Լիլիթ Կարապետյան

(ծնվ. 1990թ.)
Լուսանկարը՝ Արման Կարախանյանի
Արևածագից առաջ
հ.ս.-ին

Երկար լռությունից հետո խզումը բզզոցով ներխուժող բառերն են այն մասին, որ օրը ձգվում է  դեֆորմացված ծամոնի նման: Ատամների արանքում համը կորցրած` երկտող է  թողնում` դու արյունահոսում էիր Ջուլֆայի շատրվանների նման, երբ ես նոր էի վերադարձել Կարսից: Ու փոքրիկ տղան  պաղպաղակի փայտիկը խրում էր արնափոսի մեջ, Կարմիր ծովի պես կիսում երկու մասի` կատարելով ինքնատիպ մի հրաշք: Դու արյունահոսում էիր մարզասրահից հետո` ծանր կիլոգրամներից պրկված մկաններով, վազքուղուց քրտնած կոպի խալով, Փարիզից հետո, երբ ամենագեղեցիկ  թանգարանի պարտեզում  փսխեցիր ու լվացվեցիր  ցայտաղբյուրի ջրով:

Սկզբում քաղաքն աղբակույտերի կողքին նստած մարդիկ են, պարապ ու դառնացած հայացքով միանգամից ճանաչում են քեզ շինարարական  ահռելի փոշու մշուշի միջից, որպես օտար մի տարր նորակառույց կարմիր շենքերի կողքին: Շուրջս փլվածքներից բարձրացած բուրգերն են, որոնց ստվերում ծուլորեն մլավում են կատուները: Բայց Կարսը սկսվում է բերդից և ավարտվում Առաքելոց եկեղեցու դռան առջև: Ծաղկավոր կտորով փաթաթվելով` մուտքի թույլտվություն եմ  ստանում ու ներս մտնելուց հետո հարցնելու եմ. «Տե՛ր իմ,դու դեռ  այստե՞ղ ես»:

 Դու չես հավատում բոլոր տեսակ փրկություններին, որովհետև չարարված պտուղը հեռացվել է քեզնից ու նետվել դատարկ դույլի մեջ: Ես գլխից եմ ընդունել քո  շարունակելիության  ծնունդը ու  խաղացել եմ սարթ մազերի հետ, երբ մոտոցիկլետ նստած կնոջ չադրան ծածանվում էր օդում` կանխելով ագռավների թռիչքը: Նա խեթ-խեթ է նայում մարդկանց, փախչում ու կրկին  մղվում դեպի մարդը, մանգուստ  տղայի նման միտվում է հրաշքը` լճափին անձայն մոտենալով ավազի մեջ խրված ճոճաթոռիս` թարմ ձկնապուր մատուցելու: Նա մանրապճեղ կենդանու նման, փափուկ ավազին թույլ հետագիծ թողնելով, ոլորապտույտ սանդուղքով բարձրանում է  հազարերանգ խճիկներով զարդարված մինարեթը, ամեն աստիճանին  ետ շրջվելով, որ հետևեմ իրեն մինչև գագաթը`    ամենաբարձր կետից դիտելու  փոքրիկ ծովը և հեռվում ծվարած կղզին, որ կիրակնօրյա զանգերի ղողանջների ներքո դեպի իրեն է  կանչում լաստանավով թիավարող բնիկներին, որոնք  առասպելներ են հյուսել  կղզու ու սիրո մասին:
Երեկոյան գիշերային ակումբները միացնում են կարմիր լապտերները և պատուհաններին երևում են սլացիկ ազդրերով կանանց պաստառները` երբ հալածված տրոլեյբուսն իր ծիսական պտույտն է գործում` հասնելու վերջնակետին: Շրջանցելով գրպանահատներին, ավազակներին, մութ ու նեղ կածանները, տղամարդ մարմնավաճառներին, որ սպասում են հեռախոսազանգի, որովհետև «քածն» այնուամենայնիվ կանանց մենաշնորհը չէ, հասնում ենք հրապարակ:
-Մի՛ բռնաբարիր կնոջը:
-…՞
-Նա  ՁԻԱՀ-ով է տառապում:

