Անրի Գրիգորյան

(ծնվ. 1987թ., Վրաստան)


ՌՈՔԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ  


   Մերին երբեք ուշադրություն չի դարձնի ինձ՝ հնամաշ ջինսերով ու կարմիր, անթև շապիկով, որի վրա գրված է СССР, մտածում եմ, նայելով հայելուն, որի մակերևույթին հայտնվել են ինչ-որ ցեխաբծեր ու յուղակաթիլներ: Հավանաբար իմ սանրվածքն էլ նրա դուրը չի գալիս. մազերս հասնում են մինչև ուսերս. երբեմն պոչ եմ կապում, երբեմն ականջներիս հետևն եմ գցում, իսկ երբեմն չեմ էլ սանրում: Ինչքան բան փոխվեց, իսկ արծաթագույն մազերիս երկարությունը մնաց նույնը: 


Այսպես նպատակիս չեմ հասնի: Հնության հոտ է փչում վրայիցս: Սակայն մազերս, միևնույն է, չեմ կտրի, դա նույնն է, որ կտրեմ կիթառիս լարերը: Իսկ СССР-ի հետ կարելի է մի բան անել: Շապիկս հագնում եմ թարս կողմից: Ըհը՜... Հիմա ժամանակակից մարդու տպավորություն եմ թողնում:
Աստիճաններից իջնելիս նկատում եմ Դաչիին, որը սպիտակ տրուսիկով, ոտաբոբիկ կանգնել է վերելակի մոտ ու զրուցում մի աղջկա հետ: Աղջիկը կաշկանդված է թվում, իսկ Դաչին գրոհում է՝ բառերով, հայացքներով, համբույրներով: Նա կքնի աղջկա հետ, կքնի մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ ու կմոռանա նրան, իհարկե՝ կմոռանա, քսան տարեկան հասակում ես էլ այսպիսին էի: 
Պատին հենված նայում եմ Դաչիի ուսերին, թևերին, ոտքերին: Նրա երակների մեջ հոսում է թարմ արյունը, որը թվում է՝ վարարում է, ալիքվում, ափերից ելնում, դուրս շպրտվում սրտից ու հետո թափով նորից լցվում սիրտը: Իսկ իմ սփրթնած երակների ծույլ արյունը ալկոհոլից ու ծխած աղբից վաղուց պղտորվել է:  
Հայացքս հառում եմ Դաչիի ոտնաթաթերին: Խիզախ ու համարձակ ոտնաթաթեր, որոնք դեռ այնքան են քայլելու, վազելու, փախչելու, պատսպարվելու, նորից ու նորից քայլելու՝ մեկ ուղիղ, մեկ հարբեցողի ու մեկ լուսնոտի քայլերով: Իսկ իմ ոտնաթաթերը անընդհատ ձգտում են պոկվել իմ մարմնից ու անզգայանալ... այլևս չեն ուզում դիմադրել հողի ծանրությանը... այլևս չեն ուղղորդում ինձ... այլևս չեն շտապում...
Դաչին աղջկա գունատ ձեռքը դնում է իր սրտին: Հետո ինչ-որ բան է շշնջում նրա ականջին ու սեղմում վերելակի կոճակը: Աղջիկը ծիծաղում է: Վերելակի դռները բացվում են, ու նրանք մտնում են ներս:
Ես չեմ կարողանում տեղից շարժվել... Այնպիսի զգացողություն է ինձ համակել, որ մարմինս սերտաճում է պատին... Պատի սառնությունը թափանցում է ոսկորներս... Իսկ ինչ-որ տեղ թմբուկ են նվագում... Ծանր հարվածները գնալով լսվում են մոտից, իսկ ես չեմ կարողանում փախչել միալար թմբկահարումից... Հիմա լսվում է բանջոյի ձայնը, հիմա՝ մանդոլինի, հիմա՝ բաս կիթառի, հիմա՝ երգեհոնի... Հիմա էլ ձայնակցում են ստեղնաշարային ու հարվածային մյուս բոլոր գործիքները՝ խանգարելով միմյանց, չլսելով միմյանց, ձգտելով հնչել մեկը մյուսից բարձր... Հնչյունները հարվածում են թմբկաթաղանթս, ծեծում ուղեղս... Ձայնային քաոսը հանկարծ կորցնում է թափը, հետո նոր ուժ առնելով՝ նորից գրոհում է...
