երկու նամակ աղջկաս

Լուսանկարիչ՝ Լիլյա Քորնելի

Մ.- ին
1.
անարյուն աղջիկ
մազանոթներիս մեջ անվերջ թռչկոտող,
վերջ տուր խաղիդ

և մի’ չորացիր հպարտ հպարտ,
երբ ջրում եմ քեզ, որ դու աճես

փակիր դեմքդ անձրևով,
երբ կսանրեմ մազերդ,
աչք-շուրթդ կներկեմ,
կօրորեմ քեզ, կասեմ` աաա~

ես քո տիկնիկն եմ, հա±
ես քո բարձն եմ, հա±
ես չկամ, - բղավում ես սև ամպի նման,
ջրհեղեղում տունս, լեզուդ ցույց տալիս ու գնում քիթդ կախ
չկաս,
աղջիկ,
չկաս,
որովհետև շռայլ էր սիրտս, միամիտ,
և բոլոր օձերին դրեցի կրծքիս,
տաքացրեցի, երբ ցուրտ էր,
կերակրեցի մարմնովս,
ու երբ ինձնից ոչինչ չմնաց,
թքեցին դատարկ ստվերիս մեջ,
լիզեցին շուրթերը գոհ,
գնացին տաք անկյուն գտնելու

անկրակ սեղանիս հենված
լեզվով փորձում եմ արցունքներիս համը, որ երբեք նույնը չի,
նաև չափերն ու տեղատվության քանակը
տարին անձրևային է, աղջիկս, ասա կարկուտը քիչ լինի,
որ երբ ջրեմ` դու աճես,
մատներս մտցնեմ հողի մեջ, արմատներիդ խուտուտ տամ` ծաղկես

ուղարկիր ինձ հին մարդկանց, աղջիկս,
որ հմուտ այգեպան լինեն ու փխրեցնեն կոպիտ սիրտս` ճաքճքող արևի տակ

2.
աղջիկս ես լվացի մազերս, հարդարվեցի
ներկեցի եղունգներս քո սիրած բաց արնագույնով

հիմա երբ ես գեղեցիկ եմ այսքան
աղջիկս
ուժ տուր ինձ
սպասելու համար քեզ
սպասելու համար մեր հայրիկին
և չխաբնվելու համար այս ջրափեսաներին
որ երգում են յոթ սարերից այն կողմ, յոթ ջրերից այն կողմ
կառուցած դղյակների մասին
ուր կիլոներով աստղեր կան
և ոսկուց մոլորակներ, որ կուղարկեն մեր մայրերին`
իբրև սիրո գին մեզ ծնելու համար

վախենում եմ աղջիկս շատ եմ վախենում
որ մեր նավի ղեկը ինքնակամ շրջվի
և փուչ ձայնի շքեղությամբ հմայված
մենք զարնվենք խութերին
և մեր հայրիկը որբ մնա
և ես որբ մնամ
և դու չծնվես





Տե՛ս Հասմիկ Սիմոնյանից այլ հրապարակումներ 

5 comments:

  1. Anonymous17.7.11

    lrelu u pshaqxvelu banastexcutyun...erb noric kardalu hamar mi qich spasum es, spasum es tever achen, vorovhetev amen bari mej qo txrutyunn u ujn es tesnum...lavn er.apres:*

    ReplyDelete
  2. mi tesak jur xmelu pes kardaci arag,ev zgaci aveli em caravum,
    isk es hatvacy amenashaty havaneci`
    անկրակ սեղանիս հենված
    լեզվով փորձում եմ արցունքներիս համը, որ երբեք նույնը չի,
    նաև չափերն ու տեղատվության քանակը
    տարին անձրևային է, աղջիկս, ասա կարկուտը քիչ լինի,
    որ երբ ջրեմ` դու աճես,
    մատներս մտցնեմ հողի մեջ, արմատներիդ խուտուտ տամ` ծաղկես

    ուղարկիր ինձ հին մարդկանց, աղջիկս,
    որ հմուտ այգեպան լինեն ու փխրեցնեն կոպիտ սիրտս` ճաքճքող արևի տակ...

    ReplyDelete
  3. Anonymous17.7.11

    Շատ սիրուն պատկերներ են...կեցցես...հաճախ չի պատահում,որ ժամանակակից գրականության ինչ-որ գործի հատվածներ կամ էս դեպքում ամբողջը մի քանի անգամ կարդամ...հրաշալի էր...

    ReplyDelete