Թույլ տվեք ձեզ հետ մթնշաղվել
-    Նապաստակը մթնշաղվելու թույլտվություն է խնդրում:
-    Թող մթնշաղվի,- ասաց Ոզնուկը ու ևս մեկ հյուսած բաղկաթոռ հանեց-տեղադրեց
սանդղամուտքին:
-    Կարելի՞ է ներս գալ,- հարցրեց Նապաստակը: Նա կանգնած էր սանդղամուտքի տակ,
երբ Արջուկը խոսում էր Ոզնուկի հետ:
-    Ներս արի,- ասաց Ոզնուկը:
Նապաստակը բարձրացավ աստիճաններով և ինչպես հարկն է մաքրեց թաթերը մուտքի
գորգի վրա:
-    Քսիր, քսիր,- ասաց Արջուկը,- Ոզնուկը սիրում է, որ մաքուր է լինում:
-    Կարելի՞ է նստել,- հարցրեց Նապաստակը:
-    Նստիր,- ասաց Արջուկը: Ու Ոզնուկն ու Արջուկը նույնպես նստեցին:
-    Իսկ ինչպե՞ս ենք մենք մթնշաղվելու,- հարցրեց Նապաստակը:
Ոզնուկը լուռ
էր:
-   Նստիր մթնշաղի
մեջ ու լռիր,- ասաց Արջուկը:
-   Իսկ խոսել
կարելի՞ է,- հարցրեց Նապաստակը: Ոզնուկն այս անգամ էլ բան չասաց:
-   Խոսիր,- ասաց
Արջուկը:
-   Ես առաջին
անգամ եմ մթնշաղվում,- ասաց Նապաստակը,- այդ պատճառով կանոնները չգիտեմ: Դուք ինձ
վրա մի բարկացեք, լա՞վ:
-   Մենք չենք
բարկանում,- ասաց Ոզնուկը:
-   Ես հենց
իմացա, որ դուք մթնշաղվում եք, սկսեցի գալ քո, Ոզնուկ, տան մոտ ու նայել ա՜յ այն
թփի ետևից: Տես հլը, ասում եմ, ինչ սիրուն են նրանք մթնշաղվում: Այ եթե ես է՜լ:
Ու վազեցի տուն, քարշ տվեցի ձեղնահարկից հին բազկաթոռը, նստեցի ու նստած եմ…
-   Ու ի՞նչ,-
հարցրեց Արջուկը:
-   Ու ոչինչ:
Մթնեց,- ասաց Նապաստակը,- Չէ, մտածում եմ, դա էդպես հեշտ չի, դա էդպես չի՝ նստիր
ու սպասիր: Էստեղ մի բան կա: Թույլտվություն խնդրեմ, մտածում եմ, Ոզնուկի ու
Արջուկի հետ մթնշաղվելու: Մեկ էլ տեսար՝ թողեցի՞ն: 
-   Ըհը,- ասաց
Արջուկը:
-   Իսկ մենք
արդեն մթնշաղվում ե՞նք,- հարցրեց Նապաստակը: Ոզնուկը նայում էր՝ որքան դանդաղ է
իջնում մթնշաղը, ինչպես է մշուշը շղարշում ցածրույթները, ու գրեթե չէր լսում
Նապաստակին:
-   Իսկ կարելի՞ է
մթնշաղվելով՝ երգել,- հարցրեց Նապաստակը: Ոզնուկը լուռ մնաց:
-   Երգիր,- ասաց
Արջուկը:
-   Իսկ ի՞նչ:
Ոչ ոք նրան
չպատասխանեց:
-   Իսկ կարելի՞ է
ուրախ մի բան: Եկեք ես ուրախ մի բան երգեմ, թե չէ սառնոտ է ինչ-որ:
-   Երգիր,- ասաց
Արջուկը: 
-   Լա՜-լա՜,
լա՜-լա՜,- ձայնը գլուխը գցեց Նապաստակը: Իսկ Ոզնուկը բոլորովին տխրեց: Արջուկն
անհարմար էր զգում Ոզնուկից, որ ահա քարշ տվեց Նապաստակին, ու Նապաստակը չես
հասկանում ինչեր է դուրս տալիս, ու մի հատ էլ դեռ երգ է ոռնում: Բայց Արջուկը
չգիտեր՝ ինչ անել, այդ պատճառով ինքն էլ Նապաստակի հետ ձայնը գլուխը գցեց:
-   Լա-լա՜-լյու-լյու՜,-
աղաղակում էր Արջուկը:
-   Լա-լա՜,
լա-լա՜,- երգում էր Նապաստակը: Իսկ մթնշաղը թանձրանում էր, ու Ոզնուկի համար
ուղղակի ցավոտ էր այդ ամենը լսելը:
-   Եկեք լռենք,-
ասաց Ոզնուկը,- Հապա լսեք՝ ինչքա՜ն լուռ է: 
Նապաստակն ու
Արջուկը սսկվեցին ու ականջ դրեցին: Բացատի, անտառի վրայով լողում էր աշնանային
լռությունը:
-   Իսկ հիմա,-
շշուկով հարցրեց Նապաստակը,- ի՞նչ է պետք անել:
-   Սսսս՜,- ասաց
Արջուկը:
-   Մենք հիմա
մթնշաղվում ե՞նք,- շշնջաց Նապաստակը: Արջուկը գլխով արեց:
-   Լռեմ մինչեւ
մութն ընկնի՞…
Բոլորովին
մթնեց, ու եղևնիների գագաթների ամենավերևում երևաց ոսկյա լուսնակտորը:
Դրանից Ոզնուկն ու Արջուկը մի ակնթարթ ջերմացան: Նրանք նայեցին մեկը մյուսին, ու յուրաքանչյուրը մթության մեջ զգաց, թե ինչպես նրանք իրար ժպտացին:
Դրանից Ոզնուկն ու Արջուկը մի ակնթարթ ջերմացան: Նրանք նայեցին մեկը մյուսին, ու յուրաքանչյուրը մթության մեջ զգաց, թե ինչպես նրանք իրար ժպտացին:
ռուսերենից թարգմանեց ՎԱՀԱԳՆ ԹԵՎՈՍՅԱՆԸ
 

 
No comments:
Post a Comment