Մեկն անընդմեջ սեղմում է միևնույն ստեղնը... Ստեղնը մեխի պես աստիճանաբար խրվում է ուղեղիս մեջ՝ անասելի ցավ պատճառելով... Մատի ծանրությունից ստեղնը դժվարանում է շնչել, բայց ստիպված աղմկում է, տնքում է, հևում է, կաղկանձում է... Անսպասելիորեն այդ հնչյունը լսվում է պարզ ու մաքուր, նորածին հնչյունի պես... Ստեղնը հոգեվարքի մեջ է...
Ես այլևս չեմ զգում ոտքերս... Ես կորցրել եմ ոտքերս... Ես ծխում եմ՝ ծուխը թոքերիս մեջ երկար պահելով, ու նայում մի քանի աստիճան վերև կանգնած ոտքերիս... Ոտքերս համրել են հնամաշ երկարաճիտ կոշիկների պես... Նրանք հոգնել են ու վերջապես կանգ առել աստիճաններից մեկի վրա...   
Հանկարծ էլեկտրական կիթառի ձայնն է լսվում... Ես ճանաչում եմ կիթառիս ձայնը... Բոլոր երաժշտական գործիքների նվագը իսկույն կարգավորվում է... Նրանք հնազանդվում են իմ կիթառին... Հիմա նրանք լսում ու զիջում են միմյանց՝ նվագակցելով հարմար պահին...
Իսկ պատերին հարյուրավոր մանր բերաններ են հայտնվում... Ամեն մեկը ինչ-որ բան է ասում ինձ... Բառերի տարափ է... Բառերը տեսնում եմ, բայց չեմ լսում... Բերաններից ծուխ է դուրս ելնում... Մարմինս թմրում է, համրում է, քարանում է պատի ներսում, պատի հետ... Հիմա միայն իմ կիթառն է նվագում... Բաց ու խուփ անող բերաններից ծափահարության ձայն է լսվում... 
Ես հայացքս դարձնում եմ վերելակին... Դաչին երևի նայում է վերելակի առաստաղին, բայց տեսնում է երկինքը... Իսկ եթե տեսնում է երկինքը, ուրեմն չի զգում ոտքերը... Բեմից կիթառ նվագելիս ես էլ նույնն էի զգում... Տեսնես Դաչին լսո՞ւմ է կիթառիս նվագը...          
Անցյալ անգամ նա ագահ հայացքով նայում էր կիթառիս: Նրա մատները ինքնաբերաբար շարժվում էին: Լսելով կիթառիս հառաչանքի պես պոկված հնչյունները, զգացի, որ կիթառս կարոտել է այդպիսի մատներին, ու թույլ տվեցի տղային վերցնել այն: Դաչին այնպիսի արտահայտություն էր ընդունել ու այնպես էր իրեն պահում, որ կարծես հիմա իր առաջին սեքսն էր ունենալու: Կինը սպասում էր նրան, իսկ ինքը անհամարձակ ու մտացրիվ կանգնել էր նրա առջև ու անորոշությունից չգիտեր, թե ուր տանի հայացքը: Նա հավաքում էր ցաքուցրիվ մտքերը, կապկպում էր, սոսնձում՝ չհասկանալով, որ մտածելու անհրաժեշտություն չկա, հիմա բոլոր մտքերը ավելորդ էին: Վերջապես մատները զգույշ հպեց կիթառին: Շոշափեց չորս կողմից՝ չգիտենալով՝ ինչպես բռնի այն: Հետո վերցրեց ու սեղմեց կրծքին: Ինձ թվաց, թե կիթառս ծաղրեց նրա անփորձությունը:
Կիթառս նման չի այս աղջկան... Դաչիին չի հաջողվի այդքան հեշտ նրան վերելակ մտցնել... Կիթառս այդքան արագ ինքնամոռաց չի տրվի նրա մատներին...
Ծուխը ցրվում է... Գլուխս ծանրացել է... Վերելակի դռները բացվում են... Դաչին անտարբեր նայում է աղջկա աչքերին, ինչպես ես՝ հանդիսատեսներին համերգից հետո... Դաչին տուն է մտնում... Վերելակի դռները փակվում են... Աղջկա մութ աչքերը տագնապած նայում են ինձ...
Հիմա իջնում եմ աստիճաններից ու հետևից լսում եմ ոտքերիս ծանր քայլերը, իսկ մեջքիս վրա զգում եմ պատը... 
Դրսում վերևից մեկը կանչում է ինձ:
-Ունե՞ս,- հարցնում է Դաչին՝ ժպտալով:     
-Լավն ա...- պատասխանում եմ, վեր տնկելով բութ մատս:            
Նա պարանով տոպրակ է իջեցնում: Աջուձախ նայելուց հետո լուցկու տուփը դնում եմ տոպրակի մեջ: 
Հիմա քայլում եմ կանգառի կողմ... Խանութի կողքով անցնելիս, մի պահ ցանկացա մտնել ու գրկել Մերիին... ու քնել նրա հետ... քնել մեկ անգամ... երկու անգամ... երեք անգամ... Բայց նախ ուշքի գամ... Աչքերիս կարմրությունն էլ թող անցնի... Դեմքիս հավանաբար հիմար արտահայտությունն էլ թող չքվի...   
Կանգառում մի կին է կանգնած: Նրա դեմքը ինձ ծանոթ է թվում: Սյունին հենված՝  զննում եմ նրա դեմքն ու փորձում հիշել նրան: 
Հարվածային գործիքները համաձայնեցված սկսում են նորից թմբկահարել գլուխս... Ականջիս հասնում է մեր վոկալիստի ամենաբարձր խռպոտ հնչյունը...
-Ես Անետն եմ,- գոռում էր աղջիկը...
Հուսահատ էր, սիրահարված: Այնքան էր նման բոլոր սիրահարված աղջիկներին: Իսկ նրան թվում էր, թե ինքը տարբերվում է մյուսներից: Իբր ինձ համար մեկ չէր՝ նա Անե՞տն է, թե՞ Ժանետը: Ինձ համար բոլոր անետներն ու ժանետները մի ընդհանուր սրտաճմլիկ զանգված էին կազմում:
Նա անսպասելիորեն հայտնվում էր իմ դեմն ու գոռում՝ ես Անետն եմ: Ես ամեն անգամ խուսափում էի նրանից: Իսկ մի անգամ նա գտավ իմ տունն ու ներքևից կանչեց ինձ: Ես այդ պահին բենդի տղաների հետ խմում էի: Պատուհանից նայեցի ցած: Նա գոռաց՝ ես Անետն եմ: Տղաները սկսեցին հռհռալ: Ես Անետն եմ... Ես Անետն եմ... ծաղրում էին նրանք: Ես չգիտես ինչու կատաղեցի: Սեղանից հավաքեցի իմ հոնորարն ու պատուհանից շպրտեցի ներքև: Թղթադրամները, սահելով աղջկա ուսերի վրայից, պառկում էին գետնին:
-Կորիր աչքիցս,- գոռացի ես:
Նա լաց եղավ ու փախավ:    
Հիմա Անետը հպարտ քայլում է ետուառաջ ու փորձում է չնկատել ինձ: Նա այնքան բան է հիշեցնում ինձ. ակումբներ, ծխի մանուշակագույն վարագույրեր, բեմի քրտնքահոտ, դահլիճի ջնջված դեմքեր, դրոշների պես ցցված ձեռքեր, բենդի տղաներին ու նրանց ճակատագրերը, աղջիկներին՝ կուլիսների, զուգարանների ու վերելակների՝ մեկ հարբած, մեկ թմրած, մեկ սթափ, մեկ սիրահարված ու միշտ միայնակ աղջիկներին...  
Գործիքները շարունակում են թմբկահարել ուղեղս... Ամեն հարվածի հետ Անետը փոքրանում է, ապա մեծանում, նորից փոքրանում... Հիմա թվում է, թե նա մոտենում է ինձ՝ մարմնով ու մտքերով՝ դառնում իմ հարազատը, իմ ընկերուհին, իմ սիրուհին... Ծեծում է դեմքս... Համբուրում է շուրթերս, վիզս... Կծում է ականջիս բլթակը, լեզուս... Դառը խոսքեր է շշնջում... Ու յուրաքանչյուր դառնահամ բառի դիմաց ես մի-մի թղթադրամ եմ խոթում նրա կրծքերի արանքը...  
