Ֆեդերիկո Գարսիա Լորկա | Federico García Lorca


(1898-1936թթ. Իսպանիա)

ՉՈՐԱՑԱԾ ՆԱՐՆՋԵՆՈւ ԵՐԳԸ

Կտրիր, փայտահատ,
Կտրիր ստվերս,
Որ իմ մերկությունը
Չտեսնեմ այլևս:

Ոչ շնչում եմ արդեն,
Ոչ սոսափում եմ,
Հայելիների միջև
Ես տառապում եմ:

Ցերեկն` երկապատիկ
Դեմքս մեծացնում է,
Գիշերն ամեն աստղոց
Ինձ կրկնում է:

Թող չտեսնեմ ես ինձ,
Այնժամ, թերևս,
Երազում կտեսնեմ
կանաչ տերևս:

Կտրիր, փայտահատ,
Կտրիր ստվերս,
Որ իմ մերկությունը
Չտեսնեմ այլևս:

ԼՌՈւԹՅՈւՆ

Լսիր, ընկեր, լռությունը:
Լռությունը
Լիքն է կանչով ալիքների
Եվ լեռների արձագանքով:
Լռությունը
խոնարհել է
Դեմքը հողին:

Ու՞Ր ԵՍ ՓԱԽՉՈւՄ, ԳԵՏ

- Ու՞ր ես փախչում, գետ:

- Ես փափուկ հունով
Փախչում եմ հեռու ափերը ծովի:

- Իսկ դու, ծով, այդպես դու ու՞ր ես փախչում:
- Փախչում եմ դեպի հորիզոնն ամպոտ -
խաղաղ գետախորշ փնտրելով այսպես:


- Զմրուխտյա բարդի, իսկ դու ի՞նչ կասես:

- Ես ոչինչ, ոչինչ չեմ պատասխանի:
Ես... դողում եմ, տես:

ՀՐԱԺԵՇՏ

Երբ որ ես մեռնեմ,
Բաց թողեք դռներն իմ պատշգամբի:

Ուրախ պատանին նարինջ է քաղում:
(Ես պատշգամբից տեսնում եմ նրան):

1927թ.
Հասկեր է կտրում հնձվորը ուրախ:
(Ես պատշգամբից լսում եմ նրան):

Երբ որ ես մեռնեմ,
Բաց թողեք դռներն իմ պատշգամբի:

ԾՈՎԱՅԻՆ ԽԵՑԻ

Այսօր ինձ տվին ծովային խեցի:

Նրա մեջ
Այն նույն ծովն էր աղմկում,
Որը ծփում էր քարտեզի վրա:
Իմ սիրտը
Լցվեց ջրով, որի մեջ
Մութի, արծաթի
Ձկներ են լողում:

Այսօր ինձ տվին ծովային խեցի:

ԵՎՍ ՄԻ ԵՐԳ

Քունը չքացավ-թռավ անհավետ...
Մութ երեկոյան, անձրևի պահին,
Իմ սիրտը այնպես լավ է հասկանում
Ուշ աշնան խոնավ ողբերգությունը,
Որ օրորվում է ճյուղերից կախված:

Խամրած դաշտերի և այգիների
Հաշտարարական պաղ տխրության մեջ
Իմ ձայնը լռեց, մարեց առհավետ,
Ախ, քունը, քունը չքացավ անհետ:
Աստված իմ, աստված: Առմիշտ, առհավետ:

Թռչում է ձյունը հարթավայրերով,
Ու վախենում է,
Դողում է ինքնախաբեությունս,
Թե կմոլորվի ամայի հեռվում,
Կսուզվի մռայլ մշուշների մեջ:

Ջրերն ինձ համար տխուր երգեցին,
Քունը չքացավ - թռավ առհավետ:
Ու՞ր է աշխարհը անսահման քնի,
Ծնված անհաստատ մշուշների մեջ:
Իսկ մշուշը ցուրտ, մշուշը - միայն
Շնչառությունն է հոգնած ձյուների:

Իմ եղանակը հնչում է, երգում:
Ու  երեկոյան, մութ, մառախլապատ,
Ցուրտ երեկոյան
Իմ սիրտը այնպես լավ է հասկանում
Ուշ աշնան խոնավ ողբերգությունը,
Որ շիթ առ շիթ
Խամրած ճյուղերից թափվում է ներքև:


Ֆ. Գ. Լորկա, Ս. Դալի
ՄԱՐՏՅԱՆ ԱՅԳԻ

Խնձորի ծառ,
Քո ճյուղքի մեջ

Թռչուններ կան և ստվերներ:
Սլանում է իմ երազը,
Լուսնից իջնում քամու թևին:

