Հովհաննես Գրիգորյան. Երկու Ջրհեղեղի արանքում

 
Հովհաննես Գրիգորյան
(ծնվ. 1945թ. Գյումրի)

Երկու Ջրհեղեղի արանքում
(բանաստեղծություններ)

<<Նաիրի>> հրատարակչություն
1996թ.  Երևան 


ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՈՒ

Ուշադրություն,
ևս մի հետաքրքիր տեղեկություն.
քսաներորդ դարի վերջին, ժամը 16-ն անց 15 րոպեին,
հայ ժողովուրդը դուրս է եկել իր հայրենիքից
և այլևս չի վերադարձել...
Արտաքին նշանները` բազմադարյան, բազմաչարչար,
տաղանդավոր, աշխատասեր, համբերատար,
աչքերի մեջ անսահման թախիծ,
սիրտը` կոտրված մի քանի տեղից...
Տեսնողներին խնդրում ենք
շտապ հայտնել պառլամենտ,
որին մի քանի օրով ժողովուրդ է հարկավոր
նոր ընտրությունների համար...

ՉԳԻՏԵՍԹԵԻՆՉ - 1 

Ահա ես` աչքերով ամենաթախծոտը,
սրտով` ամենակոտրվածը,
ամենաբազմաչարչարը ագրեսորների մեջ –
արձանագրեցեք Գինեսի գրքում:
Չեք գտնի մեկ ուրիշ 
այսքան փոքրիկ ժողովուրդ`
այսքան մեծ գերեզմանոցով,
այսքան մեծ ժողովուրդ`
այսքան փոքրիկ հողակտորի վրա:
Եվ չեք գտնի մեկ ուրիշ սիրտ`
կոտրված այսպես անգթորեն:
Դե ինչ, շտապեցեք պատկերել ինձ
Գինեսի գրքում - ահա, ես, 
մի կերպ դիմանում եմ հենակների վրա
ճոճվելով, վերքերի ու կապտուկների մեջ կորած,
էժանագին ծխախոտը 
կոտրատված 
ատամներիս արանքում,
անթրաշ ու տարաբախտ
ագրեսոր:

ՉԳԻՏԵՍԹԵԻՆՉ – 2

Հայրենիքները սովորաբար թշվառ են լինում, 
և ինչքան թշվառ են ու խեղճ, 
այնքան ավելի շատ են հայրենիք:
Իսկ զորեղ ու հարուստ երկրները սովորաբար կոչվում են
անունով, ասենք` Անգլիա, կամ Միացյալ Նահանգներ,
և սովորաբար ոչ ոք չի մեռնում նրանց կարոտից 
և հալումաշ լինում` ա՜խ, իմ թշվառ հայրենիք կանչելով, 
այլ, ցանկության դեպքում, տոմսեր են պատվիրում 
ցանկացած ժամի և մեկնում են իրենց երկիր, սովորաբար 
թերթ կարդալով և կամ սուրճ խմելով:

Հայրենիքները սովորաբար հեռու են լինում, 
քարքարոտ ու անտերանոց մի տեղ, Աստծու աչքից հեռու, 
սպասման մեջ պիտի բազում օրեր քնես ու զարթնես 
անհրապույր ու լքված կայարանների չորչորուկ աթոռներին, 
և ապա, մեծ հաջողության դեպքում` ճանապարհ պիտի ընկնես 
անպատեհ մի ժամի, սովորաբար խորը գիշերով, 
իրար վրա թափված բազմության մեջ կորցնելով ոտիդ և 
հաճախ նաև գլխիդ տեղը, և տեղ պիտի հասնես սովորաբար 
գիշերվա անհայտ մի ժամի, որպեսզի այնուհետև ճանապարհի մյուս կեսն անցնես քայլելով`
երբեմն պիտի բարձունքներ հաղթահարես` կառչելով ծերպերից, 
երբեմն չոքեչոք ու սողեսող գնաս, պիտի ձորեր մտնես,
ուր հնարավոր չէ իջնել առանց պարանի օգնության…
   
Հայրենի տները սովորաբար կիսաքանդ են լինում` ի՞նչ
իմաստ ունի նորոգելը, եթե փլվելու է նորից երկրաշարժից
հերթական և կամ առօրյա ռմբակոծությունից…: 
Կիսաքանդ տներ` բերնեբերան լցված տնքտնքացող պառավներով,
անմարդ կնանիքով և անթրաշ տղամարդկանցով, որոնց 
կյանքի մի կեսը բանտերում է անցնում, մյուսը` օտարության մեջ
և կամ հիվանդանոցներում, որտեղից սովորաբար գերեզմանոց են
տանում` չստուգելով անգամ ո՞ղջ են, թե՞ մեռած…  
Հայրենիքում օրը սովորաբար մի եղանակ է ունենում`
ցուրտ, դաժան ձմեռ, որը վերջանում է քեզ հետ միասին,
և հետո, տարբեր ինչ-որ կարճ շրջան, որ համակված է
ձմռան սպասման տագնապ ու վախով…
Հայրենիքում օրը սովորաբար մի ժամ է ունենում`
գիշերվա մի ժամ, որը 24 ժամ է տևում սովորաբար...

