Ալեխանդրա Պիսարնիկ | Alejandra Pizarnik

(1936-1972թթ. Արգենտինա)

·
Բառերով բացատրել այս աշխարհը,
որ պոկեց ինձնից մի նավ՝ տանելով ինձ:

·
Այս ոսկորները, որ փայլում են գիշերը,
այս թանկարժեք քարերի պես բառերը
քարացած թռչունի կենդանի կոկորդում,
այս կանաչը՝ այդքան սիրված,
այս տաք յասամանը,
այս առեղծվածային սիրտը:

·
Հեռանում ես անուններից,
որ հյուսում են են իրերի լռությունը:
·
Փոքրիկ ճամփորդուհին
մեռնում էր՝ բացատրելով իր մահը:

Կենդանական իմաստունները կարոտաբաղձ
այցելում էին նրա տաք մարմնին:

·
ժամանակի վանդակի մեջ
քնածը նայում է իր մենակ աչքերին

քամին նրան բերում է
տերևների մեղմ պատասխանը

նվիրվում է Ալայն Գլասին

·
Աղետի գոտի, որտեղ քնածը ուտում է
դանդաղորեն
իր սիրտը կեսգիշերին:

·
Ցանկացած արգելված տարածությունից այն կողմ
կա մի հայելի մեր տխուր թափանցիկության համար

·
Թռիչք եմ կատարել  ինձնից դեպի լուսաբաց:
Թողել եմ մարմինս լույսի կողքին
և ամեն ծնվածի տխրությունն եմ երգել:

·
Միայն ծարավը,
լռությունը,
ոչ մի հանդիպում:

Պաշտպանիր քեզ ինձնից, սեր իմ,
պաշտպանիր քեզ անապատի չխոսկանից,
դատարկ բաժակով  ճանապարհորդից
և քո ստվերի ստվերից

·
Մի թույլ քամի՝
լի ծալծլված դեմքերով,                                                                                      
որ կտրտում եմ տարբեր ձևերով, որպեսզի սիրեմ:

·
Բանաստեղծությունը, որ չեմ ասում:
Բանաստեղծությունը, որին արժանի չեմ:
Երկուսը լինելու վախ
ճանապարհի հայելի:

·
Իմ մեջ քնած ինչ-որ մեկը
ինձ ուտում է և խմում:

·
Որպես մի բանաստեղծություն,
որ հասկանում է իրերի լռությունից,
խոսում ես, որ ինձ չտեսնես:

·
Կոյուղու խողովակից մի հայացքը
կարող է լինել աշխարհի մի ընկալում:

Ապստամբությունը  նրա մեջ է,
որ նայես մի վարդի մինչև փոշիացնես աչքերդ:

·
(Վոլսի մի նկար)
այս կապերը  բանտարկում են ստվերներին
և նրանց ստիպում են հանձնել լռության պատմությունները
այս թելերը կապում են հայացքը հեծկլտոցի հետ

·
մի անգամ
մի անգամ թերևս
կգնամ առանց մնալու
կգնամ հեռացողի պես

նվիրվում է Էսթեր Սինգերին

·
Օրեր, երբ մի հեռավոր բառն ինձ պաշարում է: Քայլում եմ այդ օրերի միջով՝  լուսնոտ և թափանցիկ: Հիասքանչ  ավտոմատը  երգում է,  գերվում է, հաշվում է դեպքեր, դեմքեր. կոշտ թելերի մի բույն, որտեղ պարում եմ և լացում  իմ բազմաթիվ թաղումներին: («նե»-ն  իր վառված հայելին է, իր սպասումը սառը օջախներում, իր առեղծվածային տարերքը, իր անառակությունը անունների, որ ինքնուրույն ավելանում են գունատ գիշերին):

·
Այստեղ ապրում ենք կոկորդի մեջ խրած ձեռքով: Այն, որ ոչինչ հնարավոր չէ, գիտեին արդեն նրանք, ովքեր անձրևներ էին  հորինում և գործում էին բառեր բացակայության փոթորիկով: Այդ պատճառով նրանց աղերսների  մեջ կար մի շշուկ ձեռքերի՝ սիրահարված մշուշին:

Նվիրվում է Անդրե Պիեռե Մանդիարգեսին

·
Դա աչքերը փակելն ու երդվելն է, որ երբեք չես բացի: Քանի որ դրսից սնվում են ժամացույցներով ու ծաղիկներով ծնված  խորամանկությամբ: Բայց փակ աչքերով  և  հիրավի շատ մեծ  տառապանքով շոշափում ենք հայելիների զարկերակները մինչ  մոռացված բառերը հնչեն առեղծվածորեն:

Իսպաներենից թարգմանեց ՄԵՐԻ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ



No comments:

Post a Comment