Հին եգիպտական պոեզիա
ԱՍՈՒՄ Է ԱՂՋԻԿԸ
Քո սերը սուզվեց մարմնիս ու արյանս մեջ,
խառնվեց նրանց հետ, ինչպես գինին ջրի,
ինչպես թուրինջը քաղցր համեմունքի,
կամ ինչպես կաթը ոսկեգույն մեղրի հետ:
Օ՜, ե՛կ քրոջդ մոտ,
ինչպես թռչող ձին` դեպի մրցադաշտ,
ինչպես ցուլը` դեպի
մսուրը վազող:
Քո սերը պարգև է երկնային,
ծղոտը հրդեհող կրակ,
թռիչքի պահին որս բռնող արծիվ:
ԱՍՈՒՄ Է ՏՂԱՆ
Ես շփոթվում եմ ջրի հմայքից,
կարծես իմ քրոջ շուրթերը լինեն
չբացված լոտոս, կրծքերը` նարինջ,
ուժ չունեմ նրա գրկից հեռանալու:
Այս հարթ ճակատն է ինձ գերի պահել,
Ինչպես մի թակարդ` նոճուց պատրաստած,
իսկ նրա խայծը գանգուրն էր փարթամ,
ես ծուղակն ընկա, ինչպես վայրի բադ:
ԱՍՈՒՄ Է ԱՂՋԻԿԸ
Կպառկեմ անկողնում
և հիվանդ կձևանամ
հարևանները կայցելեն ինձ,
կգա նրանց հետ և իմ սիրելին,
նա բուժակներին կնայի քմծիծաղով
և հիվանդությանս դեղը կիմանա:
ԱՍՈՒՄ Է ՏՂԱՆ
Ահա քրոջս տունը քաղաքի ծայրամասում,
կրնկի վրա բաց է դուռը երկփեղկանի,
սողնակը ետ է քաշված,
սաստիկ բարկացած է սիրելիս:
Երանի ես լինեի դռնապահը նրա,
նրանց կհանեի համբերությունից,
որ հաճախ լսեի նրա ձայնը վճիտ,
դողայի նրա առջև, ինչպես երեխա:
ԳԵՏԻ ՄՈՏ
1
Այն մյուս ափին է քույրը:
Փակելով ճանապարհը սիրո`
անցնում է գետը մեր միջև:
Կոկորդիլոսն է պառկած այնտեղ:
Հոսանքը կտրելով անցնում եմ
բարձր ալիքների վրայով,
լցված է սիրտս խիզախությամբ,
իսկ ջուրը ցամաք է թվում:
Սերն ուժեղացնում է ինձ,
ինչպես աղջկա երգած
խոսքը կախարդական` ջրից պահպանող:
Տեսնում եմ մոտենալը նրա և ձեռքերս եմ պարզում:
Սիրտս պաղում է, կարծես
երաշխիքն է հավերժության:
Մոտեցիր, իմ թագուհի,
մի՛ դանդաղիր ինձանից հեռու:
2
Երբ իմ համբույրից
դանդաղ բացվում են
նրա շուրթերը,
հարբում եմ առանց գինու:
3
Լինեի սևամորթ ստրկուհի,
ոտքեր լվացող,
կարող էի ազատ
քո մաշկով հրճվել:
Լինեի լվացք անող
մեն-մենակ մի ամսով,
քո հագուստները լվանայի
բալզամից ու զմուռսից հոտավետ:
Կնքված մատանի լինեի քո մատին,
դու ինձ կպահեիր զգույշ
իբրև մի խաղալիք,
նրանցից, որոնք կյանքն են զարդարում:
ԱՍՈՒՄ Է ԱՂՋԻԿԸ
Սիրտս չորս անգամ արագ է խփում,
երբ մտածում եմ սիրո մասին,
չի թողնում քայլեմ բոլորի պես,
և իր պարանն է ձգում շտապով:
Դու պիտի զգեստ չհագնես,
դու պիտի հովհար չվերցնես,
դու պիտի աչքերդ չքսես
և չշփվես յուղով անուշահոտ:
Սիրեցյալի մասին եմ մտածում - սիրտս ասում էինձ
<<Մի՛ հապաղիր, հասի՛ր ցանկալի նպատակիդ>>:
Ինչ թեթևամիտ ես, իմ սիրտ,
հանգստացի՛ր, մի՛ տանջիր ինձ քո ցնորքով:
Սիրելիս ինքը կգա,
կվառվեն հայացքներն ամեն ինչ տեսնող:
Մի՛ թող, որ մարդիկ ինձ դատապարտեն -
<<Այս կինը սիրուց կորցրել է իրեն>>:
Երբ մտածում եմ սիրեցյալիս մասին,
համբերատար եղիր, իմ սիրտ,
խփի՛ր չորս անգամ ավելի դանդաղ:
ԱՍՈՒՄ Է ՏՂԱՆ
1
Ինչ արեց ինձ հետ Քույրս,
պե՞տք է այդ մասին լռեմ:
Նա ինձ մենակ թողեց իր տան դռների մոտ,
իսկ ինքը ներս մտավ:
Նա ինձ չասաց. <<ներս մտիր, սքանչելի>>:
Այս գիշեր նա խուլ էր:
2
Ես գիշերն անցնում էի նրա տան կողքով:
Ես դուռը բախեցի, բայց չբացեցին -
գեղեցիկ գիշեր մեր դռնապահների համար:
Սողնա՛կ, ես ուզում եմ քեզ բացել:
Դո՛ւռ, իմ ճակատագիրն ես դու,
դու իմ ոգին ես բարի:
Այնտեղ, ներսում քեզ համար մի եզ կմոթեն`
զոհաբերելով քո հզորությանը, օ՜, դո՛ւռ:
Քեզ համար, դուռ, կմորթեն երկարեղջյուր մի եզ,
քեզ համար կարճեղջյուր եղ կմորթեն, կողպե՛ք:
Յուղոտ բադը ձեզ, ամրակնե՛ր,
յուղը քեզ, բանալի՛:
Ամենահամեղ կտորները եզի -
օգնականներին հյուսնի,
որպեսզի սողնակը եղեգնից պատրաստեն,
իսկ դուռը` ծղոտից:
Թող գա Եղբայրը, երբ կցանկանա,
նա դուռը բաց կգտնի` ծածկված լավագույն գործվածքներով
և այդ անկողնում մեջ` գեղեցիկ մի աղջիկ:
Եվ կասի աղջիկն ինձ.
<<Տունը պատկանում է քաղաքի ղեկավարին>>:
Ռուսերենից թարգմանեց ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԸ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment