Լուսինե Եղյան. Մագմա


Լուսինե Եղյան
(Ծնվ. 1995թ.)

Մագմա
բանաստեղծություններ 

Անտարես
Երևան, 2015թ.



Խմբագրի կողմից

       Թվում է, թե այս գրքում անվերջ դանդաղ մահ կա. ահա ինչ-որ մեկը մոտենում է աթոռին, ահա պարանն անաղմուկ անցկացրեց վզով ու խնդրում է աստծուն հրել աթոռը ոտքերի տակից: Բայց պատկերները, մետաֆորների հրաբուխը, որ սպրդում է կամքիցդ անկախ մաշկիդ տակ, ստիպում են քեզ բացել նկարված թևերդ ու թռչել, վազել, գնալ առաջ:
     Հիշո՞ւմ եք մոյրաներին՝ մարդկային ճակատագրերը որոշող երեք կույր քույրերին, որոնք ընդամենը մեկ աչք ունեին և հերթով ու զգուշությամբ ձեռքից ձեռք էին տեղափոխում՝ տեսնելու համար: Գիրքը կազմելիս անընդհատ տպավորությունն եմ ունեցել, որ ես կույր եմ, ու Լուսինեն հմտությամբ իր աչքն ինձ է տրամադրում, որ ես տեսնեմ շուրջս խլրտացող այս պատկերների բազմությունը, որ հենց իմ կողքին է:

     Ավստրալիայի բնիկները հորինել են բոլորիս հայտնի բումերանգը, միայն թե այն գործածում էին ոչ թե իբրև խաղային միջոց, այլ որպես որսի գործիք: Բումերանգով սպանում էին կարապներին: Եվ եթե օդ նետված բումերանգը վերադառնում էր, նշանակում էր՝ նշանակետին չէր հասել: Փաստորեն, բոլոր վերադարձած բումերանգներն անհաջողակներ են:
     Թվում է, թե անվերջանալի դեղահաբերը, հիվանդանոցները, վախերն ու պորտալարի պես վզին փաթաթվող բարդույթները (մանկական բռնոցի խաղի պես) Լուսինեն փոխանցում է մեզ, որ հետք ինքն ազատվի: Պոեզիան բռնոցի է. ես վազում եմ ձեր ետևից, ես վերադարձած բումերանգ եմ, ով ուզում է ձեզ հետ միասին և՛ կարապի նուրբ վիզ թռցնել, և՛ ապրել:
Հասմիկ Սիմոնյան
·
Լինել քաղաքում տարածվող վարակի միակ պատճառը
լինել բոլոր դատարկ երթուղայինների վարորդը
լինել բացատրությունը Նյուտոնի երրորդ օրենքի
լինել ցավի ներքնաշորը՝ բառի բոլոր դրսևորումներում
լինել այն տուփը որտեղ պահվում են պատերազմից տուն չվերադարձածների նամակները
լինել չհրապարակված բանաստեղծություն՝ մաքուր ու անձեռնմխելի
լինել հողն ամենափխրուն որտեղ ցանկանում են աճել բոլոր ծաղիկները
լինել Գինսբերգի ակնոցը
լինել ծեր կնոջ ամենանվիրական երազանքը մեռնելու
լինել զուգահեռ շարված աթոռներից հենց զրոերորդի տերը
լինել բաժակը որով ամեն առավոտ սուրճ ես խմում
լինել չգտնված սև արկղերի քանակը
լինել Հիսուսի տասներեքերորդ աշակերտը
լինել թմրությունը՝ փոքրիկ ներարկիչի մեջ տեղավորվող
լինել բոլոր հեղափոխություն սկսողների խոսափողը
լինել Էյնշտեյնի ու Թագորի զրույցը
լինել հին եգիպտական պոեզիա
լինել ոչինչ

·
դու իմ շնչառության հոմանիշն ես
դու այն բառերի կույտն ես որոնք կարելի է ասել մեռնելուց առաջ
դու առավելապես ջուր ես ինչպես էս նողկալի մոլորակը
դու ինքնասպանությունն ես որը երբեք չեմ գործի
դու փախուստն ես. մայրիկին գրված նամակ
դու միակ նախամարդն ես որին կարելի է սիրել
դու ինձ հանդիպած ամենահին կողմնացույցն ես
դու թանկարժեք օծանելիք ես գրադարակի վրա դրված
և երբ ես մեռնեմ կվերջանա քո մասին բանաստեղծությունը

Կոորդինատային առանցք

Երբ ես միայնակ էի, մտածում էի մահվան մասին:
Հիմա, երբ ինձ հետ ես, ես մտածում եմ մահվան մասին:
Երբ գնաս, ես շարունակելու եմ մտածել մահվան մասին:

·
ասում ա
ես իսկապես նախանձում եմ էն մարդկանց,
ովքեր չունեն գերեզման,
նրանք մի օր բաց ծով դուրս եկան ու հրաժարվեցին ցամաքից:
ինձ դուր են գալիս օվկիանոսի քարերը. դրանցից ջրիմուռի հոտ է գալիս...
երբ գլուխս դնում եմ ջրին, էլ չե մտածում մեռնելու մասին,
թվում է՝ շուրջս մոխրագույն վիշապներ են լողում, ու ես նրանցից մեկն եմ,
ես սկսում եմ մտածել սիրելու մասին,
նենց, ոնց որ մսագործը մտածում է մորթված անասունի քաշի մասին,
թույլ լռության մեջ երազել ջրի ալիքների մասին,
երբեմն՝ քո...,
իսկ ձմռանը պառկել մերկասառույցին,
ու թույլ տալ, որպեսզի քամին մանրացնի մարմինդ,
ու ոչ ոք, ոչ ոք չի իմանա,
որ մենք գոյություն ենք ունեցել

·
Թույլ տուր բյուրեղանալ քո մեջ, ինչպես քաղաքում աճող լեռ,
ու չտեսնել ցավը, որ ճյուղավորվում է մեզանից դուրս ու քայքայում սերը,
որ կառուցում ենք անփութորեն՝ հաշվի չառնելով սեղմվածությունը մեր ստվերների,
փողոցում լցվող տիղմը, որ տարածում է կարոտը միասին մեռնելու,
կնոջ ծերացող աչքերը, որ ինձ անընդհատ մոռանում են դատարկ ընթերցասրահում,
մետրոյի ռելսերի տակ, հայրիկի գլխացավի մեջ....

Ես գլուխս դրեցի ուսիդ՝ դանդաղ մոտեցնելով ատրճանակը քունքիս՝
վստահ լինելով, որ եթե խտանամ քո մեջ, կսկսվի ճանապարհորդությունը,
որից փախչում ենք շարունակ՝ թողնելով, որ ջրիմուռները փաթաթվեն մեր ոտքերին...,
...ու ջուրը երբեք այնքան թափանցիկ չեղավ, որպեսզի հեռացումը կարծրանար կոպերիս մեջ,
ախր դու հենց այն տարածությունն ես, որտեղ ցանկանում եմ լցվել՝
հասկանալով, որ գուցե միակ մոլորակն եմ, որտեղ մեռնող թռչունների հառաչ կա

գրողը տանի, նվաստանալու չափ դժվար է խոստովանել, որ մաշկս օր-օրի փտում է,
որ ցերեկը պատին մեխեր էի մեխել, իսկ ողջ գիշեր փորձում էի դրանք ձեռքերով հանել,
որպեսզի կսկիծը՝ քեզ հենց այնպես սպանելու, հիվանդության պես չտեղավորվի մարմնիս մեջ,
ինչպես պատերազմից մնացած փամփուշտները՝ քերծված, ավելորդ, սառը...

Սերս՝ թավշյա մահ, քներակիդ վրա նստած:
Սերս՝ կիսատ ստվեր, ընկած մարմնիդ ուղղությամբ,
թույլ տուր նորոգել ցավը, որ կավիճով խզբզեցինք նկուղի պատերին,
ու ծխեցինք արթնությունը՝ նոր ու կատարյալ թմրությունը վերագտնելու համար

·
և մեր ներսում ռմբակոծված փողոցներ կան,
մի քանի հնամաշ տող հեռացման կամ արևածագի մասին,
վիրակապված անհաջողության, բարձրահասակ անգլիացիների,
հիվանդության, որ նույնիսկ մակերեսային հետք չթողեց մեր մարմնի վրա...

ափերիս ծալքերում սուզվող ինքնաթիռները շփոթված ելք են փնտրում,
ես վախենում եմ մեռնել այսքան կանոնավոր ոտնաձայների մեջ
ու չզգալ իմ կակտուսի շնչառությունը,
ծովի անհեթեթ քանդակը
ու վերջապես քո գոյության պայթյունը,
որն անխղճորեն արցունքներ է բազմացնում:

Ես վախենում եմ պատմել քեզ քո ծերացող ձեռքերի մասին,
որոնք վաղուց մոռացել են թռչելու ուղղությունը,
աչքերիդ կնճիռների տակ մեծացող հուսահատության
ու այն նավերի, որոնք մենք չենք թիավարի միասին...

