Սերգեյ Կոզլով. Ոզնուկը մշուշում (մաս 6-րդ)



Մի նայիր ինձ այդպես, Ոզնուկ

- Ես անպայման, լսու՞մ ես, ես անպայմա՛ն,- ասաց Արջուկը: Ոզնուկը գլխով արեց:
- Ես անպայման կգամ քեզ մոտ, ինչ էլ որ պատահի: Ես միշտ կլինեմ կողքիդ:
Ոզնուկը նայում էր Արջուկին անխոս աչքերով ու լռում էր:

- Դե՜, ի՞նչ ես լռում:
- Ես հավատում եմ,- ասաց Ոզնուկը:
Ոզնուկը գայլափոսն էր ընկել եւ այնտեղ նստած մնացել մեկ շաբաթ: Նրան պատահաբար գտել էր Սկյուռիկը. Նա վազելիս էր եղել մոտակայքում և լսել էր Ոզնուկի նվաղած ձայնը:
 Արջուկը մի շաբաթ փնտրում էր Ոզնուկին անտառով մեկ, հալից ընկել էր, ու երբ նրա մոտ էր վազել Սկյուռիկը, հանել էր Ոզնուկին փոսից ու բերել տուն:
Ոզնուկը պառկած էր՝ մինչև քիթը սավանով ծածկված, ու նայում էր Արջուկին անխոս աչքերով:
- Մի նայիր ինձ այդպես,- ասաց Արջուկը,- չեմ կարողանում, երբ ինձ այդպես նայում են:
Ոզնուկը փակեց աչքերը:
- Դե ըհը, հիմա էլ ոնց-որ մեռած լինես:
Ոզնուկը բացեց աչքերը:
- Ժպտա,- ասաց Արջուկը:
Ոզնուկը փորձեց, բայց նրան հազիվ էր հաջողվում:
- Հիմա ես քեզ  արգանակ կխմեցնեմ,- ասաց Արջուկը,- Սկյուռիկը թարմ սնկեր էր բերել, ես էլ  արգանակ եփեցի:

Նա արգանակը լցրեց բաժակի մեջ ու բարձրացրեց Ոզնուկի գլուխը:
- Չէ, էսպես չէ,- ասաց Արջուկը,- դու նստիր:
- Չեմ կարող,- ասաց Ոզնուկը:
- Ես քեզ բարձին կհենեմ: Այ էսպես:
- Ծանր է ինձ համար,- ասաց Ոզնուկը:
- Դիմացիր:
Արջուկը Ոզնուկին մեջքով պատին հենեց ու նեցուկ արեց բարձով:
- Մրսում եմ,- ասաց Ոզնուկը:
- Հիմա-հիմա,- Արջուկը ձեղնահարկ բարձրացավ ու ծածկեց Ոզնուկին քուրքով:- Ոնց էլ չես սառցակալել: Ախր գիշերներն այնքան ցուրտ են,- ինքն իրեն խոսում էր Արջուկը:
- Ես թռվռում էի,- ասաց Ոզնուկը:
- Յոթ օ՞ր:
-Ես գիշերն էի թռվռում:
- Բա ի՞նչ էիր ուտում:
- Ոչինչ,- ասաց Ոզնուկը,- դու ինձ կտա՞ս բուլյոն:
- Վայ, հա է՜: Խմիր,- ասաց Արջուկը:
Ոզնուկը մի քանի կում արեց ու փակեց աչքերը:
- Խմիր-խմի՜ր:
- Հոգնեցի,- ասաց Ոզնուկը:
- Չէ՛, խմի՛ր,- ու Արջուկը սկսեց Ոզնուկին գդալով խմեցնել:
- Էլ չեմ կարողանում:
- Իմ խաթեր:
Ոզնուկը կում արեց:
- Սկյուռիկի՛ խաթեր:
Ոզնուկը խմեց:
- Նապաստակի՛ խաթեր: Գիտե՞ս ոնց էր օգնում:
- Սպասիր,- ասաց Ոզնուկը,- շունչ քաշեմ:
- Խմիր Նապաստակի խաթեր, չարչարվում էր…
Ոզնուկը կուլ տվեց:
- Գերմանամկնիկի՛ խաթեր:
- Իսկ Գերմնամկնիկն ի
՞նչ է արել: 
- Ոչ մի բան: Ամեն օր գալիս հարցուփորձ էր անում:
 - Թող սպասի: Էլ ուժ չունեմ,- ասաց Ոզնուկը:
 - Մեկ-մեկ առավոտյան էլ էր գալիս,- ասաց Արջուկը,- մի գդալ էլ կեր:
Ոզնուկը կուլ տվեց:
- Իսկ հիմա՝ Բվեճի՛ խաթեր:
- Բվե՞ճն ինչ կապ ունի:
- Ո՜նց: Չէ՜, Բվեճի խաթեր դու երե՛ք գդալ կխմես:
- Բայց ինչու՞:
- Վայ ես նրա վրա նստած երեք օր թռչում էի: Քեզ էինք փնտրում:
- Բվեճի վրա՞:
- Դե հա՛:
- Խաբում ես,- ասաց Ոզնուկը:
- Գետինը մտնեմ, թե խաբում եմ:
- Էդ ո՞նց էիր բարձրացել նրա վրա:
- Դու գիտե՞ս ինչ պինդն է նա: Նստեցի վզին ու թռանք: Դու պետք է տեսնեիր, թե Նապաստակը ոնց մեզնից վախեցավ:

-
Ո՞նց:
- Այ որ խմես՝ կասեմ:
Ոզնուկը վրա-վրա երեք գդալ խմեց ու փակեց աչքերը:
- Ո՞նց,- հարցրեց նա:
- Ի՞նչը:
- Ո՞նց Նապաստակը ձեզնից վախեցավ:
- Հա՜, Նապաստա՞կը: Պատկերացնում ե՞ս: Ես թռչում եմ: Ու մեկ էլ՝ ինքը: Արի մի գդալ էլ, էլի: Զգում ես՝ ոնց է բուրու՜մ: Ո՛ւխ:
Ոզնուկը խմեց:
- Հա ուրեմն: Նստած է, ականջներն է դեսուդեն անում: Ու հանկարծ՝ մենք:
- Բվեճի հե՞տ:
- Ըհը: Սա հո՜ վեր չի թռնում, հո՜ չի վազում: Բվեճը քիչ էր մնում ծառին բախվեր: Արի Բվեճի խաթեր: 

-
Չէ, էլ ընդհանրապես չեմ կարողանում,- ասաց Ոզնուկը,- Արի ես պառկեմ:
Արջուկը պառկեցրեց Ոզնուկին նախկին տեղը ու ծածկեց քուրքով:
- Ո՞նց է,- հարցրեց Արջուկը,- տա՞ք է:
- Ըհը,- Ասաց Ոզնուկը,- Իսկ Բվեճի մասին հորինեցի՞ր, ճիշտն ասա:
- Վայ ի՞նչ ես ասում: Այ հենց առողջանաս, միասին կթռչենք:
- Կթռչենք,- հազիվ լսելի մռմռթաց Ոզնուկը՝ ննջելով:

ռուսերենից թարգմանեց ՎԱՀԱԳՆ ԹԵՎՈՍՅԱՆԸ


No comments:

Post a Comment