Հրապարակներն երբեք չեն հատվում, չեն անհետանում, մարդաշատ են օտարերկրացիներով, երեխաներով, լաց լինող կանանցով, շատրվաններով, որ աղի շիթեր է ցայտում կանանց թուլությունից` իրենց սիրել տալու անկարողությունից ծնված: Լաց լինելը կանանց սովորություններից է, լաց չլինելը ամբարտավանության հայտ` կարծելով, որ ինձ է պատկանում բացառիկը ու դյուրին ձևով գտել եմ կեցության այլությունը` ավարտվելով ծերանոցում` առանց երեխաների, մոռացության մեջ սպիտակափրփուր հաց երազելիս. մենությունը ես եմ: Հիմա երևի թափառում ես փողոցից փողոց` աշխատանք փնտրելու ակնկալիքով, երբեմնի ընկերներիդ բացակայությամբ, առանց հին ու բարի, աղմկոտ ողջույնների, գլխիկոր անորոշ հայացքդ արձակված կապիչներիդ հառած, միալար շարունակում ես քայլել` զգույշ չընկնես. նա քո մեջ է: Ոտնաթաթերի ամբողջ մակերեսով զգա ստորգետնյա գնացքների դղրդյունը: Անհայտ ուղղություններով շարժվող գնացքները տեղափոխում են տարօրինակ մեծության, անջրաթափանց արկղեր` պիտանելիության ժամկետը` հավերժություն: Դրանք իշխանություն են տալիս մարդկանց, դարձնում են այրի, կործանում են բարձրահարկ շենքեր, պատռում են երկրագնդի օզոնային շերտը: Կառավարությանը պատկանող գնացքների դղրդյունից երկրակեղևը ցնցվում է, բայց պետմարմինները զբաղված են նախընտրական քարոզարշավով: Հարկավոր է պահպանել անվտանգության կանոները, անջատել հեռուստացույցը կայծակի ժամանակ և ֆիլմադիտումը կիսատ թողնելով` գնալ ընտրությունների առանց թեկնածուների կենսագրությանը մանրամասն ծանոթանալու: Ընտրացուցակի մեջ քո անունը մահացածների կողքին է, ու օրենքի առջև հավասար իրավունքով կկատարեք Ձեր ընտրությունը, որովհետև այլևս անհնար է ապրել առանց վերածնության հույսի, երբ կիսամերկ Վեներաները հիանում էին իրենց մարմնի գեղեցկությամբ` թանձր վարագույրի ետևից թաքուն ծիկրարկող ամուրների հայացքների ներքո: Մ-ն  դիմացի շենքի հինգերորդ հարկից հետևում է ինձ, հատկապես, երբ բացում եմ սառնարանի դուռը ու նրա առջև հառնում է սննադամթերքի այն ամբողջ պաշարը, որ կբավարարի ինձ ևս մի քանի օր պատսպարվելու համար: Մահճակալին բերանքսիվայր ընկած` վախից դողում եմ. պատասխանի՛ր զանգին, խնդրում եմ, ես ուզում եմ քեզ ասել` Յազդի մզկիթը պայթեցրին: Դեռ երկրաշարժեր են լինելու:

Մորթե գլխարկներով լեռնականները, խարույկի շուրջը նստած, մաքրում են հրացանի փողերը, հաշվում են փամփուշտները, որ ուղղելու են նշանակետին` դատարկելու ինչ – որ մարմնում: Կրակի ճարճատյունը տարածվում է շուրջբոլորը: Արի՛ բարձրանանք լեռը նոր մորթած միս ճաշակելու: Նախքան վերջին լուսաբացը շրջան կազմած պտտվենք կրակի շուրջը: Անցնելով շրջանի կենտրոն` դու քմահաճորեն կպտտես դաստակներդ` մատների արանքում ճզմած սպիտակ ասեղնագործ թաշկինակը: Կի՛ն, դու այպես թե այնպես գեղեցիկ ես, չտրվես խրախճանքներին ու մեղմ ժպիտներին: Բոլոր կողմերից սողացող շոյանքները պատրաստ են բազմոցին տապալելու քո ինքնությունը:

  Օսթրան ասում էր` հնդիկ տղամարդը մերժում է գթությունը, ու արևադարձային մրգակույտի կողքին ծնկած մուրացիկի ողորմությունը, վրիժառու է . հաշվեհարդար է տեսնում ընտանիքն անարգողների հետ: Ես ատում եմ իմ հայրենիքն ընտրություններից առաջ. բոլոր կողմերից փողոց է խուժում լավ կյանքի խոստումներից խաբված ամբոխը: Ընտրություններից  հետո ծառերի ետևում, ծղոտե տանիքների տակ պատսպարվող մարդիկ սպանվում են` մնալով որպես աճյունասափորի մոխիր: Թերթերն այս մասին լռում են, միայն հատուկենտ ականատեսներ են պատմում օտարերկրացիներին: Օսթրան խոսելու ամբողջ ընթացքում  ծխում էր: Արդեն հանդիպման վայրը, օրը, ծխախոտի տեսակը պայմանավորվել էինք, բայց այլևս չհանդիպեցի նրան: Սովորելու պատրվակով լքած հայրենիք այլևս չվերադարձավ, հավանաբար ճամփորդության էր մեկնել օվկիանոսից այն կողմ` նոր մայրցամաքում բնակություն հաստատաելու հույսով` անկաշկանդ բարքերի մարդկանց շրջապատում:

