Լիլիթ Հակոբյան

(ծնվ. 1980թ.)

ԿՃԵՊՆԵՐԸ

Դիեգոն իջել էր մառան ու ցեմենտով իրար էր կպցնում ձվի կճեպներըՎերևումիր հորական տան ննջասենյակներից մեկում մի քանի ժամ հետո լույս աշխարհ էր գալու նրա որդին՝ Ալվարեսների վերջին շառավիղըԵրկունքի ցավերի մեջ գալարվող կնոջ ճիչերից սարսռում էրձեռքերը դողում էինճակատին քրտինքի մեծ կաթիլներ էին գոյացել ու քունքի մոտից հոսում էին դեպի վիզըԿնոջը ծննդաբերել օգնող տարեց կանայք երգում էին չարքերին հեռացնող աղոթքի տողերն ու տանն ինչ-որ հանգստացնող բույր արձակող բույսի ծխացող շյուղեր էին շարումՄի քանի ժամից ծնվելու էր նաովինչպես Ալվարեսների ցեղի բոլոր որդիներըիր ծնունդով ազդարարելու էր ծնողի մահը: 
Դիեգո Ալվարեսը, ինչպես իր հայրը, իր հոր հայրն ու նրանից առաջ էլ եղած բոլոր Ալվարեսները, ձվածին էր: Նրանք ծնվում էին մոր արգանդից, սակայն հասունանում էին ոչ թե ընկերքում, այլ ձվի մեջ, որն էլ, ինն ամիս հետո, իրեն կրող կնոջը պատռելով, դուրս էր գալիս: Մի քանի ժամ հետո, երբ մոր դիակն արդեն սառած էր լինում, ձվի կեղևը կոտրում ու միջից լույս աշխարհ էր գալիս հերթական Ալվարեսը: Ցեղում դեռ երբեք աղջիկ չէր ծնվել, բոլորը տղա էին, ու բոլորն էլ մի օր ստիպված էին լինելու գնալ հարազատ Սորիդայից ու այնպիսի մի վայրից կին գտնել, որտեղ դեռ չէր հասել Սորիդայի ձվածինների մասին
պատմությունները: Թե չէ, ով էր գժվել Ալվարեսի կին դառնալ՝ իմանալով, որ նորածին զավակին գրկելու փոխարեն մահվանն է փարվելու: 
Ալվարեսների ցեղում դեռ ոչ մի տղամարդ չէր սիրահարվել: Գիտեին, որ ամուսնությունն ավարտվելու է առաջին որդու ծնվելուն պես, ու առանձնապես չէին կապվում կնոջ հետ: Կինը նրանց համար ցեղ շարունակելու միջոց էր միայն: Ամուսնանում էին բնազդով, հաշվի չառնելով այն կորուստները, որոնք գերդաստանի չմարելու գինն էին:
Երբ ծնվեց Դիեգոն, մայրը դեռ չէր մահացել, ու նա հասցրեց մի անգամ գրկել երեխային ու սառչող շուրթերով համբուրել նրա խոնավ ճակատը: Երբ մայրը մահացավ, երեխային չէին կարողանում պոկել գրկից, փոքրիկ Դիեգոն կառչել էր մոր ձեռքից ու անկուշտ հոտոտում էր նրան: Դիեգոյի հայրը մահվան մահճում հիշելու էր մեռած մոր մարմինը ագահաբար հոտոտող որդու փոքրիկ ռունգերն ու լայնացած բիբերը, նրան կառչած թմբլիկ մատները:
Երեխաներին խնամելու համար Ալվարեսները միշտ սպասուհիներ էին պահում, որոնց պարտականությունների հիմնական մասը նաև երեխաների դաստիարակությունն ու կրթությունն էր, քանի որ հայրերը այնքան էին անընդունակ սիրելու, որ անգամ սեփական զավակների հետ զբաղվելն էին համարում ժամանակի անիմաստ կորուստ: Ալվարես տոհմի ժառանգները մեծանում էին սպասուհիների խնամքով ու
Սալվադոր Դալին ըստ Ֆիլիպ Հալսմանի

