գալիս:

Մայրիկին ասացի. «Վերջ այլևս»:
Ասացի. «Նախքան մտածելը պատահում է պատահարը,
Պետք է թերթին ցավակցական խոսք ուղարկել»:

Ողջու՜յն, ո՜վ  մենություն պանդխտացած:

Սենյակը հանձնում եմ քեզ,
Քանզի գորշ ամպերը միշտ
Նոր պատգամների մաքրման մարգարեներն են:
Եվ մի մոմի վկայության մեջ
Լույսի այն գաղտնիքն է քողարկված,
Որ լավ գիտի այն վերջին,
Այն բոցը վերձիգ:
Հավատք ընծայենք,
Հավատք ընծայենք սառը եղանակի նախասկզբին:
Հավատք ընծայենք`
Պատրանքների այգիների ավերվածությանը,
Անգործ ընկած մանգաղներին
Եվ բանտարկված հատիկներին:
Նայիր, ի՜նչ ձյուն է գալիս:

Ճշմարտությունը, գուցե,
Այն ջահել զույգ ձեռքերն էին,
Այն զույգ ձեռքերը,
Որոնք թաղվեցին
Անվերջ տեղացող ձյան շերտերի տակ,
Եվ հաջորդ տարի,
Երբ գարունը լուսամուտի երկնքի հետ կքնի միասնաբար,
Եվ մարմնում կշատրվանեն
Թեթև ցողունների կանաչ շատրվանները:
Կբողբոջի, ո՜վ սեր, ո՜վ միակ իմ սեր:

Հավատք ընծայենք սառը եղանակի  նախասկզբին...

Պարսկերենից թարգմանեց էԴՈՒԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ


Տեսնել այլ հրապարակումներ Ֆորուղ Ֆարոխզադից՝

No comments:

Post a Comment