Հայրենիքն այնտեղ է, ուր սովորաբար խռմփոց է հնչում,
կամ էլ` քնելուց զզված երեխայի լաց…: Բոլորն են քնած.
դերասանը բեմի վրա, երաժիշտն իր գործիքը գրկած,
պաշտոնյաները աթոռին նստած, և միտինգներում
հռետորներն են քնած` միկրոֆոններից, ապահովության համար,
ամուր, պինդ կառչած...
Հայրենիքները ահա թե ինչու երազներով ու երազանքներով են 
բերնեբերան լցված... Բոլորն են քնած:
Սակայն ճիշտը այն է, որ սովորաբար
նախ հայրենիք են լինում սկզբում և հետո միայն,
ժամանակներ անց - դառնում են
երկիր: Երևի թե
բոլորն անխտիր:

ՉԳԻՏԵՍԹԵԻՆՉ – 3

Մոռանալ Անանկե աստվածուհուն, խուսափել հայացքից ամենատես,
փակել դուռ ու լուսամուտ, նստել ամայի սենյակում,
ուր այլևս չեն գնում, չեն գալիս կանայք,
հետևաբար լռել է խոսք-զրույցը
Միքելանջելոյի մասին:

Եվ միայն կակտուսն է շարունակում աճել դաշնամուրին հենված նկարում,
և միայն սարդն է ժրաջան հյուսում որոգայթ որոգայթի ետևից:  

Աչքերդ փակված են խավարով,
ականջներդ ծեփված են լռությամբ;
Եվ հոգիդ ցամաքել է, սմքել և հոգիդ ուզում է հեռանալ…

Դաշնամուրը վաղուց է լռել,
կակտուսն է աճում անտարբեր,
նկարում խամրել են գույները….

Սարդին ի՞նչ…-ճակատագիր է, - ասում է, -
անխուսափելի է…: Հյուսում է շարունակ,
ճակատագրիդ համար հյուսում է
ևս մի որոգայթ – շրջանակ:

ՎԱՃԱՌՈւՄ  ԵՄ ԲԱՆԱՍՏԵՂԾՈւԹՅՈւՆՆԵՐ, ԲՈԼՈՐՈՎԻՆ ՉԳՈՐԾԱԾՎԱԾ

գինը` պայմանագրային

Բանաստեղծություն պե՞տք է քեզ, - հարցրեցի հարևանիս,
որը միջանցքում կտրատում էր դեռևս կենդանի ծառի բունը, և
ճյուղերը մատների պես ջղաձգվում էին անտանելի ցավից…
Բանաստեղծությո՞ւն,- հարցրեց ամբողջովին արյան մեջ
կորած հարևանս,- պետք է և շատ: Միայն թե գրված լինեն չոր թղթերի վրա, թե չէ, մի քիչ խոնավ եղան, ծխախեղդ կլինենք տան մեջ…
Բանաստեղծություն պե՞տք է քեզ, - հարցրեցի ավտոբուսի
վարորդին, երբ երկար ժամեր սպասելուց հետո, ճռնչալով 
հայտնվեց մի բազմաչարչար մեքենա և ես մի կերպ խցկվեցի 
առաջին դռնից` մի խումբ հղի կանանց, փախստականների և
մի գրպանահատի հետ, որի մռայլ տեսքից երևում էր, որ 
քաղցած է քնելու նաև այս գիշեր…
Բանաստեղծությո՞ւն,- մտքերի մեջ ընկավ վարորդը` մի
ձեռքով ղեկը բռնած, մյուսով` քորելով գլուխը,- պետք է, եթե
միայն գրված է դոլարի կամ գոնե եվրոյի վրա…
Բանաստեղծություն պե՞տք է ձեզ,- գոռացի ապրանքահումքային բորսայում, 
ուր հաճելի աղմուկ էր և գործարար
մթնոլորտում խռնված էին բիզնեսմենները մեր նորօրյա:
Բանաստեղծությո՞ւն,- հարցրեց նրանցից մեկը` մի պահ
դադարեցնելով աշխատանքը, - նայած թե ինչ ռուլոններով և
նայած թե տեղափոխման ծախքերն ում վրա…
Բանաստեղծություն պետք է ձեզ,- կանչեցի պառլամենտում`
ինչ-որ մի հնարքով հայտնվելով ամբիոնի վրա:
Պետք է,- անմիջապես արձագանքեց նախագահողը, - հայտնի է
բոլորին և նույնիսկ ընդդիմադիր կուսակցություններին, որ 
պոեզիան օժտված է ջերմացնելու հատկությամբ, հետևաբար,
այն կմտցնենք <<Ձմեռ>> բարեգործական ծրագրի մեջ և ձրի
կբաժանենք արվարձանային թաղամասերի, ինչպես նաև`
աղետի գոտու բնակչությանը:
Բանաստեղծություն պե՞տք է քեզ,- հարցրեցի զինվորականին,
որը հատու քայլերով անցնում էր Լա Չին – Լա Մանշ 
մարդասիրական միջանցքով` կրակելով աջ ու ձախ:
Պետք է և շտապ…: Գերադասելի է բարակ թղթի վրա և
թութունի հետ միասին, այլապես հակառակորդը չի հասկանա, որ
հակամարտությունը հարկավոր է լուծել միայն խաղաղ
ճանապարհով…
Բանաստեղծություն պե՞տք է քեզ,- ի վերջո հարցրեցի
կույր մուրացկանին, որը մետրոյի ստվերոտ մուտքի առջև նստած,
ճպճպացող աչքերը հառել էր լուսավոր ապագային, իսկ
թմբլիկ ձեռքը, որ մեկնել էր ինձ, անմիջապես ետ քաշեց 
<<բանաստեղծություն>> բառը լսելուն պես և ժպտաց, ինչպես
միայն հարազատն է ժպտում հարազատին…
   
