Ցամաքում անգամ – մակույկ երերուն,
(մարմինս սափոր՝ տաք գինով լեցուն),
ինձ ստեղծողը էլ ինձ չի հիշում,
թողել է այսպես՝ անսեր ու անտուն:
(մարմինս սափոր՝ տաք գինով լեցուն),
ինձ ստեղծողը էլ ինձ չի հիշում,
թողել է այսպես՝ անսեր ու անտուն:
Ախ, Արև-մամա, ինձ ամուր գրկիր,
խավարի սպունգ, ինձ ողջ ներծծիր
կամ էլ թաքցրու փեշերիդ ներքո:
Թող հանգստանամ մութիդ ծալքերում,
ես շատ եմ հոգնել այսքան շարժվելուց,
ներսում տխուր է, տխուր է դրսում,
և օգուտ չկա անվերջ շնչելուց:
Սերը՝ սուտ ծուղակ, բառը կույր ճիգ է,
հացիվ, թե բանիվ – լոկ գլխացավանք,
հաճույքի համար ինքս ինձ հերիք եմ,
միայն մահը դեռ ունի կախարդանք:
Հմայիչ մի շեղբ՝ փայլփլուն, սրած,
կամ դեղահաբեր – քաղաքավարի,
օձի աչք է այս լուսամուտը բաց,
հիպնոսում-ձգում, կանչում է՝ արի՜:
Համ էլ կսազեր դագաղում պառկել՝
քիթս վեր տնկած խիստ արհամարհկոտ…
Բայց դեռ կարող եք ինձ այստեղ պահել,
մի քիչ ջանացեք, գինի’, քամի’, խո’տ:
Մի քիչ հիշեցրեք՝ դեռ չեմ վերջացել,
(մարմինս զամբյուղ՝ վարդերով լեցուն),
ինձ ստեղծողը ինձ չի մոռացել,
կկերակրի և կտանի տուն:
1995թ.
ԻՆՔՆԱՀԱՎԱՍՏՈւՄ
Սորուն, առավել սորուն, քան ճակատագիրն ավազի,
կարմիր, առավել կարմիր, քան ճակատագիրը վարդի,
և թաց, և առավել թաց, քան ճակատագիրը ջրի,
սորում եմ՝ թաց կարմիր, թաց կարմիր,
թաց կարմիր սորում եմ թե,
կա՛մ ուրեմն:
Երակներս՝ խուճուճ քուղեր,
ագուցել են ոսկորներիս ճերմակ խուրձը
ողնաշարիս կայմաձողին:
Ողնաշարս շատ սիրուն է,
ողնաշարս սիրուն է թե,
կա՛մ ուրեմն:
Աչքերս զույգ ակվարիումներ կաթով լեցուն,
ուր լողում են, պտտվում են ու վետվետում
երկու ձկնիկ՝ ժիր, վտվտիկ, թավշապոչուկ:
Ձկնիկներս լողում են թե,
կա՛մ ուրեմն:
Բերանս խուփ մի զարդատուփ երկփեղկանի,
ուր սադափե համազգեստով շարք են կանգնել
դեռ երեսուն քաջ զինվորներ հավատարիմ:
Զինվորներս կռվում են թե,
կա՛մ ուրեմն:
Դե, չտխրեմ:
Ու միշտ հիշեմ:
Օրը չորս անգամ` ուտելուց առաջ,
օրը չորս անգամ՝ ուտելուց հետո,
քնելուց առաջ,
անգամ երազում
հիշեմ.
չէ՞ համբուրվել եմ օդում, ջրում և ցամաքում,
հռհռացել եմ լուսնի լույսի տակ կառամատույցում,
չէ՞ մայրամուտին ձեռքս դրեցի թփթփիկ սրտիս և ասացի՝ ախ,
չէ՞ արդեն ունեմ մի սիրուն շալվար, որ դեռ չեմ հագել,
չէ՞ դոփդոփել եմ տաք անձրևի տակ տախտակամածին հեռացող նավի,տախտակամածին մոտեցող նավի,
չէ՞ բերանքսիվայր փռվեցի հողին, երբ մի դաշտամուկ ինձ դիմեց դու-ով,
չէ՞ մթնշաղին լուռ անրջելով, աչքերս անթարթ, քիթս քչփորում
ու գնդիկներս շպրտում էի պատշգամբից վար անցնող-դարձողին …
չէ՞ մի տղա կա, որն ինձ կսպասի ժամը երկուսին,
………………………..
