Արմեն Ավանեսյան

գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու

ԱՐՏԱՌՈՑ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԴՈՔՍԸ

Հասմիկ Սիմոնյանի «Լուսնոտ բառեր» բանաստեղծությունների ժողովածուն (Երևան 2005) աչքի է ընկնում բազմահնարանք պատկերային մտածողությամբ, երևակայական գունազարդումներով, զգացմունքային հոսքով և կոլաժային կառուցումներով:
Գրքի հիմնական հյուսվածքը Սիմոնյանը կայացրել է ԱրտառոցիՏրամադրության և Պարադոքսի սեփական ընկալումներով:

Արտառոցի Հասմիկի կերպընկալումը դուրս է բնականոն արտառոցությունից: «Լուսնոտ բառեր» գրքում այն դրսևորվում է երեք կերպ.
ա) Արտառոց բառակապակցություններ, երբ բառերը չեն կարող իրար կողքի լինել, բայց Հասմիկ Սիմոնյանը կարողացել է այնպես շաղկապահյուսել դրանք միմյանց, որ թվում է, թե դրանք ճշգրիտ իրենց տեղերում են (ուշաթափված քամի, լույսի մատնահետքեր, հայելու կոպեր, անչափահաս ծխախոտ, կանաչ ժամանակ և այլն): Այստեղ, թերևս, դիպուկ դիտարկում է արել «Լուսնոտ բառեր» գրքի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, թե` «նա (Հասմիկ Սիմոնյանը - Ա. Ա.) պարզապես իրականացնում է բառերի` չեղած տեղերում գոնե մի անգամ լինելու երազանքը» (էջ 3):
բ) Արտառոցի մյուս կերպը Հասմիկի բանաստեղծություններում արտահայտվում-դրսևորվում է երևույթների և իրավիճակների մակարդակներում: Օրինակ` «փողոցը հանկարծ// կարող է պատմել խանութի մասին» (էջ 5), ՙխոհանոցում գտնում է թոքերից անվերջ բողոքող մի// ծխախոտ// և առաջարկում կոնֆետ…՚ (էջ 17) «…ու ես փակցնում եմ լուսամփոփների` // թախիծով լցված միայնության մեջ // մարմինս` ծածկված վերջակետերով…» (էջ 36) և այլն:
գ) Արտառոցի ավելի թույլ արտահայտված կերպ է ամբողջ բանաստեղծության բովանդակային հոլովույթներում ընկած արտասովորի արտահայտումը: Արտառոց է, երբ հեղինակը խոսում է իր անգո որդու հետ («…տղաս, սենյակի հատակին»), կամ զրուցում է ինքն իր հետ («Հաս, ես հաճախ եմ…»):
Արտառոցի այս առատության արդյունքում, ստացվում է, որ Հասմիկի գիրքը վերացարկված է, ինչը տեսանելի է անգամ գրքի վերնագրում` «Լուսնոտ բառեր»:
Այս արտառոց և վերացարկված կառուցումներին զուգահեռ հեղինակն իր բանաստեղծություններում կարողանում է տրամադրությւոն ստեղծել: Տրամադրության բաղադրությունը «Լուսնոտ բառեր»-ում հետևյալ մասնաբաժիններով է կայանում` արցունք-անձրև, բանաստեղծության գունային ներկապնակ և մոգականություն:
Հասմիկ Սիմոնյանի ստեղծած վերացարկված իրականության մեջ միայն արցունքն է, որ կոնկրետացված է: Գրքի գրեթե բոլոր բանաստեղծություններում առկա է արցունքի կամ անձրևի (ինչը ևս արցունքին հավասարազոր միավոր է գիտակցվում) մետաֆորը: Հասմիկը տրամադրության ներքին պլանում արցունքի և անձրևի նույնացումն է կատարում.
…ու հեռանում աշնանային անձրևի նման,
որ կաղում է մի քիչ ու
որի աչքերը ջրից ցավում են… (էջ 58):