Խնձորի ծառ:
Կանաչել են քո ձեռքերը:

Ճերմակ քունքերը հունվարի
Մարտին էլ դեռ երևում են:

Խնձորի ծառ...
(Մարած քամի)

Խնձորի ծառ...
(Մի մեծ երկինք):

ԿԱՆԱՉ ԵՐԿՆՔԻ ԽՈՐՔԵՐՈւՄ

Կանաչ երկնքի կանաչ խորքերում
Կանաչ աստղերի փայլեր կան կանաչ:
Ինչպե՞ս անենք, որ սերը չմեռնի:
Ի՞նչ կպատահի, ո՞վ գիտե արդյոք:

Ձուլվել են բարձր աշտարակները
Ցուրտ մշուշներին:
Մենք ի՛նչ հնարքով տեսնենք իրարու:
Պատուհանները փակ են հիրավի:

Կանաչ երկնքում
Լողում են հարյուր վառ-կանաչ աստղեր
Ու չեն նկատում հարյուր սպիտակ
Աշտարակները ծածկըված ձյունով:

Եվ որպեսզի իմ տագնապներն ամեն
Թվան ավելի բուռն ու կենարար,
Իմ տագնապները ես պիտի ներկեմ
Կարմիր ժպիտով:

ԱՎԱՂ

Նոճու սև ստվերը տնքում է,
Գիշերվա քամու դեմ օրորվում:

(Ինձ մենակ թողեցեք
Դաշտերում):

Ամեն ինչ խզվել է աշխարհում,
Ամեն ինչ լցվել է լռությամբ:

(Ուզում եմ մեն-մենակ արտասվել
Դաշտերում):

Խարույկի, խարույկի սուր լույսից
Մութ հեռուն ընկել է վիրավոր:

(Ինձ մենակ թողեցեք դաշտերում,
Միայնակ,
Մենավոր...):

ԱՐՁԱԳԱՆՔ

Առավոտն արդեն
Ծաղկի պես բացվեց:

(Հիշո՞ւմ ես
Դողդոջ աղջամուղջը դու):

Շապուհը լուսնի՝
Հոտավետ ցուրտ է սփռում չորսբոլոր:

(Հիշո՞ւմ ես
Մաշվող հայացքն ամառվա):

ԿՈՐԴՈՎԱՅԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈւՄ
(Սովորական գիշերային տեսարան)

Ծանրորեն իջավ գիշերը մռայլ:
Տան լուսամուտներն ամուր փակեցին
Եվ պաշտպանվեցին աստղերի լույսից:
Սենյակում մեռած աղջիկն է քնել.
Եվ կարմիր վարդն է թաքնվել նրա
Սև մազերի մեջ:
Եվ լուսամուտի վանդակի վրա
Վեց սոխակ նրա կորուստն են ողբում:

Եվ հեռանում եմ մարդիկ հառաչով:
Եվ կիթառներն են քամու դեմ հնչում:

ՀԻՄԱՐ ԵՐԳ

- Մայրիկ,
Ուզում եմ լինել մետաղից:
- Տղաս,
Քեզ համար շատ ցուրտ կլինի:

1912թ. ընտանիքի հետ
- Մայրիկ,
Ուզում եմ լինել կաթիլքից:
- Տղաս,
Քեզ համար շատ ցուրտ կլինի:

- Ասեղնագործիր
Ինձ բարձի վրա:
- Շատ լավ:
Անպատճառ:

ԱՂՋԿԱ ԱԿԱՆՋԻՆ

Ես քեզ ոչ մի խոսք
Չուզեցի ասել:

Միայն նայեցի
Քո աչքերի մեջ
Եվ տեսա. այնտեղ,
Քեփյուռից, լույսից
Ու բախտից հարբած,
Օրորվում էին
Երկու ոսկի ծառ:

Ես քեզ ոչ մի խոսք
Չուզեցի ասել:

ՆԱ ՄԵՌԱՎ ԼՈւՍԱԲԱՑԻՆ

Գիշերն ունի չորս լուսին
Ու մի ծառ մենակ,
Ծառի տակ մեն մի ստվեր,
Ծառին՝ մեն մի հավք:

Համբույրիդ հետքն է դեմքիս,
Իսկ առուն հովին
Համբուրում ու չի թողնում
Հետք բոլորովին:

