Ռոք Դալթըն | Roque Dalton

(1935-1975թթ., Սան Սալվադոր)

Գիշերվա փոքրիկ ժամերը

երբ իմանաս մեռել եմ
անունս չտաս
քանի որ մահն ու խաղաղությունը
ստիպված կլինեն սպասել

ձայնդ
հինգ զգայությունների զանգակը
լույսի բարակ ցոլք կհյուսի
որ մշուշս կփնտրի

երբ իմանաս մեռել եմ
ուրիշ բառեր ասա
ասա ծաղիկ
բզեզ
արցունքի կաթիլ
հաց
փոթորիկ

չթողնես
որ շուրթերդ գտնեն տասնմեկ տառս
քնկոտ եմ
սիրել եմ
վաստակել եմ լռությունը

անունս չտաս
երբ իմանաս մեռել եմ
թե չէ դուրս կգամ մռայլ հողի տակից
ձայնիդ համար

անունս չտաս
անունս չտաս
երբ իմանաս մեռել եմ
անունս չտաս

անգլերենից թարգմանեց ԹԱԳՈւՀԻ ԹՈՐՈՍՅԱՆԸ

Մոռացում

Անցյալ գիշեր երազիս մեջ տեսա մեկին, ով ասաց՝ մեռավ սերդ:

Սերը քո. մի աղջիկ, ում սիրում էիր ջահել տարիներին,
մեռավ:

Հարավի ցուրտ քաղաքներից մեկում,
ուր այգիները հիշեցնում են ցողի մի մեծ կաթիլ,
ինչ-որ մի ժամի, երբ մառախուղ է եղել անթափանց,
և քաղաքը շրջվել է քնի մեջ՝
կլլելով վայրի հոգիներ,

մեռնում
էր
նա,
այդպես ասացին,
ու անունդ
շուրթերին չէր նրա:

27 տարի

Շատ լուրջ է,
երբ քսանյոթ ես:
Ամենադժվարն է՝ կասեի:
Մանկությունս խեղված էր.
փոքր էինք: Իմ բոլոր ընկերները հերթ չտալով իրար
մեռնում էին:
Այդ ժամանակ էր,
որ ես հասկացա՝
ես էլ անմահ չեմ:

Վախ
                Խուլիո Կորտասարին

Ասեղի ծայրին կանգնած
անտեր հրեշտակը
լսում է, թե ինչպես է
ինչ-որ մեկը
միզում:

Ձեզ նման

Ձեզ նման ես էլ եմ սիրում
սերը, քաղցր հոտերը
տարբեր բաների, երկինքը՝
բնանկար կապույտ՝ ի վերա հունվարյան օրերի

արյունս բորբոքվում է,
աչքերով ծիծաղում եմ
լացելու աստիճան,
ու մի տեսակ հավատում եմ, որ աշխարհը սիրուն է,
և պոեզիան էլ
հացի պես
բոլորի՛նն է:

և երակները իմ
չեն վերջանում իմ մեջ
և արյունն իմ բազմաձայն է
և արյունն իմ արյունն է բոլորի,
նրանց, ովքեր գիտեն պայքարել
կյանքի համար,
սիրո ու  փոքր բաների,
բնանկարի համար,
հացի ու
պոեզիայի:

Ատոմային ռումբից հետո

փոշի կլինի, արդյո՞ք սիրո փոշի:

Իսկականը

Խոշտանգելուց չորս ժամ անց սթափեցնելու համար բանտարկյալին հսկիչն ու երկու ոստիկանները մի դույլ ջուր լցրեցին նրա գլխին ու ասացին. «Գնդապետը հրամայել է փոխանցել, որ կաշիդ փրկելու հնարավորություն ունես: Եթե գուշակես, թե մեզնից ո՛ր մեկն ապակյա աչք ունի, խոշտանգումից կազատվես»: Մի հայացք գցելով իր դահիճներին՝ բանտարկյալը ցույց տվեց նրանցից մեկին ու ասաց.
- Դու, այ դու, քո աջ աչքը ապակուց է:

Զարմանքից ոստիկանի դեմքը այլայլվեց: Ապշած ասաց. «Փրկվեցիր, բայց ո՞նց գուշակեցիր: Ընկերներիցդ ոչ մեկին չհաջողվեց գուշակել: Բոլորը սխալվում էին,  որովհետև ամերիկյան արտադրության է ու սարքած է անթերի»:«Չէ, հեշտ էր», - ասաց բանտարկյալը, - «դա միակ աչքն էր, որ ինձ չէր նայում ատելությամբ»:

Իհարկե, նրան շարունակեցին խոշտանգել:


անգլերենից թարգմանեց հասմիկ սիմոնյանը



''Small hours of the night'' գրքի PDF տարբերակը այստեղ

No comments:

Post a Comment