Տաթև Չախչախյան

(ծնվ. 1992թ.)
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ 
Չտեսած քաղաքը երազ է,
որի ամենասիրուն փողոցում կանչում է աքլորը: 

·

Ամեն հարմար առիթով կյանքը կրկնում է ինքն իրեն
քթի տակ շվշվացնելով նույն երգն այն մասին,
որ շարժումը հնարած սուտն է թռչունների
ու տարածությունը` կուտ քայլողներին:
Ամեն փնտրտուքի ճամփեզրին
կյանքը կարմիրով շրջագծում է
քո անձրևոտ քաղաքի դատարկ փողոցում
կտկտալով վազեվազ տուն շտապող կնոջը,
որ հիմա մեր մուտքի առաջ փակում է անձրևանոցը:
Ու գլխարկով տղան, որ անձրևից հետո վերցնում է շանը,
ու տղան, ում դեմքը երբեք չես հիշում
քայլելով բոլորովին ուրիշ քաղաք է հասնում:
Ու փաթաթված զույգը աշխարհի բոլոր անկյուններից մեջքով է երևում:
Ու դիմացիս շենքի լուսամուտից դիմացիդ շենքի հաստափորն է ծխում:
Ու մենակ ապրող նույն տղամարդը հացի տոպրակով:
Ու նույն կինը բարի անկյունում:
Ամեն առիթ կյանքը հարմարեցնում է նախորդին:
Խմբագրելով տարածությունը
ամեն հաջորդը կարծրացնում է շարժումը:

·

1.
Սիրտս ավերված է ոնց Բեռլինը 45-ին
ու տակնուվրա 2013-ի դեկտեմբերի պես:
Շունը տիրոջը չի ճանաչում,
որովհետև ով պատահի տիրություն է անում,
ականջները շոյում,
ասում` ինչ տխուր աչքեր ունի
ու տարօրինակ մեծ:
Այս փլատակում տերերը շան կարիք ունեն,
տերերը տիրոջ,
տերը շան տիրոջ,
շան տիրոջ տերը
ուրիշի տիրոջ:
Ցից ականջներով այս կործանումս 
բոլոր ճամփեքից երկար կձգվի:

2. 
Պինդ մարմինները կոտրվելիս
նման են
նոյեմբերի թավ անձրևի տակ կքած Բեռլինին…
Ու որքան խիտ, այնքան ծանր
ու որքան պիրկ, այնքան դժվար
ու որքան խորը, այնքան ցավոտ.
փշուր-փշուր ցեմենտի պես 
ցեխաջրում
լուռ, ծանրաշարժ, հարահոսուն...

3.
 Հանդիպեցինք հին հրեական գերեզմանոցում:
Լռությունն այնքան խորն էր- շունչներս պահեցինք:
Այնքան խաղաղ էր դատարկությունը- ձևացրինք թե չկանք:
Ոչ իր տատն էր այնտեղ, ոչ իմ պապը,
բայց չգոյության ցավից- լացեցինք:
Նույն ավտոբուսը բարձրացանք,
Ապրելու ամոթից - կարմրեցինք:
Երբևէ չխաչվող ճամփեքի հույսով
տարբեր դռներով- հեռացանք:

4.
Բեռլինը հիսունն անց տղամարդ է,
ով հենց առաջին հանդիպմանն ասում է -
Քեզնից սիրուններին էլ եմ տեսել,
խելոքներին էլ,
բայց քե՛զ եմ ուզում:
...Ու սեթևեթանքի տեղ չի թողնում,
ու դու զինաթափ հանձնվում ես:

·

Այս սովորական եվրոպական քաղաքում
իմ փոքրիկ աֆրիկացի հարևանը
օրի օրի նվաղում է մենությունից, 
որովհետև ինքն առավոտյան պիտի ձեռքը երկարի
ծառից բանան քաղի
ու հովազը պիտի վազի դեպի սարը
ու սարը պիտի իր տեղում սպասի
քարն էլ:
Բայց ծառը չկա և ուրեմն չկա աֆրիկացին
ու չկա սարը, որ լինի հովազը
ուրեմն հովազը կորցրել է հարևանիս
ուրեմն հովազն էլ
այս սովորական եվրոպական քաղաքից հեռու-հեռու
նվաղում է մենությունից…
-Քեզ հովազ պետք չի ՞,-
հարցնում է հարևանս գրքերս թերթելիս
(լավ է կարդալ չգիտի, այլապես կլացեր պատմությունների խեղճությունից
մասին սարի, քարի)…
-Հովազին չե ՞ս տեսել,-
հարցնում է հարևանս ամեն երեկո բանանի տոպրակով խանութից դառնալիս:
-Հը-ը,- կախում եմ գլուխս 
ու ողջ գիշեր այս եվրոպական բարակ պատերից
լսում հեկեկոցը սարի, քարի ու հովազի…


Տեսնել այլ հրապարակումներ Տաթև Չախչախյանից



No comments:

Post a Comment