«Չէ» քո տվածն եմ տանում
Իմ ափի մեջ տաք,
Մոմե լիմոն է կարծես,
Բոլորովին խակ:

Չորս լուսին ու մեն մի ծառ
Ունի գիշերս:
Ասեղների վրա է
Առաջին սերս:

ԵՐԲ ԻՋՆՈւՄ Է ԼՈւՍԻՆԸ

Երբ ելնում է լուսինը,
Զանգակները լռում,
Պատկերվում է կածանը
Անանց թավուտներում:

Երբ ելնում է լուսինը,
Ծովն է հողին տիրում,
Սիրտը հեռվում մոռացված
1925թ.
Մի կղզի է թվում:

Ոչ ոք լուսնյակ գիշերով,
Չէ, չի ուտում նարինջ,
Խակ պտուղներ են ուտում
Եվ պտուղներ սառած:

Երբ ելնում է լուսինը
Դեմքով միապաղաղ,
Զամբյուղներում ողբում են
Դրամները արծաթ:

ԻՐԻԿՆԱՅԻՆ ԵՐԿՈւ ԼՈւՍԻՆ

Լուսնի վրա մահվան ծանր քուն է գալիս,
Բայց գարունը նրան հարություն է տալիս:

Ուր էր թե հարավից գային հովերն արթուն,
Փաթաթվեին բարդուն:

Ուր էր թե ամեն սիրտ, ամեն մի սիրտ բերեր
Հառաչանքի ծիլեր:

Ուր էր թե փռվեին տանիքների առաջ
Ստվերները կանաչ:

Լուսնի վրա մահվան ծանր քուն է գալիս,
Բայց գարունը նրան հարություն է տալիս:

*
Երեկոն իր խոր, խաղաղ կապույտով
Մադրիգալներ է երգում նարինջին:

Երգում է փոքրիկ քույրս կիսաձայն
«Երկիրն ինչքան է նման նարինջի»:

Լուսինն ասում է, լացը զսպելով.
«Ես էլ եմ ուզում, որ նարինջ լինեմ»:

«Բայց դա, զավակս, անհնարին է,
Թեկուզ վարդագույն ու թարմ ես այդքան:
Դու լիմոն անգամ չես կարող լինել:
Ցավալի է շատ»:

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄԵՂԵԴԻ

Սարսափելի է
Գիշերել մեռնող տերևների հետ,
Սարսափելի է անպտուղ դաշտում
Մնալ միայնակ.
Ախ, եթե, եթե
Ինձ չարթնացնես,
Պաղ ես մնալու դու իմ սրտի մեջ:

Ու՞մ ծորուն ձայնն է
Հեռավոր հեռվից հնչում այս ժամին:
Սեր իմ: Քամին է
Դռները բախում:

Քո մանյակի մեջ
Արշալույսների փայլերն են պահված:
Ինչո՞ւ ես թողնում
Ինձ հեռու ճամփին:
Դու կհեռանաս,
Եվ իմ թռչունը լաց ու կոծ կանի,
Խաղողի այգինն
Չի լցվի հյութով:

Ու՞մ ծորուն ձայնն է
Հեռավոր հեռվում հնչում այս ժամին:
Սեր իմ: Քամին է
Դռները բախում:

Եվ չես իմանա,
Ձյունե իմ թիթեռ,
Թե ինչքան պայծառ էին շողշողում
Աստղերն իմ սիրո:

Լուսայգն է բացվում,
Անձրև է գալիս,

Եվ չոր ճյուղերից
Բներն են թափվում:

Ու՞մ ծորուն ձայնն է
Հեռավոր հեռվում հնչում այս ժամին:
Սեր իմ: Քամին է

Դռները բախում:

ԱՆՔՈւՆ ՔԱՂԱՔ
(Գիշերանկար Բրուկլինյան կամուրջի)