հոգատարությամբ շրջապատված, սակայն, երբ գալիս էր օրն ու հերթական սպասուհին, չդիմանալով տան տղամարդկանց բռիությանն ու անվերջանալի ոտնձգություններին, հեռանում էր տնից, արցունքների մեջ կորած գրկելով փոքրիկ Ալվարեսներին, երեխաները սովորաբար ընդհանրապես ոչ մի զգացմունք չէին ունենում, իսկ հաջորդ օրն անգամ սպասուհու անունը հիշելու ի վիճակի չէին:
Ի տարբերություն իր հարազատների, Դիեգոն արտակարգ էմոցիոնալ երեխա էր: Գյուղի պառավներն ասում էին, որ դրա պատճառը Դիեգոյի ռունգերում մնացած մոր հոտն էր, մոր կարոտն ու ջերմության պակասը: Միակ Ալվարեսն էր, ում երբևէ գրկել էր մայրը: Դիեգոյի հայրը՝ Խուանը, ով մի հսկա տղամարդ էր, նյարդայնանում էր որդու զգացմունքայնությունից ու հայրական ապտակներ դրոշմում երեխայի դեմքին այն սակավաթիվ րոպեների ընթացքում, որոնք բարեհաճում էր տրամադրել որդու հետ շփմանը: Սակայն ապտակներն անօգուտ էին, Դիեգոն նման չէր Ալվարեսներին, նա խուսափում էր մարդկանցից, կարող էր ժամերով նստել տան վերանդայում ու նայել գետից այն կողմ սարի գագաթի վրայով սահող ամպերին, սիրում էր ժամերով կորչել անտառում ու գալ միայն մթնշաղին՝ ժպտալով ողջունելով կատաղի տեսքով իրեն նայող հորն ու ներողություն հայցող հայացք գցելով սպասուհու վրա՝ կներես, որ ուշացա, հո քեզ չե՞ն նեղացրել:
Երբ մեռնում էր հերթական Ալվարեսը, նրա հետ միասին թաղում էին այն ձվի կճեպները, որոնց միջից նա դուրս էր եկել: Դրանք պահվում էին մառանում, որի դուռը միշտ կողպում էին, իրենք էլ չհասկանալով թե ինչու, ու որտեղ պատին փակցված հատուկ դարակներ էին սարքել ու ամեն դարակի վրա գրում էին ձվի «տիրոջ» անուն ազգանունը: Կճեպները, տարիների ընթացքում, մեծանում ու հաստանում էին, ու ինչքան երկար էր ապրում Ալվարեսը, այնքան մեծ էին լինում ձվի կճեպները: Ձուն միշտ այն չափի էր, որ կարող էր հեշտությամբ նորից իր մեջ առնել իրենից դուրս եկածին:
Երբ մահացավ հայրը, Դիեգոն քսանմեկ տարեկան էր, ու իր ձեռքով հոր գերեզմանի մեջ շարեց ձվի կճեպները, եղավ առաջինը ցեղում, ով թաղման ժամանակ արտասվեց, ու նաև դարձավ վերջինն իր տոհմից, քանի որ երկու հորեղբայրներից մեկը զոհվել էր պատերազմում, իսկ մյուսին սպանել էին պանդոկում, ինչ-որ անիմաստ վեճի պատճառով: Հորեղբայրների երկու տղաներն էլ էին մահացել, մեկը՝ երբ դեռ շատ փոքր էր, կորել էր անտառում, մի քանի օր հետո նրա պատառոտված ու արյունոտ շորերն էին գտել ու պարզ էր դարձել, որ շնագայլերը կերել են տղային, իսկ մյուսը մեռել էր քնած ժամանակ, ոչ ոք էդպես էլ չէր իմացել, թե ինչու:
Հոր մահից հետո ընկճված Դիեգոն ենթագիտակցորեն հասկացավ, որ իր տխրությունը փարատելու համար պետք է զբաղվել ինչ-որ բանով, ու սկսեց վերանորոգել իրենց տունը, որը միայն հրաշքով էր դեռ կանգուն մնում: Նա սպիտակեցրեց պատերը, նորոգեց տանիքը, բակում ծաղիկներ տնկեց, հնավաճառին նվիրեց իրենց հին կահույքն ու հորից մնացած վերջին գումարով գնեց նոր բազմոց ու հեռուստացույց: Տունը մաքրեց սարդոստայներից ու ամեն տեսակի բլոճներից, փորձեց ինչքան հնարավոր է հյուրընկալ դարձնել այն, պատերից իջեցրեց հորն ու պապերին պատկանող զենք ու զրահը, դրանց փոխարեն բնանկարներ փակցրեց: Սակայն, Սորիդայի բնակիչները, թեև սիրում էին Դիեգոյին, միևնույն է, շարունակում էին հեռու մնալ Ալվարեսների տնից, որովհետև համոզված էին, որ թե Դիեգոն, թե բոլոր Ալվարեսները և թե նրանց տունը անիծված են:
Իր միայնության երկարատև ժամերի ընթացքում երիտասարդ Ալվարեսը փորձում էր հասկանալ, թե ինչու էր իր կյանքն էդպես ստացվել, ինչու, նման չլինելով մնացածներին, ինքը նաև նման չէր սեփական ընտանիքին, սակայն, նման հարցերի պատասխանները դեռ ոչ ոք չի գտել, ուր մնաց թե Սորիդայի ծայրում, անտառի փեշին ծվարած տնակի բնակիչը գտներ:
