Էդգար Լի Մասթըրս. Edgar Lee Masters

(1868-1950թթ., ԱՄՆ)
Էդգար Լի Մասթըրսը Եգիպտոսում, մարտի 19, 1921թ.
Լռություն

Ես ճանաչել եմ աստղերի ու ծովերի լռությունը,
Եվ քաղաքի լռությունը, երբ նա քնած է,
Տղամարդու և կույսի լռությունը,
Եվ այն լռությունը, որի համար երաժշտությունն է միայն բառ գտնում,
Անտառների լռությունը՝ գարնանային քամիներից առաջ,
Հիվանդների լռությունը,
Մինչ նրանց աչքերը թափառում են սենյակում,
Ու ես հարցնում եմ՝ էլ ի՞նչ խորքեր ունի լեզուն.
Գիշատիչ գազանը ոռնում է մի քանի անգամ,
Երբ մահը խլում է ձագին,
Իսկ մենք անբառ ենք իրականության ներկայությամբ...
Մենք չենք կարող խոսել:

Հետաքրքրասեր պատանին մթերային խանութի մոտ
Հարցնում է ծեր զինվորին.
«Ինչպե՞ս կորցրեցիր ոտքդ»,
Ու ծեր զինվորը ցնցվում է լռությամբ,
Կամ նրա միտքը թռչում է հեռուները,
Որովհետև միտքը չի կարողանում կենտրոնանալ
Գեթիսբերգի վրա,
Այլ կատակով ետ է դառնում:
Ու ծերունին ասում է. «Արջն է պոկել»,
Իսկ տղան զարմանում է, մինչ ծեր զինվորը
Համր ու աղոտ վերապրում է
Հրացանների փայլը, թնդանոթների փոթորիկը,
Սպանվածների վերջին ճիչերը,
Վերապրում է և ինքն իրեն՝ գետնին պառկած,
Հետո՝ վիրաբույժներ, դանակներ,
Անկողնային երկար օրեր:
Բայց եթե նա կարողանար նկարագրել այդ ամենը,
Նկարիչ կլիներ,
Բայց եթե նկարիչ լիներ, ավելի խոր վերքեր կլինեին,
Որոնք չէր կարողանա նկարագրել:

Խոր ատելությունն իր լռությունն ունի,
Իր լռությունն ունի մեծ սերը,
Իր լռությունն ունի մտքի խաղաղությունը
Ու դառնացած մտերմությունը:
Լռություն կա հոգևոր ճգնաժամի,
Երբ քո նրբորեն տանջված հոգին
Տեսիլքներ է բերում, որոնց բառերի վերածել չի լինի
Բարձրագույն կյանքի տիրությունում:
Կա լռություն Աստվածների, որոնք անխոս հասկանում են իրար,
Եվ պարտության լռություն կա:
Լռությունը անարդարացի պատժվածների,
Լռությունը մահամերձի, որ սեղմում է հանկարծ քո ձեռքը,
Լռությունը հոր և որդու միջև,
Երբ հայրը չի կարողանում բացատրել իր կյանքը,
Թեկուզ և որդին սխալ հասկանա:
Լռություն կա, որ իջնում է ամուսնու և կնոջ միջև,
Լռությունը նրանց, ովքեր ձախողվել են,
Եվ այն համատարած լռությունը, որ պատում է
Կոտրված ազգերին ու պարտված առաջնորդներին,
Լինքոլնի լռությունը
Իր թշվառ պատանեկության մասին խորհելիս,
Նապոլեոնի լռությունը
Վաթեռլոյից հետո,
Ժաննա դ՛Արկի լռությունը,
Որ բոցերի մեջ շշնջում էր. «Տե՜ր իմ Աստված»՝
Երկու բառով իր ամբողջ վիշտն ու հույսը ցուցահանելով,
Ծերության լռությունը,
Որ չափազանց իմաստուն է խոսելու համար
Անմատչելի բառերով նրանց հետ, որոնք չեն ապրել
Կյանքի այդքան երկար ուղին:

Եվ կա լռությունը մեռյալների:
Եթե մենք՝ ողջերս, չենք կարողանում խոսել
Ծանր փորձություններից,
Ապա ինչո՞ւ ենք զարմանում, որ մեռյալները
Չեն պատմում մահվան մասին:
Նրանց լռությունը կմեկնաբանվի,
Երբ ինքներս մոտենանք նրանց:

անգլերենից թարգմանեց ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԸ


No comments:

Post a Comment