Ես ծիծաղում եմ... Ծիծաղս վանդակից դուրս պրծած թռչունի պես բացում է իր թևերը... Անետը մի փոքր հեռու է կանգնում... Նա հիմա խուսափում է ինձանից... Ծիծաղս սաստկանում է... Ես մոտենում եմ նրան, իսկ նա նահանջում է... Ես ժպտում եմ նրան, իսկ նա արհամարհում է ինձ... Հետո ավտոբուս է բարձրանում... Պատուհանից նայում է մինչև պորտս վեր քշտած ջինսերիս ու քմծիծաղում... Ավտոբուսը սկսում է թափով փոքրանալ, իսկ երաժշտությունը՝ նվաղել...      
Մերիի խանութի կողքով անցնելիս ես չեմ կարողանում զսպել ինձ ու ներս եմ մտնում: Մերին նստած է ու սովորականի պես թափահարում է հովհարը՝ քշելով ճանճերն ու շոգը:      
-Բարև, Մերի...     
Ձայնս հազիվ եմ տիրապետում, որ չդողա, որ չմատնի իմ թմրածությունն ու սիրահարվածությունը: Մերին ինչպես միշտ չի պատասխանում: Նա սառնարանից պաղպաղակ է հանում ու մեկնում ինձ: Ես գրպանից մետաղադրամներ եմ հանում: Հաշվում եմ... Հաշիվը խառնում եմ... Բոլոր մետաղադրամները միանման են թվում ինձ... Ես այնքան քիչ փող ունեմ՝ հաշված մինչև վերջին կոպեկը... Պաղպաղակի գինն էլ մոռացա, թեև ամեն օր պաղպաղակ եմ առնում...      
Մերին ժպտուն դեմքով ձեռնափիցս հավաքում է մետաղադրամները: Խնդրեմ՝ խայտառակվեցի: Հիմա նա կմտածի, որ ես նորից հարբած եմ: Այնքան հարբած, որ չեմ կարողանում փող հաշվել: Հետն էլ չնչին գումար... գրոշներ...
Տղայիս շպրտած գրոշները...
Տղաս... տղաս... 
Նա ինձ չներեց, որ ես չգիտեմ, թե ով է նրա մայրը... 
-Քոնն է... ինձ պետք չի...- ասաց մի աղջիկ ու նրան դրեց թմբուկի վրա... Ես նրա անունն էլ չհարցրեցի... Նա հեռացավ նույն թեթև քայլերով... Բենդի տղաները սկսեցին համոզել ինձ, որ երեխան իմը չի... Բայց ես չէի լսում նրանց, քանի որ փոքրիկի լացը ռոքի պես արձագանքում էր իմ մեջ... Ու ես զգում էի, որ նա իմ հարազատն է, որ ես նրա հարազատն եմ... Ու թեկուզ նա իմ որդին չլիներ, միևնույն է, նա իմն էր...
Սակայն տղաս չներեց ինձ, որ ես չհարցրեցի նրա մոր անունը, որ ես չապտակեցի նրան, չհայհոյեցի, որ թույլ տվեցի նրան հեռանալ, որ ես առհասարակ այնքան անփույթ եմ, որ չեմ հետևում, թե ուր եմ շպրտում սպերմաս, ինչի հետևանքով էլ պատահաբար ու անսպասելիորեն ծնվեց ինքը, չէ՝ ոչ թե ծնվեց, այլ՝ առաջացավ...  
-Գազանանոցում նոր փիղ են բերել,- ասում եմ Մերիին: Նա զարմացած նայում է ինձ: Ես ուզում եմ լուրջ մարդու տպավորություն թողնել նրա վրա, իսկ ահա դուրս տվեցի ինչ-որ հիմարություն:
-Ուրախ եմ՝ քաղաքում նոր բնակիչ ունենալու համար,- հեգնում է Մերին ու ծիծաղում: Նրա կրծքերը ցնցվում են: Ես այնպես եմ ուզում, որ նա զգացմունքների զեղումից բռնի գլուխս ու խոթի իր կրծքերի մեջ: Նրա կուրծքը ինձ պատկերվում է իբրև մեծ ու ջերմ տուն: Տուն, որտեղ ես կարող եմ փակել աչքերս ու տեսնել փղեր, վագրեր ու արջեր, որոնց կհաջորդեն եղևնիներ, հետո բազմաշերտ շրջազգեստներ հագած սիրուն պարուհիներ, որոնց շրջազգեստներից շերտերը վարդի թերթիկների պես մեկ առ մեկ կպոկվեն... Հետո հանկարծ ամեն ինչ ու ամեն ոք կանհետանա ու...
-Փիղը մե՞ծ է, թե՞ փոքր,- Մերիի հարցից սթափվում եմ:
-Ի՞նչ... իսկ փիղը երբևէ փոքր լինո՞ւմ է...
Նա միայն ժպտում է: Ուրեմն կատակս անհաջող էր: Ես իսկապես ծերանում եմ...


