Գևորգ Թումանյան. Աստվածային ժամանցներից զատ




Գևորգ Թումանյան
(ծնվ. 1974թ., Գյումրի)

Աստվածային ժամանցներից զատ
(բանաստեղծություններ)

«Անտարես» հրատարակչություն
Երևան, 2012թ.






2012
(ինքնասփոփում)

Մինչև
աշխարհի հերթական վերջը
կդիմանամ
ցավերիս
հիվանդություններիս
տղամարդավարի կտանեմ
չծխելս
չխմելս
չեմ էլ տրտնջա
որ աստվածային մարմինս
վերածվում է
պես-պես դեղերի գերեզմանոցի


դժվարը
դժվարը հետոն է

ԳԱՐՈւՆ

Երկինք
կապույտ-կապույտ
պայծառ-պայծառ

ճախրող
ինքնամոռաց ցելոֆոնե տոպրակները
ոչ թե համբարձվել են
քաղաքի աղբանոցներից
ոչ թե ինքնաթիռի փսխուք են
այլ չվերադարձած թռչունների
հոգեհանգիստ

.
Յոթ
թե ութ տարեկան էի

մարդիկ մահանում էին
ես ևս

մինչև հիմա
չեմ համակերպվում

ՉԳՐՎԱԾ ՆԱՄԱԿ

Աղջիկս իրենն էր պնդում
միմիայն հեծանիվ
ես իմը համակարգիչ

այդպես էլ
Ձմեռ պապին
նամակ չգրեցինք

.
Շատախոս
և խմած զրուցակիցս
շարունակ հարցնում էր
հո
չեմ ձանձրացնում
ես շարունակ
ասում էի
ոչ

.
Ամեն անգամ
երբ գորգոն Մեդուզան
հեռուստացույցով դիտում է
համաշխարհային նորություններ
օձավարսերը
բիզ-բիզ են կանգնում

ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՏ

1.
Քաղաքապետը
վեց տեղակալ ունի
օրական
ծեծում է մեկ տեղակալի

յոթերորդ օրը
հանգստանում է

5.
Աստվածաբան
աստվածավախ
քաղաքապետը
ստիպված  կրկնում է
փոքր որդիս
ամենևին էլ
ավազակ չէ
բռնաբարող չէ
ցոփ ու շվայտ
կյանք վարող չէ
միջնեկ որդիս
ամենևին էլ
թմրամոլ չէ
լակող չէ
թմրանյութ վաճառող չէ
ավագ որդիս
ամենևին էլ
հանցագործ չէ
մարդասպան չէ

մեր ազնվազարմ տոհմը
հայհոյելու համար
նրանք
պարզապես նվաստացրել
և թրխկացրել են
մեկ-երկուսին

Տե՛ս Գևորգ Թումանյանից այլ հրապարակումներ

No comments:

Post a Comment