ԱՅՑԵԼՈւԹՅՈւՆ  ՀԱՆԳՈւՑՅԱԼԻՆ  ՕՎԵՐ-ՍՅՈւՐ-ՈւԱԶ, ԵՐԲ 
ԶՈւԼԱԼԻ ՏՐԱՄԱԴՐՈւԹՅՈւՆԸ ՇԱՏ  ԲԱՐՁՐ ԷՐ ԵՎ
        ՇՐՋԱԿԱ  ԴԱՇՏԵՐՈւՄ  ԲԱԶՄԱԹԻՎ ԱԳՌԱՎՆԵՐ
                 ԷԻՆ ՀԱՎԱՔՎԵԼ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԾԵՍԻՆ
                              ՄԱՍՆԱԿՑԵԼՈւ ՀԱՄԱՐ 

Վան Գոգը, ահա, եղբայրը կողքին`
երկու հարազատ պառկած կողք-կողքի,
անշուք քարի տակ:
Վան Գոգը, ահա…: Իսկ քարի վրա
ծննդյան թիվն է, գծիկ` մահվանը,
և ուրիշ ոչինչ:

Մտովի ինչքան երկար եմ խոսել
ես այս մարդու հետ:
Եկա և տեսա:
Մեռել է վաղուց:

ՍԻՐԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈւԹՅՈւՆ` ԳՐՎԱԾ ԱՆՊԱՏԵՀ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈւՄ

Դու արդեն վաղուց չկաս – ի՜նչ տարօրինակ զուգադիպություն,
չէ՞ որ ինքս էլ վաղուց չկամ: Ներիր, սիրելիս, որ նորից
դառնացնում եմ քո հոգին, բայց արդեն չեմ հիշում, թե դու երբ,
իսկ ես վերջին անգամ զոհվեցի երկրաշարժի ժամանակ, հենց
առաջին ցնցումից հետո: Եվ երբ գնդակը խոցեց ինձ ինչ-որ
ցեխակոլոլ խրամատում - դու արդեն շատ վաղուց չկայիր:
Ու թեև դեռևս տասնամյակներ առաջ թուրքական յաթաղանը
երկու կես էր արել իմ սիրտը, որի մի կեսը ժողովրդի ցավով էր
տառապում, իսկ մյուսը լցված էր քո սիրով, բայց ամենադաժանը
երևի 37 թիվն էր, երբ ես հրաժեշտ տվեցի քեզ` չկարողանալով
նայել քո աչքերին, որովհետև հաջորդ օրն ինձ գնդակահարելու էին, որպես ժողովրդի թշնամու: Բայց, սեր իմ, հավատա,
ամենածանրը քաղցից մեռնելն է, պատերազմից հետո, 
հիշո՞ւմ ես, վազում էինք սայլերի ետևից, որոնք քուսպ էին
տանում, և սայլապանի մտրակից ուշակորույս մարմինս ճզմվեց
ետևից եկող սայլի ծանր…թրթուրների տակ գերմանական
տանկի…բայց ոչ, դա ավելի շուտ էր, երբ մենք հանդիպեցինք
երկրորդ անգամ, գետափին, երբ գետը դեռևս հոսում էր դեպի
ծով, ճիշտ այնպես, ինչպես քարտեզին է նկարված` կապույտ,
քո շրջազգեստից ավելի կապույտ, թե՞ քո շրջազգեստն էր ավելի…
Ներիր, սեր իմ, ես արդեն խառնում եմ ամեն ինչ, ծերացել եմ
սարսափելի, ու եթե, Աստված տա, մի քիչ էլ շարունակվի
այսպես, երևի այս անգամ, առաջին անգամ, պատկերացնո՞ւմ ես,
ինձ հաջողվի մեռնել բնական մահով, թեև, չգիտեմ, էլ ի՞նչ
իմաստ ունի ապրելը հիմա, երբ դու արդեն վաղուց չկաս,
չգիտեմ, էլ ի՞նչ իմաստ ունի մեռնելը մանավանդ,
երբ ես ինքս էլ չկամ վաղուց:



Տեսնել Հովհաննես Գրիգորյանից այլ հրապարակումներ

No comments:

Post a Comment