Դիեգոն քսաներկու տարեկան էր, երբ Սորիդայի փողոցներից մեկով անցնելիս անկյունից իր դիմաց անսպասելի դուրս եկավ մի աղջիկ, ով վախից ու հանկարծակի գալուց կորցրեց հավասարակշռությունն ու եթե Դիեգոն նրան չգրկեր, աղջիկն իր ամառային գրեթե թափանցիկ զգեստով ընկնելու էր ջրափոսը: Տղայի շունչը սկսեց կտրվել, նա ասես նորից զգար իրեն գրկած սառչող մոր ջերմությունը: Աղջիկը վախեցած ու զարմացած մի պահ նայեց Դիեգոյին, ապա հետ հրեց նրան: Դիեգոն երևի տեղում մեռներ իրեն այրող անծանոթ զգացողություններից ու հուսահատությունից, որ նա հիմա կգնա ու էլ երբեք ինքն աղջկան չի տեսնի, եթե, մի քանի քայլ հեռանալով՝ աղջիկը չշրջվեր ու չարաճճի չժպտար:
Նրա անունը Կլեմենտա էր, նա եկել էր Սորիդա հարևան քաղաքից, ու մի քանի շաբաթ մնալու էր տատիկի տանը, մինչ համալսարանում դասերի սկսվելը: Դիեգոն սիրահարվել էր խելագարի պես: Նա ամեն օր հյուր էր գնում Կլեմենտային, նրան նվիրում իր բակում աճած ամենագեղեցիկ ծաղիկները, կիթառ էր նվագում Կլեմենտայի ու իր տատիկի համար, երեկոյան միասին թեյ էին խմում ու վայելում տատիկի թխած խմորեղենը, հետո գնում պատշգամբ ու նայում աստղերին՝ խոսելով այն հիանալի անհեթեթություններից, որոնք ապակոդավորելիս միայն մի բան էր ստացվում՝ գժվում եմ քո համար: Կլեմենտան նույնպես անտարբեր չէր Դիեգոյի հանդեպ: Ալվարեսները միշտ էլ աչքի էին ընկել իրենց ֆիզիկական ուժով ու գեղեցկությամբ, իսկ Դիեգոն, ունենալով տիպիկ տղամարդկային գեղեցկություն, միաժամանակ կատվի ձագի պես քնքուշ էր ու կարողանում էր զվարճացնել աղջկան:
Դիեգոյի բախտը բերել էր, որ տատիկը տնից դուրս չէր գալիս ու չէր շփվում հարևանների հետ. նա չգիտեր Ալվարեսների մասին, թե չէ խմորեղեն հյուրասիրելու փոխարեն ավելը կջարդեր թոռնիկի հետևից քարշ եկող թխամորթ ու վառվռուն աչքերով ջահելի գլխին: Մնացել էր երկու օր, որից հետո Կլեմենտան պետք է վերադառնար տուն՝ ծնողների մոտ: Այդ երեկո պատշգամբից չէին լսվում երիտասարդների ծիծաղն ու կատակները: Ներսում, թեյի բաժակները լվանալով, տատիկը քթի տակ ժպտում էր ու մրթմրթում՝ մի դրանց տես, մեծացել են:
Երբ տղան պատրաստվում էր գնալ, Կլեմենտան նրա ձեռքը մի թղթի կտոր խցկեց այնպես, որ տատիկը չտեսնի, ու արագ դուռը փակեց տղայի հետևից: «Ժամը մեկին կգա՞ս», գրված էր ճմրթված թղթիկի վրա, որը ցնցվում էր Դիեգոյի դողացող մատներում:
Տասներկուսից սկսած նա թափառում էր Կլեմենտայի տատիկի տան մոտակայքում՝ անընդհատ նայելով պատուհանին, սպասելով, թե երբ կհանգցնեն լույսը: Երբ լույսերը ի վերջո հանգան, նա, վախից ու ինքն էլ չիմանալով ինչից դողալով, մոտեցավ դռանը, որը անմիջապես բացվեց, ու Կլեմենտան, տղայի ձեռքից բռնելով, նրան քարշ տվեց իր սենյակ: Այնտեղ, մթության մեջ, Դիեգոն դարձավ միակն Ալվարեսներից, ով ոչ թե տիրեց կնոջը, այլ նրա հետ սեր արեց: Զսպված հառաչանքները կախվել էին օդում, նրանք իրար սիրում էին այնպես, ինչպես սիրում են առաջին անգամ, երբ չգիտես ոչինչ, երբ ուղեղդ չի լցվել ուրիշների ու քո սեփական փորձի մասին հիշողություններով, երբ սիրում ես խարխափելով, կույրի պես, առանց հասկանալու, թե ինչ ես անում: Երբ հազարավոր համբույրներից, փաղաքշանքներից ու շշունջներից հետո Կլեմենտան փաթաթվեց քրտինքի մեջ կորած Դիեգոյին, երբ նրանց սրտի զարկերը հանգստացան, երկուսի համար էլ պարզ դարձավ, որ առանց իրար ապրել չեն կարող ու չեն ուզում:
Նրանք շուտով ամուսնացան, ու Կլեմենտան տեղափոխվեց Դիեգոյի տուն: Նրանք երջանիկ էին, ինչպես երջանիկ են լինում սիրահարները, երբ նրանց ոչ ոք չի խանգարում ու միակ զբաղմունքը իրար սիրելն է լինում: Երբ բանականության հերթական մթագնումից հետո նրանք շնչասպառ ընկնում էին անկողնուն, Դիեգոն մտքում աղոթում էր՝ խնդրում եմ, չհղիանաս, աղաչում եմ... Կնոջը իր ընտանիքի պատուհասի մասին պատմել չէր կարողանում, հասկանում էր, որ դա պետք է արած լիներ ամուսնությունից առաջ, բայց համարձակությունը չէր բավականացրել, ու եթե հույս կար, որ այն ժամանակ միգուցե աղջիկն այնուամենայնիվ կմնար իր հետ, հիմա արդեն վստահ էր, որ հենց պատմի, Կլեմենտան կհեռանա իրենից:
Եվ այնուամենայնիվ եկավ այդ օրը, Կլեմենտան մի օր դիմավորեց ամուսնուն սովորականից ավելի ուրախ ու խնդրեց, որ աչքերը փակի: Դիեգոն փակեց աչքերն ու շուրթերը պարզեց համբույրի համար, սակայն Կլեմենտան չհամբուրեց, այլ նրա ձեռքը վերցնելով այն դրեց իր որովայնին: Դիեգոյի ծնկները ծալվեցին:
***