չէ՞ հորինելով, չէ՞ փշաքաղված, չէ՞ թպրտալով, չէ՞ շրջահայաց, չէ՞ տնգոզ-տնգոզ, չէ՞ վտվտալով, չէ՞ գեշ բեզարած, չէ՞ բմբըլահան, չէ՞ ճտպտալով, չէ՞ դարդախորով, չէ՞ ընկնավորված, չէ՞ թևակոտոր, չէ՞ խարխափելով, չէ՞ լոթի-փոթի, չէ՞ զկռտալով, չէ՞ սայթաքելով, չէ՞ թիթիզ-թիթիզ, չէ՞ գլդիգլոր, չէ՞ թրփոշացած, չէ՞ ինքնըստինքյան, չէ՞ ծալապատիկ, չէ՞ թռվռալով, չէ՞ կարմրատակած, չէ՞ կոկոզ-կոկոզ, չէ՞ հևհևալով, չէ՞ պատահաբար, չէ՞ձախողվելով, չէ՞ չեմուչումով, չէ՞ կասկածելով, չէ՞ հրմշտելով, չէ՞ խաղք-խայտառակ, չէ՞ զվարթացած, չէ՞ ալարելով, չէ՞ զվռնելով, չէ՞ ընկրկելով, չէ՞ կսկծալով, չէ՞ խլվլալով, չէ՞ նարմանազուկ, չէ՞ պաչպչոտված, չէ՞ փռշտալով, չէ՞ թո’ւ-թո’ւ, թո’ւ-թո’ւ, չէ՞ այնուհանդերձ
Կա՛մ՝ հրակայուն, ցրտադիմացկուն և անջրանցիկ:
Հ.Գ. Թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ
1995թ.
ՍԻՐՈ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ
Համբուրված, թափանցիկ, կատարյալ,
Համբուրված, թափանցիկ, կատարյալ,
և երանելի, և երանելի, և երանելի
ահա քայլում եմ արվարձանի և գիշերվա եզրին
և սիրուց ցցուն զույգ ստինքներով
ճեղքում եմ մութն ու աղբն այս ահագին։
Եվ քայլել այսպես խավարի միջով և քրեածին
հանգամանքների,
շների կաղկանձի, սիրո գոլորշիների, նեխած կաղամբի,
կրակոցների,
դաշտանի արնոտ բամբակի,
առնետների անկասելի սաղմնավորման
և խավարի և խավարի և խավարի միջով՝
առանց փշաքաղվելու,
այլևս անտենդ ու անզառանցանք,
իսպառ դիվաթափ։
Կողմնակի հիշել պատերազմը այս՝
հաղթության համար հարազատ թիմի ուռա գոչելով
և ամեն մեռնող յուրայինի հետ
փորձելով մեռնել մի թեթևակի։
(Օ՛, չռված աչքեր - հիպնոսը շեղբի՝
անվերջ մոտեցող, կրկին մոտեցող, ընդհուպ մոտեցող...
Լորձունք սարսափի,
դու ինձ չես հաղթի գոնե այս գիշեր)։
Ա՜խ, սպասարկու տաղավարներ ու կրպակներ փայլուն,
ինչ ժամանակին ընդառաջ եկաք,
մի քիչ, մի քիչիկ հաճույքի համար
Սիրունիկնե՜րս, քնքուշ փողիկներ,
տասնոցների բույլ,
ներեք ապուշիս,
այս տարի նորից ես կոշիկ չառա,
մի քիչ, մի քիչիկ հաճույքի համար
ես ոտաբոբիկ կքայլեմ էլի մի քանի տարի։
Հե՜յ, դու, ուրվական, տաղավարի քուրմ,
մոմի լույսի տակ աճպարար ստվեր,
կրպակի մոգպետ,
ծամոն, գինի ու սիգարետ տուր ինձ։
Ինձ ու քեզ հիմա նույն աստղն է տիրում
և նույն նշանը հիպնոսող շեղբի.
քո մոմահմա մատներով հիմա
դրամն ես հաշվում՝ հմտորեն սիրուն,
բայց մի ամիս անց գուցե կլինես
մսի կտորտանք անհայտ սև փոսում...
Դե, մինչ այդ խմիր ինձ հետ այս գինին՝
ի փառս սիրո,
որ պահ է տրված
արվարձանի ու
մի կենտ, եզակի գիշերվա գրկում։
1993թ.
Տեսնել Վիոլետ Գրիգորյանից այլ հրապարակումներ՝
No comments:
Post a Comment