Էդուարդ Հախվերդյան. Գնում եմ էտյուդի



Էդուարդ Հախվերդյան
(ծնվ. 1952 թ. Թեհրան)


Գնում եմ էտյուդի (բանաստեղծություններ)


«Անտարես» հրատարակչատուն
Երևան, 2012թ.



*

Գնում եմ էտյուդի
Նկարում եմ երկինք
Խառ
Սար
Քար
Բայց նախքան նկարելը
Դառնում եմ երկինք
Ծառ
Սար
Քար
Ու խմում եմ ու խմում եմ
Որ չամաչեմ երկնքից
Ծառից
Սարից
Ու քարից


*
Գնում եմ էտյուդի
Բնությունը անառակ կնոջ նման
Գայթակղում է
Խմում եմ
Մերկանում եմ բնության գրկում
Եվ տևականորեն
Դավաճանում եմ կնոջս

*
Գնում եմ էտյուդի
Հողը
Բնությունը
Խելագարի պես ինձ կանչում են
Ծիծաղս գալիս է
Խմում եմ
Չեմ հավատում
Որ ծերացել եմ


*
Գնում եմ էտյուդի
Բայց նախքան նկարելը
Խմում եմ
Խմում եմ բնությունը
Խմում եմ ծիրանի օղին
Ու հետո
Երկինքը քսում եմ կտավիս
Ու հետո
Ծառ ու ծաղիկը քսում եմ կտավիս
Ու հետո
Պառկում եմ հողին
Ու դառնում եմ
Բնանկար

*
Գնում եմ էտյուդի
Փոշու նման մեղմ անձրևը
Տարածվել է օդում
Խճաքարերը կամաց կամաց թացանում են
Խոտերի վրա ցողի է վերածվում անձրևի փոշին

Բարձրանում եմ բլուրները
Ափիս մեջ
Նուշի ցոգոլներ են

Նստում եմ ժայռաբեկորին
Խմում եմ ծիրանի օղի
Համտեսում եմ նուշի ցոգոլները
Աչքերս դանդաղ փակվում են

Հիշում եմ Լուսիկին
Սև ակնով
Անձրևի տակ կանգնած
Ասացի
Անձրև է
Ինչու ես արևի ակնոց դրել
Ժպտաց
Ասաց ամաչում եմ

Անձրևի կաթիլները
Շողշողուն մարգարիտների պես
Սահում էին նրա սև մազերի միջից
Թափվում էին պարանոցին
Մերկ ուսերին
Եվ իմ ծարավ հայացքի ուղեկցությամբ
Գլորվում էին
Երանելի անհայտ դաշտերը
Ասացի
Ուզում եմ անձրևի կաթիլ լինեմ
Քո մազերի մեջ ու ցած գլորվեմ

Եղիր ասաց

Խոսքն ու ծիծաղը լսեցի հեռվից
Երբ հրեղեն ճերմակ ձիու պես
Սլանում էր
Իմ երազների կանաչ դաշտերով

Ես անձրևի կաթիլ էի
Գլորվում էի Լուսիկի պարանոցից ներքև
Հևասպառ վեր էի մագլցում
Թրթռուն ճերմակ բլուրներից
Դեպի վարդաբույր
Պիրկ գագաթները
Հետո իջա
Ոսկեցորեն հովիտները շուշանների
Գլորվեցի ավելի ներքև
Իսկ հետո ինչ-որ մացառուտներում
Մոլորվեցի
Մնացի

Վեր կաց կսառես
Վեր կաց
Ես անձրևի կաթիլ եմ
Ասացի
Գնում եմ էտյուդի

*
Առաջին տողը չեմ գրում
Արդեն գիտեք որ
Գնում եմ էտյուդի

Թռչունները ծլվլում են
Մորեխները ցատկոտում են իմ ճանապարհին
Օձերին չեմ տեսնում
Հեռվում արածում են կովերը
Ցորենի դեղնականաչավուն ծովը
Ծփում է
Ագռավներ չկան
Կողքից նայում եմ ինքս ինձ
Խաղողի այգիների
Ու ցոենի արտերի միջև ընկած ճանապարհով
Գնում է նկարիչը
Հեռվում ծիրանի այգիներն են
Եվ միայնակ
Հսկա փշատի ծառը

Ժպտում եմ
Վան Գոգը չեմ
Գոգենը չեմ
Ոչ էլ խեղճ ու կրակ մի նկարիչ
Գնում եմ էտյուդի
Գնում եմ բնության հետ խմելու
Ես իրեն
Ինքը ինձ

*
Չգիտեմ ինչու 
Մեծ հարգանք եմ տածում
Այն մարդկանց հանդեպ
Ովքեր թաքուն
Տափաշիշ են պահում իրենց ծոցագրպանում
Ու խոսում են արվեստի մասին

Առավել
Մեծ հարգանք եմ տածում

Այն մարդկանց հանդեպ
Ովքեր սիրում են խմելը
Սիրում եմ ծոցագրպանի տափաշիշը
բայց ոչ տափաշիշ ունեն
Եվ ոչ էլ ծոցագրպան
Բայց խոսում են արվեստի մասին

Մեծագույն հարգանք եմ տածում
Այն մարդկանց նկատմամբ
Ովքեր
Սիրում էին տափաշիշը
Սիրում էին այն ծոցագրպանները
Որ հագեցած էին 
Ընտիր կոնյակով
Բայց նրանք վաղուց
Ապրում են գերեզմանատանը
Եվ ոչինչ չասելով
Արվեստի մասին
Ամեն անգամ
Իրենց հողոտ ձեռքն են պարզում
Մեր կենացը խմելով:


No comments:

Post a Comment