Մարինե Պետրոսյան

(ծնվ. 1960թ.)

Նյու Յորքը տեսնելուց առաջ

նրանց համար
ովքեր
տուն չունեն

նրանց համար
ովքեր
տուն ունեն
բայց հոգնել են արդեն
դրանից
և ուզում են
տուն չունենալ

նրանց համար
ովքեր
կորցնելու
ոչինչ չունեն
արդեն
կամ էլ չեն ունեցել
երբևէ

նաև նրանց համար
ովքեր
էնքան շատ բան ունեն
կորցնելու
որ հոգնել են արդեն
վախենալուց

ես ուզում էի կառուցել
քաղաք
բոլորովին նոր
ու տարբեր
գոյություն ունեցած բոլոր
քաղաքներից

բայց չեմ հասցնի
երևի
դրա համար էլ
էսօր
նոր տարվա
նախօրեի
էս առավոտը
նստեցի ու գրեցի
էս
բանաստեղծությունը

Խաղաղ ջրեր

երեխան խեղդվեց խաղաղ ջրերում
ոչ փոթորիկ էր
ոչ էլ շնաձկներ կային
ուղղակի երեխան լողալ չգիտեր
ու իրան ոչ ոք օգնել չէր կարող
ոչ ձկները
ոչ թռչունները
որովհետև իրանք ձուկ էին ու թռչուն
ոչ թե մարդ
էսօրվա պես հիշում եմ
աշուն էր պայծառ աշուն
երեխան խեղդվեց խաղաղ ջրերում

Շատ մեծ նավ

Նավ
մեծ
շատ մեծ նավ
բարձրացել քայլում էի տախտակամածի վրայով
ու երջանիկ էի
բայց հետո
երբ որ նավը բարձրացրեց խարիսխն ու պետք ա շարժվեր
ինձ հարցրին
տոմս ունես
որտեղ են ծախում ձեր տոմսերը սպասեք մի րոպե ասեցի
բայց ինձ չպատասխանեցին
ու նավը շարժվեց
առանց ինձ
ես գիտեմ էդ նավը էլ երբեք հետ չի գա
ու լաց լինելը իմաստ չունի
բայց ես հաճախ եմ լացում
որովհետև արցունքներից համը
հիշացնում ա ինձ հոտը որ գալիս էր ծովից
էն օրը երբ որ
բարձրացել քայլում էի
տախտակամածի վրայով
ու երջանիկ էի

Առանց վերնագիր

երկու մարդու արանքում
միշտ փողոց կա
որով վազվզում են մեքենաները

ու եթե անգամ անցնես փողոցը
կտեսնես որ արդեն
ինքն էլ ա անցել
հակառակ մայթը
առնվազն մեկ վայրկյան առաջ

Տարբերություն

մեկն անցել էր անտառով
ձյուների միջով
թողել էր հետքերն իրա ոտքերի
ու լռությունը
որպես կարմիրով գրված
հետո ջնջված նամակ
բայց մենք բոլորս
միշտ նույնն ենք ջնջում
դրա համար էլ ես կարողացա
բացել նամակը
կարդացի ինչը որ ջնջված էր
ու հիմա կարևորը էն ա
թե ինչ կանեմ ես
էդ նամակի հետ
նորից կթողների ձյուների մեջ ու կհեռանա՞մ
թե ուրիշ շարունակություն կփորձեմ
դրանով ա տարբերվում ուշ շրջանի մարինե պետրոսյանը
վաղ շրջանի մարինե պետրոսյանից

Քաղաքային պեյզաժ

էնքան ուզում եմ
գնամ պառկեմ խոտերի մեջ
աչքերս փակեմ ու
լաց լինեմ գոռգոռալով

բայց որ պատկերացնում եմ
թե ոնց են բոլորը գալու
հավաքվելու գլխիս
ու հարցեր տալու
հասկանում եմ որ
չէ էս անգամ էլ չստացվեց
որ գնամ պառկեմ խոտերի մեջ
աչքերս փակեմ ու
լաց լինեմ գոռգոռալով

Անվերնագիր

սիրտս տխուր ա
մամայիս եմ հիշել
ու ինձ երբ որ պուճուր էի
գլուխս չէր հասնում
մեր պատուհանի գոգին
ու հիշում եմ որ տխուր էի
պուճուր ժամանակ
ես միշտ տխուր էի
պատճառ չկար
առանց պատճառի տխրություն էր
համատարած ու թանձր
հետո մեծացա
ու հիմա տխրությունս համատարած չի
արանքներում ուրախության հատվածներ կան
մենակ մամաս չկա
համատարած չկա
ոչ մի տեղ

Ես լաց կլինեմ

կարա՞ս նենց սուտ ասես
որ ավելի մեծ լինի
քան էս աշխարհը
եթե կարողացար
տենց սուտ ասես
ես լաց կլինեմ
ու կհավատամ քեզ

բայց չէ դու չես կարող
նենց սուտ ասես
որ ավելի մեծ լինի
քան էս աշխարհը
որովհետև էս աշխարհը
ցանկապատված ա
ու ամեն ինչ որ կա
ցանկապատի ներսում ա
անգամ սուտը

բայց դու մի վախեցի
դու փորձի
եթե կարողացար
նենց սուտ ասես
որ ավելի մեծ լինի
քան էս աշխարհը
ես լաց կլինեմ
ու կհավատամ քեզ

·
Դու հիշո՞ւմ ես տարին այն, երբ ծառերը բոլոր կտրեցին,
Հետո անձրևները՝ ամիսներ, ամիսներ շարունակ,
Մեր զորքերն արդեն վերցրել էին Քարվաճառը,
Դեռ ոչ ոք չգիտեր, թե ինչով կավարտվի պատերազմը:

Ես հիշում եմ տարին այդ՝ հստակ, ինչպես իմ անունը,
Մայիսյան առավոտն այդ, երբ դանդաղ գրվեցին այս տողերը,
Դեռ ոչ ոք չգիտեր, թե ինչով կավարտվի պատերազմը,
Հայաստանը մեկ տարեկան էր:
1993թ.


Տեսնել Մարինե Պետրոսյանից այլ հրապարակումներ


5 comments:

  1. հետաքրքիր կազմված շարք ա։ տարբեր գրքերից են։ իսկ վաղ եւ ուշ շրջանի Մարինեների մասին բանաստեղծությունը ոչ մի գրքումս չկա

    ReplyDelete
    Replies
    1. վաղ և ուշ շրջանի Մարինեները ֆբ-ից եմ պեղել, փոսթել ես հեռավոր 2011-ին

      Delete
  2. լավ գործեր են հավանեցի շատ Մարինե ջան:

    ReplyDelete
  3. լավ գործեր են հավանեցի շատ Մարինե ջան:

    ReplyDelete