Գիշերվա ժամը տասներկուսն է: Ես, ձեռքիս մի տոպրակ, կանգնել եմ Մերիի խանութի առջև: Մերին դուրս է գալիս, փակում է խանութն ու ինձ տեսնելով՝ ժպտում:
-Մտածում եմ՝ փղին տեսակցության գնամ...
-Ի՞նչ փիղ,- հարցնում եմ ու անմիջապես փոխում խոսակցության նյութը,- Մերի, ես չգիտեմ, թե ուր տանեմ այս պաղպաղակները... անցյալ անգամ շենքի կանայք կռվեցին հետս... երեխաներից ոմանք հիվանդացել էին... մի խոսքով, ուզում եմ քեզ հյուրասիրել...
Մերին շշմած նայում է մեկ ինձ, մեկ տոպրակին...
-Հիմա՞... 
-Հա... հիմա...
Մենք նստում ենք շենքից քիչ հեռու: Մերին հոգնած տեսք ունի: Նա պաղպաղակ է ուտում, իսկ ես ծխում եմ: 
-Մերի... ուզում եմ տուն գնալ... 
-Գնա...- ասում է նա անտարբեր՝ բացելով հինգերորդ պաղպաղակը:
Ես առանց տատանվելու, գլուխս դնում եմ նրա կրծքերին: Այնքան տաք է ու փափուկ՝ իմ նոր տանը... Ես կուչ եմ գալիս բուխարու առջև ու նայում կրակին, որտեղ նկարվում են փղերը, վագրերն ու արջերը, հետո՝ եղևնիները, հետո՝ մերկ պարուհիները... Կրակը լափում է նրանց... Իսկ նրանք նորից հայտնվում են ու այսպես շարունակ...
Ես հանկարծ հիշում եմ ցերեկվա տեսարանը շքամուտքի հարթակում ու որոշում եմ կիթառս նվիրել Դաչիին... Նա լավ կիթառահար դուրս կգա... Ես ինքս կսովորացնեմ նրան նվագել... Ու թեև այսօրվա ռոք-խմբերը ճտերի պես նման են իրար, բայց Դաչիին կհաջողվի նոր թափ տալ իր խմբին... Նա շատ կուրախանա... Ես ամեն ինչ կսովորացնեմ նրան...  Բայց նախ և առաջ նրան խորհուրդ կտամ հետևել իր սպերմային, քիչ խմել ու քիչ ծխել...            
Ես սթափվում եմ, երբ Մերիի մատները խրվում են մազերիս մեջ... Ես գլուխս բարձրացնում եմ ու նայում նրա աչքերին... Նրա աչքերը առաջին անգամ են ինձ այսպես նայում... Կարծես ձգտում են մնալ իմ հիշողության մեջ, որ ցանկացած պահին կարողանամ վերականգնել նրանց ձևն ու գույնը... Ես ցանկանում եմ համբուրել նրա շուրթերը, սակայն նրա բերանի անկյուններում պաղպաղակի սպիտակ հետքերը տեսնելով՝ համբուրելու փոխարեն ակամա ժպտում եմ... Նա չի ժպտում ինձ և համոզված եմ՝ մտքում դատապարտում է ժպիտս... Ոչ մի վայրկյան կորցնել չի կարելի, այլապես բարկացած կինը ամեն բանի ընդունակ է... Մեկ էլ տեսար լքեց ինձ... Այդ դեպքում իմ մեջ ինչ-որ բան կմեռնի... Ես դա թույլ չեմ տա՝ հիմա, երբ իմ մեջ ինչ-որ բան դեռ ապրում է... Ես հենց հիմա կհամբուրեմ նրան... Ու ես կքնեմ նրա հետ... կքնեմ՝ մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ... կքնեմ, բայց երբեք... երբեք չեմ լքի նրան...      

2012թ.


Տեսնել Անրի Գրիգորյանից այլ հղումներ՝


No comments:

Post a Comment