Հասմիկ Սիմոնյան


քեզ

ես չեղա նավզիկե քեզ համար
չնայած երբ էլ դու եկար
եկար քրտնած ու թաց
ոսկորներիդ մեջ պտտահողմ տեսա, ալիքներ
թափառող
թափառիկ` պես մարդու մեռած հիշողության

ինչ կար քեզանից
գարուն ամառ աշուն
անկիսելի քաղաք պստիկ-մստիկ ցույցերով
և անշարժ աստվածներ սայլակում հաշմանդամի

ինձնից մի մարմին կար` որբանոց գրքերի
դու անտեր գրքի պես լուսնային մի գիշեր ոռնացիր երկար
ու ես գնացի
փնտրելու իմպեսներին

բայց ում էլ որ գտա
եկավ անձրևի հետ` աստվածային խաղաղ, անմարդկային կրքոտ

ու լուսնային մի գիշեր
երբ մինի աստծված էի` միայնակ ու դժբախտ
ես հիշեցի ոռնոցդ քրքրված ու անտուն

քեզ բացեցի կամաց որ մաշված էջերդ հանկարծ չցավեցնեմ
ու կծկվեցի քո մեջ
ինչպես հարազատ դագաղում

գիրք իմ որ իմը չես

դու չեղար նավզիկե ինձ համար
չնայած ես միշտ եկա
որ մատներդ շոյել սովորեն ու աչքերդ դատարկ չմնան

ու լուսնային մի գիշեր երբ պտտահողմ ելավ
և ալիքներ բարձրացան
ես ջրհեղեղ ուզեցի ու բառը` իբրև նավ
ինձ բերեց քեզ մոտ
քեզ տեսնելու համար և սակայն չունենալու

գիրք իմ որ դու ես ու ես չեմ
գիրք իմ որ այդքան ես եմ
ներիր իմ սխալները
ես սովորական աստված եմ` ամեն քայլափոխի հանդիպող
վառիր աստղը քո կղզու
որ լուսնային այս գիշեր
ոսկորներիս պտտահողմը ավազներդ մաքրեն

2010թ.

2 comments:

  1. Աննա17.7.11

    բայց ում էլ որ գտա
    եկավ անձրևի հետ` աստվածային խաղաղ, անմարդկային կրքոտ... ամենա հավանածս տողերը...

    ReplyDelete
  2. Հ ր ա շ ա լ ի . . . ~

    ReplyDelete