Ոչ ոք չի քնում այս երկնքի տակ: Ոչ ոք, ոչ մի մարդ:
Ոչ ոք չի քնում:
Լուսնային գունատ ուրվականներն են ման գալիս իրենց
Խրճիթների շուրջ:
Այստեղ, այս անքուն գիշերների մեջ օձերն են խայթում
Սրտերը մարդկանց:
Իսկ բոլոր նրանց, ովքեր ուզում են կոտրված սրտով
Փախչել այստեղից,
Հետամտում են հսկայամարմին կոկորդիլոսներ,
Պահված փողոցի մութ անկյուններում,
Աստղեր, անտարբեր ձեր թույլ բողոքին:
Ոչ ոք չի քնում այս երկնքի տակ: Ոչ ոք, ոչ մի մարդ:
Ոչ ոք չի քնում:
Մի մեռել հեռու գերեզմանոցում
Երեք տարի է գանգատ է անում գիշեր ու ցերեկ,
Որ իր ոտքերը ցավում են անգամ գերեզմանի մեջ,
Իսկ փոքրիկ տղան, որին թաղել են այսօր առավոտ,
Այնպես հեծկլտաց,
Որ հարկադրված շներ կանչեցին՝ ձայնը սաստելու:
Կյանքը երազ չէ, ոչ, բոլորովին: Լսեցեք հիմա:
Մենք սանդուղքներից ընկնում ենք ներքև,
Որպեսզի մի քիչ խոնավ հող ուտենք,
Կամ թե ձյուների բարձունքն ենք ելնում,
Ընկղմված մեռյալ շուշանների մեջ:
Սակայն քուն չկա, մոռացում չկա և չկա երազ.
Մարմին կա միայն, կենդանի մարմին:

Համբույրներն այստեղ կապում են բերանն ուրիշ բերանի,
Մազանոթների խճճված ցանցով,
Իսկ ով տակավին գիտե ցավ զգալ,
Նա ցավը կզգա ամեն ակնթարթ,
Իսկ նա, ով մահից վախենալ գիտե,
Կտանի մահն իր ուսերի վրա:

Եվ կգա օրը:
Երբ որ ձիերը պանդոկ կմտնեն,
Եվ խելագարված, չար մրջյունները կսկսեն սողալ
Կովերի տխուր աչքերում բեկված դեղին երկնքով:
Կգա օրն, այո,
Եվ չորացած թիթեռներն անգամ
Իրենց թևերը կթափահարեն, -
Գորշ ռետինի և խուլ ու համր նավերի տեղակ
Կփայլատակեն նշանի ոսկի մատանիները:
Եվ պոետների շրթունքներին ի վար
Բանաստեղծության վարդեր կթափվեն:
Լսեցեք, հիմա
Նրանց, որոնց կուռ ձեռքերի վրա
Հետքեր է թողել խարիսխի շղթան,
Նրանց, որոնց լուռ դեմքերի վրա
Դեռ չեն չորացել շիթերը մթին տեղատարափի,
Եվ այն տղային, որ լաց է լինում
Ու Բրուկլինյան կամուրջի մասին չգիտե ոչինչ,
Եվ այն մեռելին, որ հանգիստ քնել չի կարողանում,
Նրանց բոլորին տանելու եք դուք խուլ պարսպի մոտ,
Ճշմարիտ է, չէ՞...
Այն պարսպի, ուր կոկորդիլոսներն ու սև օձերն են
Սպասում նրանց,
Ուր որ սրատամ արջն է հոշոտում մարմինը նրանց,
Ուր մումիաների մատներ են դառնում
Երեխաների մատները կայտառ,
Ուր ուղտի փափուկ բուրդը սարսափից
Բիզ-բիզ է կանգնում:
Ոչ ոք չի քնում այս երկնքի դեմ, ոչ ոք, ոչ մի մարդ:
Ոչ ոք չի քնում:
Իսկ եթե մեկին հաջողվում է իր աչքերը փակել,

Ոչինչ, խփեցեք: Խփեցեք նրան:
Չէ՞ որ սիրում եք
Շրջապատկերը դուք բաց աչքերի
Եվ այրվող խոցի շրջապատկերն եք սիրում խենթորեն:
Ֆեդերիկո Գարսիա Լորկան ու քույրը, Գրանադա, 1914թ.
Ոչ ոք չի քնում այս երկնքի տակ: Ոչ ոք, ոչ մի մարդ:
Այդ մասին արդեն այս երգում ասվեց.
Ոչ ոք չի քնում:
բայց թե գիշերը մեկի գլխի տակ թաց մամուռ դնի,
Ձեր դիտանցքները բաց արեք, որ նա
Թասերը տեսնի ձեր կեղծ բյուրեղյա,
Ձեր թույնը տեսնի
Եվ կառափները ձեր թատրոնների:

ՄՈԼՈՐԱԿ


Սիրիուսի վրա
Երեխաներ կան:

Ռուսերենից թարգմանեց ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԸ



Տեսնել Ֆեդերիկո Գարսիա Լորկայից այլ հրապարակումներ՝
Ֆոտոշարք. Ֆեդերիկո Գարսիա Լորկայի նկարները
Խորհուրդներ բանաստեղծին
Հրաժեշտ

No comments:

Post a Comment