ես փորփրում եմ պայուսակդ
ու վերջապես գտնելով սիգարետի տուփը՝ խնդրում եմ, որ ծխես
քեզ հատուկ նյարդային ժեստերով.
այդպես դու ինձ սարսափելի գեղեցիկ ու թարմ ես թվում,
այդպես ես հանգիստ կարող եմ կծկվել թևերիդ տակ ու տրվել ամենակարճ ձայնին...

ընդունիր իմ մահը ցրտից կապտած քո ձեռքերում,
որովհետև դու շարունակ ավելանում ես իմ մեջ,
ու եթե բացեմ անձրևանոցը, դու կլցվես իմ մեջ,
ու երբ սուրճ խնդրեմ, դու անպայման դառը շոկոլադ էլ կբերես,
մի քանի հիմար հարց՝ դասերից, գործերից, վերջին կարդացած գրքից,
ես առաջին անգամ կնկատեմ, որ մատներդ բարակ են...,

Սա այն նավարկությունն է, որի մասին ոչ մի գիրք չեմ կարդացել:
Դու շարունակ ծերանում ես,
ես հարմարվում եմ երիտասարդ մեռնելուն...

Չվելու ժամանակը

Հիմա, երբ մեր միջև եղած տարածությունը չվերջացող օվկիանոս է,
երբ անորոշության հեղեղը բթացրել է կարոտը,
ու քնաբերը՝ որպես վաղեմի հիշողություն, հալվում է լեզվիս վրա,
ու պատին սառած գրադարանը որոշել է ինձ համար պահք պահել,
մայրիկը նոր տեսակի զենքեր է գնում պատերազմից փրկելու համար,
ու հոգեհանգստի համար պատրաստված ամբոխը շարունակ անցնում է դռան միջով:
ինչ-որ ծանր լուսավորություն ներթափանցել է ենթագիտակցության մեջ,
ու այն Ղազարոսը, որ հարություն չառավ մեռելներից,
ինձ ամեն օր պատմում է անդրշիրիմյան խորտակումների,
հաշմանդամության աստիճան ունեցող ցավի
ու սովորական մահվանից առաջացող քիմիական ռեակցիաների մասին...
ես վախենում եմ ձուլվել կիսաթաց ասֆալտին հասունացող ցավի բողբոջներին:

...ձայներ, որոնք լսեցին առաջին միաբջիջ օրգանիզմները,
և հրաբուխներ, որոնք ժայթքեցին բոլորովին անծանոթ էկոհամակարգերում,
մարդիկ, ովքեր որոշեցին քայլել տիեզերքի որոշ ավազների վրա,
ես, որ մարմնիս վրա ընդունեցի արեգակի մահաբեր ճառագայթները,
հիմա դժվարանում եմ առողջ բառեր գտնել թափթփված գրքերիս միջից
ու վախենում եմ ծնվել նույն երկրաշարժի մեջ՝ նույն չվերականգնվող քաղաքում,
ու վախենում եմ նորից չկարողանալ արգելափակել արյանս մեջ տարածվող Մահը...

հիմա, երբ հարևան մոլորակ տեղափոխվելն ինձ համար սուրճ խմելու պես մի բան է,
երբ ինչ-որ մեկը մսաղացով մանրացնում է իմ կյանքը,
ու այն ամենը, ինչ մնացել է ինձնից, ծակծկված նյարդերն են,
որոնց անցքերից դու նկարում ես նոր հայտնաբերված ինքնաթիռի թռիչքը,
ես գիտնականի տոնով խոսում եմ տիեզերքի կառուցվածքի մասին,
որ Ատլանտյան օվկիանոսի գրավումը իմ թռիչքի միայն սկիզբն է,
որ ինձ այստեղից ինչ-որ մեկը պետք է, որ այլմոլորակայինների լեզվից գլուխ հանի,
մեկ էլ հաճախակի ծեծի ինձ. ես չեմ ուզում կորցնել ցավի զգացումը,
եթե դու չիմանայիր թվերի մեջ ներծծված թախծի մասին,
ու նաև այսքան մոտ կանգնած չլինեիր շնչառությանս,
միգուցե խնդրեի քեզ ապագայի սարք ստեղծել
ու մեկ-մեկ պատմել ինձ սլաքավարի մասին,
որովհետև ես պատկերացում չունեմ ուրիշ մոլորակի ժամսլաքների մասին:


No comments:

Post a Comment