Լուի Արագոնը կնոջ՝ Էլզա Տրիոլեի հետ |
Ժամանակը դու ես - ահա մի մեծ գաղտնիք որ հայտնում եմ քեզ
ժամանակը կին է որը ուզում է գուրգուրվել
սիրվել տղամարդու գրկի մեջ սեղմված
ժամանակը ձևափոխված զգեստներիդ է նման նաև վարսերիդ -
սանրում ես անվերջ - հայելուն է նման
որն աղոտանում է քո շնչից ապա պարզվում է վերստին
ժամանակը դու ես երբ ես բացում եմ աչքերս իսկ դու քնած ես արևածագին
Դու ես ժամանակը դանակի պես կոկորդս խրված
Օ ինչ դժվար է խոսել այս տառապանքի մասին որ ժամանակ է կոչվում
որը չի հոսում որը կանգնած է
ու գոլ է տվել ինչպես արյունը երակներիս մեջ
Ցավն այս վատթար է թևաթափ տենչից
կարոտից աչքիս որ քեզ է փնտրում սենյակների մեջ
Եվ ես գիտեմ որ հնարավոր չէ հմայքն ընդհատել
Ցավն այս վատթար է քան երբ փնտրում ես օտարի նման -
ես ինչ իմանամ գլուխդ որտեղ իսկ սիրտդ անցյալ դարում է
միգուցե գալիք
Աստված իմ այնքան ծանր են բառերը, բանն էլ հենց այդ է
Իսկ սերս առավել վեր է հաճույքից և չի ենթարկվում օրերին ներկա
Ժամանակը դու ես և քո թիկ-թակն է տրոփում անվերջ իմ քունքի վրա
Եվ երբ շնչում-շնչահատ եմ լինում ես իսկույն
Իսկ ինձ տեսնելիս մոլորվում ես դու ոչ այն է կանգնես ոչ այն է գնաս
Մի մեծ գաղտնիք եմ հայտնելու հիմա - թշվառ մուրացկան կին են բառերը
Իմ շրթունքներին - սա չնչին բան է որը խամրում է քո հայացքից
ահա թե ինչու անվերջ կրկնում եմ - ես սիրում եմ քեզ
Անպաշտպան բառեր - փխրուն են ինչպես բյուրեղապակի
հասարակ բառեր - մի վիրավորվիր ուրիշ բառ չունեմ
Մի մեծ գաղտնիք եմ հիմա հայտնելու - ես չգիտեմ
ինչպես խոսել ժամանակից որ քեզ հետ է նույնանում
ես չեմ կարողանում խոսել քո մասին և պարզապես ձևացնում եմ
նմանվելով նրանց ովքեր կայարաններում թափահարում են ձեռքերը
արցունքների ծանրությունից
Մի մեծ գաղտնիք եմ հիմա հայտնելու - ես վախենում եմ քեզանից
Վախենում եմ նրանից ով երեկոյան շրջում է քեզ հետ պատուհանների մոտ
Վախենում եմ շարժումներից բառերից որոնք մարում են օդում
Ես վախենում եմ ժամանակից արագընթաց և Ժամանակից կանգնած
Իսկ ընդհանրապես ես վախենում եմ քեզանից
Փակիր դռները
Ես մի մեծ գաղտնիք եմ հիմա հայտնելու
Ապրելուց հեշտ է մեռնել քեզ համար
Դրա համար էլ խոցում եմ ինքս ինձ
ապրելով
իմ սեր
ԵՐՋԱՆԻԿ ՍԵՐ ՉԿԱ
Մարդն ամեն ինչ ստացել է վերուստ - և ուժն իր և թուլությունը
իսկ երբ թևերն է տարածում՝ ստվերը նմանվում է խաչի
փորձում է սեղմել կրծքին փորձում է գրկել իր երջանկությունը
և փոշի է դառնում այն ինչ ժպտում էր քեզ ձախից ու աջից
Անվերջ բաժանումների ճամփա է կյանքը որ հնարավոր չէ շեղել...
Երջանիկ սեր չկա ու չի եղել
Եվ ինչ է կյանքը գուցե զինվորի է նման որ վաղուց զրկվել է զենքից.
զինվոր որ ծնվել էր ինչ իմանաս մի այլ ճակատագրի համար
նրա ինչին է պետք - լուսնյակ գիշեր է թե արևն է շողում երկնքից
քնած է թե արթուն ցուրտ ձմեռ է թե շոգ ամառ...