Սիմոնյանի բանաստեղծությունները աչքի են ընկնում գույների առատությամբ և խայտաբղետությամբ: Հեղինակը նույնիսկ նոր գույներ է ստեղծում, որոնք ավելի շուտ պոետիկ ներքին տրամադրության ծնունդ են` ծովագույն (էջ 19), սրճագույն (էջ 25), գիշերագույն (էջ 35), ջրի գույն (էջ 41), խեցեգույն (էջ 66) և այլն:
Այս գունային խայտաբղետության մեջ Հասմիկը ավելի հաճախակի դիմում է կանաչ գույնին, և վերջինս ավելի ցայտուն է նրա բանաստեղծություններում:
Սիմոնյանի բանաստեղծությունների մեջ գույների կոլաժային կառուցումներ են հանդիպում, որոնք, չնայած սակավ են և տեղային բնույթ ունեն, այնուհանդերձ տրամադրության արարող-խտացնող են հանդիսանում.
«...թափանցիկ կիրքը` սրճագույն մարմնով,
փաղաքշում է կանաչ մթության
կարմիր թևիկները…» (էջ 25):
«...կապույտ վարագույրի տակից
կնշմարվեն մատնահատքերդ…
սպիտակը կկաթկթա ուռենու ճյուղերին…
կապույտը կխտանա օդում
բարակ մի ձայն կօրորվի ու մթնալույսը
կհամբուրի լուսնոտի պաղ շուրթերը>> (էջ 28):
«…եթե չկա իրիկուն որ կախվի երկնքի սևացած թելերից…
թանաքագույն մի երազ
արնաքամ էր լինում»; (էջ 60):
«…խեցեգույն երազը գիշեր է դառնում` արծաթված ու սպիտակ թեփուկներով»; (էջ 66):
Այս գունային կոլաժները, ինչպես նաև որպես մակդիրներ գույների բազմաթիվ կիրառումները կարծես թե քայքայում են բանաստեղծության և նկարչության սահմանները: Չնայած պետք է փաստեմ, որ հեղինակի կողմից գույների երբեմն չարաշահումը իր վնասներն է հասցնում նաև բանաստեղծությանը: Բանն այն է, որ շատ գեղարվեստական պատկերներ ուղղակի խամրում են գույների անհարկի ցայտունության պատճառով:
Տրամադրություն է արարում Հասմիկի ստեղծագործության մեջ նաև մոգականությունը, որը արտահայտվում է հիմնականում կատվիհայելուլուսնոտիուրվականի և մատնահետքի հայտնություններով:
«Լուսնոտ բառեր» գրքում դրամատիզմի կրող-արտահայտողներն են պարադոքսները, որոնք հանդիպում են տողային և պատկերային մակարդակներում: Հեղինակը թերանալով բանաստեղծության ասելիքային-ներքին սահմաններում խորը դրամատիզմի արտահայտման մեջ, հատուկ կիրառում է պարադոքսներ, սուր-բախումային իրավիճակներ ստեղծելու նպատակով, սակայն այդ սուր-բախումային իրավիճակները մնում են տողային-պատկերային մակարդակներում. «…ու շշնջացել ծաղկավաճառին` մտքում գոռալով» (էջ 14), «Ու հարսնացուի զգեստով ոտաբաց մուրացիկը» (էջ 17),
«...ռետինով գրված նամակը» (էջ 18), «Սևացած ճերմակ երջանկությունը» (էջ 27) և այլն:
Հասմիկի որոշ, հատկապես գրքի վերջում զետեղված մի քանի բանաստեղծություններում («Թռչունի հոգեբանություն», «…Ոտքերով կամ թաթերով, միևնույն է…», և այլն) նկատվում են երկարաբանություններ, ինչը ասելիքը հավաքելու-ամբողջականացնելու նպատակով է: Սա անհանգստացնում է այն պարզ պատճառով, որ կասկածելու տեղիք է տալիս, թե Հասմիկ Սիմոնյանի հետագա ստեղծագործության մեջ անխուսափելի կլինեն երկարաբանությունները:
Մի բան հստակ է, հանձին Հասմիկ Սիմոնյանի` գործ ունենք օժտված բանաստեղծուհու հետ, և նրա առաջին` «Լուսնոտ բառերը» մի բան էլ ավելին են առաջին գրքի համար, մնում է Հասմիկը շատ չգոհանա իր արածով:
Գրեթերթ 1 (1) 2006

No comments:

Post a Comment