Խուլիո Կորտասար | Julio Cortázar

(1914-1984թթ. Արգենտինա)

Եթե պետք է ապրեմ...

Եթե պետք է ապրեմ առանց քեզ,
թող ամեն ինչ 
դառնա անհեթեթ ու տհաճ,
ճաշը` սառը, կոշիկները` ծակ, կամ էլ` կյանքի կեսին
թող գոյանա թոքախտի չոր ճյուղը, և թող ճչան ինձ անդամատված անունը քո,
հավերժ ջղաձգվեն մատները իմ,  և ոչինչ ինձ հանգիստ չբերի:

Ոչ, սա չի սովորեցնի ինձ` քեզ սիրել ավելի,
հայտնվելով, սակայն, երջանկության դռան ետևում,
ես գիտակցում եմ` դու կողքիս ես:
Գուցե հասկանում եմ ես դա, սակայն` ոչ,
թող եղյամը ծածկի դռան վերևի փայտը, և,
կանգնելով շքամուտքում, թող հասկանամ ես`
ինչ են նշանակում ճաշասենյակի լույսը, ճերմակ սփռոցները,
հոտը խռթխռթան թարմ հացի:

Ես այնքան հեռու եմ քեզանից,

ինչպես մի աչքը մյուսից,
սակայն հնարավոր է` այս բաժանումը 
ծնում է մեր նոր տեսողությունը:

Թախանձում եմ

Ինձ հանգիստ մի՛ տուր, ինձ մի՛ ներիր երբեք:
Հետապնդի՛ր ինձ աննանահանջ, ինձ` իմ մեջ:
Մի՛ թող քնեմ, հանգիստ մի՛ տուր:
Այնժամ կնվաճեմ թագավորությունն իմ,
այնժամ լույս աշխարհ կգամ:
Մի՛ լսիր ինձ, ինչպես թեթև երաժշտությունն են լսում, ո՛չ քնքշանք, ո՛չ մեղմություն պետք չեն:
Ստացի՛ր ինձ, ինչպես կայծքարից կայծ են ստանում, հույսից զրկի՛ր:
Պահպանի՛ր սերը մարդկային, ժպիտը: Տո՛ւր ինձ դրանք:
Ե՛կ` սառցե քո աչքերում` զայրույթ:
Ճչա՛: Լցրու՛ կոկորդ ավազով, պատռի՛ր շուրթերս:
Եվ թող չճանաչեմ քեզ արևի լույսի տակ
բայց վստահ լինեմ` չես թաքցնի աչքերդ ո՛չ մարդկանցից, ո՛չ արևից:
Տանջի՛ր:

Եվ խնդրում եմ...

խնդրում եմ այն մասին, ինչի մասին չի խնդրում ոչ ոք. 
մինչև ոսկորներս խրիր ասեղներդ:
Պոկիր ինձնից այս դեմքը, 
ստիպիր ճչալ անունն իսկական:

Սիրային Նամակ
(Ժամանակակից բանաստեղծություն)

Այն ամենը, ինչ քո մեջ պետք է սիրեի,
իրականում այնքան քի'չ է,

իրականում ողջը հենց այդ է:

Մոտակայքում թափառող շունը, բլուրը, ափը գետի,
տաղտուկը ամենօրյա, ամեն տեսակ դատարկ բաները, 
վարսերը` ցորենի ոսկով ծփացող,
բույրը քո մարմնի, որ ինձ հետ է ամենուր,
օրվա ընթացքում ասած քո խոսքերը` 
իմ դեմ և իմ օգտին:

Այդ ամենը այնքան քիչ է,
բայց չէ՞ որ ես սիրում եմ այդ ամենը,
քանի որ սիրում եմ քեզ:

Թող որ նայես ու չնկատես ինձ,
թող որ գիշերը ինձ սիրես`
ատելով առավոտյան,
թող որ դու ճչաս` տրվելով ինձ,
և քո ճիչը լսեն փողոցում.

և թող հաճույքները, որոնց կտրվենք մենք,
դառնան նշանը մեր ազատության:

Ակնթարթներ

Մնա՛ իմ մեջ,
եթե քեզ թանկ են քո դեմքը և մազերը քո:
Չէ՞ որ չգիտես դու`
ծովը, հետ գնալով, կխեղդի քեզ:
Յուրաքանչյուր տպավորություն, յուրաքանչյուր դեմք
քո դեմքին հետք են թողնում,
ամեն մի անուն
ընկնուն է քո անվան վրա, ինչպես վիրավոր արծիվ:
Դու որսն ես Սենայի, ինչպե՞ս փրկել քեզ,
եթե Պիկասսոյի կանայք քնքշանքներով սպանում են քեզ:

Արթնանալով` ես մտածում եմ քո մասին.
դու ամեն անգամ ուրիշ ես,
ես ուզում եմ գտնել քո դեմքը,
փնտրում եմ նրան դիմանկարներում,
փնտրում եմ քեզ այնպիսին, ինչպիսին ձեռքերիս մեջ էիր անձրևային այն գիշերը.
ոչ, դու թույլ չես տա քեզ ոչնչացնել,
դու չես հանձնվի:

Ես մարտնչում եմ, ես ծառ եմ,
բայց չէ՞ որ դու թռչուն ես,
և ի՞նչ կարող եմ անել ես, 
եթե բարձրացած քամին,
որ տանում է երգը քո, 
ինձանից տանի նաև քեզ:


թարգմանությունը` ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ


1 comment:

  1. Anonymous7.7.14

    իմ Կորտասար
    հանճարեղ ես.

    ReplyDelete