հասմիկ սիմոնյան

լուսանկարիչ՝ Սալի Մանն
*
- կմրսես, - հիշեցրեց մայրս,
ու գիշերը նրա հետ հեռացավ
քնելու,
իսկ սենյակում մնացին
ծուխն ու
լացի մի տեսակը,
որի անունը չգիտեի…

…ծխապատ բիբերիս միջից
մորս հիշեցումը երբեմն - երբեմն
մրսում էր,
ու ջարդված ապակիների`
գլխի պես ցավոտ
ձայնը թարթում էր աչքերը,
հարևան հիվանդ ու միայնակ կնոջ պես,
որին շտապ օգնության մեքենան
հեռացրեց,
ու փողոցում նրանց ետևից
ձգվեց գիշերը`
ավելի սև ու ավելի երկար…



- Աիդա տատիկին տարան, -
ասաց մայրս` փակելով դուռը,
և օրերը դատարկ մանիկյուրների նման
խոսում էին սեղանի մյուս անկյունից.
հեռացող մարդկանց չուն
ձգվում էր երկնքի
բացված պատուհանից…
- կկարոտեմ, - հողի ձայնը տաք էր…

…ու ես մրսում էի,
միջիս մենակությունը ոռնում էր,
և գիշերվա ատամների մեջ
զսպված քրքիջ կար,
ես այն քաշքշում էի սանձի պես,
ու ծխապատ բիբերիս մեջ
լացի մի տեսակ կար,
որի անունը չգիտեի…

*

Այս աշունը մեր տան ամենացուրտ եղանակն էր.
լվացքի պարանին շորերը չէին չորանում,
ու ստիպված մենք էինք չորանում
հագուստների մեջ…

- ծեծից մարդիկ տաքանում են, -
գլուխս ձեռքերով պաշտպանած մտածում էի ես
ու թերթում Աստվածաշունչը,
որտեղ տաքանալու մասին ոչինչ չկար գրված…

- կյանքում հերդ ինձ մատով չի կպել, -
կրկնեց մայրս
ու ավլեց արցունքները,
որ անխնա թափել էինք բոլորս…

…և երաժշտության հետ կտրատված կանաչին
աղցան չէր դառնում,
իսկ աշունը բնավ էլ դեղին չէր,
և արև կար, որ անհասանելի էր
դոլարների պես ու կապի…
հայրս ծխում էր…

մտովի ստացած ապտակներից
տաքացած գլուխս չբարձրացրեցի…

- անցեք քնելու, - ասաց հայրս,
և դժվար էր հասկանալ`
նա էր ծխախոտ ծխում, թե ծխախոտը` նրան…

…և աշունը բնավ էլ դեղին չէր,
կանաչը ամենուր էր և շատ, մեր գրպաններից բացի,
ու աշունը, գլուխը ձեռքերով պաշտպանած,
թերթվում էր Աստվածաշնչի պես
ապտակներից տաքացած ու նյարդային դողով…
2006թ.

*
օրերի կլիմայական միապաղաղությունը
արագ-արագ թարթում է աչքերը
մահապարտի նման
որ կում-կում խմում է ազատությունը…

տարօրինակ մարդկանց խոնավություն կա ամենուր
հիմա փողոցը կրծում է եղունգները
ես ամեն կերպ թաքցնում եմ թուլացած ձեռքերս
անօգնական գրպաններիս անհայացք խորության մեջ

մամ
ապտակիր ինձ
ես հավես չունեմ ուղղակի ապրելու քո ուզած դստեր
չափած-ձևած քնապարկում

մեր խոհանոցի պատերի սպիտակության մեջ
քո հողաթափերի քստքստոցը ավելի իրական է
քան իմ չգրած բանաստեղծությունը
և առավել իրական է ձանձրույթը
որ բարեկամաբար ձեռքը թփթփացնում է ուսիս
շոյում այտս ու հարցնում ցավազրկի թե ոչ

շների ցից ոսկորներով ոռնոցը փշաքաղվում է երկնքի խոռոչում
գիշերը փչացած ատամնաշարի պես նեխահոտը շպրտում է երեսիս
ես արագ-արագ թարթում եմ աչքերս
և կում-կում խմում թեյս որից բնավ էլ ազատության համ չի գալիս
գիշերը ուղղակի գիշեր էր
փակիր դուռը մամ

*
և հեթանոս աստվածները զգուշացրեցին`
կգան օրեր
թռչունները կթռչեն հեռվում
ծառերը կանաչ կլինեն
երեխաներ կպառկեն հողի վրա և մատներով կճզմեն
ցանկությունները ծնողների
և ծնողները ուշացած կողբան օրերի հեռվում
և օրերի հեռվում աշուն կլինի
2009թ.

P.S.  …սիրով…

զարմանալի է, բայց ամեն ինչ այդ օրերին
սկսվում ու վերջանում էր հենց այնպես…

…չորացած տերևների հետ քշվող ծիծաղը
հոգնած նստել էր գետնին,
ու աշնան կիսատ թողած ձեռագրով
շարունակում էր խզբզել այդ օրերի
ամառային ներկայացումը,
երբ գրեթե կիսամերկ հինգշաբթի էր,
և օրագրիս մեջ օրերը
տարբեր ծաղիկներ էին սիրում,
իսկ ես սպասում էի ծաղկեփնջի…

…այդ օրերին մենք հուլիսը սկսեցինք բրդերով,
- կոտորվեցինք, - հոգոց էինք հանում մենք
ու կարում ձմեռային հիշողության վերմակները,
իսկ ամեն իրիիկուն փողոցային շների
մուգ կապույտ ոռնոցը չլսելու համար
պատուհանս փակում էր ականջները…

ստեղծածով հիանալով` Աստված ցնցուղով
ջրում էր բոլորիս.
(վարդավառ էր երևի երկնքում,
դե ինքն էլ ամենաբարձրյալն էր,
մենք էլ` ամենափոշոտը…)…

…այդ օրերին լուսարձակներին փաթաթված
գիշերը թաց էր ծնվել,
ու փողոցները
կիսամերկ թափանցիկությամբ ծիծաղող
տաքություն էին բաժանում…
…մայրս հաց էր թխել, ու բույրը
փաղաքշանքի նման էր տարածվել…

...այդ օրերին ամեն ինչ զարմանալիորեն
սկսվում էր ու վերջանում
հենց այնպես` սիրով,
և հենց այդ օրերին էր, որ ես հասկացա
կիսամերկ աշնան մենախոսությունը
դատարկ շշերի արանքում…
2006թ.


No comments:

Post a Comment