Յուրաքանչյուրս ուղևորվում է իր հիվանդանոցը` գալարվելու սեփական պատյանում ` ճանկռոտելով թաղանթը մի օր դուրս է գալու, որ սև ներքնազգեստով լուսանկարվի ամսագրի առաջին էջում: Պատուհանագոգին անփութորեն նստած  սեղմված շուրթերով զսպում է ծիծաղը: Զուգագուլպաները երիզում են ծալված ծնկները. բացակա աչքերի փոխարեն ավարտում են ապակու ստվերից տարբերվելու վերջին հմայքը: Դուրս է գալու, որ ձեռքը մտցնի արևից ճաքճքած հողի տակ` պոկելով հրաբխային լավայի մի կտոր, համոզվելու համար, որ կործանվել են  հզոր քաղաքակրթություններ, ինչպես Պոմպեյն ու Հերկուլանը: Մոտենում է սեփական աշխարհի վերջը անկախ աղանդավորների գուշակություններից, որ անմշակ մտահայեցումների արգասիք են: Անձրևի նման տեղում են հաճախակի երկինք նայողների վրա ` որսի ժամանակ փոխարինելով Բարձրյալի օրհնությանը:  Կրնկակոխ հետևում են անտառի ամենածեր հովազին, որ շիկակարմիր, սև խալերով մորթին գցեն կաղնու փայտից պատրաստված ճաշասեղանին` որպես տոնական սփռոց մոտալուտ ընթրիքի հյուրերի համար: Քո մաշկի նման ուժասպառված հետպնդումից, անընդհատ հարվածներից կորցրել է վերականգնվելու ամենակարևոր ունակությունը: Հին սպիները արդեն պատմություն են դարձել  ու հիշեցնում են անցյալի վայրէջքները: Ես սպիտակ փաթաթանով պարուրեցի քեզ` երբ արյունահոսում էիր ոտքերիս առջև ընկած անզոր մարմնով: Բուժիչ սպեղանի էի դնում ամենախորը վերքերին ու սպասում քո վերածնվելուն, որովհետև նախկինում հարություններ եղել են, ինպես Ղազարոսը, ու այժմ հարություն կստանան նրանք , ովքեր պատրաստվում են կամրջից թռչել` առանց կանչի ձայնի: Զգացմունքային կինը ինքնասպան է լինում, մտածող կինը դանդաղ կործանվում է Կարսի մատույցներում հավերժական թախիծից:

Զառիթափից մեղմիկ ընթացքով իջնում էր սայլին կապած էշը:  Մինչև աչքերը ծածկված կինը ծալապատիկ նստած մշտնջենական անշարժությամբ կամացուկ ցնցվում էր աչքահուլունքի նման` մերթ ճանապարհի խորդուբորդությունից, մերթ տիրոջ` էշին ուղղված անփույթ հարվածներից: Նեղլիկ փողոցներն անցնում էին գետաքարից սարքած տափակ տանիքներով տների, սրածայր գմբեթավոր բաղնիքների կողքով` շրջանցելով քաղաքի ծերությունը: Սպիտակամորուս ծերունին լեգենդներ էր պատմում բերդի պաշտպանության ժամանակ թշնամու գնդակից ընկած զինվորի մասին: Օդում ճոճվող ձեռնափայտին համընթաց անեծքներ էր տեղում սպանողի սերունդների, գլխին անվերջ շարունակությամբ: Ամենօրյա նամազի գորգը տրորած երեխաները բոբիկ ոտքերով վազում են իմ ետևից գոռալով` Kars castle, Our Kars castle: Մզկիթների մեջ խեղդված քաղաքը հառնում է իմ առջև իր ողջ օտարմամբ ու հուշում է, որ պիտի լքեմ իրեն կամ վերստին նվաճեմ: Ես շուտափույթ հեռանում եմ Կարսից, բարձրահարկ շենքերից, եկեղեցուց, ծերունուց, որ վերադառնամ, լողանամ բաղնիքներում, կրկին անիծվեմ ու ապրեմ քաղաքում:

Երբևէ չեմ մտածել` կրակոցների համաժամանակյա թնդյունը նմանօրինակ ուժգնությամբ կցնցի բոլոր լեռնագագաթները: Տպավորությունն այնպիսին էր, որ վաղուց են սպասել այդ օրվան, համբերատար պատրաստվել են, ու այժմ հրաբխի նման ժայթքում է լեռանականի զայրույթը: Ստորերկրյա գնացքների անվերջ շարասյունը նույնիսկ այդքան անտանելի չէր. կարծես ստացել էր իր արդարացումը` հատկապես նոր կայարանի գծագրումից հետո, ճարտարապետը շշուկով ասում էր, թե այնպես պիտի կառուցենք, որ ծովի վրայով լողալ չիմացող գնացքները, բարձրանան լեռները. գոնե մի անգամ, վերջին անգամ… Զոհերի օրեցօր աճող ցուցակում փնտրում եմ քո անունը` ինձ խոստանալով` եթե մեռնես կխոշտանգեմ դիակդ` փախցնելով իմ ապաստարանը, ուր քեզ երբեք չեն գտնի: Ներսից ամուր կկողպեմ դագաղի կափարիչը ու ուս ուսի տված շշուկով կխոսենք քաղաքականությունից. օդում սավառնող սպիտակ փուչիկները բռնկված հրդեհից հանկարծամահ եղան: 
Ես լսում եմ ճիչը. Հաղթանակ, նոր մանուկ ծնվեց, կամրջից կին է նետվել ցած:                          Հետո լռություն ու բացառիկ մի բան` կարոտ:



Տեսնել այլ հղումներ Լիլիթ Կարապետյանից՝



No comments:

Post a Comment