և այդ ինչ բառեր են որ սեղմել են սիրտդ ճնշել են ու նեղել
Երջանիկ սեր չկա ու չի եղել
Իմ սեր իմ թանկագին բաժանման դու իմ նշան
վիրավոր թռչնի պես պահում եմ քեզ իմ սրտում
բոլորն անտեղյակ են ինչ մեղք ունեն և ինչ իմանան
անցնում են անտարբեր նայում են աչքերիս -ոչ ուրախ ոչ էլ տրտում
նայում են աչքերիս ու կրկնում են իմ բառերը որ սրտիցս եմ պեղել
Երջանիկ սեր չկա ու չի եղել
Ուշ է արդեն շատ է ուշ ջնջել ամեն ինչ ու սկսել նորից
որ արտասվեն ներդաշնակ մեր սրտերը գիշերվա մթնում
տես թե ինչքան վիշտ է կաթում այս երգի ամեն մի փոքրիկ տողից
տես թե ինչքան պիտի կորցնես եթե նույնիսկ ոչինչ չես գտնում
Չկա սեր ու չի եղել առանց ցավի ու լացի
առանց կոտրված սրտի առանց փշրված հոգու
ուզում ես բարձրացիր երկինք կամ թող ամեն ինչ ու հեռացիր
և չկա սիրո երգ որ չունենա արցունքոտված տողեր
Իսկ դա մեր սերն է և ոչինչ չեմ ուզում փոխել
և ոչինչ չկա երջանիկ սեր ու երբեք չի եղել
Լուի Արագոն, Անդրե Բրետոն |
Սպիտակ ամպը
ձիու պես սպիտակ բարձրանում է վեր
Արևածագին պանդոկում դատարկ վեր կբարձրանա մեն մի այցելու
Ու՞ր ես գնալու - ողջ կյանքդ քա՞րշ տաս
քնկոտ շլմորած ամբոխների մեջ
մի՞թե ուրիշ տեղ չունես գնալու
իրենց ապակե անգույն աչքերով նայում են մարդիկ
ու չեն տեսնում քեզ
Իսկ դու անցնում ես և ժամանակն է անցնում քո կյանքի
և դու հաշվում ես մինչև հարյուրը հետո սխալվում
և սկսում է հաշվարկը կրկին ինչ է մի քանի վայրկյան սպանես
տարածում ես բազուկներդ հանկարծ - մեռնե՞լ ես ուզում
բայց մի վախենա
կանցնեն օրերը հետո բոլորը կդառնան մի օր
ամեն ինչ կընկնի հունի մեջ սահուն
կարիք չես զգա նայելու մարդկանց և ոչ էլ Աստուծո այն կենդանիներին
որոնց երբեմն շոյում են կրքով
Կարիք չես զգա խոսելու բարձր որ լռեցնես բուխարու բողոք-տրտունջը ցավոտ
Կարիք չես զգա պտտեցնելու արյունս ինչպես ձայնապնակ տաք
ոչ էլ ստիպել - շնչել ակամա
Բայց և մեռնելու ցանկություն չունեմ
Սրտի զանգերը ղողանջում են հին հույսի մեղեդի
Ծանոթ է վաղուց ինձ այդ մեղեդին
Իսկ ի՞նչ էին ասում բառերը երգի
Հիմար էին ասում
բառերը երգի
ԵՐԳԵԼՈՎ ՄԻ ՄԱՐԴ Է ԱՆՑՆՈւՄ ՊԱՏՈւՀԱՆԻ ՏԱԿՈՎ
Ծնվել էինք ազատ ապրելու համար
Երջանիկ կյանքի համար էինք ծնվել
Ինչպես ապակին եղյամի համար
Ժամերգությունները խոստովանության
ինչպես թռչնի երգ - արբեցման համար
գարնան տաք քամին - սիրահարության
Ծնվել էինք ազատ ապրելու համար
Երջանիկ կյանքի համար էինք ծնվել
Դու որ ունեիր երազի թևեր
արևոտ արյան սրընթաց մի գետ
գինարբուքների գեղեցիկ ամսին
երբ որ լալիս է քաղցր պատանին
վազում էիր երգը շուրթերիդ վրա
սատանայից ու Աստծուց գուրգուրված
դու որ ունեիր երազի թևեր
արևոտ արյան գետ մի սրընթաց
Իմ խենթ իմ քաղցր իմ սքանչելի
որ գեղեցիկ էիր կրակի պես թեժ
անուշ էր խոսքդ՝ ջուր կարկաչելիս
և ինչքան ոսկի մազերիդ մեջ շեկ
անձրևող օրը սրբել է ավաղ
համբույրների հետ ալը շրթներիդ
հիմա գունատ ես անճանաչելի
իմ խենթ իմ քաղցր իմ սքանչելի
ժամանակը որ անցնում է թափով
պարանի օղ է գցում աննկատ
նրանց վզերին որ համբուրվում են
իրարից աչք չեն կտրում անընդհատ
իսկ նա քսվում է ճակատին նրանց
Եվ հայացքներին են հանգում լուսաշող
ժամանակն ահեղ... մոտենում կամաց
և ագուցում է պարանն օղ առ օղ...
ֆրանսերենից թարգմանեցին ՌՈւԶԱՆ ՄԻՐԶՈՅԱՆԸ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
No comments:
Post a Comment