Աննա Դավթյան. Գիրք շնորհակալության

 



Աննա Դավթյան
(Ծնվ. 1983թ.)

Գիրք շնորհակալության
բանաստեղծություններ
(երկլեզու հրատ. հայերեն և անգլերեն
թարգմանությունը՝ հեղինակի)

Ակտուալ արվեստ
Երևան, 2012թ.

·

Բարակությունների ու լիքությունների միջով եկողն եմ
վայրի կակաչի պես բարակ,
նրա սերմի պես լիքը –
ծածանվելու տեղ եմ փնտրում ամպերի ու սակավության մեջ,
ապրում եմ իմ խոնարհությունը,
ապրում եմ իմ ուժը.
պատահական չեն դրանք:
Բարակությունը՝ այդ ձեռք բերվածը,
որ ունեմ որպես կամավոր հանգրվան՝
մերձ լինելու ինձ ավելի: Եվ առավել մերձ մեկ այլ բանի:
Այս աշխարհի ափսոսանքը՝ որպես հազար ձևով ունեցածի,
և ուրիշ աշխարհի գլորվելը դեպի ինձ, որի թափը
պահել է պետք.
պատահական չեն դրանք:
Սպասելու այդ ձիրքը՝
մանր մակույկներով նավարկելու
եղեգների տակ թաքնված հոծ ջրերով ներսի,
և մեծամեծ նավեր չգցելու ճամփա՝
առանց քարտեզ: Դեպի բացություններ:
Եվ այդ հապաղումը՝ թռչուն.
պատահական չեն դրանք:
Եվ սիրելու ձևը՝ լույսի միջով:

·

Ես  խառնող ջուր եմ, ինձնից քշվելը հեշտ է,
ես փորող բաղեղ եմ՝ կառչուն, թափանցիկ,
ես տեսնող մարմին եմ –
ցանցեր ունեմ նետելու:
Ես սուզում եմ ներսեր՝
իրենց մակընթացության ու տեղատության մեջ,
ես կուլ եմ տալիս ու տարածվում:
Ես օձ եմ,
խայթել գիտեմ ճակատից՝ ոչ հանկարծակի:
Ես լեզուներ ունեմ թռչնային,
կենդանիների ու առարկաների, սրտիցս են
թափվում:
Ես նուռ եմ, հատիկ-հատիկ
Քանդվում ու հավաքվում եմ մեկ այլ տեղ՝
Կաշվիս տակ:

համեմունքներ

որտեղ դուք աճում եք,
որտեղ բացում եք ձեր իմացող պսակը
կամ խրում արմատը մոլագար,
այնտեղ կա դուռ,
որով ներս եք մտնում անծանոթ աշխարհից՝
այլ համուհոտի մեջ բերելու տեղեկության պաշարներ
ու կոդեր հույզերի.
մենք դրանք չէինք ճանաչում ու չէինք իմանա:
Ձեր ներշնչածը
նուրբ նրբությունների դաշտից է
ու մեծ գիտելիքի,
որից օգտվում են բոլոր կենդանիներն ու թռչունները բոլոր,
ձկները,
և որից հուշումներ եք բերում – դեռ գաղտնի պահելու չափ
հպանցիկ –
բազմապատկելու մեր զգայարանները:
Այնպես ճշգրիտ եք գործում,
տարաշխարհիկ միջնորդներ,
երբ կանգնեցնում եք կանաչ դռան առաջ
ու կախարդում՝ ներս մտնել:
Արդյոք ձեզ ի՞նչ է խոստացված:

սակավ ինչ մեղր

Նրանք, ովքեր նույնի մեջ ավերվել են ինձ հետ,
և նրանք, ովքեր ինչքան սիրել,
այնքան հեռացել են,
և ում մեջ, սակայն, մամուռ չի նստել,
և ես, ում մեջ մամուռ չի նստում,
մենք նվերներ ենք ստացել
պատեհ ու անպատեհ ժամի –
սարսուռ ու ցավ՝
և մեր հիշածի, և մեր պատկերացրածի կողմից –
բաց, սպասող ու հրաշալի,
ինչպես մաշկը:
Մեր ստացածը խոսել է բերանի լեզվի պես,
ու մեր ուղարկածը ծավալվել է երկրի վրա,
ինչպես ծուխը խարույկների:
Եվ այն, ինչ չի եղել,
ավելի մեծ գաղտնիք է ու լռություն,
քան այն, ինչ եղած է:  

·

Իմ օազիսներ,
Իմ կանաչ հանքեր,
այս վայրենության մեջ տարածվող
իմ ավեր:
Ես զենք եմ բաժանում –
խոսքեր՝ խառնշտող ու հատող,
որ ճլթում են ձեր մեջ մանրաձկան ալիքով ու կոտորակով,
ձեզնից վառոդի հոտ է գալիս,
իմ կապարճներ:
Ես օրորում եմ ձեզ –
օրոր, օրոր,
օրոր, իմ լճեր, օրոր,
ձեր մակերևույթին նավեր եմ շարում,
քնեք:
Անտառից հանում եմ անտառաբնակներ,
նրանց մերկությունից սնում եմ ձեզ՝
որպես աղբյուրի պարզությունից ու մտքից,
ամաչեք ու լացեք,    
ամաչեք ու լացեք, իմ հավքեր:
Օդապարիկներ եմ թռցնում քամու դեմ,
քամու հետ,
ձեզ համար պատառ երկնքում՝
քամու մեջ,
սրտով խնդացեք, խնդացեք:

·

Այնքան սիրեցի այդ բետոնը, ճանապարհի երկու կողմից
գնում էր սրընթաց,
բենզինի հոտի մեջ, անփոշի:
Մինչ այդ ես չգիտեի կանաչից զատ ոչինչ
և չգիտեի, որ պատրաստ եմ:
Այդ արագ քամին,
որ թռնում էր քթիցս,
դուրս էր գալիս էստեղից – ձեռքս սրտիս՝
հատ-հատ, հատ-հատ:
Մոտ էր, բայց չկպա:
Նույնիսկ ետ չնայեմ,
միևնույն է՝ գիտեմ:
Այդ ճանապարհն իմ այդ պահի տունն էր:  

·

Գ.Ա.-ին 
Կգա,
քանզի մենք ապրում ենք վերադարձների աշխարհում,
ու մեր ունեցածն անկորույս փաթաթած է մեզ՝
իր կուրացնող մարմնով,
և կա, քանի որ եղել է:
Ինքնակամ այդ շրջանը՝
շրջելու կյանքի մեջ, լցվելու այլ երակներ ու գետեր առատորեն,
հաստատվելու նորից անտառներում, ամպերում և թրթռուն
հիշողություններում կրկին, և ամեն իրի ու ձևի մեջ բաշխվելու՝
որպես պայծառություն ու մոտիկություն սրտին,
վերադարձով այդ օծածությունը
տրված ու չառնած ետ
հանգրան է:
Եվ հրաժեշտը – մեծ ներողություն –
Ափով կրծքին սեղմած քարեղեն զարդ:
Գալու է,
հոսելով, խայտալով գալու է՝
մշտորեն ուրախ ու խոսքեր ունենալով քեզ համար,
ավելի լավ տեղից, ավելի շատ ունեցածով՝
հայտնելու, ցույց տալու քեզ ու խոնարհեցնելու,
աչքերդ երբ բացես:

·

Ես հաճախ եմ ուզել, որ դու մեռնես,
և հիմա հավանաբար իմացար՝ ինչու,
և թե ինչքան լավ է մեռնելը,
բայց ես այնպես տխուր եմ ինձ համար:
Եթե ճամփով գամ
ու նայեմ ցորենի մեջ լցված իրիկվա արևին,
ու հասկի վրա արևի փոշի թվա,
և ամբողջ դաշտն ու ամբողջ տունը փոշու մեջ լինի,
և ես հուզմունքից կառչելու տեղ ման գամ,
ու էլ չգտնեմ քեզ՝
ձեռքդ աչքիդ բռնած, ճամփիս նայելիս,
գոգիդ լոբի կամ ռեհան,
ես կամաչեմ ու մեղավոր կզգամ:
Բայց եթե նստած լինեմ տաք հողին
ու սնվեմ նրանից, ինչպես սնվել եմ քեզնից,
ու վերացումիս մեջ հազար անգամ չկանչես անունս,
-   Աննա, ամոթ է, -
կհիշեմ, որ հաճախ եմ ուզել մեռնելդ, և չեմ ափսոսա:
Դու թանձր աղջիկ ես եղել, ու դա լցվել է
քո տան ամբարներն, արտերն ու մառանները,
ու քո տունն ամրոց է թվում պաշտպանված:
Քո չըմբռնած աղոթքներն ամեն դեպքում մաքրել են քո տունը,
և նրա բոլոր առարկաներից ավետարանի հոտ է գալիս:
Քո այս ամբողջ անելիքը կգնա քեզ հետ,
և ես զրկված կզգամ քեզնից, ինչպես
հին աշխարհի լույսից,
ու մնացածը չի լինի փոխարինում,
այլ նորություն:

·

Ամենաշատ ունեցածս պայծառությունն է, հիմա,
երբ հոգսեր ունեցա ու երբ լռեցի,
ու երբ ամեն ինչին շուրջս տեսա,
ու ամեն ինչ խոսեց ու պատմեց իրենից՝
հրաշալի եղանակով,
ու ամեն բան իր կյանքով հավասարվեց ինձ,
ու ես կարողացա կիսվել ու ետ ամբողջանալ,
ես լցվեցի շնորհակալությամբ ու շնորհով,
ինձ տրվեց նոր տեղ,
ու հինը շրջվեց նորի մեջ,
ես կարողացա չտարբերել,
իմացա ուղղությունը,
ինքս ուղղություն դարձա բաների համար,
որ կարող են անդադար հոսել դեպի ինձ, եթե իրենք ուզեն,
ու հետո կարող են դուրս հոսել, եթե իրենք ուզեն,
ու կարող են մնալ նաև,
ու տեսա այդ ինքնիրեն լինելը,
հակվելն ու ետ հակվելը, ծածանվելը,
տեսա նույնությունն ու նմանությունը՝ մեկտեղ:
Ես ձեռք բերեցի, ունեցա,
ես ոչինչ չեմ կորցրել երբեք, չէի կարող կորցնել:
Ինձ հրեցին, և ես ընկա
այլ աշխարհ՝ նույնի մեջ:


No comments:

Post a Comment