Արմեն Շեկոյան. Անձրև, անձրև, մի արի

Արմեն Շեկոյան 
(ծնվ. 1953թ.)


Անձրև, անձրև, մի արի
(բանաստեղծություններ դպրոցական կրտսեր տարիքի համար)

<<Սովետական գրող>> հրատարակչություն
1982թ. Երևան


Իշուկի ականջներն ու խելքը

Կենդանիներին
Խելք էին բաժանում,
Հերթով գալիս էին,
բաժին ստանում:
Ամենավերջում
Եկավ իշուկը,
Երբ դատարկվել էր
Խելքի պուտուկը,
Եվ մնացել էր
Մի պուտ, մի պուտ խելք...


Ինչ կար, էն տվին,
Չկար ուրիշ ելք:

Նա չի ուշանում,
Իսկ հաջորդ անգամ
Երբ արդեն ականջ էին բաժանում:
Գալիս է շատ շուտ,
Ջոյում իր համար
Ականջներ խոշոր,
Երկար ու հարմար...
Այ քեզ ավանակ,
Այ քեզ մեծ գիտուն:

Մինչև հիմա էլ
Ուրախ է ու գոհ
Երկար ականջով
Եվ մի պուտ խելքով:

Ալա-բալա-նիցա
կամ` եկեք հաշվենք

Ուրբաթ, շաբաթ, կիրակի,
Տեսնենք ո՞վ կկրակի
Այն աղվեսի վրա, որ
Բոլորին խաբել է, թե`
Գնացել է մարզանքի,
Բայց առավոտ շուտ թաքուն,
Սողոսկել է հավաբուն:
Քեռի Վաղոն շատ ունի
Աղ ու պղպեղով վառոդ,
Դե, շուտ վազիր նրա մոտ:

Ինի-մինի-մայնի-մուկ,
Կատուն բռնեց մի չաղ մուկ,
Մյուս մկները այդ տեսան
Ու կատվի վրա հասան:
Ինի-մինի-մայնի-մուկ,
Ինչ աղմուկ է, Ինչ աղմուկ:
Շա՞տ երկար ես նստելու,
Գնա կատվին փրկելու:

Ալա-բալա-նիցա,
Արջ տեսա, շատ վախեցա,
Երբ գնացի ես անտառ,
Ուրախ էի ու կայտառ:
Շլդիկի հետ պարեցի,
Թութակի հետ երգեցի:
Բակում տոթ է, շոգ ամառ,
Ո՞վ կգա ինձ հետ անտառ:



Տեսնել Արմեն Շեկոյանից այլ հրապարակումներ

No comments:

Post a Comment