Դիեգոն իջել էր մառան ու ցեմենտով իրար էր կպցնում ձվի կճեպները: Վերևում, իր հորական տան ննջասենյակներից մեկում մի քանի ժամ հետո լույս աշխարհ էր գալու նրա որդին՝ Ալվարեսների վերջին շառավիղը: Երկունքի ցավերի մեջ գալարվող կնոջ ճիչերից սարսռում էր, ձեռքերը դողում էին, ճակատին քրտինքի մեծ կաթիլներ էին գոյացել ու քունքի մոտից հոսում էին դեպի վիզը: Նա արագ-արագ իրար վրա էր հավաքում ձուն, որոշել էր մտնել ձվի մեջ ու մեռնել այնտեղ, ինքն իրեն փակել դրա մեջ ու մի քանի ժամ հետո օդի պակասից շնչահեղձ լինել: Մնացել էր երկու կտոր: Մեկն էլ կպցրեց, հետո մյուսը վերցրեց, մտավ ձվի մեջ ու ուզում էր վերջին կտորն էլ ներսից ամրացնել, երբ լսեց ինչ-որ մեկի ոտնաձայնը: «Պառավներն են գալիս»,- մտածեց նա,- «ուզում են ասել, որ իմ Կլեմենտան արդեն չկա...» ու փակեց վերջին կտորը: Դրսից լսվեց տարեց կնոջ ձայնը.
-Դիեգո՜, դե ուր ես կորել, դուրս արի այ տղա, աղջիկ ես ունեցել, սիրուն, քաղցր աղջիկ, գնա գրկիր կնոջդ ու զավակիդ, նրանք անհամբեր քեզ են սպասում:


Տեսնել Լիլիթ Հակոբյանից այլ հրապարակումներ




No comments:

Post a Comment